Անի Բերբերյան. «Մենք օգնում ենք գրառել և պահեստավորել կարևոր հիշողությունները»

mem talk2

Mem Talk ծրագրային հավելվածի ստեղծման գաղափարը ծնվեց շատ պատահական՝ ճամփորդությունից: Ստեղծարար թիմի հիմնադիրը նոր էր վերադարձել Երուսաղեմից, որտեղ այցելել էր Սուրբ Հարության տաճար: Զբոսավարի խոսքը, բիբլիական պատմություններն ու գեղեցիկ նկարները դարձել էին ոչ միայն հիշողություն, այլև ինֆորմացիա, որը պետք էր պատմել: Հաճելի հուշերն  ընկերների հետ կիսելու գաղափարը  միավորեց  Գարիկ Պետրոսյանին ,Անի Բերբերյանին  ու ևս  երկու էնտուզիաստների  մեկ  թիմում,  ստիպեց մտածել ծրագրային նոր հավելվածի ստեղծման մասին, որը հնարավորինս արագ և հեշտ կկարողանար պահեստավորել անհրաժեշտ ինֆորմացիան, չէր ծանրաբեռնի հեռախոսի հիշողությունը և հնարավորություն կտար կիսել այն ոչ միայն հաղորդագրության տեսքով, այլև՝ սոցիալական հարթակներում:

 

Անի Բերբերյանը Mem Talk-ի թիմում հայտնվեց հենց սկզբից: Մասնագիտությամբ արաբագետ է, որոշ շրջան զբաղվել է արևելագիտությամբ, սակայն նոր ու հետաքրքիր գաղափարների փնտրտուքը նրան բերեցին ՏՏ ոլորտ: Ասում է՝ հոգով միշտ արևելագետ կլինի, կենսակերպով՝ ՏՏ ոլորտի մարդ: Այս ոլորտում սկսելով որպես ծրագրերի համակարգող, կարճ ժամանակ անց Անին հասկացավ՝ ուզում է ինչ-որ նոր բան ստեղծել: Առաջին սեփական պրոդուկտը երկար չսպասեցրեց: Կազմավորվեց թիմ, որի համահիմնադիր դարձավ նաև Անին:

mem talk

Չորսհոգանոց թիմում զարգացրեցին ու ստեղծեցին մի հավելված, որը թույլ է տալիս հավաքել, պահպանել և տարածել անհրաժեշտ ինֆորմացիան՝ ձայնային և ֆոտո ֆայլերի միջոցով, հնարավորություն տալով յուրաքանչյուր մարդու ստեղծել ամբողջական, ամփոփ բովանդակություն կարճ ժամանակահատվածում՝ խնայելով մարտկոցի էնէրգիան:

 

«Եթե փորձենք ավելի մատչելի ձևով բացատրել, Mem Talk-ը թույլ է տալիս ձայնագրել աուդիո ֆայլ և միաժամանակ ֆոտոներ անել: Այսինքն՝ դուք ոչ թե վիդեո ֆայլ եք նկարահանում, այլ ստեղծում եք ձայնային բովանդակություն՝ անհրաժեշտ պահին անելով նաև ֆոտոներ, որոնք իրական ժամանակում սինխրոնիզացվում են: Սա թույլ է տալիս բավականին փոքր տարողությամբ ֆայլի մեջ պահեստավորել ձեզ անհրաժեշտ քանակի ինֆորմացիան, շատ տեղ չի զբաղեցնում ձեր դիվայսի հիշողության մեջ և առավել մատչելի է դառնում տարածման առումով: Այն շատ հարմար է առանձին աուդիո և ֆոտո ֆայլերի համակցման առումով և չի պահանջում առանձնահատուկ հմտություններ, միաժամանակ խնայում է ժամանակը»,- բացատրում է Անին:

 

Այս պահին արդեն հասանելի է հավելվածի՝ iOS տարբերակը, Android-ի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

Թիմն արդեն բավականին ակտիվ աշխատանք է տարել ֆոկուս խմբերի հետ ու պարզել իր թիրախային լսարանը. «Մենք հասկացանք, որ մեր պրոդուկտը շատ օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր սիրում են կամ ում անհրաժեշտ է նոթեր անել. մարդիկ, ովքեր ճամփորդում են հաճախ, ուսանողները, լրագրողները և ոչ միայն: Բոլոր նրանք, ովքեր գնահատում են իրենց ժամանակը: Սա, ըստ էության, նոր սերնդի նոթագրման գործիք է, որի միջոցով ստացված ֆայլը շատ ավելի փոքր է, պատրաստման համար ավելի քիչ ջանք է պահանջում և ոչ մի հավելյալ հմտություն»,- բացատրում է Անին:

mem talk3

Անցյալ տարի ամռանը Անին հավելվածը ներկայացվեց Սիլիկոնյան հովտում՝ Համաշխարհային ձեռներեցության գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցում էին շուրջ 700 ձեռներեցներ և 300 ներդնողներ՝ ամբողջ աշխարհից: Անին ընդգրկվել էր աշխարհի ամենախոստումնալից 150 կին ձեռներեցների ցանկում: Սրա շնորհիվ Անիին հնարավորություն ընձեռնվեց հայկական հավելվածի մասին պատմել աշխարհում ՏՏ ոլորտի  ամենահայտնի  ներդնողների մոտ և հասնել մինչև կիսաեզրափակիչ: Գագաթաժողովի արդյունքում հայկական թիմը գտավ մենթորների, որոնց հետ աշխատում է մինչ օրս:

 

Արդեն այս ամիս շուկայում կհայտնվի նաև Mem Talk հավելվածի` Android-ի համար նախատեսված տարբերակը, ինչից հետո թիմն արդեն լուրջ աշխատանք կսկսի համալսարանների, ուսանողական խմբերի և լրատվամիջոցների հետ՝ ներկայացնելով հավելվածի առավելությունները և հնարավորությունները:

 

Անի Բերբերյանն ասում է՝ հայկական շուկայով չեն սահմանափակվելու. տեղում հավելվածը փորձարկելուց և զարգացնելուց հետո՝ դուրս կգան եվրոպական շուկա, որից, ի դեպ, արդեն որոշակի հետաքրքրություն կա:

 

«Հույս ունենք, որ որոշ ժամանակ անց կկարողանանք աշխատել եվրոպական համալսարանների , լրատվամիջոցների, կոնֆերանսների ու միջոցառումների կազմակերպիչների հետ, որտեղ կառույցների ղեկավարներն ու կազմակերպիչներն այս հավելվածը կտրամադրեն իրենց ուսանողներին, աշխատակիցներին կամ միջոցառումների մասնացներին՝ որպես աշխատանքային գործիք»,- ասում է Անին:

 

Հետագայում հավելվածի հեղինակները հույս ունեն առանձին սոցիալական հարթակ ստեղծել՝ Mem Talk օգտագործողների համար, որը ինֆորմացիայի փոխանակման յուրահատուկ տարածք կդառնա: Այս գաղափարը ծագել է հատկապես ֆոկուս խմբերից ստացված կարծիքներն ուսումնասիրելուց հետո: Շատերը՝ որպես զարգացման հնարավորություն, նշել են հենց սոցիալական տարրի ակտիվացումը: Չնայած, որ Mem Talk-ով ստեղծված ֆայլերը կարելի է տարածել Facebook-ում, Youtube-ում կամ iCloud Photo Sharing-ում, և ուղարկել Vine-ի, Viber-ի, WhatsApp-ի, Mail-ի կամ FB Messenger-ի միջոցով, հեռու չէ նաև այն պահը, երբ  Mem Talk-ի սիրահարները կունենան նաև իրենց առանձին հարթակը՝ նեղ խմբերում այս կամ այն ինֆորմացիան կիսելու համար:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 4138

Գլխավոր էջ