«Երբ հասկանում եմ, որ որևէ մեկը օգնության կարիք ունի, ես այդտեղ եմ»…

 

Տառոլոգ Աիդա Մարտիրոսյանը նվաճել է ռուս հեռուստադիտողների սրտերը

 

2000-ականների սկզբներին Ռուսաստանի առաջին ալիքով մեկնարկած «Последний герой» ռեալիթի շոուն վերածնվեց տարիներ առաջ, երբ ТВ-3 հեռուստաալիքը որոշեց նկարահանել նոր եթերաշրջաններ։ Այդ եթերաշրջաններից առաջինում էքստրասենսերը մրցում էին ընդդեմ դերասանների։ Հենց այդ եթերաշրջանում էր, որ առաջին անգամ պատմության մեջ ռեալիթի շոուն ունեցավ նաև հայ մասնակից՝ տառոլոգ Աիդա Մարտիրոսյանը։ Վերջինս, այնքան սիրվեց հեռուստադիտողների կողմից, որ երկու տարի անց՝ 2021 թվականին, մասնակցեց նաև նոր՝ «Չեմպիոններն ընդդեմ նորեկների»  եթերաշրջանին, քանի որ հեռուստադիտողները, ևս 7 մասնակիցների հետ միասին, 38-ամյա հայուհուն էին ընտրել քվեարկության միջոցով։

Աիդա Մարտիրոսյանը նախքան «Последний герой»-ում հայտնվելը արդեն իսկ հայտնի էր դարձել նույն ТВ-3 հեռուստաալիքի մեկ այլ՝ «Человек-невидимка» հաղորդմանը դրսևորած իր մասնագիտական հմտությունների շնորհիվ։ Նա տառոլոգ է, գուշակություններ է անում Տառո քարտերի միջոցով։ Ճշգրիտ գուշակությունների և ազնվության շնորհիվ Աիդան սիրվեց և գնահատվեց հեռուստադիտողների և գործընկերների շրջանում, ինչի արդյունքում նրա հաջողություններն ավելացան։

 

 

«Последний герой» ռեալիթի շոուի նկարահանումների ավարտից հետո Աիդա Մարտիրոսյանը կարճ ժամանակով այցելել էր իր ծննդավայր՝ Գյումրի։ Հենց այդ ընթացքում էլ WomenNet.am-ը հնարավորություն ունեցավ բացառիկ հարցազրույց ունենալ ռուսական հեռուստաալիքի հայազգի աստղի հետ։

 

– Աիդա, «Последний герой»-ին հետևողներից շատերը Ձեզ համարում են ոչ միայն ուժեղ մասնակից, այլև ակնկալում էին, որ հենց Դուք կհաղթեք։ Դուք նաև պրոֆեսիոնալ դայվինգով եք զբաղվել և ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեք։ Այնուամենայնիվ, Ձեզ չհաջողվեց հաղթել երկու եթերաշրջաններում է։ Ի՞նչը խանգարեց։

 

– Եթե ուզում ես «Последний герой»-ում հասնել մինչև վերջ ու հաղթել, դու պիտի փոխես քո սկզբունքներն ու բնավորությունը, այդ թվում և դրսևորես խորամանկություն, անազնվություն։ Բայց ես որոշել էի մնալ այնպիսին, ինչպիսինը կամ, չդավաճանել իմ սկզբունքներին։ Այդ նախագիծը շատ է փոխում մարդկանց, հենց մենք հասնում ենք կղզի, մարդիկ շատ արագ փոխվում են։ Բայց իմ հարազատները, ովքեր ինձ ճանաչում են ու դիտել են շոուն, չեն հիասթափվել ինձնից։ Ես խաղ եմ մտել իմ սկզբունքներով և դուրս եմ եկել նույնպիսինը։

– Վերջին եթերաշրջանի Ձեր թիմակիցներին դուր չէր եկել, որ Դուք առաջնորդի դեր էիք ստանձնել կամ չափից ավելի գործեր էիք Ձեզ վրա վերցնում կղզում։ Կյանքո՞ւմ էլ եք Դուք այդպիսին և արդյո՞ք դա Ձեզ խանգարում է։

 

– Ակտիվությունը դեռևս առաջնորդություն չէ, առաջնորդական հատկանիշներ ես խաղում չեմ ցուցաբերել, ես պարզապես փորձում էի բոլորին օգնել։ Իմ կովկասյան բնավորության համաձայն՝ երբ ես հասկանում եմ, որ որևէ մեկը օգնության կարիք ունի, ես այդտեղ եմ։ Ռուսաստանում իմ շրջապատի մարդկանց մոտ դա ընկալվում է որպես առաջնորդություն։ Ես չեմ վիճում, որ ունեմ առաջնորդին հատուկ որակներ, բայց ես դրանք չեմ դրսևորել։ Պարզապես շատ դժվար է գտնվել քեզ անծանոթ անձանց միջավայրում կղզում և հարմարվել իրար։ Ոմանք հարմարվում են, ոմանք էլ պահպանում են իրենց սկզբունքները։

 

https://youtu.be/pH7CHhFTIjY

– Դուք առաջին և դեռևս վերջին հայն եք, ով մասնակցել է «Последний герой» ռեալիթի շոուին։ Արդյո՞ք եղել են իրավիճակներ, երբ թիմակիցներն անտեղի հիշատակել են Ձեր ազգային պատկանելիությունը, անարդար վերաբերմունք կամ խտրականություն են դրսևորել այդ հիմքով։

 

– Ոչ, ոչ առաջին, ոչ էլ այս եթերաշրջանում խտրականություն չի եղել իմ հանդեպ։ Ես շատ սիրում եմ իմ հայրենիքը ու ինքս եմ ավելի շատ ընդգծում իմ ազգությունը հարցազրույցների կամ նկարահանումների ժամանակ, իհարկե, շատ բաներ մոնտաժի արդյունքում դուրս են մնում եթերից։ Բայց օրինակ երբ ես անհատապես էի մրցում որևէ մեկի հետ, թիմակիցներս բղավում էին «Давай, за Армению»՝ շատ լավ իմանալով, որ դա ամենից շատն է ինձ խթանում, քանի որ ես շատ հայրենասեր եմ։

 

– Ի դեպ, հայրենասիրության մասին պատերազմի օրերին Դուք սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում էիք Հայաստանի վերաբերյալ տեղեկություններ։ Արդյո՞ք փորձել եք Ձեր հայտնիությունը ծառայեցնել Ռուսաստանում հայամետ դիրքորոշում ձևավորելու ուղղությամբ։

 

– Ոչ, ես նման նպատակ չեմ հետապնդում։ Դուք իմ էջում չեք գտնի որևէ բան, որը կվերաբերի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, քաղաքականությանը, քանի որ ես հասկանում եմ, որ դա անիմաստ է։ Այն, ինչ ես կարող էի անել, ես արել եմ։ Ես օգնություն եմ ուղարկել, սակայն որևէ տեղ Դուք չեք գտնի տեղեկատվություն այդ մասին։ Այն, ինչ անում ես, դու անում ես քո հոգու համար, ոչ թե ինքդ քեզ գովազդելու համար։ Այն, ինչ կատարվեց իմ երկրում, շատ է ինձ ցավեցնում, հատկապես ցավալի է, որ ամենից շատ տուժում են խաղաղ մարդիկ, սգում է բնակչությունը։ Իսկ գումարը, իշխանությունը իրար մեջ կիսողները միշտ կողքից են հետևում այդ պատկերին։

 

«Եթե ես որևէ բան ասում եմ, դա պիտի միանշանակ ճշմարիտ լինի»

 

– Ինչպե՞ս եք Դուք հայտնվել ТВ-3 հեռուստաալիքում, ինչպե՞ս եք որպես գուշակ հայտնի դարձել Ռուսաստանում։

 

– Ես տառոլոգ եմ, դա ավելի ճիշտ է ինձ բնորոշում։ Ես լավ ընկեր ունեի, մենք մեր մեդիա ընկերությունը ունեինք, որը պատվեր էր ստացել ТВ-3 հեռուստաալիքից «Человек-невидимка» հաղորդաշարը նկարահանելու վերաբերյալ։ Իրենք փնտրում էին մասնագետների՝ հոգեբանի, գուշակի, տառոլոգի և այլ մասնագետների։ Իրենք գտել էին գրեթե բոլորին, բացի տառոլոգից։ Ես մի լավ ծանոթ ունեի, ում համար գուշակություն էի արել, և ամեն ինչ այնպես էր եղել, ինչպես ես ասել էի։ Նա ինձ խորհուրդ տվեց մասնակցել քասթինգի։ Ես գնացի, բազմաթիվ մարդիկ էին եկել այդ տեղի համար քասթինգին մասնակցելու։ Երբ իմ հերթը եկավ, տեսախցիկը միացրեցին, փակ ծրար տվեցին և ասացին՝ ասա, թե ինչ է դրա մեջ։ Ես մտածեցի և պատասխանեցի, իրենք բացեցին ծրարը և տեսան, որ այնտեղ այն է, ինչ ես նկարագրել էի։ Իրենք անմիջապես որոշում կայացրեցին, որ իմ ինքնակենսագրականը ուղարկում են հեռուստաալիք, որպեսզի այնտեղից հաստատեին։ Այդպես ամեն ինչ սկսվեց։ Ի սկզբանե ծրագրված էր նկարահանել ընդամենը մեկ եթերաշրջան, սակայն մենք նկարահանեցինք 13 եթերաշրջան գրեթե 9 տարի:

– Բայց եթե գուշակել եք, թե ինչ է ծրարում, ուրեմն Դուք միայն տառո քարտերով չեք կարողանում դա անել։ Ձեր կենսագրության մեջ նշված է, որ Ձեր կարողությունները Դուք պապիկից եք ժառանգել։

 

– Այո, դա այդպես է։ Ես ներկայումս գիրք եմ գրում, որտեղ տեղեկատվություն կա նաև պապիկիս մասին։ Գիրքը դեռ անավարտ է։ Այդտեղ ես պատմում եմ իմ ծագման մասին, պապիկիս մասին, ով հայտնի աշուղ է եղել, նա երգեր էր գրում և երգում էր։ Պապիկիս մասին կարող եմ երկար խոսել, բայց ավելի մանրամասն գրքումս կներկայացնեմ։

 

– Դուք 14 տարեկան եք եղել, երբ Ձեր ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան։ Մինչ այդ Գյումրիում մարդիկ լսել էին Ձեր կարողությունների մասին և դեռ փոքր տարիքում դիմում էին Ձեզ, որպեսզի գուշակեք իրենց ապագան։ Դա՞ է պատճառ հանդիսացել, որ հեռանաք Գյումրիից և Հայաստանից։

 

– Պատճառները մի քանիսն են եղել, այդ թվում և դա։ Բավականին մեծ թվով մարդիկ հետաքրքրված էին, գալիս էին մեր տուն, հերթ էին կանգնում։ Մայրիկիս, բնականաբար, դուր չէր գալիս, որ ես դրանով էի զբաղվում, քանի որ ես փոքր երեխա էի, պիտի դպրոց գնայի, կրթություն ստանայի։ Եվ մենք տեղափոխվեցինք։

 

– Իսկ Ռուսաստանում Ձեր մայրը դեմ չէ՞ր, որ իր դուստրը գուշակություններ անի։

 

– Ես գուշակություններ չէի անում, ես սկսեցի դրանով զբաղվել, երբ արդեն չափահաս ու ինքնուրույն մարդ էի։ Մինչ այդ ես բարձրագույն կրթություն ստացա քրեական իրավունքի մասնագիտացմամբ, որից հետո սկսեցի աշխատել ոչ իմ մասնագիտությամբ։ Իսկ տառո քարտերի ուսումնասիրությամբ ես միշտ եմ զբաղվել։ Երկար տարիների աշխատանքի ու փորձի արդյունք են իմ այսօրվա գիտելիքները, դրա շնորհիվ է, որ իմ գուշակություններն այսօր ճշգրիտ են։ Ես հասկացա, որ ինձ մոտ դա շատ լավ է ստացվում, որ բացի տառո քարտերի իմացությունից ես նաև ունեմ պապիկիցս ժառանգած կարողությունը, որը ևս շատ լավ է աշխատում։

– Փաստորեն, գուշակություն անելը ոչ միայն շնորհ է, այլև տքնաջան աշխատանքի արդյո՞ւնք։

 

– Տառոն այդպես է։ Դա պետք է կարողանալ կարդալ, այն բավականին բարդ համակարգ է, ամեն մարդ չի կարող իրականում խորասուզվել այս գործընթացի մեջ։ Ես բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, ովքեր տառո քարտերով են գուշակություններ անում, բայց նրանք ոչինչ չեն հասկանում դրանից։ Ինձ համար միշտ կարևոր է եղել իմ հեղինակությունը։ Եթե ես որևէ բան ասում եմ, դա պիտի միանշանակ ճշմարիտ լինի, քանի որ ես պատասխանատվություն եմ կրում դրա համար։ Եվ իմ տարիների աշխատանքի շնորհիվ ես հասել եմ դրան։ Այո, ես շնորհ էլ ունեմ, բայց ես փորձում եմ դա ավելի շատ թաքցնել, հազվադեպ եմ դրանից օգտվում, քանի որ դա ավելի շատ խանգարում է անձնական կյանքում:

 

– Խոսեցիք անձնական կյանքի մասին։ Համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ Դուք պատրաստվում եք ամուսնանալ լիբանանցու հետ։ Սակայն վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ դուք բաժանվել եք, քանի որ նա փորձում էր Ձեզ դրդել, որ դավանափոխ լինեք։ Կրոնը Ձեզ համար այդքա՞ն կարևոր է։

 

– Կրոնն ինձ համար սկզբունքային կարևորություն ունի։ Ցավոք, նշանադրությունից հետո իր գլխում շատ բան փոխվեց կրոնի վերաբերյալ։ Ի սկզբանե մենք պայմանավորվել էինք, որ մենք չէինք քննարկելու մեր կրոնական տարբերությունները, միմյանց ընդունելու էինք ոնց որ կանք։ Բայց կարճ ժամանակ անց իր վերաբերմունքը փոխվեց, և ես հասկացա, որ եթե հիմա, երբ մենք դեռ ամուսնացած չենք, այսպիսի խնդիրներ են առաջանում, ապա ինչ կլինի, երբ մենք ամուսնանանք։ Եվ ես որոշեցի, որ պետք է բաժանվենք ու մնանք պարզապես ընկերներ։

 

«Ապագայում հնարավոր է, որ դուք տեսնեք «Последний герой» ռեալիթի շոուն Հայաստանում․․․»

 

– Ի՞նչ նոր հեռուստանախագծերում սպասենք Աիդա Մարտիրոսյանին։

 

– Ես մի նոր նախագիծ ունեմ, որը շուտով մեկնարկելու ենք յութուբյան ալիքում։ Եվս երկու նախագիծ լինելու է ТВ-3 հեռուստաալիքի եթերում, որտեղ ես հանդես եմ գալու որպես տառոլոգ-հաղորդավար։ Մեկը հաստատել են, սպասում ենք հովանավորի, երկրորդը դեռ հաստատման փուլում է։

 

– Իսկ Հայաստանում որևէ նախագիծ մեկնարկելու մտադրություն ունե՞ք։

 

– Ինձ հետ շփվելով Դուք էլ պայծառատես դարձաք (ծիծաղում է՝ Ա․Ղ․)։ Ունեմ մի գաղափար, ուզում եմ Հայաստանում մի նախագիծ սկսել, հեղինակային իրավունքները մենք արդեն գնել ենք, բայց դեռ մտածում եմ, թե ինչպես անել։ Այստեղ ինձ թիմ է պետք դա իրագործելու համար։

 

– Այսինքն՝ ապագայում հնարավո՞ր է, որ Աիդա Մարտիրոսյանին մենք տեսնենք հայկական հեռուստաալիքներից մեկում։

 

– Ապագայում հնարավոր է, որ դուք տեսնեք «Последний герой» ռեալիթի շոուն Հայաստանում․․․Բավական է գտնել հեռուստաալիք, որը պատրաստ կլինի այն ցուցադրել։

  

Զրուցեց Արման Ղարիբյանը

 

 

Դիտումների քանակը` 1883

Գլխավոր էջ