Անպտղության բուժումն այսուհետ անվճար է Հայաստանի բոլոր քաղաքացիների համար

 

ՀՀ  կառավարությունը որոշել է անպտղության բուժումն անվճար դարձնել բոլորի համար։ «Անկախ բնակության վայրից, սոցիալական, ամուսնական կարգավիճակից ծրագիրը բաց կլինի Հայաստանի բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ նրանք կկարողանան հաղթահարել անպտղությունը»,— հայտնել  է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 5-ին կայացած կառավարության  նիստում ։

 

 

Հիշեցնենք, որ անպտղության հաղթահարման ծրագիրը գործում է երկու տարի։ Եթե  նախկինում առաջնահերթությունը տրվում էր զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին, ապա այժմ այդ ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվելու է և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրից օգտվելու հնարավորություն կտրվի Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Ծրագրի շահառու կարող են դառնալ նաև չամուսնացած կամ ամուսնալուծված կանայք։

 

 

Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ ծրագրի մեկնարկից՝ 2020 թ․-ից մինչ օրս լույս աշխարհ է եկել 251 երեխա։ Գործադիրը հույս ունի, որ որոշման ընդունման արդյունքում կբարելավվի երկրի ժողովրդագրական իրավիճակը։

 

 

 

Նշենք, որ Հայաստանում անպտղության մակարդակը բարձր է։ 2021  թ․-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից իրականացված «Անպտղության տարածվածությունը ՀՀ բնակչության շրջանում» քանակական հետազոտության համաձայն՝ այն կազմում է 16․8%: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ՝ անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա:

 

 

Դիտումների քանակը` 655

Գլխավոր էջ