Ապահով եւ անապահով աբորտներ. երկու կարծիք
Սեպտեմբերի 28-ին նշվող Ապահով հղիության արհեստական ընդհատման հասանելիության օրվա առիթով երևանյան մամուլի տարբեր ակումբներում խնդիրների, օրենսդրական փոփոխություններին հաջորդած զարգացումների մասին խոսեցին ու կատարվածի արդյունքները ներկայացրեցին ՀԿ-ների ներկայացուցիչներն ու ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Աբորտների թվի նվազումը հուսադրող է
Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով, Հայաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը: Այն կատարվում է տարբեր միջոցներով՝ մեծ մասամբ ժամանակակից հակաբեղմնավորիչների առաջարկելով:
«Ամենակարևորը հղիության արհեստական ընդհատման ժամանակ անվտանգությունն է և հետագա բարդությունների կանխարգելումը: Ի բարեբախտություն ասեմ, որ Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում չի եղել մայրական մահվան որևէ դեպք կապված հղիության արհեստական ընդհատման հետ: Սա նշանակում է, որ մեր կանայք այնքան խելամիտ են, որ շատ հաճախ խուսափում են անցանկալի հղիությունից հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու միջոցով, իսկ անցանկալի հղիության ժամանակ այն ընդհատում են բժշկական հաստատություններում»,-ուրախությամբ հայտարարեց ԱՆ պաշտոնյան:
Գ. Ավագյանը շարունակում է խոսել հաջողությունների մասին: Վերջին 15 տարիներին հաջողվել է նվազեցնել երկրորդային անպտղության ցուցանիշը, 2000 թվականին գրանցված էր 28.5 տոկոս, իսկ 2015-ին՝ 10.4 տոկոս, 2.8 անգամ նվազել է: Ըստ մասնագետի, սա ևս խոսում է աբորտների անվտանգ իրականացման մասին:
Ինքնաբեր ընդհատումները, երբ հղիությունն ընդհատվում է ինչ-ինչ պատճառներով կնոջ ցանկությունից անկախ, 2015-ին կազմում էին 4000-4500 դեպք: Հիմա նման վիժումների թիվն նվազել է, տատանվում է 2000-2800-ի սահմաններում: Բանախոսը բացատրում է, դա բժշկական հսկողության, բժշկական նոր մեթոդների կիրառման արդյունքում է: Օրինակ, 2016-ին գրանցվել է 2235 ինքնաբեր վիժում:
Արհեստական ընդհատումների թվում շատացել են այն դեպքերը, որոնք կատարվում են բժշկական ցուցումներով: Եթե տասը տարի առաջ դրանք կազմում էին 300-400, ապա վերջին տարիներին նկատվում է 1500-1700 դեպք:
«Սա նշանակում է, որ մենք լավագույն սկրինինգային հետոզոտություններ իրականացնելով հղիների շրջանում, կարողացել ենք վաղաժամկետ հայտնաբերել պտղի զարգացման արատները, որոնք կենսունակ չեն հետագա կյանքում և դրանք ընդհատվել են: Եղել են դեպքեր, երբ հղիությունը կամ ծննդաբերությունը մեծ վտանգ են ներկայացրել կնոջ առողջությանը և այդ հիմքով է ընդհատվել հղիությունը»,-բացատրեց Գ. Ավագյանը:
Ինչպես հայտնի է, սելեկտիվ աբորտների դեմ պայքարի շրջանակում 2016 թվականին փոփոխություններ կատարվեցին «Մարդու վերարտադրողական առողջություն և վերարտադրողական իրավունքներ» օրենքում: Ամրագրվեց, որ ցանկացած կին իրավունք ունի մինչև 12 շաբաթական ժամկետը իր ցանկությամբ ընդհատել հղիությունը: Արգելվեց պտղի սեռով պայմանավորված աբորտը: Օրենքի պահանջին չհետևած բժշկին տուգանք է սպառնում՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն: Օրենքում ավելացվեց սպասման ժամանակահատվածը, երբ կնոջը տրվում է առնվազն երեք օրացույցային օր, որպեսզի կինը խորհելու, խորհրդակցելու ժամանակ ունեն: Այդ ընթացքւոմ կնոջը տրվում է բժշկական խորհրդատվություն աբորտի հնարավոր հետևանքների մասին:
Գ. Ավագյանն ասաց, որ այդ երեք օրվա ընթացքում բավականին շատ կանայք հետ են կանգնում աբորտի մտադրությունից, իսկ բուժաշխատողների համար տուգանքը զսպանակման միջոց է:
«Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին առկա է աբորտների նվազման միտում: Ժողովրդագրական հետազոտության տվյալների համաձայն, եթե 2000 թվականին մեկ կնոջը բաժին ընկնող աբորտային գումարային գործակիցը կազմել է 2.6, ապա 2005-ին այդ ցուցանիշը դարձել է 1.8, 2010-ին հասել է 0.8-ի, իսկ 2015-ին՝ 0.6-ի: Աբորտների նվազել են 3.5 անգամ: Սա հուսադրում է, որ մեր կանայք կփորձեն վերահսկել իրենց պտղաբերությունը: Հատկանշական է, որ աբորտների և ծննդաբերությունների թիվը բավական նվազել է նաև դեռահասների շրջանում»,-տեղեկացրեց ոլորտի ներկայացուցիչը: Աբորտների առավել մեծ թիվ գրանցվում է Գեղարքունիքում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում՝ ի տարբերություն Լոռիի, Տավուշի Սյունիքի: Վերջին մարզերում ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումն ավելի տարածված է: Նա նաեւ նշեց, որ դեղորայքային հղիության ընդհատման դեպքում դեղերը տրամադրվում են միայն դեղատոմսով:
«Հղիության արհեստական ընդհատման իրավունքը պետք է իրացվի առանց լրացուցիչ նախապայմանների»
Մեկ այլ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին 2017-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի կողմից ստեղծված Կանանց վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքներով զբաղվող ցանցի ներկայացուցիչները: Ցանցի նպատակն է զբաղվել է կանանց վերարտադրողական իրավունքների հասանելիության ապահովմամբ:
Ասուլիսի մասնակից «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք ծրագրի համակարգող Անուշ Պողոսյանը երեք օր սպասելու համար օրենքով նախատեսված ժամանակահատվածը համարում է խոչընդոտ հղիության արհեստական ընդհատման իրավունքի իրացման համար:
«Թեև Հայաստանում օրենքով վերապահված է կանանց համար հղիության արհեստական ընդհատման իրավունքը, սակայն այն շատ հաճախ հասանելի չէ: Պարտադիր սպասելու եռօրյա ժամանակը շատ անգամ խոչընդոտում է դրա հասանելիությանը: Օրինակ, գյուղաբնակ կանանց համար դժվար է լինում բուժհաստատություն հասնելը: Գիտենք, որ գյուղերի մեծ մասում չկան նման հաստատություններ: Այդ պատճառով լինում են դեպքեր, երբ կանայք դիմում են տնային աբորտների»,-կարծիք հայտնեց Ա. Պողոսյանը:
Նա պատմեց կոնկրետ մեկ դեպքի մասին: Անցած տարի Գեղարքունիքում իրենց կողմից իրականացրած քայլարշավի ընթացքում մի կին անկեղծացել է, պատմել, որ գնացել է քաղաքի հիվանդանոց: Իրեն ասել են՝ երեք օր պետք է սպասի, որոշում կայացնի: Տուն էր վերադարձել, գիշերը առատ ձյուն էր եկել, ճանապարհները դժվարանցանելի էին դարձել: Երբ ավելի ուշ գնում է բժշկի, հրաժարվում են արհեստական ընդհատում անել՝ պատճառաբանելով, որ հղիությունը 12 շաբաթականից մեծ է: Կինը վերադարձել էր ու դիմել էր անլեգալ, ոչ ապահով աբորտի:
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանն էլ այս առումով նկատեց. «Հղիության արհեստական ընդհատումը եթե դիտարկենք որպես բուժծառայության տեսակ և որպես հղի կնոջը տրված իրավունք, ապա այն պետք է իրացվի առանց լրացուցիչ նախապայմաններ նախատեսելու ու առանց խոչընդոտների: Եթե մենք դիտարկում ենք իրավակարգավորումների միջազգային փորձը, ապա իրավունքի սահմանման հետ մեկտեղ պետք է հաշվի առնվի այն, որ այդ իրավունքի իրացման համար չպետք է լինեն խոչընդոտող, դժվարացնող պայմաններ»:
Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, մինչև 12 շաբաթական հղիության դեպքում հղիության արհեստական ընդհատումը կարող է լինել կնոջ գրավոր դիմումի համաձայն և 12-ից մինչև 22 շաբաթականի դեպքում կարող է լինել հղիության արհեստական ընդհատում բացառապես բժշակական, սոցիալական ստուգումների հիման վրա, որտեղ դարձյալ պետք է լինի կնոջ գրավոր համաձայնությունը:
«Երբեմն բժշկի խորհրդատվություններն այդքան էլ անաչառ չեն: Ինչ վերաբերում է 3-օրյա ժամկետին, կարծում եմ հենց այդ պահին բժիշկը պետք որոշի` արդյոք այդ հղի կնոջը կարիք կա 3-օրա ժամկետ տրամադրելու, թե ոչ: Այստեղ դրվում է կասկածի տակ կնոջ կայացրած որոշումը»,-ասաց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահը:
Քննարկմանը մասնակցող Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանն էլ անդրադարձավ հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական ծառայությունների մատչելիության խնդրին:
Նրա խոսքով, հաշմանդամություն ունեցող կանանց դեպքում այս խնդիրն ավելի է բարդանում: Այս պարագայում անհարժեշտ է ոչ միայն կանանց կրթել, իրազեկվածությունը բարձրացնել, այլև բժշկական ծառայությունները մատչելի դարձնել, բուժանձնակազմի, հասարակության վերաբերմունքը փոխել, ինչպես նաև պետությունը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները:
«Բուժհաստատությունները անմատչելի են հիմնականում տեխնիկական հագեցվածության պատճառով, մասնագետների ոչ ադեկվատ վերաբերմունքի, իրազեկվածության և գիտելիքի պակասի պատճառով»,-կարծիք հայտնեց Զարուհի Բաթոյանը:
Անուշ Պողոսյանը, վկայակոչելով Առողջապահության համաշխարահային կազմակերպության տվյալները, ասաց, այն երկրներում որտեղ անհասանելի է հղիության արհեստական ընդհատման օրենքը, տարեկան 22 մլն դիտարկում են որպես անապահով հղիության արհեստական ընդհատումներ, նրանք դիմում են տնային պայմաններում անապահով ընդհատման, որոնցից 7 մլն առաջ է բերում մի շարք վերարտադրողական առողջության բարդացումներ և հետևանքներ, տարեկան գրանցվում են անգամ կանանց մահվան դեպքեր: «Այն տարիներին, երբ օրենքը հասանելի չէ եղել կանանց համար, ծնելիությունը չի ավելացել, այլ եղել է վերարտադրողական առողջության բարդացումների, ինչպես նաև մահվան դեպքերի աճ»,-ասաց նա:
Նշենք նաեւ, որ «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից վերջերս կատարված «Ինչպես տղա ունենալ. Արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտության տվյալներով, չնայած Հայաստանում անցյալ տարվանից արգելված է պտղի սեռով պայմանավորված ընդհատումը, այնուամենայնիվ, ընտանիքները, որոնք նախապատվություն են տալիս տղա երեխային, դիմում են տարբեր միջոցների, որպեսզի ազատվեն աղջիկ երեխայից: Բացի այդ, ինչպես պարզվել է հետազոտությունից, պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները թիրախավորելու արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք, այնուամենայնիվ, իրականացնում են աղջիկ երեխայի «զտումներ», այս տեղեկությամբ չեն կիսվում հարեւանների, ազգականների հետ, ինչի արդյունքում երեւույթը «թաքնվում է» եւ քննարկումների համար աստիճանաբար «վերանում»:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3579