Անահիտ Վարդանանց. «Կանաչ Երևանը յուրաքանչյուր բնակչի առողջության, բարեկեցության, հանգստի գրավականն է»
Մասնագիտությամբ մանկավարժ, Վ.Մայակովսկու և Ե.Չարենցի անվան դպրոցներում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Վարդանանցը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է «Ռեֆորմիստներ» կուսակցության ցուցակով, որի 9-րդ հորիզոնականում է ներկայացված: WomenNet.am-ի հետ զրույցում ասաց, որ «ապրում է» Երևանով և դա է նաև պատճառներից մեկը, որ մասնակցում է ընտրություններին: Իսկ մասնակցության առաջարկ ստացել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կողմից, թեև մինչ օրս քաղաքականությամբ չի զբաղվել:
«Որոշեցի ընդգրկվել կուսակցության համամասնական ցուցակում, որովհետև յուրաքանչյուր հայ պիտի իր զորակցությունն ունենա՝ երկրում իր սերն ու ներուժը դնելու, խոնարհումը՝ ազգին ծառայելու և նվիրյալը դառնալու առաքելությամբ»,-նշում է Անահիտ Վարդանանցը՝ ավելացնելով. «Երևանը ինձ համար զգացողություն է, մշակույթ, ամեն մի հայի կարոտ ու երկիր կանչող ուժ»:
Նրա խոսքով, այսօր մեզ ավելի քան երբևիցե անհրաժեշտ է ժողովրդավարություն, քաղաքական համերաշխություն, միասնություն ու հանդուրժողականություն։ Եվ այս իմաստով «Ռեֆորմիստներ»-ի նախընտրական ծրագիրը տարբերվում է իր կառուցողական տեսլականով. «Ռեֆորմիստների կուսակցության ծրագրի կարևորագույն նպատակը՝ կանաչ Երևան նախագիծն է, որը հանդիսանում է յուրաքանչյուր բնակչի առողջության, բարեկեցության, հանգստի գրավականը»,- ասաց նա, հիշեցնելով, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է հենց «Կանաչ Երևան» կարգախոսով:
Այլ հիմնախնդիրներից թեկնածուն նշում է մաքուր Երևան ունենալու խնդիրը, որ այսօր առկա է, ինչպես նաև քաղաքում ավելորդ շինությունների ու կցորդ ավելացումների ապամոնտաժումը՝ թամանյանական Երևանին նախկին տեսք ու շունչ հաղորդելու համար։
Նրա խոսքով, նոր Հայաստանում ապագա ավագանին նախորդից պիտի տարբերվի նոր դեմքերով ու նոր մոտեցումներով, խոսքի ու գործի հստակությամբ, համաքաղաքացիների հարցերի արագ լուծմամբ ու Երևան քաղաքի համար նոր իրականություն ապահովելու ձգտմամբ։ Նա համոզված է, որ ապագա ավագանին պարտավորված է մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակչի առջև՝ վճռական բարեփոխումներ իրականացնելու և Երևանի զարգացումն ապահովելու:
Որպես կրթության մասնագետ, մանկավարժ Անահիտ Վարդանանցը առանձնացնում է նաև այդ ոլորտի խնդիրները՝ նշելով, որ այստեղէլ նորագույն մոտեցումներ են պետք: «Երկրի հզորության հիմքը պետք է դառնա կրթված ու գրագետ մարդը, որի ձևավորման հնարավորությունը տալիս է ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոցը։ Այն համակարգված ուսուցումն է, որտեղ չկան արտոնյալ աշակերտներ և արտոնյալ առարկաներ։ Ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներ պետք է լինեն լեզուների և համակարգչային հմտությունների ուսուցումը, որը թույլ կտա ապագա քաղաքացուն շփվել համաշխարհային մշակույթի նվաճումների հետ և կարողանալ ստանալ համապատասխան տեղեկատվություն»,- թվարկեց նա։ Բացի այս, մեր զրուցակիցը ժամանակակից կրթության կարևորագույն խնդիր է համարում դասագրքերի ներառումը համակարգչային բազայում, որպեսզի աշակերտները զերծ մնան ծանրաբեռնված պայուսակներով դպրոց հաճախելուց։
Ավարտելով զրույցը՝ թեկնածուն իր հորդորն ուղղեց երևանցիներին. «Մենք միասնակա՛ն ենք, ժողովրդի՛ կողքին, ժողովրդասե՛ր»:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2044