Հայտարարություն
ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ , որով անհանգստություն է հայտնում գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ անհարկի շահարկումներով, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի մասին տարածվող ապատեղեկատվությամբ, ինչպես նաև կանանց ՀԿ-ների դեմ սկսված վարկաբեկման գործընթացով, անձերի ու կազմակերպությունների նկատմամբ հնչեցվող վիրավորանքներով ու սպառնալիքներով: Անընդունելի համարելով նման գործելաոճը հանձնաժողովն այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն վերը նշված օրենքի առնչությամբ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.
ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած առանձին գործիչների ու կազմակերպությունների ոչ մասնագտական և միտումնավոր մեկնաբանությունների կապակցությամբ
Առաջնորդվելով
ժողովրդավարության ու մարդու իրավունքների գաղափարներով ու սկզբունքներով և ՀՀ սահմանադրությամբ,
դիտարկելով
երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավումը որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս, սոցիալական արդարության, երկրի մարդկային կապիտալի լիարժեք գործառության ու հասարակության զարգացման գրավական և ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայման,
հիմնվելով
ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված քաղաքականության վրա,
հայտարարում ենք.
Երկրի զարգացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությանը նպատակաուղղված գործունեությունը ունի ազգային, պատմական, մշակույթային հիմքեր: Իրավահավասարությունը, հարգանքը մարդու և նրա արժանապատվության նկատմամբ, կանանց և տղամարդկանց ներդաշնակ ու հարգալից հարաբերությունները հնուց անտի եղել և մնում են մեր ազգային կենսակերպը` նպաստելով պատմական մեծ փորձություններին դիմակայելուն: Այս մոտեցումների իրավական արմատները հասնում են մինչև Շահապիվանի ժողով, Դավիթ Ալավկա որդու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի և այլոց աշխատությունները:
Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարությունը երաշխավորող իրավական հիմքը ներառում է`
– Հայաստանի` որպես ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների անդամի վավերացրած փաստաթղթերը գենդերային հավասարության վերաբերյալ, մասնավորապես՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ¬ի կոնվենցիան (ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.), Պեկինի գործողությունների ծրագիրը (1995), «Հազարամյակի զարգացման նպատակները» (2000) և դրանց շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունները,
– ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը և ռազմավարական ծրագիրը (2011-2015թ.թ. ), ազգային օրենսդրությունը, այդ թվում վերջերս ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը:
Այս խորապատկերում առնվազն անհասկանալի է մի խումբ հասարակական գործիչների կողմից սկսված քննարկումները կապված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունման հետ, մանավանդ` միտումնավոր շահարկումներն ու փաստերը խեղաթյուրելու փորձերը: Ակնհայտ է, որ «գենդեր» և հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որևէ աղերս չունեն կանանց քաղաքական, քաղաքացիական և սոցիալական մասնակցության բարձրացմանն ուղղված նշված օրենքի և առհասարակ գենդերային քաղաքականության հետ:
Այնուամենայնիվ ,
առաջնորդվելով բաց հրապարակային գործունեություն ծավալելու իր գործելաոճով, պաշտպանելով ժողովրդավարական արժեքներն ու բազմակարծության սկզբունքը,
ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը
պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի առնչությամբ:
Միաժամանակ անընդունելի ենք համարում որոշ ընդդիմախոսների կողմից որդեգրված
անձերի և կազմակերպությունների վարկաբեկման,
նրանց հասցեին անհիմն մեղադրանքների ու վիրավորական որակումների,
ատելության ու սպառնալիքների տարածման հակասահմանադրական գործելաոճը,
ինչպես նաև քողարկված քաղաքական նպատակներով հասարակությանը մոլորեցնելու նպատակաուղղված արշավը:
Դիտումների քանակը` 4296