Անի Շամլյան. Ժպիտը նույնպես մշակույթ է և հյուրասիրության պարտադիր պայման

 

Անի Շամլյանը խոհարարության  գաղտնիքները յուրացրել էր դեռ Հալեպում: Պրպտուն  միտքը միշտ  նորի ու կատարյալի որոնումների մեջ էր: Սիրում էր տեսակ-տեսակ անուշեղեն պատրաստել,  հյուրասիրել, իսկ երբ հարցնում էին  բաղադրատոմսը, սիրով մանրամասնում էր:

 

 

Արդեն  4,5 տարի է,  ինչ  քրոջ  հետ եկել է Հայաստան: Ապրելու համար աշխատել էր  պետք,  նոր մասնագիտություն սովորելու համար ուշ էր: Երևանյան փողոցներով զբոսնելիս  ամեն քայլափոխի  բուլկեղենով ու թխվածքեղենով  լի  կրպակների առկայությունը նրան  մի պահ  հուսահատեցրեց, քանի որ այդպիսի բազմազանության պայամաններում անիմաստ էր  թվում  զբաղվել  իր սիրած  գործով: Հետո  պարզեց, որ համային առումով տեղական  և արևելայն  թխվածքեղենի  մեջ  տարբերությունը զգալի է, ու որոշեց  զբաղվել անուշեղենի արտադրությամբ:

 

Ի դեպ, Անիի հետ ծանոթացանք ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի  կողմից կանանց միջազգային  օրվա  կապակցությամբ  կազմակերպված  «Տեղահանված  կանանց  համար  արժանավայել աշխատանքի  հնարավորություն»  խորագրով  տոնական  ցուցահանդես-վաճառքին:  Անին մեկն է այն բազմաթիվ շահառուներից , ովքեր  օգտվել են  ՄԱԿ ՓԳՀ  -ի  կողմից  իրականացվող ծրագրերից, որոնք, գրասենյակի   արտաքին  կապերի  համակարգող  Անահիտ Հայրապետյանի փոխանցմամբ, միտված են    խրախուսելու  ու աջակցելու     սիրիահայ  կանանց   շուկայում  կայանալու հարցում:  Կանայք էլ իրենց հերթին     նոր մշակույթ  են  ձևավորում  հայ իրականության  մեջ՝  ներկայանալով  հանրությանը  իրենց  նրբահամ  խորտիկների ու թխվածքների, ձեռագործ աշխատանքերի նորովի մատուցմամբ: 

Անին պատմեց, որ  երկու տարի շարունակ  մասնակցելով  ՄԱԿ ՓԳՀ-ի կազմակերպած ցուցահանդես-վաճառքներին  համոզվեց, որ տեղի  բնակչությունը  հավանում է իր զանազան  համեմունքերով  պատրաստված անուշեղենը: Հետո սիրով  մասնակցեց  աշխատանք  փնտրող  սիրիահայերի  համար  «ԿԱԶԱ»  շվեյցարական  մարդասիրական  հիմնադրամի վերապատրաստման  դասընթացներին, որոնք  հատուկ  մշակված  էին սիրիահայերի համար  խոհարարական  ծրագրով՝  հաշվի առնելով  նաև տեղական  պահանջները: Դրան հաջորդեցին  նաև Սեդրակ Մամուլյանի կազմակերպած խոհարարական  դասընթացները: Դարձյալ սովորածը քիչ համարելով  Անին  որոշեց հետամուտ լինել սեղանի  ձևավորման  գաղտնիքներին, ու երբ  համոզվեց, որ պատրաստ է  ինքնուրույն գործ սկսելու, որոշեց խոհարարական  գիտելիքները ներկայացնել յուրովի ու  նորովի:

 

-Երբ ինչ-որ  բաղադրատոմս  եմ  լսում կամ  համտեսում, սկսում եմ  խորհել, թե  ուրիշ  ինչ  կերպ կարող եմ  համեմել այն, որպեսզի որակապես  ոչ թե չտուժի, այլ  գերազանցի  նախորդին: Փորձում եմ  օգտագործել համեմունքներ, կամ  մի մթերքը փոխարինել  մյուսով, փոխել դիզայնը, արդյունքում  ստացվում է  բոլորովին այլ տարբերակ: Նույնը  կատարում եմ  սեղանի ձևավորման  ժամանակ, անպայման  մի  նոր  բան  հնարում եմ  հենց  պատրաստման  ընթացքում,-ասում է Անին:

 

Նրան  վստահվել է  մի քանի  կազմակերպություններում  միջոցառումների սեղանների ձևավորումը, պատվիրատուները գոհ են  եղել: Սակայն խոհարարությունն իրեն ավելի  սրտամոտ է:

 

 

Ասում  է, որ տեղական և արևելյան  անուշեղենի և առհասարակ,  խոհանոցների տարբերության  բանալին համեմունքների տեսականին է,  պետք է  պահպանել  սննդի  մշակույթը,  իմանալ որ դեպքում  և որքան  է  պետք  կիրառել այս  կամ այն  համեմունքը,  չարաշահման  կամ  սխալ օգտագործման արդյունքում քաղցրավենիքն ու ճաշատեսակը  բոլորովին այլ  համ են ունենում:

 

 

Մեզ հետ զրույցում  Անին կիսվեց  նաև  մեկ այլ  գաղտնիքով՝ շատ կարևոր է, թե պատրաստածդ  ինչպես ես  հրամցնում մարդկանց: «Պարզ ու անկեղծ  ժպիտը սիրտ է  նվաճում, հյուրասիրածդ էլ  սիրով են  համտեսում, սա էլ է  մշակույթ, որը հյուրասիրության պարտադիր  պայմանն է»:

 

Անին ստացած գիտելիքներով  չի սահմանափակվում, դեռևս  Հալեպում ու նաև այստեղ մշտապես ուսումնասիրում է  համաշխարհային  խոհանոցը: Նախընտրում է  իտալական և ֆրանսիական  հարուստ խոհանոցը, որոնց տեսականիներից  մի քանիսը նույնպես իր կողմից ենթարկվում են  նորարարական  մոտեցման ու մշակման : 

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 5097

Գլխավոր էջ