Աիդա Սարգսյան. «Մեր փորձը վարակիչ կլինի նաև մյուս կանանց համար»
Աիդա Սարգսյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի դպրոցի հաշվապահն ու պրոֆմիության նախագահն է: Նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությւններում նա առաջադրել է իր թեկնածությունը խոշորացող Գյուլագարակ համայնքի ավագանու անդամության համար: Ամուսնացած է, ունի երկու երեխա, թոռնիկներ:53 տարեկան է:
-Ո՞րն է պատճառը, որ որոշեցիք սկսել քաղաքականությամբ զբաղվել:
-Ճիշտն ասած դեռ տարիներ առաջ էի ուզում մասնակցել ընտրություններին: Այն ժամանակ գրանցումս Վանաձորի էր, չստացվեց, իսկ նախորդ ընտրություններին տղայիս կինն էր դրել իր թեկնածությունը ավագանու անդամության համար: Չուզեցի խանգարել իրեն: Այս անգամ դպրոցիս կոլեկտիվը ոգևորեց, ասացին՝ թեկնածությունդ դիր անպայման: Ու որոշեցի մասնակցել:
-Խոշորացվող Գյուլագարակ համայնքում միակ կին թեկնածուն եք: Ի՞նչ դժվարություներ ունի կինը տղամարդկանց հետ մրցապայքարում:
– Մեկը մեկին ճանաչում է, մի քիչ դժվար ընտրություն է ժողովրդի համար. մեկը բարեկամ է, մեկը հարազատ է, մեկը ընկեր է: Քանի որ գյուղում մի քանի ազգից մի քանի տղամարդ է դրել իր թեկնածությունը, մրցակցությունը մեծ է: Բոլորն էլ լավ տղաներ են, լավ մարդիկ են, ամենքն իր շրջապատն ու իր բարեկամությունն ունի:Մեկը կարող է բարեկամաշատ, ընկերաշատ լինի ու դրա հաշվին ընտրվի: Բայց ինձ թվում է դա հաշվի առնելը սխալ է ընտրության հարցում:
Ես ասում եմ՝ սրտով տվեք ձեր քվեն, մտածեք՝ ո՞վ կարող է ինչ-որ բան անել, սա միայն մեր գյուղը չի, որ մտածեք՝ լավ, դե ով ուզում է լինի, մեր գյուղացին է, մեր գյուղն է: Ուզում եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի բոլոր գյուղերում, որ ընտրվեն նրանք, ովքեր կարող են գործ անել:
-Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ կանայք քիչ են առաջադրում իրենց թեկնածությունը ընտրություններում:
-Ընդունված է, որ կինը պետք է մնա տանը՝ խոհանոցում: Բայց չէ, ես այդպես չեմ կարծում: Այսօր կինն ավելի շատ է աշխատում, ավելի շատ է մտածում իր ընտանիքի հոգսերի մասին, քան տղամարդը: Ինքն է տղամարդուն ուղղորդում, մեծամասամբ ինքն է ամեն ինչ անում:
-Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եք, սակայն ինքնառաջադրվել եք: Ովքե՞ր են Ձեզ սատարողները:
– Իմ դպրոցն է ինձ աջակցում, գյուղում մեծամասամբ կանայք են ոգևորված, ուզում են, որ անպայման ավագանու անդամ դառնամ: Ինձ աջակցում են նաև երեխաներս, հարազատներս, ովքեր կանգած են կողքիս ու ասում են՝ միշտ առաջ, մենք քո հետ ենք:
-Որքանո՞վ է կարևոր կանանց ներգրավվածությունը ՏԻՄ համակարգում:
-Ինձ թվում է դա բացի լավից, վատ բան չի տա: Կինն ավելի լավ գիտի իր ընտանիքին ի՞նչ է պետք, ի՞նչի կարիք ունի: Կանայք կզգան, որ իրենց խոսքը հաշվի են առնում, որ իրենք էլ կարող են ինչ-որ բան անել, ինչ-որ բանի հասնել: Դա վարակիչ կլինի նաև մյուս կանանց համար ու հաջորդող ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող կանանց թիվն ավելի մեծ կլինի:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ պետք է մարդիկ ընտրեն հենց Ձեզ:
-Կարծում եմ , ինձ հիմնականում կանայք են ընտրելու: Կընտրեն նաև այն տղամարդիկ, ովքեր կգտնեն, որ ես կարող եմ, որ ակտիվ եմ:
Ցավոք, շատերը դեռ ծանոթ-բարեկամ սկզբունքով են ընտրում:Հաճախ ասում են՝ վայ, Աիդա ջան, քեզ շատ ենք հարգում, սիրում, բայց մեր էսինչը դրել է, չեմ կարող իրեն չընտրեմ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բնակիչներին:
– Թող բոլորը դուրս գան, բոլորը մասնակցեն ընտրություններին ու ընտրեն սրտով:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 4538