Աննա Ալեքսանյան. «Մենք չենք ուզում, որ մեզ ընտրեն որպես կին , ուզում ենք, որ մեզ ընտրեն մեր ծրագրերի ու արված գործերի համար»

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից  առաջադրված պատագամավորության թեկնածու  Աննա Ալեքսանյանը , ով պայքարելու է նաև որպես ռեյտինգային թեկնածու Սյունիքի և Վայոց Ձորի  թիվ 12 ընտրատարածքում:

 

 Մասնագիտությամբ ինժեներ-ծրագրավորող է, ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը, սակայն մասնագիտությամբ չի աշխատել: Փոխարենը ակտիվ գործունեություն է ծավալել հասարակական ոլորտում, ներգրավված լինելով տարբեր ՀԿ-ների աշխատանքներում, իսկ 2009 թվականից Գորիսի մի խումբ կանանց հետ հիմնադրել է «Գորիսի կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, որտեղ մինչև օրս ղեկավարում է ծրագրերի զարգացման բաժինը:

 

WomenNet.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրեն քիչ թե շատ ճանաչողները գիտեն, որ իր կյանքի ավելի քան 15 տարիները նվիրել է իր հայրենի Սյունիքի հեռավոր և սահմանամերձ համայնքների զարգացմանը ու նրանց առջև ծառացած բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրների լուծմանը: Եվ  առաջադրվելով որպես  պատգամավորի թեկնածու մտադիր  է   շարունակել այդ կարևոր գործունեությունը, սակայն արդեն այլ, օրենսդրական դաշտում:

 

Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այն նոր ուժերից  մեկն է, որ մասնակցության հայտ են ներկայացրել այս  արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արդյոք  անակնկալ  էր ձեզ ահամար կուսակցության  առաջարկը և ինչո՞վ  ձեզ գրավեց քաղաքական նոր այս ուժը:

 

-Առաջարկը անակնկալ էր այն առումով, որ մինչ օրս ես քաղաքականությամբ չեմ զբաղվել: Ճիշտ է, գործունեությունս անուղղակիորեն դրան առնչվել է, քանի որ մեր հիմնադրամը համայնքային  քաղաքականության վրա անմիջականորեն ազդեցություն է ունեցել,  բայց կոնկրետ քաղաքական դաշտում մասնակցություն չենք ունեցել: Ավելին՝  երբեք չեմ հարել քաղաքական որևէ ուժի: Բայց առաջարկը մտածելու տեղիք տվեց, քանի որ մեր կուտակած փորձը կարող ենք ներդնել և ծառայեցնել ի շահ մեր համայնքների: Բացի այս, սոցիալ-դեմոկրատական  սկզբունքների ու արժեքների համակիր եմ ինձ համարում, որոնց կրողն է նաև «Քաղաքացու որոշում»  կուսակցությունը, և դա նույնպես առիթ տվեց ավելի խորը մտածելու և հասկանալու, որ ժամանակն է, որ ՀԿ-սեկտորի ներկայացուցիչներն էլ իրենց  ուժերը, փորձառությունն ու գիտելիքները ծառայեցնեն նաև քաղաքական դաշտում:

 

– Ձեր գործունեության թիրախը կանայք ու կանանց շահերի պաշտպանությունն է եղել: Համոզված եմ, որ ԱԺ-ում ներկայացվածության դեպքում էլ դա կլինի առանցքային Ձեզ համար: Ինչպե՞ս կգնահատեք կանանց իրավունքների պաշտպանությունը մեր երկրում և ի՞նչ օրենսդրական կարգավորումներ են պահանջվում, ըստ Ձեզ, իրավիճակը փոխելու համար:

 

-Այո, ինչպես ճիշտ նկատեցիք՝ կոնկրետ իմ աշխատանքի հիմնական ուղղությունը կանանց և երիտասարդների հիմնահարցերն են ու նրանց իրավունքների պաշտպանությունը, նույնիսկ ավելի շատ հենց  կանանց իրավունքների պաշտպանությունը: Եվ ընտրվելու դեպքում,   իմ գործունեությունը Ազգային Ժողովում միանշանակ ուղղված է լինելու այս հարցերի բարձրաձայնմանը: Առավել ևս, որ ինչքան էլ մենք ասենք, թե տեղաշարժ կա, բայց այն այնքան աննշան է, որ տեղաշարժ համարելը բավականին դժվար է: Ե՛վ իմ, և՛ իմ կուսակից գործընկերների ջանքերն ուղղված են լինելու կանանց շահերի պաշտպանությանը: Կոնկրետ առաջարկներ այս պահին չեմ նշի, բայց հավատացնում եմ, որ դրանք ուղղված են լինելու կանանց ներգրավումը  որոշումների կայացման գործընթացներում բարձրացնելուն: Սա ենթադրում է, որ պետք են որոշակի մեխանիզմներ, որոնք կխրախուսեն կանանց մասնակցության աճը և նրանց ակտիվությունը:

 

– Ուսումնասիրելով ներկայիս նախընտրական ցուցակները հաճելիորեն կարելի է նկատել, որ մասնակից քաղաքական ուժերից շատերը ներգրավել են իրենց ցուցակներում մինչ այդ  հասարակական գործունեությամբ աչքի ընկած կանանց:   Ըստ Ձեզ, որքանով կարող ենք համոզված լինել, որ հասարակական ոլորտից քաղաքականություն տեղափոխվելով մարդու գործունեությունը շարունակական կլինի:

 

-Ես շատ լավատես եմ այդ առումով: Թեև երկար տարիներ աշխատելով հասարական ոլորտում, տեսել եմ շատ մարդկանց, ովքեր մի դաշտից տեղափոխվել են քաղաքականություն, բայց չեն կարողացել լիովին պահել իրենց հասարակական սկզբունքները և որոշ ժամանակ անց կա՛մ վերադարձել են, կա՛մ էլ այնուամենայնիվ  փորձել են փոփոխություններ ձեռնարկել: Ես լիահույս եմ և նույնիսկ համոզված եմ, որ այսօր այն կանայք, այն մասնագետները, որոնք հասարակական ոլորտից գնալու են Ազգային Ժողով, նրանք որակական փոփոխություններ են բերելու: Միանշանակ ապագա խորհրդարանը այս իմաստով նախորդներից շատ է տարբերվելու:

 

Ո՞րն է Ձեր հիմնական ասելիքը որպես ԱԺ պատգամավոր:

 

– Առանձին կարգախոս չեմ մշակել, բայց ես ուզում եմ, որ մեր բնակչությունը, ընտրողներն այս ընտրությունների ժամանակ գիտակցված որոշում և ընտրություն կայացնեն ու կատարեն:

 

Սյունիքը միշտ համարվել է ավանդապաշտ մարզ, որտեղ երկար տարիներ հայտնի մարզպետն է ղեկավարել ու ճնշել ամեն նորն ու տարբերվողը, այդ թվում՝ կանանց հնարավոր ակտիվությունը: Սյունեցին պատրա՞ստ է իր քվեն տալ կին թեկնածուին:

 

-Դժվար հարց եք տալիս, առավել ևս, որ ճիշտ եք (ծիծաղում է – խմբ.): Բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որոնք ցույց տվեցին, որ Հայաստանում էլ հնարավոր են այնպիսի զարգացումներ, որոնք դեռ մի օր առաջ անհավանական էին թվում, դա ևս ինչ-որ չափով քաջալերում է: Բայց մյուս կողմից մենք չենք ուզում, որ մեզ ընտրեն որպես կին  կամ տղամարդ, մենք ուզում ենք, որ ընտրեն մեր ծրագրերի, հնարավոր անելիքի նաև անցած ճանապարհի համար: Մեր քարոզարշավի ժամանակ մենք շեշտադրել ենք մեր անցած աշխատանքները և ներկայացրել, թե դրա հիման վրա ինչ կարող ենք անել հետագայում: Իհարկե, ընտրողը իր ընտրության ժամանակ կարող է հաշվի առնել այն հանգամանքը, որ թեկնածուն, կոնկրետ իմ պարագայում, կին է, բայց շեշտադրումը, կրկնեմ, մեր կողմից արվելու է ծրագրային մոտեցումների ու կատարված աշխատանքի վրա: Եվ կարծում եմ, որ այսօր դա աշխատող տարբերակ է, քանի որ ժամանակները փոխվել են:

 

Կարծիք կա, որ կնոջը կանայք չեն ընտրում, ի՞նչ եք կարծում, ով է Ձեր ընտրողը:

 

-Ես էլ եմ շատ լսել այն մասին, թե կանայք կանանց չեն ընտրում, ավելի շատ տղամարդիկ են ընտրում: Շատ անգամներ լսել եմ, ինչպես են տղամարդիկ ասում, թե՝ ինչ տարբերություն՝ կին, թե տղամարդ, կարևորը աշխատող լինի կամ կանայք են ասում՝ ավելի լավ է տղամարդ լինի, ինքն ավելի լավ գիտի… Միանշանակ չէ այս հարցի պատասխանը, բայց կարծրատիպեր դեռ, ցավոք, գոյություն ունեն, պարզապես հույս ունենանք, որ ժամանակի ընթացքում մեզ կհաջողվի հաղթահարել դրանք:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1501

Գլխավոր էջ