«Նե կարևոր է». պարզ ճշմարտություն՝ կանանց եվ աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերին վերջ դնելու համար

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ալանա Արմիտաժը և Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բյորն Անդերսոնը հանդես են եկել համատեղ հոդվածով, որում  անդրադարձել են  օրերս  հրապարակված  «Իմ կամքին հակառակ» զեկույցում բարձրացված հիմնախնդիրների լուծման ուղիներին:

 

Արևմտյան Նեպալի հեռավոր գյուղերից մեկում, Ռաչանա Սունարը, երբ դեռ հազիվ 15 տարեկան էր, կրթությունը շարունակելու համար պայքարեց հոր՝ իրեն ամուսնացնելու ծրագրի  դեմ: Այսօր նա միջազգայնորեն ճանաչված փաստաբան է, որը պայքարում է մանկահասակների ամուսնության դեմ և փորձում է ամրապնդել կանանց իրավունքները:

 

Հայաստանում, որտեղ, չնայած վերջին տարիների դրական տեղաշարժին, տղայի ծնունդը դեռ գերադասելի է աղջկա ծնունդից, Նունե Ասրյանը նվիրված մանկաբարձ-գինեկոլոգ է, որը տարիներ շարունակ դասընթացներ է վարել բուժաշխատողների համար՝ ծնողներին արու զավակի նախընտրությունից հետ կանգնել օգնելու նրանց դերի վերաբերյալ: Նա երկրում կանանց և աղջիկների արժևորումն առաջ մղող նվիրյալ է:

 

Թեև հողը, որի վրա նրանք կանգնում են, լեզուն, որով խոսում են ու հավատը կարող են տարբեր լինել, Ռաչանան և Նունեն նույն համոզմունքն ունեն՝ աղջիկներն արժանի են սիրո և խնամքի և որ նրանց հնարավորություն է տրվել կատարելու սեփական ընտրությունն ու որոշելու սեփական ապագան:

 

Բայց աշխարհի շատ վայրերում փոփոխությունն առաջ մղող նման մարդիկ շատ քիչ են: Կանանց և տղամարդկանց անհավասարության վրա հիմնված հավատալիքների համակարգերը շարունակում են սոցիալական նորմեր և վնասակար գործելակերպեր ձևավորել, որոնք աղջիկներից և կանանցից խլում են իրենց իրավունքներն իրականացնելու և սեփական մարմնի ու կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունը:

 

Մանկահասակների ամուսնությունը լայնորեն տարածված է Եվրասիայի երկրներում՝ Հնդկաստանից, Բանգլադեշից և Նեպալից մինչև Վրաստան, Թուրքիա և Ալբանիա: Հարավային Ասիայում 20-24 տարեկան կանանց 30 տոկոսը, Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան ավազանում՝ 7 տոկոսը, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 12 տոկոսը ամուսնացել են մինչև 18 տարեկանը:

 

Արու զավակների նախընտրությունը, որը հանգեցնում է պտղի սեռով պայնավորված խտրական ընտրության, հիմնավոր արձանագրված է Հարավային Ասիայում, Չինաստանում և Վիետնամում, ինչպես նաև Հարավային Կովկասում և Հարավարևելյան Եվրոպայի որոշ հատվածներում՝ էականորեն նպաստելով ամբողջ աշխարհում մոտ 140 միլիոն «կորսված կանանցով» հարուցված ժողովրդագրական ճգնաժամին և հանգեցնելով կանանց և տղամարդկանց վտանգավոր աստիճանի շեղված հարաբերակցության:

 

Վերջին տասնամյակների ընթացքում այդ վնասակար գործելակերպերի դեմ պայքարի համար օգտագործվել են մի շարք միջազգային գործիքներ և համաձայնագրեր, որոնք հիմնված են տղամարդկանց և կանանց հավասարության և մարդու իրավունքների վրա, ներառյալ ՝ 179 կառավարությունների կողմից համաձայնեցված 1994 թ. ԲԶՄՀ գործողությունների ծրագիրը՝ բոլորի համար իրավունքների և ընտրության վերաբերյալ իր տեսլականով, որը 2030 Օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների իրականացման անբաժանելի մասն է:

 

ՄԱԿ-ի աջակցությամբ, քաղաքացիական հասարակության և կառավարության նվիրյալների համաձայնեցված քայլերի արդյունքում, երկրներն ընդունել են օրենքներ և ձեռնարկել են միջոցներ`ուղղված աղջիկներին և կանանց այս և այլ վնասներից պաշտպանելուն: Թեև դրանց իրականացումը ոչ միշտ է հետևողական եղել, այդուհանդերձ, ժամանակի ընթացքում շոշափելի ձեռբերումներ են գրանցվել։

 

Աստիճանական առաջընթաց է արձանագրվել վնասակար սոցիալական և գենդերային նորմերի հաղթահարման գործում: Ծնողներին, համայնքներին և կրոնական առաջնորդներին ներգրավելը թույլ է տվել կրճատել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը:

 

Հասարակություններում իրազեկության բարձրացումը թույլ է տվել նաև ավելի մեծ թվով աղջիկների խուսափել մանուկ հասակում ամուսնանալուց, ավարտին հասցնել կրթությունը, օգտվել տնտեսական հնարավորություններից և ամրապնդել իրենց լիարժեք ներուժին հասնելու հնարավորությունները:

 

Մենք ականատես ենք աղջիկների և կանանց համար անհրաժեշտ տեղեկությունների և ծառայությունների ավելի մեծ հասանելիության, այդ թվում ՝ սեռական և վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների ոլորտում:

 

Շատ կառավարություններ ավելի որակյալ տվյալներ են հավաքագրում վնասակար գործելակերպերի վերաբերյալ, բարելավում են փոփոխությունների և ազգային ու ենթազգային մակարդակներում աշխատանքների ծրագրման համար անհրաժեշտ ապացուցողական բազան:

 

Բայց մենք պետք է շատ ավելին անենք:

 

Այս տարի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի առաջատար՝ «Աշխարհի բնակչությունը» զեկույցը՝ վերնագրված «Իմ կամքին հակառակ», կենտրոնանում է աշխարհում վնասակար գործելակերպերի վրա և մի շարք հրատապ առաջարկներ է անում դրանց լուծման համար:

 

Մենք պետք է ինտեգրված մոտեցում ցուցաբերենք վնասակար գործելակերպերին՝ ճանաչելով դրանց փոխկապակցված հիմնապատճառները և լուծում տալով որպես ամբողջություն, այլ ոչ թե մաս-մաս:

 

Պետք է վերանայենք մեր մոտեցումը` հստակ ընդունելով, որ այդ գործելակերպերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են, այլ ոչ թե դրանք ներկայացնենք որպես ավանդական կամ մշակութային գործելակերպեր, ինչը հաճախ օգտագործվում է դրանք արդարացնելու համար:

 

Այս առումով մենք պետք է նաև հստակորեն գիտակցենք, որ հիմնախնդրի կենտրոնում կանանց և տղամարդկանց հավասարությունն է – որ աղջիկներին և կանանց վերագրվող ցածր արժեքն է, որ ամբողջ աշխարհում հիմք է հանդիսանում վնասակար գործելակերպերի համար:

 

Զեկույցը հստակ ուղերձ է հղում կառավարություններին և քաղաքականություն մշակողներին և, իրականում, հասարակություններին ամենուրեք՝ Նե կարևոր է:

 

Մենք պետք է դադարենք աղջիկներին և կանանց վերաբերվել որպես վաճառքի հանված ապրանքի կամ վերահսկվող իրի և պետք է նրանց տանք միևնույն իրավունքներն ու հնարավորությունները, ինչ տղաներին ու տղամարդկանց:

 

Համայնքները պետք է կանգնեն հանուն աղջիկների հավասար իրավունքների, որպեսզի նրանք կարողանան մնալ դպրոցում, պատրաստվել աշխատանքի, իմանան իրենց ընտրության հնարավորության մասին և կերտեն սեփական կյանքը:

 

Տղամարդիկ պետք է օգտագործեն իրենց արտոնյալ դրությունը` աղջիկների արժեքը բարձրացնելու և աղջիկների ու տղաների նկատմամբ հավասար վերաբերմունքի հասնելու համար:

 

Տնտեսությունները և իրավական համակարգերը պետք է երաշխավորեն բոլոր կանանց՝ հավասարության, ինքնավարության, արժանապատվության և ընտրության վրա հիմնված պատշաճ կյանք կառուցելու հավասար հնարավորությունները:

 

Եվ կառավարությունները պետք է հարգեն իրենց ստորագրած միջազգային համաձայնագրերը՝ ուղղված կանանց և աղջիկների իրավունքների և վերարտադրողական որոշումների պաշտպանությանը, և իսպառ վերջ դնեն վնասակար գործելակերպերին՝ մեկ անգամ և ընդմիշտ:

 

Մինչ մենք գրում ենք սա, մեր աշխարհը շարունակում է պայքարել COVID-19-ի հետևանքների դեմ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գնահատականները նախազգուշացնում են, որ համաճարակը խախտելու է մանկահասակների ամուսնությանը վերջ դնելու ծրագրված ջանքերը և հեռահար տնտեսական հետևանքների պատճառ է դառնալու, ինչը, ըստ ամենայնի, 2020-ից 2030 թվականներին աշխարհում կհանգեցնի մանկահասակների ևս 13 միլիոն ամուսնության, որոնք այլապես տեղի չէին ունենա:

 

Համաճարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը, հակաբեղմնավորիչների մատակարարման շղթաների խափանումների հետ միասին,  կնպաստեն անցանկալի հղիությունների աճին, ինչն, իր հերթին, կարող է ավելի խորացնել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը:

 

 «Ավելի լավ վերակառուցելու» ճանապարհին երկրները պետք է կանանց և աղջիկներին պահեն իրենց ջանքերի կենտրոնում:

 

Ընթացիկ ճգնաժամից ելնելով, մենք հնարավորություն ունենք ուշադրությունը վերակենտրոնացնելու վնասակար գործելակերպերին իսպառ վերջ տալու վրա: Միլիոնավոր ապագաներ են կախված նրանից, թե ինչ կանենք մենք հենց այս պահին: Եկեք չտապալենք այս հնարավորությունը:

 

 

Աղբյուրը՝ ՄԱԲՀ-Հայաստան  գրասենյակ

 

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ձգտում է զրոյացնել մայրական մահերը, զրոյացնել ընտանիքի պլանավորման չբավարարված կարիքը, ինչպես նաև զրոյացնել գենդերային բռնությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ. ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ

 

«Նե կարևոր է». պարզ ճշմարտություն՝ կանանց եվ աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերին վերջ դնելու համար

 

Հայաստանին հաջողվեց որոշ չափով նվազեցնել նորածինների սեռային հարաբերակցությունը

 

Փաստեր աղջիկների ու կանանց նկատմամբ  վնասակար գործելակերպերի մասին

 

«Իմ կամքին հակառակ». զեկույց

 

Դիտումների քանակը` 1364

Գլխավոր էջ