Քարեր և կարծրատիպեր «փշրող» տավուշցի աղջիկը

 

 

Հայաստանի Տավուշի մարզում բնակվող 19-ամյա Անի Եգանյանի մասին  շատերն իմացան վերջերս համացանցոմ տարածված տեսահոլովակից, որտեղ նա ձեռքի մեկ հարվածով ջարդում է իրար վրա շարված վեց քարերը, դրանով իսկ «փշրելով» Հայաստանում մարտական մենապայքարային մարզաձևերով զբաղվելու հարցում աղջիկների նկատմամբ գոյություն ունեցող կողմնակալությունը: 

 

 

 

«Դա քարեր ջարդելու իմ երկրորդ փորձն էր: Առաջին անգամ միանգամից երեք քար էի ջարդել այս տարվա ապրիլին: Ոգևորվելով այդ հաջողությամբ, մարզչիս՝ Էդգար Թումանյանի հետ որոշեցինք մայիսի 22-ին փորձել 6 քար ջարդել: Շատ էի ուզում   բոլորին ու ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ: Ինձ հաջողվեց դա անել: Հանդիսատեսը մի փոքր ապշել էր: Այդ տեսանյութի տարածումից հետո շատերն սկսեցին համացանցում իմ էջին հետևել որպես «ուժեղ» աղջիկ»,- պատմում է Իջևանի այկիկենդո մարզաձևի մարզիկ Անի Եգանյանը:

 

 

Պատմում է, որ  կարատեով զբաղվելու ցանկութուն ունեցել է  վաղ դպրոցական տարիքից, սակայն այն կարողացել է իրագործել միայն 15 տարեկանում՝ բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման ու տքնաջան աշխատանքի գնով:

 

 

 

«8-9 տարեկանից ուզում էի գնալ կարատեի: Յութուբում կարատեի մասին  հոլովակներ կային, որոնք անընդհատ նայում էի: Առաջինն, ինչ  ինձ գրավեց կարատեում, մարզիկների մարզահագուստն էր: Հետո իհարկե սկսեցի սիրել նաև մարզաձևը, խորացա  դրա հիմքում ընկած փիլիսոփայությության մեջ» ,- հիշում է Անին, պատմելով  թե ինչպես  մի օր  հայտարարություն նկատեց, որ Իջևանում գործող այկիկենդո կարատեի խմբակն ընդունելության է հրավիրում.

 

 

 

 «Առաջին օրը գնացի, ծանոթացա խմբի հետ: Աղջիկները քիչ էին, կարծեմ՝ երեքը, բայց գնալիս ընդհանրապես չէի մտածել՝ խմբում աղջիկներ կլինե՞ն, թե՝ միայն տղաներ…Որոշեցի, որ պետք է պարապեմ»:

 

 

15-ամյա աղջկա կարատեով զբաղվելու լուրը ընտանիքն ու շրջապատը, մեղմ ասած, չեն ողջունել:

 

 

«Ես երեք  եղբայր ունեմ: Ընտանիքս ասում էր՝ աղջիկ ես, կգնաս թևերդ կկոտրես,  կարատեն կազմվածքիդ վրա կազդի, քայլվածքդ կդառնա տղայական…Սկզբում  շատ դժվար էր հասնել այն  ազատ կյանքին, որին ես էի ձգտում: Կարատեն իրենց համար մի քիչ «վայրենի» մարզաձև էր»,- նշում է Անին, շեշտադրելով, որ հասարակական կարծիքը շատ հաճախ ուղղակիրոեն ազդում է նաև ընտանիքի մոտեցումների վրա:

 

 

«Տավուշում ընդունված է, որ աջիկը թույլ սեռ է, որ նա պետք է զբաղվի միայն տնային գործերով: Աղջիկը պետք է երաժշտական նուրբ արվեստաձևերով զբաղվի՝ ջութակ, կիթառ… Շատ անլուրջ էին վերաբերվում  կարատեով զբաղվող աղջիկներին: Սկզբնական շրջանում շատ անգամներ եմ կոտրվել: Մեծ դժվարությամբ եմ հասել այն ամենին, ինչին հասել եմ», – ասում է նա:

 

 

Քարացած կարծրատիպային մոտեցումները հաղթահարելու հաստատակամությամբ Անին այսօր  համատեղում է կարատեն դիզայներական «նուրբ»  արվեստի հետ՝ իր օրինակով փորձելով համոզել, որ աղջիկը կարող է զբաղվել ցանկացած արվեստով, այդ թվում մարտարվեստով, և որ  իր ընտրած մարզաձևը նույնպես արվեստ է,  որը հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության  ներդաշնակցություն է պահանջում… Եվ ամենակարևորը,  օգնում է մարդուն ինքնակտարաելագործվել, պայքարել ու հաղթել…

 

 

Այժմ Անին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կիրառական  արվեստ ու դիզայն» բաժնի առաջին կուրսի ուսանող է: Միաժամանակ նաև զբաղվում է ակտիվ քաղաքացիական գործունեությամբ. որպես կամավոր ներգրավված է մի քանի հասարակական կազմակերպություններում:

 

 

Ասում է ,  ամեն ինչ անեմ, որ աղջիկների նկատմամբ կողմնակալ մտածելակերպն ու  կարծրատիպերը հաղթահարվեն .

 

 

 «Շատ աղջիկներ կան, ովքեր նաև իմ օրինակով ոգևորվելով,  ուզում են իրենք էլ զբաղվեն կարատեով, բայց թե՛   հարազատնեըի, թե՛ ընկերական շրջապատի վերաբերմունքի պատճառով  շատ են կոմպլեքսավորվում և հրաժարվում իրենց նախասիրություններից… »

 

 

Վստահ է՝ ճիշտ ճանապարհի վրա  է: Վերջին՝ տիկ-տոկյան հիթ դարձած տեսանյութը երիտասարդ աղջկա կյանքում կարևոր փոփոխություններ է բերել: Ավելացել է սոցիալական էջի հետևորդների թիվը, իսկ հարյուրավոր խրախուսական խոսքերն էլ ավելի են ոգևորել իրեն:

 

 

Արդեն հաստատ գիտի՝  կարծրատիպերին  ոչ միայն դիմակայել է, այլև՝ իր համառությամբ ու նպատակասլացությամբ «ստիպել», որ շատերը վերանայեն իրենց մոտեցումնեը:

 

 

«Երևի միակ աջիկն եմ Իջևանում, որ այսքան երկարաժամկետ, համառորեն պարապում եմ: Երբ մեծ խմբով, մարզչիդ հետ դուրս ես գալիս այգում մարզվելու,  քեզ լավ ես զգում, իսկ մարդիկ  ստիպված են  լինում ստիճանաբար փոխել իրենց կարծիքը: Ես նկատում եմ այդ փոփոխությունը: Ինքս ինձ չեմ փոխել, շրջապատի մարդիկ են իրենց մտածելակերպը փոխում»,- անկեղծանում է զրուցակիցս:

 

 

Անիի մարզական առաջընթացի հետ կապված բոլոր պլաններն անձնական բնոյթի չեն, մտածում է  պետք է  գտնել հովանավոր , ով պատրաստ կլինի Իջևանի կարատեի խմբակը վերազինել անհրաժեշտ մարզագույքով, ինչն էլ հնարավորություն կտա իրականացնել երկար տարիների երազանքը՝ ձևավորել աղջիկների թիմ ու հզորացնել նրանց նաև կարատեի միջոցով:

 

 

 

Ասում է. « Եթե շատ ես ցանկանում նպատակիդ հասնել, պետք է բոլոր ջանքերդ ներդնես ու չկորտրվես, ինչ էլ պատահի: Ուզում եմ, որ բոլոր աղջիկները լինեն համառ, նպատակասլաց ու երբեք չմնան կես ճանապարհին. եթե նպատակ են դրել՝ մինչև վերջ գնան»:

 

 

Գ. Սարգսյան

 

 

Դիտումների քանակը` 3347

Գլխավոր էջ