«Անվախ աղջիկ»-ը համարձակ է, պահանջատեր, իր իրավունքների տերն է»…

 

Ապրիլի 7-ին՝ Մայրության ու գեղեցկության տոնի առիթով,   Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է անվախ աղջկա արձանը։ Այն նպատակ ունի  բացառել սեռով պայմանավորված խտրականությունը և խրախուսել կանանց, աղջիկների մասնակցությունը կառավարման օղակներում։ Արձանը տեղադրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ: Գաղափարը  նախկին նախարար Մանե Թանդիլյանինն է, ով ներկա է եղել արձանի բացման արարողությանը:

 

«Անվախ աղջկա» արձանը  Մանե Թանդիլյանի նվերն է

 

«Անվախ աղջկա» արձանը Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նվերն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, տեղեկացրեց  լրագրողների հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

 

 

Ըստ խոսնակի՝ խորհրդաշնական է արձանը հենց Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղադրելը։ «Արձանը դեմքով կանգնած է կառավարությանը, այսինքն՝ անվախ աղջիկ, որը դեմքով կանգնել է իշխանությանը և ոչ թե մեջքով։ Աղջիկը համարձակ է, պահանջատեր, իր իրավունքների տերն է»,- ասաց նա։

 

 

 

«Իմացեք կանանց առաջնորդության ուժը». արձանի նախապատմությունը

 

Նշենք, որ  արձանը հետաքրքիր նախապատմություն ունի… «Անվախ աղջիկ» (Fearless Girl) արձանն առաջին անգամ հայտնվեց Նյու Յորքում 2017 թվականին՝ Կանանց միջազգային օրվա նախօրեին: Աղջկա քանդակը տեղադրվեց Ուոլ Սթրիթի հայտնի բրոնզե ցուլի արձանի դիմաց, որը խորհրդանշում է աճող շուկան: Ամերիկյան ամենահին բանկերից մեկը ՝ State Street Global Advisors- ը՝ կանգնեցնելով աղջկա արձանը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել կորպորատիվ ընկերություններում կանանց դերին, ավելի ճիշտ ՝ նրանց բացակայությանը ամերիկյան ֆինանսական և ներդրումային կորպորացիաների բարձրագույն ղեկավարությունում: Աղջկա ոտքերի տակ գրառում կար. «Իմացեք կանանց առաջնորդության ուժը: Այն կարևոր է»: Բանկը նաև նամակներ է ուղարկել ԱՄՆ 3500 ընկերություններին ՝ կոչ անելով կանանց ավելի շատ կարիերայի հնարավորություններ ունենալ:

 

 

«Անվախ աղջկա» արձանը նվաճեց Նյու Յորքի և զբոսաշրջիկների սրտերը: Երկրպագուները նրան հագցնում են վատ եղանակին, և շատ զբոսաշրջիկներ ընդօրինակում են նրա դիրքը `քանդակի կողքին սելֆի անելու համար: Քանի որ արձանի շուրջ զբոսաշրջիկների բազմությունը խոչընդոտ էր դարձել երթևեկության համար, 2018 թվականի դեկտեմբերին արձանը տեղափոխվեց Նյու Յորքի բորսայի կենտրոնական մուտքի մոտ: 

 

 

Ի դեպ, քանդակագործ Քրիստեն Վիզբալը պատրաստեց «Անվախ աղջիկների» մի քանի օրինակ, որոնք այժմ տեղադրված են Լոնդոնում, Օսլոյում և Մելբուրնում:

 

 

«Մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով, գլխազարդով, ոգով»

 

Երևանում տեղադրված արձանի քանդակագործը Արմեն Սամվելյանն է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում՝ բացատրելով  «Անվախ աղջիկը» արձանի նշանակությունը,  նշել է, որ  աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում,  մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով, գլխազարդով, ոգով:

 

 

«Մենք պետք է և անում ենք առավելագույնն ու ամեն հնարավորը` կանանց կարողությունների զարգացման գործում մեր ներդրումն ունենալու համար։Եվ պատահական չէ, որ հենց այս խորհրդանշական օրը Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցավ «Անվախ աղջկա» արձանի բացման արարողությունը, որը նպատակ ունի խրախուսել աղջիկների մասնակցության անհրաժեշտությունը կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության ոլորտներում, զերծ մնալ սեռով պայմանավորված խտրականության դրսևորումներից։ Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի Կառավարության շենքը․ վստահ, անվախ ու պահանջատեր։ Աղջիկ, ով քաջ է իր իրավունքները պաշտպանելիս ու իրացնելիս․ ունի իր ցանկություններն իրականացնելու կամքի ուժ ու համարձակություն», – գրել է նախարարը։

 

 

Արձագանքը, ցավոք, ոչ միանշանակ էր…

 

Մամուլում և սոցիալական ցանցերում արձանի տեղադրման վերաբերյալ արձագանքը, ցավոք,  ոչ միանշանակ էր: Պատճառը՝ ապրիլի  7-ին Կառավարության շենքի մոտ  կանանց բողոքի ակցիայի հետ կապված իրադարձություններն էին, որոնց ընթացքում ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել ակցիայի մասնակից կանանց։

 

 

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով «Անվախ աղջիկ» արձանի  լուսանկարներն երեսպաշտություն է անվանել այն փաստը, որ «արձանը բացվել է այն պահին, երբ կառավարության մոտ մի քանի տասնյակ իրապես անվախ կանանց ու աղջիկների  դեմ մի քանի հարյուր ոստիկան էր հանվել»…

 

 

ՄԻՊ -ի գրասենյակի աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում բերման ենթարկված կանայք դժգոհել են, որ հավաքի ընթացքում Ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ: 

 

 

Դիտումների քանակը` 1154

Գլխավոր էջ