Ուղերձ նորընտիր կին պատագամավորներին
ՈՒՂԵՐՁ
ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով
խորհրդարան անցած
քաղաքական կուսակցություններին
և նրանց համամասնական ցուցակներում ներգրավված կանանց
Մենք,
Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի
անդամ ՀԿ–ներս,
դիմում ենք.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը,
որի համամասնական ընտրացուցակի 21,8%-ը կազմում են կանայք,
«Ժառանգություն» կուսակցությանը,
որի ընտրացուցակի 24,6%-ը կանայք են,
«Հայ ազգային կոնգրես» դաշինքին,
որի ընտրացուցակում 20,3 %-ը կանայք են,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը,
որի ընտրացուցակի 31,7%-ը կանայք են,
Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը,
որի ընտրացուցակի 21,3%-ը կանայք են,
«Օրինաց երկիր» կուսակցությանը,
որի ընտրացուցակի 20,2 %-ը կանայք են:
Շնորհավորելով բոլորին ընտրողների վստահության քվեն ստանալու կապակցոթյամբ՝ հույս ենք հայտնում, որ մտնելով խորհրդարան դուք կպահպանեք ձեր խմբակցություների կազմում կանանց այն ներկայացվածությունը, որն ամրագրված է ընտրական ցուցակներում և սահմանված ՀՀ Ընտրական օրենսգրքով` այսպիսով ապահովելով Ազգային ժողովում կանանց առնվազն 20 տոկոս ներկայացվածությունը:
ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման կազմում
կանանց ներկայացվածությունը ընդամենը 8,3% էր:
Այսօր՝ Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտայի պայմաններում, ըստ որի կուսակցությունների համամասնական ցուցակներում կանանց ներկայացվածությունը չի կարող 20%-ից պակաս լինել,
հանրությունը իրավունք ունի ակնկալելու,
որ կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում
այդ քվոտայի շնորհիվ առնվազն կկրկնապատկվի:
Հաշվի առնելով ընտրություններից հետո տարբեր պատճառաբանություններով մանդատներից հրաժարվելու` մի շարք կին գործիչների անցանկալի գործելակերպը նախորդ ընտրություններում` մենք դիմում ենք 2012թ. համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց.
Հարգելի կին գործիչներ,
մի՛ հրաժարվեք մանդատներից,
ընտրողները հույսեր են կապել Ձեզ հետ` քվեարկելով Ձեր օգտին:
Դիմում ենք կուսակցությունների ղեկավարներին և կուսակցությունների բոլոր անդամներին.
Օրենքի պահանջը իրականացնելու նպատակով
առաջնորդվե՛քգենդերային արդարության սկզբունքով՝
հնարավորություն ընձեռելով,
որ մանդատից հրաժարվող կնոջ տեղը զբաղեցնի
ցուցակի մեջ ներգրավված հաջորդ կինը:
Հասարակության համար անընդունելի է նաև, երբ մանդատից հրաժարումը կատարվում է կուսակցության հորդորով կամ խնդրանքով: Ուստի, մենք դիմում ենք կուսակցությունների ղեկավարությանը.
Մի՛ առաջարկեք կուսակցության նախընտրական ցուցակներում
ընդգրկված կանանց հրաժարվել իրենց մանդատներից,
քանզի հասարակությունը ուզում է տեսնել
իր կողմից ընտրված գործիչներին Ազգային ժողովում:
Աջակցե՛նք միմյանց Հայաստանում բարեկիրթ հասարակության կայացման և քաղաքական կառավարման ժամանակակից համակարգի ձևավորման գործում:
Մենք դիմում ենք ՀՀ ընտրողներին և կազմակերպություններին.
Միացե՛ք մեզ` ստորագրելով այս ուղերձը:
P.S. Նախընտրական շրջանում բոլոր կուսակցություններին ուղարկված տեքստը ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.
Միացե՜ք մեզ, ստորագրե՜ք ուղերձը
Присоединяйтесь к нам! Подпишите петицию!
Դիտումների քանակը` 4163