Միացեք միջազգային հանրությանը հասցեագրված խաղաղության կոչին

 

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և Հայաստանի կին ձեռներեցների ցանցը կոչ են անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին պատշաճ կերպով արձագանքել և խստագույնս դատապարտել Ադրբեջանի և Թուքիայի ագրեսիան, ինչպես նաև շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

 

Կանանց կոչը հանուն խաղաղության

 

2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ծանր հրետանու, տանկերի և   հրթիռների գործադրմամբ նախաձեռնել է լայնածավալ հարձակում Արցախ (Լեռնային Ղարաբաղի)-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի Հանրապետության սահմանի ուղղությամբ:

 

 

Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը և Թուրքիան անտեսել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված COVID-19 համավարակով։ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, Արցախում զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավորներ կան, այդ թվում կանայք և երեխաներ:

 

 

Այս հարձակումն աննախադեպ է իր ծավալով և ռազմական տեխնիկայի ներգրավման տեսանկյունից։ Ակնհայտ է, որ այս գործողություններն իրականացվում են Թուրքիայի բացահայտ աջակցությամբ՝ սիրիացի վարձկանների օգնությամբ։

 

 

Հայ ժողովուրդը դարեր ի վեր պաշտպանել է իր հայրենիքը բազմաթիվ հարձակումներից, որոնք ուղղված են եղել հայրենիքի պաշտպանությանը, խաղաղ ապրելու իրավունքին։ Մեր ժողովուրդը միշտ պայքարել է հանուն խաղաղության և հանուն իր հայրենի հողի։

 

 

Փաստ է նաև, որ պատերազմներից աշխարհում ամենաշատը տուժում են կանայք և երեխաները։ Ամբողջ աշխարհի կանանց և մայրերի անունից կոչ ենք անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով արձագանքել, խստագույնս դատապարտել Ադրբեջանի և Թուքիայի ագրեսիան: Ռազմական գործողությունները կարող են ընդլայնվել, դուրս գալ հակամարտության գոտուց, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի և ավելի ծանր հետևանքներ կունենա։

 

 

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, համախմբելով բոլոր կանանց ու մայրերի ձայները, դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Կանանց կազմակերպությանը, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՆԱՏՕ-ին` շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ադրբեջանա-թուրքական ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար:

 

 

Աշխարհին խաղաղություն է պետք։ Սկսենք կառուցել միասին՝ լուծելով Արցախ-ադրբեջանական հակամարտությունը։

 

 

Հայտարարությունը բաց է բոլոր կազմակերպությունների և անհատների միանալու համար։

 

 

 

Միանալ կարող եք այստեղ

 

Դիտումների քանակը` 1305

Գլխավոր էջ