Աննա Կարապետյան. «Հայաստանին ֆինանսական ներդրումներից շատ գիտելիքի ներդրում է պետք»

Հայաստանից Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ, հայրենիք վերադարձի անխախտ հույսով: Աննա Կարապետյանը ԱՄՆ-ում ամենահայտնի անշարժ գույքի գործակալություններից մեկի՝ «Anna Kara Loans, Inc» հիմնադիրն է, որն ընդգրկված է Գլենդելի 3 առաջատար գործակալությունների ցանկում: Նրա ճանապրհը լի է եղել դժվարություններով, որոնց մասին Աննան երբեք չի ափսոսում: Վստահ է՝ յուրաքանչյուր բարդություն, յուրաքանչյուր չնախատեսված խոչընդոտ միայն և միայն մարտահրավեր է, ոչ թե հուսահատության առիթ:

 

«9 տարեկան էի, երբ ընտանիքս ստիպված եղավ լքել Հայաստանը: 90-ականներն էին, կյանքը շատ ծանր էր, և ծնողներս բարդ որոշում ընդունեցին: Մայրս գնաց ԱՄՆ, ես՝ Ռուսաստան տատիկիս և պապիկիս մոտ: Հայրս և եղբայրս մնացին Հայաստանում: Միայն 2.5 տարի անց մեզ հաջողվեց տեղափոխվել մորս մոտ, ով արդեն որոշակի հաջողությունների էր հասել ԱՄՆ-ում»,- պատմում է Աննան:

 

Դպրոցն ավարտելուց հետո հստակ որոշել էր՝ իրավաբան է դառնալու: Որոշումն այդպես էլ չիրականացավ: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը խախտեց Աննայի բոլոր ծրագրերը և կիսատ թողեց բարձրագույն կրթությունը.  «Մայրս այդ ժամանակ կարի արտադրամաս ուներ: Ֆինանսական առումով՝ ապահովված էինք, կարող էի ինձ թույլ տալ՝ կրթություն ստանալ: Ահաբեկչությունից հետո ներկման-արտահանման հետ կապված՝ իշխանությունների արգելքները  կործանիչ դարձան մորս արտադրամասի համար: Մեկ-երկու ամիս փորձեցինք պայքարել, բայց վերջում հասկացանք, որ չենք կարողանա վճարել 60-ից ավելի աշխատակիցների: Մայրս որոշեց փակել արտադրամասը»,- պատմում է Աննան:

 

Մի քանի ամիս անց Աննան կայացրեց որոշումը. Կիսատ թողեց ուսումն ու գնաց աշխատելու: Որոշումը բարդ էր, բայց՝ տրամաբանական: Իրենց ընտանիքում միշտ է այդպես եղել՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Այդ ժամանակ մոր համար հոգալու իր հերթն էր եկել:

 

Քիչ ժամանակ անց Աննան հայտնվեց անշարժ գույքի շուկայում: Միանգամից հասկացավ՝ սա այն է, ինչով ինքն ուզում է զբաղվել: Արդեն 2.5 տարի անց Աննան հիմնեց իր սեփական բիզնեսը. «Շատերը Հայաստանում սխալ պատկերացումներ ունեն անշարժ գույքի բիզնեսի, գործակալների մասին: Գործն, իհարկե, շատ բարդ է, բայց նաև՝ շատ ստեղծագործական: Դու պետք է անհատական մոտեցում ցուցաբերես հաճախորդներից յուրաքանչյուրին, ճանաչես նրանց, պատկերացնես նրանց մտքերը, ցանկությունները, երազանքները: Միայն այդ կերպ կարող ես բիզնեսդ զարգացնել: Այսօր ես հաճախորդներ ունեմ, որոնց հետ աշխատում ենք ավելի, քան 15 տարի: Նրանցից շատերը դարձել են իմ ընկերները, հիմնականում՝ հենց այդ մոտեցման շնորհիվ»,- ասում է Աննան:

 

Այն, որ անշարժ գույքի բիզնեսը շատ տղամարդկային է, հասկացավ առաջին իսկ օրը: Շուկայում գործող անձանց 95 %-ը տղամարդիկ են, բայց այս հանգամանքը երբեք Աննային չի մտահոգել. «Ես մի բան գիտեմ, եթե աշխատում ես, եթե ինքդ քեզ որևէ կերպ ավելի խոցելի, ավելի թույլ, ավելի անպաշտպան չես համարում՝ կին լինելու հանգամանքից ելնելով, որևէ տղամարդ ի զօրու չի լինի այդպես մտածել, առավել ևս՝ այդկերպ վարվել քեզ հետ: Եղել են դեպքեր, երբ ինձ հետ ծանոթության առաջին րոպեներին նման մտքեր նկատել եմ տղամարդկանց մոտ: Շատ արագ և շատ նուրբ հասկացրել եմ նրանց, որ ես որևէ բանով պակաս չեմ իրենցից՝ ո՛չ կին լինելուս, ո՛չ տարիքիս համար: Չի եղել որևէ տղամարդ, որ միանգամից չհասկանա դա»,- ասում է Աննան:

Սեփական ծաղկուն բիզնեսից Աննան հրաժարվեց 12 տարի առաջ՝ ամուսնությունից հետո: Ամուսինը երբեք իր առջև նման պահանջ չի դրել, հակառակը՝ խրախուսել է կնոջ բոլոր նախաձեռնությունները, բայց Աննան ուզում էր վայելել ընտանիքն ու առաջին դստեր ծնունդը: Աննան վաճառեց բիզնեսը, բայց պահպանեց «Anna Kara Loans, Inc» անվան հեղինակային իրավունքը: Դրանից հետո մի քանի տարի զբաղվեց արվեստով, ղեկավարեց արվեստի ցուցասրահ, զբաղվեց ԱՄՆ-ում հայտնի նկարիչների գործերով, ճամփորդեց ու հետո հասկացավ՝ կրկին ուզում է աշխատել. «Ես ամուսնուս ասացի, որ ուզում եմ վերադառնալ անշարժ գույքի բիզնես: Ասացի, որ դա բարդ է լինելու՝ անկանոն աշխատանքային գրաֆիկով, գրեթե անսահմանափակ աշխատանքային ժամերով, անընդհատ բացակայություններով: Ամուսինս մեկ օր խնդրեց՝ մտածելու համար: Երկու ժամ հետո ասաց՝ գնա, իսկ ես կօգնեմ՝ ինչով կկարողանամ»,- պատմում է Աննան: 

 

Այսպես արդեն երկու երեխաների մայրը վերադարձավ գործարար աշխարհ, հիմնեց նոր ընկերություն՝ հին անվանումով, ներգրավեց նոր գործընկերների, ուրախացավ և զարմացավ նախկին պատվիրատուների վերադարձով և աջակցությամբ: Ընթացքում ամուսինները հստակ որոշեցին՝ ուզում են որևէ կերպ կապվել Հայաստանին, ինչ-որ բան անել հայրենիքի համար.  «Մենք շատ էինք մտածում վերադարձի մասին, չնայած, որ ես էլ, ամուսինս էլ շատ պահանջված մասնագետներ էինք ԱՄՆ-ում, գործ ունեինք, ֆինանսական կայունություն: Բայց մենք նաև գիտեինք, որ ուզում ենք՝ մեր երեխաները Հայաստանում մեծանան, ինչպես մենք: 2011 թ.-ին առաջին անգամ եկա Հայաստան՝ իրավիճակը հասկանալու համար: Եթե կարճ ասեմ զգացողություններիս մասին, առաջին 10 օրը լաց էի լինում»,- պատմում է Աննան:

 

ԱՄՆ-ում հաստատվելու տարիներին Աննան ընկերների հետ օգնում էր Հայաստանում ապրող կարիքավոր մարդկանց՝ հատկապես մանկատներում ապրող երեխաներին: Այդպես մայրն է սովորեցրել՝ կիսվել նրանց հետ, ով կարիք ունի: Կարճ ժամանակ անց Աննան հասկացավ՝ ժամանակ առ ժամանակ հագուստ կամ գումար փոխանցելով՝ մարդկանց  խնդիրները չեն թեթևանում, հիմնավոր լուծում է պետք: Աննան ընկերուհու հետ ծրագիր մշակեց, որը երկարաժամկետ աջակցություն կլիներ մանկատան սաների համար. «Նախորդ այցելություններիս ընթացքում շատ էի շփվել մանկատանն ապրող երեխաների հետ, և ինձ անընդատ մի հարց էր տանջում՝ իսկ ի՞նչ են անելու նրանք մանկատնից հետո, ինչպե՞ս են ապրելու: Ունե՞ն ադյոք նրանք ապրելու հմտություն՝ մանկատնից դուրս: Կարճ ժամանակում որոշեցինք Վանաձորի մանկատան սաների համար ծրագիր մշակել: Շրջանավարտների համար բնակարաններ վարձեցինք, աշխատանքի ընդունեցինք նաև սոցաշխատողի, ով պետք է աջակցեր այդ երեխաներին: Զրուցեցինք նրանց հետ, պարզեցինք՝ ով ինչով կցանկանար զբաղվել, ինչ մասնագիտություն ստանալ: Մեկը ընտրեց դիմահարդարումը, մյուսը՝ վարսավիրություն, երրորդը՝ դեղագործություն և այլն: Իսկ մի տղա ուղղակի ասաց՝ մեզ կենսափորձ է պետք: Մեր վարձակալած բնակարաններում ապրելու ընթացքում հոգում էինք նաև նրանց ուսման ծախսերը: Այդպիսով մենք արդեն իսկ օգնել ենք 9 երեխայի: Նրանցից երկուսն ամուսնացել են, մեկն արդեն բալիկի է սպասում», ասում է Աննան:

 

Որոշ ժամանակ անց Աննան հասկացավ, որ բնակարանի վարձակալության փոխարեն կարող են սեփական շինություն ունենալ, որը մնայուն ապաստան կլինի դրա կարիքն ունեցող մանկատան շրջանավարտների համար: Հայաստան կատարած հաջորդ այցելությունների ընթացքում նրանք փորձեցին իրականություն դարձնել այս գաղափարը. «Նախորդ իշխանությունները դժկամությամբ ընդունեցին մեր առաջարկը: Վանաձորի մանկատան ղեկավարությունն ասաց, որ շինություն կարող ենք կառուցել, բայց այն պետք է դառնա մանկատան սեփականությունը, ինչին մենք, բնականաբար, համաձայնել չէինք կարող: Ես վերադարձա ԱՄՆ շատ հուսահատված, որովհետև թվում էր՝ ամեն ինչ կորած է»,- պատմում է Աննան:

 

Աննայի հերթական այցելությունը Հայաստան համընկավ ՊՊԾ գրավման գործողության հետ: Նույն օրը Աննան իմացավ երրորդ անգամ մայրանալու մասին: Երջանկությունը մթագնում էր միայն համընդհանուր ապատիան, տխրությունը, հուսահատությունը, որին ականատես եղավ նա. «Հիվանդանոց էի գնացել, նստած սպասում էի իմ հերթին: Մի կին անցավ կողքովս, ում պայուսակից թուղթ ընկավ: Կռացա, վերցրեցի, գնացի կնոջ հետևից, ձեռքս դրեցի ուսին, ասացի՝ մայրիկ ջան… Չէի հասցրել ավարտել խոսքս, կինը շրջվեց ու սկսեց բղավել վրաս, հարցնում էր՝ ինչ եմ իրենից ուզում: Ասացի՝ ոչինչ ու մեկնեցի թուղթը: Այդ պահին կնոջ հայացքը երբեք չեմ մոռանա: Մի տեսակ մթագնած, չարացած հայացքը փոխվեց, սկսեց ներողություն խնդրել: Ինձ համար պարզ դարձավ, որ այսպես բոլորն են մտածում: Մարդիկ ուղղակի իրարից ոչ մի լավ սպասելիք, ակնկալիք չունեն: Մարդիկ իրարից վախենում էին: Վերադարձա ԱՄՆ ու ասացի ամուսնուս՝ «Սա արդեն այն երկիրը չէ, որտեղ ես և դու ենք մեծացել: Սա այլևս մեր երեխաների երկիրը չէ»,- պատմում է Աննան:

Երեք երեխաների մայրը ընտանիքը հաջողությամբ համադրում է աշխատանքի հետ: Եթե կես ժամ ազատ ժամանակ ունի՝ դա զավակներինն է: Մեքենայի մեջ, այգում, տանը նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր րոպե Աննան փորձում է տոնի վերածել. «Ինձ հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս եմ կարողանում համադրել ընտանիքս ու աշխատանքս: Իսկ ասում եմ՝ առանց մտածելու, բնազդաբար, ինքնաբերաբար: Ես գիտեմ, որ երջանիկ եմ, երբ երկուսն էլ կան, ուրեմն պետք է ջանք չխնայեմ դրանք համադրելու համար: Ես հասկացել եմ, որ հաջողության հասնում են միայն աշխատասեր մարդիկ, ովքեր չեն հաշվում ներդրված ջանքերը»,- ասում է Աննան:

 

Հեղափոխության օրերին Աննան կրկին Հայաստանում էր: Ասում է՝ իր ներսում պակասողի հետևից էր եկել. «Իմ կյանքը բաժանված էր երկու մասի՝ մանկություն Հայաստանում և հետո՝ ընտանիքս: Մեջտեղի մի մեծ կտոր ուղղակի չկար: Ես զգում էի, որ հոգուս մի մասնիկը, փազլի հատիկի նման, ինձանից գողացվել է: Հեղափոխության օրերին ես գտա պակասող հատիկը»,- ասում է նա:

 

 Վերջին 3 ամիսներին արդեն երրորդ անգամ Աննան Հայաստանում է՝ իր համար կարևոր երկու ծրագրերի իրականացման համար: Նա հույս ունի, որ Հայաստանի նոր իշխանությունները կկիսեն իր համոզմունքն առ այն, որ Հայաստանին նոր մոտեցումներ են պետք. «Ես համոզված եմ, որ Հայաստանում գումար ներդնելուց շատ գիտելիք ներդնել է պետք: Ես մեծ հույսեր ունեմ, որ Հայաստանի նոր իշխանությունները կաջակցեն Վանաձորում մանկատան սաների համար ներդրված մեր ջանքերին, կհասկանան, որ այս երեխաներին առօրեական, կիրառական հմտություններ են պետք՝ ապրելու, ստեղծելու, ֆինանսապես անկախ դառնալու համար: Ես հույս ունեմ, որ այս երեխաներով կհետաքրքրվեն, որովհետև յուրաքանչյուր մարդ ուզում է, որ իրեն տեսնեն, իսկ այս երեխաներն անտեսանելի են եղել»,- ասում է Աննան:

 

Երկրորդ ծրագիրը, որ պատրաստվում է իրագործել Աննան, իր ամերիկյան «Anna Kara Loans, Inc» անշարժ գույքի գործակալության մասնաճյուղի ստեղծումն է Հայաստանում. «Հեղափոխությունից հետո մեր հաճախորդների մի ստվար զանգված ցանկություն հայտնեց իր ներդրումն ունենալ Հայաստանում: Մարդկանց մոտ նախկինում ձևավորված անվստահության մթնոլորտը վերջապես կոտրվել է: Նրանք ուզում են որևէ կերպ կապված լինել իրենց հայրենիքին: Այնպես որ, կարելի է ասել, ես նրանց ներկայացուցիչն եմ այստեղ»,- ասում է Աննան:

 

Սոնա Մարտիրոսյան

 

Դիտումների քանակը` 2980

Գլխավոր էջ