Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու և  Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկները: Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր  առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

 

Ավելի ուշ ՀՀ   նախագահը ստորագրեց կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամանագրերը, ըստ որոնց  Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար, իսկ Արսեն Թորոսյանն ազատվել է նախարարի պաշտոնից: Տեղեկություններ կան, որ  Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: 

 

Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում էր  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը: Նա քաղաքացիական իրավունքի մասնագետ է:

 

Անահիտ Ավանեսյանը  ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:  1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

 

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

 

 Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.): 2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

 

 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

 

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

 

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ: 

 

Մասնակցել է մի շարք հավաստագրված դասընթացների, մասնավորապես, 2017-ին՝  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ «Ծրագրերի կառավարում» թեմայով, 2014-ին՝ «Ֆարմատեք» ՓԲԸ-ում՝ «Պատշաճ արտադրական պրակտիկայի (GMP) չափորոշիչների ներդրում և վերահսկում» թեմայով: 2010-ին Վարշավայում Եվրոպական դիվանագիտական դպրոցում մասնակցել է «Եվրոպական դիվանագիտություն» թեմայով դասընթացի:

 

 

 

Դիտումների քանակը` 1663

Գլխավոր էջ