Աննա Ավալյան. «Սահմանին ապրող մայրը միայն և միայն խաղաղություն է ուզում»

 

– Ժամանակին, երբ նամակ էինք գրում կամ միմյանց մաղթանք հղում, «քաջառողջություն» էինք ցանկանում և մտածում, որ դա մի տեսակ ստանդարտ արտահայտություն է, բայց հիմա տեսնում ենք, որ այս մաղթանքն ամենակարևորն է և ամենքիս համար ամենացանկալին,- ասում է Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ավագանու անդամ Աննա Ավալյանը, ում հետ WomenNet.am-ը զրուցել է սահմանամերձ շրջանում համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու մասին: 

 

 

Պատմում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, իրենք էլ պատրաստ չեն եղել համավարակին, և բոլորի համար էլ դժվար էր ընդունել ստեղծված նոր իրավիճակը` մեկուսանալ տանը, սահմանափակել շփումները, առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ: Դրա հետ մեկտեղ վստահեցնում է, որ համայնքում պահպանվել են հակահամաճարակային կանոնները, և պատշաճ կատարվել են ախտահանման և կանխարգելման միջոցառումներ.

 

 

– Սկզբնական շրջանում բոլորը պահպանում էին տեղաշարժի սահմանափակման կանոնները` մարդկանց մեջ վախ կար, անհանգստություն կար, որ իսկապես կվարակվեն: Երբ Բերդում քովիդի մեկ-երկու դեպք արձանագրվեց, դրանից հետո մարդիկ ավելի զգոն դարձան, բոլորս էլ իսկապես անհանգիստ էինք: Մի պահ կար, երբ պատշգամբից նայում էի, փողոցը դատարկ էր, մի տեսակ հաճելի չէր, ճնշող էր այդ ամայությունը: 

 

 

 Նրա խոսքով՝ համավարակի այս մեկ տարին ազդել է ոչ միայն կրթության և տնտեսության, այլև մարդկային հարաբերությունների վրա.

 

 

– Իրարից մի քիչ հեռացանք, երբ ուզում ենք մի միջոցառում կազմակերպել, դեռևս ինչ-որ բան հետ է պահում: Առաջ, երբ ավարտում էինք գործերը, նստում էինք, զրուցում, հարաբերություններ կառուցում, փորձում մտերմանալ, հիմա արագ ավարտում ենք գործերը և շտապում տուն, կարծես ուրիշ արժեհամակարգ ստեղծվեց:

 

 

Աննա Ավալյանն արդեն 27 տարի է՝ Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենն է: Քոլեջն իր 67 աշխատակիցներով և ուսանողներով միշտ էլ ակտիվ մասնակցություն է ունեցել համայնքի կյանքում: Տիկին Աննան պատմում է, որ իր վրա կրկնակի պատասխանատվություն է զգացել և համայնքի բնակիչների, և իր քոլեջի ուսանողների համար, ուստի սիրով է ընդունել քաղաքապետարանի առաջարկը՝ քոլեջի փոքրիկ արտադրամասում դիմակներ կարելու մասին, մանավանդ որ այդ ժամանակ «Տավուշ տեքստիլը» դեռ դիմակներ չէր կարում, իսկ խանութներում և դեղատներում դրանք գտնելն ուղղակի անհնար էր.

 

 

 – Այդ ժամանակ շատ կարևոր ձեռնարկ էր դա,- ասում է նա,- մի կողմից պարտադիր էր դիմակ կրելը, մյուս կողմից՝ այն դեֆիցիտ էր` պարզապես չկար, որ մարդիկ գոնե կարողանային գնել: Համայնքապետի հետ պայմանավորվածությամբ, համայնքապետարանի տրամադրած նյութերով և քոլեջի դերձակների օգնությամբ, մանկավարժների և կամավոր ուսանողների համատեղ ջանքերով իրականացրեցինք այդ նախաձեռնությունը: Այդ օրերին մեր քոլեջի լսարանները վերածվել էին փոքրիկ արտադրամասի, մոտավորապես 20-30 հազար դիմակ ենք կարել, մեկուկես ամիս է գործել արտադրամասը: Արտադրանքը տրամադրել ենք համայնքապետարանին, նրանք էլ բաժանել են բնակչությանը, զորամասին, հիվանդանոցին: Այդ ժամանակ ևս մի կարևոր հարց կար, որի համար պետք էր օպտիմալ լուծում գտնվեր. ինչպես անել, որ տարեց մարդիկ, հատկապես միայնակ ծերերը, տնից դուրս չգային` վտանգելով իրենց առողջությունը: Քննարկեցինք և որոշեցինք, որ համայնքապետարանն իր միջոցներով փոքր փաթեթներ պատրաստի, և դրանք հիմնականում միայնակ ծերերին բաժանեցինք:

 

 

Մեր զրուցակիցը նշում է, որ համայնքում հիվանդացության աճ է նկատվել հատկապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, այս ընթացքում շատ են եղել քովիդից մահացության դեպքերը, միայն իրենց շենքում 4 մարդ է մահացել: Աննա Ավալյանը պատմեց, որ մարդկանց մեջ վախ կար ոչ միայն կորոնավիրուսից, այլև հիվանդացած մարդիկ թաքցնում էին, որ վարակվել են: Տիկին Աննան նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, բայց անմիջապես բոլորին տեղեկացրել էր դրա մասին, և մինչ օրս չի հասկանում, թե ինչ իմաստ ունի թաքցնելը:

 

 

Պատերազմի օրերը սահմանամերձ համայնքի համար հեշտ չեն եղել, լարվածությունն այստեղ կրկնակի է եղել: Աննա Ավալյանը դեռ 90-ականներից պատերազմի ժամանակ աշխատելու փորձ ուներ, այն ժամանակ ուսումնարանի, իսկ հիմա՝ քոլեջի ղեկավար է: Պատմում է՝ երբ ռազմական դրություն հայտարարվեց, քոլեջի դասերը սկսեցին հեռավար անցկացնել.

 

 

– Մեզ մոտ սովորում են 17 գյուղից 210 երեխա, իսկ քոլեջի 3 մասնաշենքերից ոչ մեկում ապաստարան չկա, որտեղ վտանգի դեպքում կարող են պատսպարվել ուսանողները, իսկ սահմանամերձ գյուղերում ամեն տուն նկուղ ունի, որտեղ գյուղացիները հաճախ են թաքնվում կրակոցներից: Ես իմ ուսանողներին վտանգի ենթարկել չէի կարող, Բերդում նորմալ ապաստարան չկա, մի քանի շենքերի նկուղներն են նախատեսված այդ նպատակի համար, որոնք օգտագործվում են որպես շենքի բնակիչների նկուղ: Այս խնդիրն այսօր էլ շատ լուրջ է: Հիմա երկու մասնաշենքերը վերանորոգեցինք, բայց ապաստարան չունենք, այս ընթացքում հասկացանք, որ այն մեզ շատ անհրաժեշտ է: Ավելի բարձր մակարդակով այդ հարցին պիտի անդրադառնամ: Համայնքապետարանում արդեն խոսել ենք այդ մասին, պետք է դիմենք պատկան մարմիններ, որ կարողանանք այս հարցին դրական լուծում տալ:

 

 

Պատմում է, որ պատերազմի ողջ ընթացքում Բերդի մշակույթի տան անձնակազմը, քոլեջի ուսանողներից կամավորները և համայնքի բնակիչները քողարկիչ ցանցեր են գործել: Քոլեջի սաները, ուսանողական խորհրդի հետ արկղեր են պատրաստել, սնունդ, ծխախոտ, հագուստ և այլ անհրաժեշտ իրեր և ուղարկել Տավուշի և Արցախի սահմանապահներին: Համահայկական հիմնադրամ են փոխանցել արհմիության մեկ տարվա գումարը: Քոլեջի վարսահարդարների խումբն իրենց մեկ ամսվա թոշակն է ուղարկել, մի խումբ ուսանողներ 1000-ական դրամ են հավաքել և փոխանցել:

 

 

– Բոլորս էլ ասում ենք՝ 2020 թիվը չենք ապրել, և՛ կորոնավիրուսը, և՛ պատերազմը ցնցեցին մեր հասարակությունը: Այս տարվա երեք շրջանավարտներիցս լուր չունենք, 6 հոգի էլ համալրեցին անմահների շարքերը,- ցավով նշում է Աննա Ավալյանը, լռում է մի պահ և շարունակում,- ես միշտ ասում եմ՝ 2020 թվից հետո մենք այլևս երբեք առաջվանը չենք լինի, թեև միշտ լավատես եմ եղել. այս ամբողջ ընթացքում, երբ հիվանդ էի, և անգամ, երբ պատերազմ էր, մտածում էի, որ լավ է լինելու: Անկախ ամեն ինչից, ամեն մեկս մեր գործը պետք է լավ անենք, ինչքան էլ լավ ենք անում, պետք է ձգտենք էլ ավելի լավին, և՛ մեր փոխարեն, և՛ նրանց, ովքեր արդեն մեզ հետ չեն: Իմ աշխատողներին և ուսանողներին նույնն եմ ասում, եթե ամեն մեկս մեր գործը լավ անենք, մեր երկրում խնդիր չի լինի… Միայն թե խաղաղություն լինի… Սահմանին ապրող մայրը միայն և միայն խաղաղություն է ուզում…

 

 

Կարինե Պետրոսյան

 

Դիտումների քանակը` 2575

Գլխավոր էջ