Աննա Կոստանյան. «Կնոջ ներուժն ավելին է, քան հնարավորություն է տրվում այն իրացնելու»
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու մտադրության, քաղաքականության մեջ կնոջ դերի կարևորության մասին WomenNet.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Աննա Կոստանյանի հետ: Կուսակցության տարածքային ցուցակով նա առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն):
Աննա Կոստանյանը մասնագիտությամբ լեզվաբան է, սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ինչպես նաև՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։ 2015 թ–ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ է, 2018 թ-ի փետրվարից՝ կուսակցության կառավարման խորհրդի անդամ։
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու և ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունը խորհրդարանում:
– Պատգամավորական մանդատն ինքնանպատակ չէ ինձ համար, իսկ պատգամավոր դառնալու մտքին հանգել եմ ընդամենը մի քանի տարի առաջ՝ ինչ-որ պահի, երբ առնչվեցի այնպիսի խնդրի հետ, որն ինձ ստիպեց հասկանալ՝ մեր երկրում քաղաքացին պետության որոշակի օղակների հետ շփվելիս մնում է չլսված, ձայնազուրկ և անզոր։ Եվ այս խնդրին նա բախվում է գրեթե ցանկացած ոլորտում։ Դրա հետ կապված կան առանցքային ու խորքային խնդիրներ, որոնց մասին կարող եմ խոսել և առաջարկել լուծումներ։ Այստեղ կհակադարձեք՝ ասելով, որ դա կարելի է իրականացնել առանց պատգամավորական մանդատ ունենալու։ Այո, կարելի է հանդես գալ ինչ-որ նախաձեռնություններով, սակայն քաղաքացու շահը պաշտպանելը օրենսդրական մակարդակում բոլորովին այլ կարգավիճակ է հաղորդում նախաձեռնություններին։
-Ձեր կարծիքով, քաղաքականության մեջ սկսնակ գործչի առաջին քայլերը որո՞նք պետք է լինեն…
-Դժվար է սահմանել հստակ բանաձև, ըստ որի, կինը՝ հատկապես երիտասարդ ու քաղաքականապես չկոփված, կարող է սկսել իր քաղաքական ճանապարհը։ Սակայն ինքս իմ օրինակով կարող եմ ասել, որ քաղաքական ճանապարհի ստարտը տրվում է այն պահին, երբ լիարժեք գիտակցում ես՝ պատրաստ ես փշոտ ճանապարհով դուրս գալ անշնորհակալ պայքարի, որի արդյունքում պարզ չէ ինչպիսի արդյունքներ ես գրանցելու հանրության մոտ։ Դա այն պահն է, երբ տեսնում ու գնահատում ես խնդիրը, ունես հստակ մտահղացումներ, որոնք կարող են դառնալ օրենսդրական նախաձեռնություններ, սրանք էլ իրենց հերթին կարող են վերածվել օրինագծերի։
-Որո՞նք են այն երեք առաջնահերթ խնդիրները, որ օրենսդիրում ներկայացված լինելու պարագայում կբարձրաձայնեք:
-Եթե առաջնահերթ խնդիրներ ասելով նկատի ունեք ինձ համար կարևորվող առաջնայնությունները, ապա դա կրթական և մշակութային վաղուց արմատացած խնդիրներն են, որոնք օր առաջ բարձրաձայնման և հետևողական լուծման կարիք ունեն։ Կարծում եմ՝ կարող եմ ինձ դիտարկել հենց այն մեկի դերում, ով պետական ամբիոնից կարող է վերոնշյալ ոլորտի խնդիրների մասին խոսել։
-Կանանց խնդիրներին անդրադառնանք: Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականության ու անհավասարության դրսևորումներին։ Պատրաստ ե՞ք պաշտպանել կանանց իրավունքներն ու շահերը խորհրդարանում։
-Ինչպես ցանկացած խտրական ու անհավասար դրսևորում որևիցե երևույթի շուրջ՝ անընդունելի և բացասական ընկալում ունի ինձ համար։ Այո, բնականաբար, կաջակցեմ ու կպաշտպանեմ կանանց շահերը, հատկապես այն կանանց, որոնք շարունակաբար տուժում են ինչ-որ իրավիճակներում։ Սա շատ կարևոր է, քանի որ ճնշված կանայք անառողջ հոգեկան ներաշխարհով սերունդ են տալիս, կարծում եմ՝ ոչ մեկ սրան չի ձգտում։
-Համաձա՞յն եք, որ մեր պետությունը կանանց ներուժն արդյունավետ չի օգտագործում:
-Անխոս դա այդպես է։ Խորհրդարանի պատկերը դիտարկենք. կանայք բավականին քիչ թիվ են կազմում, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ կնոջ ներուժն ավելին է, քան հնարավորություն է տրվում բացահայտելու կամ իրացնելու։ Իմ սեփական օրինակով եմ հանգել այս համոզմունքին։ Ինչքան շատ են թերագնահատել, այնքան ներքին ձգտումն իր արտաքին դրսևորումներով ավելի հստակ է ուրվագծվել իմ առջև և տվել իր դրական արդյունքները։
-Ձեր ուղերձն այն քաղաքացիներին, որոնք մտադիր են մասնակցել ընտրություններին և ընտրել հենց Ձեզ:
-Գիտեք, մեր հասարակությունը շատ զգայուն է, ու հատկապես նախընտրական շրջանում շատ կարևոր է այնպիսի ուղերձ ձևակերպել, որից մարդը կարող է միայն անկեղծ ու նպատակային ազդակներ ստանալ թեկնածուից։ Ինձ համար ժողովրդականություն վայելող քաղաքական գործչի լավագույն կերպարը դեռևս չի ուրվագծվել, իսկ ես՝ որպես այդ կերպարին ձգտող, պատրաստ եմ ժողովրդի անունից հանդես գալ, ու կրել նրա խնդիները հասկանալու ու դրանց շուրջ լուծումներ առաջարկելու ծանրագույն բեռը։
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 1607