«Հեքիաթերեն»․ լեզու՝ ստեղծված երեխաների հետ և նրանց մասին խոսելու համար

 

Մասնագիտությամբ դերասանուհի Անի Ամսեյանը հիշում է՝ հեքիաթն ու թատրոնն իրենց ընտանիքում միշտ են եղել․ հատկապես սիրում էր մոր հորինած հեքիաթները, որոնց հերոսներն ինքն ու եղբայրն էին։ Դպրոցական տարիներին ուզում էր դերասանուհի դառնալ, ընդունվեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, բայց արդեն ուսանողական տարիներին հասկացավ՝ տիկնիկային թատրոնն այն է, ինչ իրեն իրոք հետաքրքրում է։

 

 

 

Ուսանողական տարիներին Անին նաև ստեղծագործում էր։ 2017 թ․–ին լույս տեսավ նրա «Ճանապարհ դեպի լռություն» գիրքը։ Արդեն 2018 թ․–ին ամուսնու՝ կոմպոզիտոր Հակոբ Մազլումյանի հետ սկսեց ուսումնասիրել հեքիաթները, ներկայացումներ բեմադրել ու խաղալ դրանք երեխաների հետ ու երեխաների համար։ Անին ու Հակոբը երեխաների հետ շփման իրենց լեզուն են գտել՝ հեքիաթերենը։ Երիտասարդ ամուսինները հիմնել են Հայաստանում առաջին ինտերակտիվ տիկնիկային թատրոնը, որը կոչել են հենց «Հեքիաթերեն»։

 

 

 

«Երբ ընդունվեցի սցենարական կուրս, սցենարի մշակման, զարգացման հետ կապված գիտելիքներ ձեռք բերեցի, եկավ մի պահ, որ ուզում էի այդ ամենը մեկտեղել՝ տեքստի հետ աշխատել, տիկնիկավարությամբ զբաղվել, ինչպես նաև շփվել երեխաների հետ։ Մեկ այլ խմբի հետ որոշ ճանապարհ անցանք, հետո խումբը ցրվեց։ Երբ ամուսնուս՝ Հակոբի հետ ծանոթացա, որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ երեխաները ոչ թե կգան ներկայացում դիտելու, այլ կլինեն ստեղծագործական ընթացքի մի մասը, անմիջական մասնակիցը։ Հակառակ դեպքում՝ դժվար կլիներ ժամանակակից երեխաներին կտրել տեխնոլոգիաներից ու տանել հեքիաթի, թատրոնի աշխարհ։ Ինտերակտիվ ձևաչափից բացի, «Հեքիաթերենը» առանձնահատուկ է նաև նրանով, որ շատ անձնական է։ Երեխաները չեն սպասում ինչ-որ խմբի հետ հանդիպման, սպասում են, որ պիտի հենց Անիի, հենց Հակոբի հետ հանդիպեն»,– բացատրում է Անին։

 

 

 

Խոստովանում է՝ նախագծի մեկնարկի ժամանակ վստահ չէին, որ ճիշտ անուն են ընտրել, քանի որ այն բարդ արտասանվող է։ Որոշ ժամանակ գաղափարը կար, սկսել էին ներկայացումները, բայց անուն չունեին։ Հետո հասկացան, որ երեխաների հետ իրենց շփման լեզուն պիտի լինի հեքիաթը, այդտեղից էլ եկավ «Հեքիաթերեն» անվանումը․

 

 

«Ի սկզբանե, մենք «Հեքիաթերենը» դիտարկել ենք որպես ճանապարհ՝ դեպի թատրոն, դեպի գրականություն։ Մենք մեզ որպես թատրոն չենք դիրքավորել։ Պատկերացրել ենք, որ սա պիտի լինի այն կայծը, որ երեխան գնա տուն ու գիրք բացի, հեքիաթ կարդա կամ ցանկանա թատրոն, թանգարան գնալ։ Ներկայացումներն ուղեկցվում են դասական երաժշտությամբ․ ուզում ենք երեխաների ականջը սովորեցնել դասական երաժշտություն լսելուն։ Շատ կարևորում ենք լավ քաղաքացիների ձևավորմանը նպաստելը։ Նշանակություն չունի՝ հիմքում ինչ հեքիաթ է, միշտ փորձում ենք քաղաքավարության կանոններ սովորեցնել, թիմով աշխատելու և մի շարք այլ հմտություններ փոխանցել։ Օրինակ՝ ներկայացման ժամանակ ինչ-որ բան ենք պատրաստում, աղբ է կուտակվում, կարևորում ենք, որ անպայման հավաքեն այն։ Կարևորում ենք նաև ժամանակակից մանկագիրների գործեր ներկայացնելը։ Երեխաները չեն պատկերացնում, որ Թումանյանից բացի այլ հեքիաթագիրներ կան,  հատկապես՝ ժամանակակից։ Զարմանում են։ Պատահել է, որ հեղինակը ներկա է եղել ներկայացմանը։ Երեխաների համար հրաշքի նման է իմանալը, որ հեքիաթ գրողն իրենց կողքին նստած է»,– ասում է Անին։

 

 

 

Այսօր «Հեքիաթերենը» ներկայացումներ է խաղում ոչ միայն գրադարաններում ու թանգարաններում, այլև ամենուր։ Անին ասում է՝ ծնողների շրջանում կարծրատիպ կա, թե ներկայացումն անպայման պետք է լինի թատրոնի պատերի ներսում։ Իրենց ներկայացումները թատրոնում չեն, փոքրիկներն էլ նստում են ոչ թե աթոռների վրա ու շարքերով, այլ բարձերի վրա ու ազատ։ Անին ասում է՝ դա բոլոր կաղապարներից երեխաներին ազատելու ևս մեկ փորձ է․

 

 

 

«Մենք ուզում էինք, որ մեր ներկայացումները նաև խթան հանդիսանան, որ երեխաները հայտնվեն տարբեր մշակութային օջախներում, օրինակ՝ գրադարանում, թանգարանում։ Մենք առաջարկեցինք, կապեր ստեղծեցինք ու շատ լավ համագործակցություններ ունեցանք։ Օրինակ՝ Թումանյանի թանգարանում ելույթից հետո առաջարկ ստացանք Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակների առիթով Հունաստան մեկնելու։ Ելույթ ունեցանք հայ համայնքի երեխաների համար։ Սկզբում մտավախություն կար, չգիտեինք՝ ինչպես կընդունվի։ Երեխաները տարբեր են, նշանակություն ունի՝ որտեղ են ապրում, ինչ միջավայրում են մեծանում, լեզվի հետ կապված խնդիր կար, ու փորձում էինք ավելի մատչելի լեզվով մատուցել ներկայացումը։ Շատ լավ ընդունելության արժանացանք։ Կարևոր փորձ էր մեզ համար»,– ասում է Անին։

 

 

 

Այս պահին «Հեքիաթերթնի» ներկայացումները 17-ն են, երկուսը հայ ժամանակակից մանկագիրների գործեր են` «Թարս Թզուկը» (հեղինակ` Լուսինե Շահնազարյան, նկարազարդող` Ագաթա Հարությունյան) և «Կապույտ աղվեսը» (հեղինակ-նկարազարդող` Լիլիթ Ալթունյան): Մեկն էլ արտասահմանցի ժամանակակից հեղինակի հեքիաթ է՝ «Կըտ-կըտ Ճուտիկը»։ Բոլոր ներկայացումների ընթացքում Անիին և Հակոբին ուղեկցում է թատրոնի արդեն մշտական անդամը՝ «Հեքիաթասաց պապիկը»․

 

 

 

«Երբ սկսեցինք նախագիծն իրականացնել, բացարձակ ռեսուրս չունեինք՝ ոչ տարածք, ոչ տիկնիկներ, ոչ դեկորացիա, ոչինչ։ Դա խթան էր հանդիսանում, որ ելքեր գտնենք, օրինակ՝ եթե որևէ տիկնիկ չունես, հնարավորություն կա փոքրիկների հետ պատրաստելու։ Ինտերակտիվության միջոցով մարտահրավերը հնարավորություն էր դառնում, իսկ ներկայացումը՝ շատ ավելի հարստանում։ Մեր ճանապարհին  պապիկը հայտնվեց շատ պատահական։ Նվեր ստացանք։ Մեր կյանքի ամենաթանկ նվերներից մեկն է։ Շատ սիրեցինք տիկնիկը, բայց սիրելը մի բան է, կյանք ու շունչ տալը՝ լրիվ այլ։  Հակոբը, ով մասնագիտությամբ տիկնիկավար չէ, այնպիսի արդյունքներ ցույց տվեց, որ հիմա, երբ նայում ես պապիկին, կարծես կենդանի մարդու հետ շփվես․ ունի իր բնավորությունը, նախասիրություններն ու իր գույնը։ Երեխաներն էլ «Հեքիաթասաց պապիկին» շատ են սիրում։ Այնտեղ, որտեղ սպասում են Անիին ու Հակոբին, անպայման սպասում են նաև պապիկին։ Քանի որ սիրում են, չենք կարող նրանց սիրտը կոտրել, ու պապիկն ամեն տեղ հայտնվում է։ Այդպես էլ դարձել է մեր պատմություն պատմողը»,– ասում է Անին։

 

 

 

Նա շատ է կարևորում իրենց թատրոնը և, ընդհանրապես, մշակույթը Երևանից դուրս հանելու, գյուղեր տանելու գաղափարը։ Ասում է՝ նույնիսկ քաղաքին շատ մոտ գյուղերում հաճախ երեխաներն առաջին անգամ են տիկնիկ տեսնում, զարմանում են՝ ինչպե՞ս է տիկնիկը խոսում, ինչ է կատարվում։ Զարմանքը, հիացմունքը շատ ավելի մեծ չափաբաժնով է, քան Երևանում։ Այդ պատճառով էլ երբեք չեն մերժում մարզերում ներկայացումներ խաղալու առաջարկներնը։

 

 

 

«Հեքիաթերենում» առանձնահատուկ տեղ ունեն նաև ազգային ծեսերն ու տոները։ Սկիզբը «Բարեկենդան» ներկայացումն էր, որից հետո միտք առաջացավ փոքրիկների համար հասկանալի լեզվով ազգային մյուս տոները ևս ներկայացնելու: «Մուղդուսյան արվեստի կենտրոնի» հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը դիտել էր «Բարեկենդանը», որից հետո ակնարկել, որ եթե այս ներկայացմամբ հրաշալի ստացվում է տոնը ներկայացնել, ինչո՞ւ չանդրադառնալ նաև մյուս տոներին։ Ազգագրագետ Լալա Մնեյանի մոտ վերապատրաստում անցանք, մանրամասն ծանոթացանք տոներին, ծեսերին, իմացանք՝ ինչպես են նշել, ինչ երգեր են երգել, ինչ ուտեստներ պատրաստել։ Ծանոթանալուց հետո սկսեցի սցենարը մշակել, Հակոբն ու Նաիրան էլ ծրագրի երաժշտական մասով զբաղվեցին։ Փորձեցինք խաղերի, հարցուպատասխանի միջոցով հնարավորինս մատչելի ներկայացնել փոքրիկներին, կիրառել հնարքներ, որոնք նրանց ուշադրությունը կկենտրոնացնեն․ ազգային տիկնիկներ էինք ստեղծում, ուտեստ պատրաստում ու համտեսում։ Հնարավորինս իրենց մասնակից դարձնելով՝ մեր սպասածից ավելի լավ արդյունք ստացանք։ Երեխաներն իսկապես շատ հետաքրքրված էին, նրանց ուշադրությունը ոչ մի վայրկյան չէր շեղվում։ Հույս ունենք՝ առաջիկայում հնարավորություն կունենանք շարունակել այդ ծրագիրը»,– ասում է Անին։

 

 

 

Անդրադառնալով ինտերակտիվ տիկնիկային թատրոնի առավելություններին, Անին ասում է՝ կարևորն այն է, որ յուրաքանչյուր երեխա ներկայացման մասնակից է դառնում․

 

 

 

«Կարելի է ամեն բան շատ լավ պլանավորել, բայց ամբողջ ներկայացումը կառուցվում է ինտերակտիվության տարրի վրա։ Ունենք սյուժետային գիծ, որով առաջնորդվում ենք, բայց ամեն ներկայացում մյուսից տարբեր է։ Կարելի է ասել՝ երեխաները հավասար դերակատարում ունեն ներկայացման կայացման հարցում։ Երբեմն նույնիսկ սյուժեն է փոխվում՝ նրանց արձագանքներից ելնելով։ Օրինակ՝ զգում ենք, որ երեխան շատ է հավատում իր առաջարկած տարբերակին, չենք կարողանում դա շրջանցել»,– ասում է Անի Ամսեյանը։

 

 

Սոնա Մարտիրոսյան

 

 

 

Դիտումների քանակը` 868

Գլխավոր էջ