«Կարծրատիպերը պետք է կոտրել մտածված, համբերությամբ և խելամտությամբ»…
Հետընտրական զրույց պատգամավոր Անի Սամսոնյանի հետ
WomenNet.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ով մինչ խորհրդարան ընտրվելն աչքի էր ընկել իր ակտիվ գործունեությամբ Երևանի ավագանիում:
– Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցումը մայրաքաղաքի ավագանուց դեպի Ազգային ժողով …
-Երևանի ավագանին նույնպես քաղաքական մարմին է և աշխատանքի բնույթի և որոշումների կայացման առումով տրամաբանությունը նույնն է, թեև ավագանիում աշխատանքը խիստ սահմանափակ տեղական մասշտաբով և ավելի շատ կենտչոնացած քաղաքի կենսապահովման հարցերով: Գլխավոր տարբերությունն այն է, որ ավագանու անդամի աշխատանքը ավելի կամավոր բնույթ է կրում, թեպետ ասեմ, որ այն ծավալի աշխատանքը, որ մենք սկսեցինք իրականացնել դեռևս 2017-ին ԵԼՔ դաշինքով, կամավոր չէր հաստատ, որովհետև մենք աշխատում էինք ամենօրյա ռեժիմով, ամբողջական գրաֆիկով և շատ նվիրված: Անցումը դեպի Ազգային ժողով ավելացրել է միայն գործունեության մասշտաբները և պատասխանատվության շրջանակները, ինչին ես , ըստ էության, պատրաստ էի…
–Ինչպե՞ս է հասարակությունն ընդունում կանանց մուտքը քաղաքականություն, ընտրությունների ժամանակ զգացե՞լ եք որևէ խտրական վերաբերմունք Ձեր անձի նկատմամբ:
–Կարող է զարմանալի թվալ, բայց ես երբևէ խտրական վերաբերմունքի չեմ արժանացել: Միշտ կարողացել եմ սահմանել իմ տեղը և հաստատվել այդ տեղում: Դրան կա երկու բացատրություն: Առաջինը՝ իմ ինքնավստահությունն է: Ես այն երբեք չեմ կորցնում՝ միևնույն ժամանակ լինելով խիստ ինքնաքննադատ և անընդհատ ձգտելով կատարելագործման: Երկրորդը, դա այն միջավայրն է, որտեղ դու կրթվում ես քաղաքականապես: Ինձ համար այդ միջավայրը «Լուսավոր Հայաստանն» է, որտեղ ես կայացել եմ քաղաքակականապես: Համոզված եմ, որ կանայք քաղաքականության մեջ կարող են կայանալ միայն կուսակցություններում, որտեղ կան բոլոր նախադրյալները, գիտելիքահեն բազան, բարենպաստ միջավայրը դրա համար:
-Դուք պատգամավոր եք ընտրվել համապետական ցուցակով, թեև առաջադրված եք եղել նաև ռեյտինգային ընտրակարգով: Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը այդ ընտրակարգին, կո՞ղմ եք դրա պահպանմանը, թե հարկավոր է հրաժարվել տարածքային ցուցակներից:
– Ես չկարողացա զբաղվել իմ անհատական քարոզարշավով, ոչ էլ մասնակցել համապետականին, որովհետև պատասխանատվություն էի ստանձնել համակարգելու մեդիայի հետ համագործակցությունը և մշակելու նախընտրական մեդիաբովանդակությունը: Չունեի գովազդ սոցցանցերում, չունեի պաստառներ: Կար մեկ բիլբորդ և միայն քարոզարշավի վերջին մեկ օրը կարողացա բաժանել թվով 2000 անհատական ֆլայեր, ընդամենը չորս ժամում: Ռեյտինգային ընտրակարգի գլխավոր յուրահատկությունը և դրական կողմն այն է, որ մարդկանց հնարավորություն է տալիս իրենց ձայնը տալ նախընտրած թեկնածուին և ունենալ, այսպես ասած, «սեփական» պատգամավորը խորհրադարանում, որը ցանկացած խնդրի դեպքում կարող է պատասխանել քո նամակին կամ զբաղվել քո հարցով: Ռեյտինգայինը հնարավորություն է տալիս նաև մարզերին ներկայացվածություն ունենալ խորհրդարանում:
Ընդհանրապես, ինձ դուր է գալիս ռեյտինգային մրցակցությունն այն իմաստով նաև, որ ստեծում է ընտրության լայն հնարավորություն, բազմազանություն, ընտրական տեխնոլոգիաների կրեատիվություն և քարոզարշավային եռուզեռ: Ես հիշում եմ, որ մեր ցուցակում ընդգրկվել էին մարդիկ, որոնք անկուսակցական էին, այդ թվում կանայք, և ընտրություններից հետո պատմում էին, թե որքան տպավորված են: Այսինքն, ռեյտինգային ընտրակարգն այդ կանանց հնարավորություն էր տվել իրենց ուժերը փորձելու, ինքնադրսևորվելու և իրենց ներուժը բացահայտելու համար:
Քանի որ մեզ մոտ քաղաքական մշակույթը դեռևս չի ամրապնդվել, ռեյտինգային ընտրակարգն անշուշտ մեդալի նաև երկրորդ երեսն ունի՝ բացասական իմաստով: Այն նաև ստեղծում է անհավասար մրցակցություն փող ունեցողների և չունեցողների միջև, հեղինակությունների և ոչ հեղինակությունների միջև, և արդյունքում շատ դեպքերում հաղթում է ոչ թե գաղափարը կամ ծրագիրը, այլ շրջապատի «լավ տղա» լինելու փաստը:
-Ո՞րն է կին քաղաքական գործչի հաջողության գրավականը և որքանո՞վ է ընտանիքը դեր խաղում նրա քաղաքականություն մտնելու հարցում:
-Կնոջ հաջողության գրավականը կարծրատիպերը ջախջախելն է, պատեր քանդելն է, սեփական նպատակի ճանապարհին բոլոր խոչընդոտները խաղաղ և ժպիտով չեզոքացնելն է… Չնայած՝ յուրաքանչյուրն ունի իր բանաձևը: Ընտանիքն այս հարցում մեծ դեր ունի, որովհետև կնոջը հաջողությունների հասնելու համար քաջալերում և թևեր է տալիս ընտանիքը, հատկապես ամուսինը, եթե նրա ընկալմամբ կինը կարող է հոգատար լինել ոչ միայն ընտանիքի, այլ նաև՝ հասարակության և պետության նկատմամբ …. Բարդ է դրա գիտակցումը, ու ոչ բոլորի մոտ է ստացվում նման ընկալումը…
– Առաջընթաց նկատում եք կարծրատիպերի հաղթահարման գործում ….
– Առաջընթաց ունենք, բայց շատ դանդաղ ու դեռ Երևանում: Մարզերում վիճակը նույնն է: Կարծրատիպերը պետք է կոտրել մտածված, ցուցաբերել համբերություն և խելամտություն, որպեսզի չստեղծվեն սուր հակազդեցություններ: Օրինակ, եթե ցանկանում ես ստեղծել նոր մշակույթ, պետք չէ դա անել հինն ամեն կերպ նսեմացնելու, վարկաբեկելու կամ հրապարակայնորեն վառելու ճանապարհով: Դա արդյունավետ չէ: Դրանով միայն ձեռք կբերես հակառակորդներ, այդ թվում քո ընտանիքում, և միգուցե չկարողանաս գտնել քեզ սատարող որևէ մեկին…
-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ կանանց շահերը պաշտպանել եք Երևանի ավագանիում, կպաշտպանեք նաև խորհրդարանում: Ստացվո՞ւմ է և ո՞րն է ամենամեծ խանգարող հանգամանքը այդ ճանապարհին:
-Խանգարող հանգամանքեր չկան: Երբ դիմում են տարատեսակ հարցերով, անշուշտ զբաղվում եմ: Ուշադիր եմ նաև այն նախաձեռնությունների նկատմամբ, որոնք կարող են վնասել կանանց շահերին, կամ հակառակը, որոնց միջոցով կարելի է բարելավել իրավական դաշտը կանանց պաշտպանելու նպատակով:
– Ձեր կարծիքով նոր ԱԺ-ում կանանց ձայնը լսելի՞ է …
– Կանայք շատ ակտիվ են Ազգային ժողովում և դա ողջունելի է: Որքան գիտեմ, դեռ ոչ մի կին չի բողոքել, որ իր ձայնը լսելի չի…
– Տեսնո՞ւմ եք մոտ ապագայում այնպիսի զարգացումներ, որոնք կբերեն կանանց դերի ավելացմանը որոշում կայացնող օղակներում:
– Այո, տեսնում եմ: Կարծում եմ, այսօր քաղաքականություն մուտք գործած շատ կանանց հետագայում կկարողանանք տեսնել ավելի պատասխանատու պաշտոններում: Ուղղակի պետք է անընդհատ կրթվել և ձգտում ունենալ…
-Վերջին շրջանում խոսվում է նաև գործադիր մարմնում քվոտավորման անհրաժեշտության մասին , հաշվի առնելով այն փաստը, որ ընդամենը մեկ կին նախարար ունենք: Կո՞ղմ եք այդ գաղափարին…
-Քվոտարումը՝ որպես իրավական կարգավորում իհարկե խթանիչ նշանակություն ունի, բայց այն չպիտի լինի արհեստական, այսինքն՝ դու քո տեղում ես միայն նրա համար, որովհետև կին ես: Հավատացեք, դա ավելի է վնասում կանանց քաղաքական մասնակցությանը: Համեմատեմ Ազգային ժողովի հետ: Նույն Ազգային ժողովում կարող են քվոտավորման շնորհիվ հայտնվել պատահական կանայք, որոնք գուցե նպատակ էլ չեն ունեցել զբաղվել քաղաքականությամբ: Բացառված չէ, որ այդ կանայք ընթացքում կարող են ձեռք բերել ավելի շատ հետաքրքրվածություն, ակտիվանալ, բայց կարող են և չակտիվանալ: Գործադիրի դեպքում նման իրավիճակն անթույլատրելի է, որովհետև գործում է պատասխանատվության հստակ շրջանակ, յուրաքանչյուր տեղում պահանջվում է խիստ կոմպետենտություն, պրոֆեսիոնալիզմ: Կարծում եմ գործադիրում այս առումով բնական շարժն ավելի ընդունելի է, եթե ստեղծվեն բարենպաստ պայմաններ կանանց մոտիվացիայի և առաջխաղացմսն համար:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2044