«Գյուղատնտեսությունը կարող է լինել շատ հետաքրքիր և եկամտաբեր բիզնես, հատկապես կանանց համար»

 

Այսօր՝ ապրիլի 6-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի ունեցավ «ԵՍ ՀԱՋՈՂԵԼ ԵՄ, ՇԱՐՈՒՆԱԿԻ՛Ր ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ» խորագրով միջոցառումը, որի  նպատակն էր ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում կին մասնագետների դերը՝  հաջողություններ գրանցած ՀԱԱՀ կին շրջանավարտների օրինակով, և դրանով իսկ մոտիվացնել համալսարանի ուսանողներին ավելի համարձակ և նպատակասլաց լինել իրենց ընտրված մասնագիտության ասպարեզում կայանալու համար:

 

 

 

Միջոցառումը նախաձեռնել էր Ավստրիական զարգացման գործակալությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շրջանակում և իրականացվում էր կանանց իրավունքների միջազգային օրվանը հաջորդած կանանց միամսյակի  համատեքստում։

 

 

 

 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինն, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին, Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ տկն․ Նորա Ալանակյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր պրն․ Վարդան Ուռուտյանը, համալսարանի դասախոսական կազմիև և ուսանողության ներկայացուցիչներ:

 

 

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինն իր ողջույնի խոսքում նշեց․ «Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից է: ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագիրը խրախուսում է կանանց ավելի շատ և ակտիվ մասնակցություն ունենալ գյուղատնտեսական արժեշղթաների բոլոր օղակներում: Տղամարդկանց աշխատանքային միգրացիայի համատեքստում գյուղատնտեսության ոլորտում բարձր որակավորում ունեցող կանայք դառնում են գյուղական բնակավայրերում սննդի մատակարարման և տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորը»:

 

 

 

Երևանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ տկն․ Նորա Ալանակյանը նշեց, որ Ավստրիան իր զարգացման ծրագրերի միջոցով, ինչպիսին է EU-GAIA-ն, խրախուսում է կանանց իրենց մասնակցությունն ընդլայնել ոլորտում: Այս գործընթացի շնորհիվ կանանց հասանելի դարձնելով կանաչ տեխնոլոգիաները, ներդրումները, ծառայությունները և տեղեկատվությունը, ինչպես նաև ուժեղացնելով նրանց շուկայավարման կարողությունները՝ մուտք գործելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներ։ «Մենք հպարտությամբ այսօր ներկայացնում ենք իրենց ոլորտում հաջողության հասած առաջամարտիկների և ցանկանում ենք ցույց տալ տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված ուսանողների նոր սերնդին, որ գյուղատնտեսությունը կարող է լինել շատ հետաքրքիր և եկամտաբեր բիզնես, հատկապես կանանց համար»:

 

 

 

«Հայաստանը ունի մեծ ներուժ՝ հանձինս իր կրթված, տաղանդավոր, խելացի, իմաստուն, ուժեղ կանանց: ՄԱԶԾ-ն իր ծրագրերի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձնում կանանց ներգրավվածությանը քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում: Մենք ավելի քան մեկ տասնամյակ աշխատում ենք՝ խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը՝ հատկապես տեղական մակարդակում, աջակցելով նրանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև կանանց, աղջիկներին և նրանց կարիքները դիտարկելով կանաչ վերականգնման աճի համատեքստում», – նշեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին։

 

 

 

«Ագրարային համալսարանի կին շրջանավարտների ասելիքը, իրավամբ, հասունացել է եւ այսօրվա միջոցառումը այդ ասելիքը առկա և պոտենցիալ շահակիցներին հասցնելու շատ լավ առիթ է։ Գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում գործունեություն ծավալած կին ձեռներեցները, բիզնեսի նկատմամբ միայն իրենց հատուկ խելամիտ, պատասխանատու, խնամքոտ վերաբերմունքով եւ դժվարություններ հաղթահարելու կարողականությամբ հասել են ակնառու հաջողությունների։ Նրանց կուտակած յուրօրինակ փորձը պետք է տարածել, հատկապես՝ ոլորտի կին ձեռներեցների հաջորդ սերնդի շրջանում։ Շնորհակալություն Եվրամիության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծին, որի հետ Ագրարային համալսարանի գործակցությունը, իմ համոզմամբ, օրինակելի է բազմաթիվ առումներով, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի կին ձեռներեցների ու մասնագետների փորձի տարածման տեսակետից»,- ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր պրն․ Վարդան Ուռուտյանը, որը հյուրընկալել էր միջոցառումը։

 

 

 

Ողջույնի խոսքերին հաջորդեցին գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասած ՀԱԱՀ կին շրջանավարտների ոգեշնչող պատմությունները։ Բանախոսները պատմեցին իրենց անցած ուղու, խոչընդոտների ու ձեռքբերումների մասին և խրախուսեցին ՀԱԱՀ ուսանողներին շարունակել մասնագիտական կարիերան և իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։

 

 

 

Բանախոսներն էին «ՎայնԳոգ» գինիների հիմնադիր Գոհար Ղարիբյանը, Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, ագրոնոմ Սյուզաննա Հովսեփյանը, ագրոէկոլոգ, «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ համահիմնադիր Լուսինե Նալբանդյանը և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը։

 

Նրանց  մասին պատմություններին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

 

Ելույթներին հաջորդեց հետաքրքր քննարկում, որի ժամանակ բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին։

 

 

 

 

EU-GAIA ծրագրի մասին

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միությունից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից (2 միլիոն եվրո): Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի՝ կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: EU-GAIA ծրագիրն աջակցում է հարակայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, խոտաբույսերը եւ ոչխարաբուծությունը։

 

Դիտումների քանակը` 776

Գլխավոր էջ