Անուշ Սարգսյան. «Լինել համարձակ, հավատալ սեփական ուժերին»

 

WomenNet.am –ի զրուցակիցն է Կոտայքի մարզում՝ թիվ 10 ընտրատարածքում, «Քրիստոնեա- ժողովրդական վերածնունդ» կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Անուշ Սարգսյանը: Նա  զբաղեցնում է   նաև կուսակցության համապետական  ցուցակի 8-րդ հորիզոնականը, մասնագիրությամբ ակնաբույժ է, աշխատում է Եղվարդի«Նաիրիի» բժշկական կենտրոնում:

 

 

-Ինչպե՞ս եք քաղաքականություն մտնելու որոշում կայացնել, ո՞րն էլ շարժառիթը:

 

– Պատճառը շատ  պարզ է.  իմ ընտանիքի, իմ երեխաների ապագան պատկերացնում եմ բացառապես Հայաստանում և այդ նկատառումից ելնելով ցանկանում եմ իմ ներդրումը ունենալ մեր երկրի որպես իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն կայացնելու գործում: Կարծում եմ, քաղաքականության մեջ տարբեր մասնագետների պահանջարկն ու կարիքը կա, և ես լինելով ոլորտի քիչ թէ շատ կայացած մասնագետ տեսնում եմ իմ անելիքը, տեսնում եմ, թե ինչ կարող եմ անել խորհրդարանում  ոլորտային կոնկրետ փոփոխությունների հասնելու համար:

 

Դուք առաջադրվել եք  «Քրիստոնյա- ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ցուցակով, սակայն նշված է, որ անկուսակցական եք: Ի՞նչու որոշեցիք առաջադրվել հենց այս կուսակցության կողմից:

 

-Այո  անկուսակցական եմ, և  սա իմ  առաջին փորձն է, նախկինում երբևէ քաղաքականության մեջ չեմ եղել: Ուղղակի կիսում եմ  այս կուսակցության գաղափարները, դրանք հոգեհարազատ են իմ սկզբունքներին, նաև կարևոր էր, որ իրենց կողմից առաջարկվող երկրի զարգացման ուղիները և խնդիրների լուծման ճանապարհները համընկնում էին  իմ պատկերացումների և մոտեցումների հետ:  Այս ամենը խթան հանդիսացավ, որպեսզի ես դիմեմ և իմ առաջին քայլը անեմ: Նաև ընտանիքիս հետ քննարկեցի, իրենք էլ ինձ շատ ոգևորեցին:

 

 

– Քանի որ խոսեցիք ընտանիքից, ինչպե՞ս ընտանիքում ընդունեցին ձեր քաղաքականություն մտնելու լուրը:

 

-Ես ամուսնացած եմ, ունեմ երկու տղա, նրանք դեռ փոքր են, իսկ  ամուսինս, ով յուրաքանչյուր քայլում ինձ ոգևորում է, և´ մասնագիտական գործունեության  և առհասարակ իմ բոլոր ձեռնարկումների մեջ, իմ խորհրդատուն և հենարանն է: Նա իմ այս որոշման կայացման հարցում  մեծ դերակատարություն ունեցավ: Իմանալով իմ ցանկության մասին նա  քաջալերեց ինձ՝ ասելով, որ  երկար տարիներ լինելով ոլորտում,   ունեմ հստակ  պատկերացումներ  այնտեղ առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ, և կարող եմ այդ հարցում իմ ներդրումը ունենալ: Այս գնահատականն  ինձ համար շատ  ոգևորիչ էր, ինչն էլ ինձ օգնեց ավելի համարձակ գնալ դեպի իմ նպատակը:

 

 – Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա  քաղաքական գործիչը հաջողության հասնելու համար

 

 – Լինել համարձակ, հավատալ սեփական ուժերին, հստակ պատկերացնել անելիքները, և վստահ  քայլեր իրականացնել այդ նպատակներին հասնելու համար:

 

 

-Ասեցիք, որ առողջապահական ոլորտում կան խնդիրներ, որոնք ընտրվելու դեպքում փորձելու եք լուծել:

 

 -Խնդիրներ շատ կան  թե առաջնային,  թե երկրորդային բուժսպասարկման ոլորտում, շենքային պայմաններից սկսած մինչև նյութատեխնիկական ապահովում: Կուզեի առանձնացնել նաև լուրջ, օր առաջ լուծում պահանջող խնդիրներ մասնագետների որակի հարցում, դա վերբերում է և  բարձրագույն կրթության ոլորտին, և հետագա մասնագիտական վերապատրաստումներին:

Լինելով պրակտիկ բժիշկ ես պատկերացնում եմ  թե ինչ կարելի է անել այդ ոլորտում, և կարծում եմ, որ այս Ազգային ժողովը հենց դրանով էլ պետք է տարբերվի.  պետք է լինեն այնպիսի մասնագետներ, ովքեր կոնկրետ ոլորտի  մասին հստակ պատկերացումներ ունեն և  ովքեր կգան իրենց լուծումներով, իրենց անելիքներով և քայլ առ քայլ կփորձեն համապատասխան ոլորտի զարգացումներով հասնել երկրի  ընդհանուր զարգացման:

 

Ի՞նչ նոր գաղափարներով եք հանդես գալիս ընտրություններին:

 

 – Գաղափարները շատ են, դրանցից մի քանիսը ներկայացնեմ, որոնց լուծելու ուղղությամբ հստակ պատկերացնում եմ քայլ առ քայլ ինչ կարելի անել: Օրինակ,  հաճախ  պացիենտները բողոքում են, որ  տարբեր բժիշկների մոտ միևնույն ախտորոշման դեպքում տարբեր բուժումներ են նշանակում: Լուծման տարբերակը  Եվրոպական շատ երկրներում  առկա է, դա կլինիկական ուղեցույցներն են, որոնք միատեսակ քայլեր են նախատեսում կոնկրետ հիվանդությունների բուժման համար: Եվ  չնայած   ներկայումս իրականացվում են այդ ուղեցույցների ներդրման աշխատանքները, բայց ես շատ կարևորում եմ, որ դրանք միայն զուտն տեխնիկական փաստաթղթեր չլինեն, այլ արդյունավետ գործեն:  Երկրորդը բժշկական ապահովագրության համակարգի խնդիրն է, որի  վերջնական նպատակը պիտի լինի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը համապատասխան կազմակերպությունների ներգրավման միջոցով: Հեռահար բժշկությունը պիտի ներդրվի մեր երկրում, ու չնայած այն սկզբում ներդրումներ պահանջող ծրագիր է, սակայն հետագայում   բավականին ռեսուրսխնայող միջոց է, քանի որ մեր քաղաքացին հեռավոր գյուղերից կարիք չի ունենա գալու հասնելու Երևան,  որպեսզի ստանա համապատասխան կոնսուլտացիան: Իմ ցանկությունն ու նպատակն այն է , որ անկախ սոցիալական պայմաններից, յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա ստանալ որակյալ, ամբողջական բժշկական օգնություն և այդ օգնության տրամադրումը պայմանավորված չլինի ֆինանսներով:

 

 

-Խորհրդարանում կպաշտպանե՞ք արդյոք կանանց իրավունքները:

 

-Եկեք խոսենք  ոչ թե կանանց իրավունքների, այլ այն մասին, որ պետք է լինեն  ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կանանց կարողությունների զարգացմանը: Չեմ ուզում կանանց և տղամարդկանց հավասարությունից զուտ  դեկլարատիվ խոսել, կարևոր է, որ կինը բարձր ինքնագնահատական ունենա, իսկ դա առաջին հերթին  պայմանավորված է իր կրթությամբ և  այլ կարողությունների զարգացմամբ: Եթե կինը կրթված է և ունի համապատասխան կարողություններ, ապա ինքն իրեն կարող է պաշտպանել:

                                                                                   

 Կ. Պետրոսյան

Դիտումների քանակը` 1810

Գլխավոր էջ