Հայաստանում արգելվելո՞ւ են աբորտները

Դեռևս այս տարվա  ապրիլին «Vardanyan & Partners»  փաստաբանական ընկերության մի խումբ փաստաբաններ՝ Ներսես Իսաջանյանը, Վարուժան Վարդանյանը և Վահե Սիմոնյանը դիմել էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հանրագրով, որով առաջարկում են ընդունել չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք: Հունիսի վերջին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախագահ Նաիրա Զոհրաբյանը, կարևորելով չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք ունենալը, առաջարկել էր խմբակցություններին ներկայացնել իրենց դիրքորոշումները: Մինչ  պատգամավորները պատրաստվում էին  հանդես գալ առաջարկություններով, հանրագիրն, ըստ ընթացակարգի,  քննարկվեց   Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում  ՝ բժիշկ մասնագետների  մասնակցությամբ, որոնք մատնանշեցին  ներկայացված գաղափարի  լուրջ վտանգները:  

 

Ի՞նչ են առաջարկում հանրագրի հեղինակները

 

«Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակ փաստաբանները հիմնավորման մեջ նշում են, որ  ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1991-2018թթ․ Հայաստանում ընդհատվել է մոտ 434,000 հղիություն։ Ենթադրվում է, որ իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է, քանի որ աբորտների զգալի մասը կատարվում են տնային պայմաններում և չեն հաշվառվում։ Ըստ այդմ, նշում են նրանք, աբորտների «համաճարակը» շատ լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի բնակչության թվի, աշխատուժի մեծության, և հետևաբար՝ ստացվող եկամուտների և վճարվող հարկերի վրա։ Սակայն, շեշտում են նրանք, «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը ոչ թե տնտեսական կամ սոցիալական իրավիճակի բարելավումն է, այլ մեր հասարակության ամենաթույլ, խոցելի և չպաշտպանված շերտի՝ չծնված երեխաների կյանքի իրավունքի պաշտպանությունն է։

 

 

Որպես շարունակություն հեղինակները նշում են, որ ՀՀ գործող օրենսդրությունը նախատեսել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը՝ չծնված երեխային զրկելով կյանքից։ Օրինակ, երբ հղիությունը մինչև 12 շաբաթական է; կինը (չծնված երեխայի մայրը) հիվանդ է; չծնված երեխայի մոտ առկա է արատ; առկա են հանգամանքներ, որոնք ավելի հավանական են դարձնում երեխայի մոտ արատների զարգացումը (ընտանիքում զարգացման արատներով երեխաների կամ սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդությունների առկայություն); Առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ (հղիության ընթացքում ամուսնու մահը կամ ամուսնալուծությունը, կնոջ կամ ամուսնու՝ պատիժն ազատազրկման վայրում կրելը, հղիությունը` բռնաբարության արդյունքում)։

 

 

Նախաձեռնության հեղինակները առաջարկում են գրեթե բոլոր այս կարգավորումները փոխարինել մեկ կարգավորմամբ՝  հղիության արհեստական ընդհատման արգելքով: Այսինքն, եթե նախագիծը օրերից մի օր դառնա օրենք, ապա կարգելվի ընդհատել հղիությունը, անգամ եթե այն  լինի մինչև 12 շաբաթական, երեխան ունենա հետագա կյանքի հետ անհամատեղելի որևէ արատ կամ հղիությունը լինի բռնաբարության արդյունքում: Միակ պարագան, երբ կնոջը, ըստ հեղինակների, կթույլատրվի աբորտ անել, դա կնոջ հիվանդ լինելու հանգամանքն է՝ « եթե հիվանդությունն իրական վտանգ է ներկայացնում կնոջ կյանքի համար, և այդ վտանգը կարող է վերացվել հղիությունն ընդհատելով»:  Իսկ եթե նման օրենք ունենալու պարագայում կինը, այդուհանդերձ, ընդհատի հղիությունը, ապա հեղինակները նախատեսել են պատիժ. «Չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին»:

 

 

Ո՞ր երկրներն են արգելել աբորտը 

 

ԱՄՆ-ում աբորտների նկատմամբ դիրքորոշումը վաղուց արդեն  քաղաքական օրակարգի անբաժանելի մաս է հանդիսանում: Նախագահական ընտրությունների ժամանակ  հենց այս հարցի շուրջ են հաճախ ձևավորվում կին ընտրողների նախապատվությունները: Աբորտների վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումները տարբերվում են ըստ իրենց կուսակցական պատկանելիության՝  ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը   արգելքների  կողմնակիցն է,   Դեմոկրատական կուսակցությունը կողմ է աբորտների լեգալացմանը: 

 

2019 թվականի մայիսին ԱՄՆ Ալաբամա նահանգն ընդունեց մի աղմկահարույց օրենք, որով քրեականացվում է հղիության արհեստական ընդհատումը գրեթե բոլոր դեպքերում՝ անգամ բռնաբարության ու ինցեստի արդյունքում: Ալաբաման հերթական նահանգն էր, որը Օհայոից, Ջորջիայից,  Քենտուկիից, Միսիսիպիից և Միսուրիից հետո գնաց աբորտի արգելման: Այս զգայուն թեմայի շուրջ քննարկումները բողոքի ահռելի ալիք բարձրացրեցին ոչ միայն նահանգում, այլև երկրով մեկ. օրենքի հակառակորդները պնդում էին, որ հղիության ընդհատման արգելքը կանանց իրավունքների, նրանց անկախության  դեմ ոտնձգություն է:

 

 

Թյուր է կարծիքը, թե խնդիրը միայն կանանց վերատադրողական իրավունքի դաշտում է,  այն է՝ կինը իր մարմինը  տնօրինելու ու որոշում կայացնելու իրավունք ունի: Փորձագետները զգուշացնում են, հղիության արհեստական ընդհատումներըի արգելքը լուրջ առողջապահական և սոցիալական  հետևանքներ ունի: Բոլոր այն երկրներում, որտեղ արգելված են աբորտները կամ որտեղ խիստ սահմանափակումներ են գործում, բարձր է մայրական մահացության ցուցանիշը, քանզի օրինական ճանապարհով հղիության ընդհատման արգելքը ամենևին էլ չի նշանակում, որ աբորտներ այդ երկրներում չեն կատարվում: Եվ որպես հետևանք՝ կանանց խեղված ճակատագրեր, առողջությանը հասցված ծանր կամ անդառնալի վնաս, երբեմն նաև մահ: Դրան ավելանում են բազմաթիվ սոցիալական ռիսկերը՝  անցանկալի նորածին երեխաներից հրաժարվելը, նրանց  մանկատներ հանձնելը կամ ուղղակի փողոցում թողնելը, ընդհուպ արդեն ծնված երեխաներին  վնասելու կամ սպանելու փորձերը…

 

 

Աշխարհի մի շարք երկրներում աբորտներն արգելված են, և դրա հետևանքով է, որ, ըստ ԱՀԿ-ի տվյալների, աշխարհում աբորտների 45%-ը համարվում է ոչ ապահով և տարեկան շուրջ 20 հազար կնոջ կյանք է խլում: 

 

Եվրոպայում արգելքի  ճանապարհն են ընտրել Լեհաստանը, Մալթան, Հյուսիսային Իռլանդիան ( արգելքը  հնարավոր է վերանայվի), Անդորրան ու Լիխտենշթեյնը: Լեհաստանի օրինակը ամենախնդրահարույցն  է Եվրոպայում. այս երկրում աբորտներն արգելված են 1993 թվականից, սակայն 2016 թվականին  լեհական խորհրդարանը ընդունեց օրենք, որն էլ ավելի է խստացնում գործող օրենսդրությունը: Այն է՝ մինչև 6 տարվա ազատազրկում նախատեսում թե՛ աբորտ արած կնոջ, թե՛ բժշկի համար: Այս օրենքի ընդունումը տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերեց փողոց, բողոքի ալիքը ստացավ «սև ցույցեր» անվանումը:

 

 

Այդ ամենը արդյունք տվեց՝ իշխող խմբակցությունը հրաժարվեց աբորտների մասին այդքան խիստ օրենքից, սակայն 2017-ին նոր օրինագիծ բերվեց: Այն այդքան էլ խիստ չէ, գոնե ազատազրկում չի նախատեսում, բայց լուրջ սահմանափակումներ ունի: Եվ միայն 2020 թվականի գարնանը Սեյմը կարողացավ քննարկել նախագիծը, որի ընդդիմախոսները հայտարարում են, որ իշխանությունները միտումնավոր հենց այս շրջանում սկսեցին քննարկել աղմկահարույց օրինագիծը, քանզի կորոնավիրուսի համավարակը թույլ չի տա այս անգամ էլ դրա դեմն առնել մեծաթիվ բողոքի ցույցերով: Այդուհանդերձ, քննարկումները խորհրդարանում կտևեն ամիսներ և ընդդիմախոսները համոզված են, որ ելք կգտնեն իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու համար:

 

 

Հղիության արհեստական ընդհատում հասկացություն գրեթե գոյություն չունի արևելյան երկրներում, թեև  ԱՄԷ-ում, օրինակ, բացառություն է գործում այն դեպքերի համար, երբ պտուղը զարգանում է արատով կամ կնոջ կյանքին վտանգ է սպառնում: Խիստ սահմանափակումներ են գործում Լատինական Ամերիկայի երկրներում՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Չիլիում, Մեքսիկայում, Վենեսուելայում, Պարագվայում և այլն:

 

 

Ի դեպ,  արգելքների հետևանքով առաջացավ և  սկսեց զարգանալ այսպես կոչված «աբորտային տուրիզմ»-ը:  Օրինակ,  անցյալ դարի 60-ականներին ամերիկուհիներն աբորտ անելու նպատակով  մեկնում էին Ճապոնիա, Շվեդիա կամ Մեծ Բրիտանիա, որպեսզի ընդհատեն հղիությունը ոչ միայն օրինական, այլև ապահով բժշկական սպասարկման պայմաններում: Եվրոպայում սահմանների բաց լինելը էլ ավելի հեշտացրեց այս տուրիզմի զարգացման, կարելի է ասել՝ ծաղկման գործընթացը: Մասնավորապես, Իռլանդիայից,  ըստ վիճակագրության, 1991-2018 թվականներին ավելի քան 130 հազար կին էր մեկնել   Մեծ Բրիտանիա  հղիությունն ընդհատելու նպատակով, մինչև երկիրը վերջապես դյուրացրեց օրենսդրությունն ու թույլատրեց աբորտները: Մինչ այդ Իռլանդիայում հինգ ռեֆերենդում էր անցկացվել աբորտների արգելքի թեմայով:  Այսօր տուրիզմի այս ուղղությունը Եվրոպայում ծաղկում է շնորհիվ Լեհաստանի՝ տարեկան 80-90 հազար լեհ կին հատում է սահմանը, որպեսզի ընդհատի ոչ ցանկալի հղիությունն այլ երկրում: Հիմնականում այդ նպատակով նրանք մեկնում են Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Նիդերլանդներ: Նույնը վերաբերում է նաև Մալթային՝ մալթացի կանայք ևս ստիպված են օտար երկիր մեկնել բժշկական այդ միջամտության համար:

 

 

Աբորտների արգելքի  տխուր հետևանքները Սովետական միությունում

 

 

1920  թվական Սովետական Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը օրինականացրեց աբորտները: Սակայն   1936 թվականին Սովետական միությունում ծնելիության ցուցանիշները բարձրացնելու նպատակով աբորտները արգելվեցին: Հատկանշական է, որ  արգելքից  հետո ակնկալվող  դրական ազդեցությունն  արձանագրվեց միայն առաջին տարում, երբ աբորտների քանակը կրճատվեց ավելի քան 3 անգամ:   Սակայն 1937 թվականից սկսեցին կտրուկ  աճել բժշկան ցուցումով  պաշտոնական աբորտները, ինչպես նաև ապօրինի աբորտները և «ինքնաբորտները», որոնց արդյունքում կտրուկ աճեց մայրական մահացությունը: 

 

 

Դրա հետ մեկտեղ արձանագրվեց մանկասպանությունների կտրուկ աճ,  քանի որ հնարավորություն չունենալով ազատվել անցանակալի հղիությունից  կանայք  դիմում էին ծնված երեխաների սպանությանը: Որոշ գնահատականներով այդ շրջանում նման դեպքերը կազմում էին երկրում արձանագրվող սպանությունների 25% -ը, և պետությունը ստիպված եղավ խստացնել  մանկասպանության  դեպքերով պատիժները:  Ամփոփելով այդ փորձը, մասնագետները փաստում են, որ  բացասական հետևանքներն ու սոցիալական ռիսկերն  ակնհայտորեն գերազանցեցին աբորտների արգելքի հետ կապված դրական ակնկալիքները:

 

 

Սելեկտիվ աբորտները Հայաստանում

 

 

Հայաստանում աբորտները արգելված չեն, բայց մտահոգություն է առաջացնում պտղի սեռի նախածծնդյան ընտրության կամ  սելեկտիվ աբորտների անընդունելի պրակտիկան,   ինչի մասին առաջինն ահազանգեց Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ մատնանշելով, որ երևույթի հիմքում  հասարակությունում  կնոջ դերի  թերարժևորումն է:  Մասնագետների գնահատականներով,  սելեկտիվ աբորտները  մեծ թափ ստացան  90-ական թվականներից՝ ուլտրաձայնային հետազոտությունների լայն կիրառման հետ մեկտեղ և տղա երեխա ունենալու մոլուցքի հասնող նախապատվության արդյունքում: Դրա  հետևանքով  Հայաստանում նորածինների սեռերի խախտված համամասնությունը հասավ աննախադեպ մակարդակի ( մինչև 115-120 տղա` 100 աղջկա դիմաց, մինչդեռ բնական հարաբերակցությունը 102-106 տղա` 100 աղջկա դիմաց է),  ինչը  ստիպեց որոշակի փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում: Ըստ  2016թ․-ին  կատարված փոփոխությունների՝    «Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք, սակայն բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ընդհատումն արգելվում է»։ Ընդ որում, օրենսդրությամբ թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում բուժաշխատողների կողմից օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքերի համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն, տուգանք: Օրենսդրական փոփոխությունների, բացատրական քարոզարշավների, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և այլ կազմակերպությունների կանանց դերի արժևորմանն   ուղղված  տարբեր նախաձեռնությունների  շնորհիվ նորածինների սեռերի խախտված համամասնությունը  մի փոքր շտկվեց , 2019-ին արձանագրվեց 111-100 տղա-աղջիկ հարաբերակցությունը, սակայն  սելեկտիվ աբորտների խնդիրը դեռևս առկա է, և ինչպես փաստում են փորձագետները,  միայն արգելքներով այդ խնդիրը հնարավոր չէ լուծել: Սելեկտիվ աբորտը ավելի խորքային պատճառների հետևանք է  և միայն ներազդելով այդ ուղղությամբ, այն է՝ հաղթահարելով  հասարակությունում  առկա կանանց դերի և տեղի մասին կարծրատիպային պատկերացումները,  բարձրացնելով կնոջ դերը  հնարավոր է ակնկալել  խնդրի երկարաժամկետ լուծումներ:   

 

 

Այս թեմայի շուրջ  Հայաստանում անցկացված հետազոտությունները նույնպես ցույց են տալիս, որ  արգելքներով խնդիրը չի լուծվում և եթե կինը ցանկանում է ընդհատել հղիությունը, ապա նա դա անում է  ցանկացած գնով՝ նույնիսկ վնասելով իր առողջությունը: Հետազոտողները հանրության դատին ներկայացրեցին  սարսափազդու  պատմություններ , որոնք փաստում են, թե ինչ միջոցների են դիմում կանայք , որպեսզի ազատվեն անցանկալի պտղից.  թռնում բարձր տեղից, հարվածում որովայնին, շուղի միջոցով վնասում պտղին, գարեջուր խմում ու նստում եռացրած ջրի մեջ, ծանրություններ կրում … Այդ ամենի  ֆոնին հարևանի խորհրդով վիժում առաջացնող դեղամիջոցի օգտագործումը  միայն առաջին հայացքից է անվնաս թվում , քանզի այն անհետևանք չի մնում կնոջ օրգանիզմի համար… Եվ ինչքան էլ բժիշկները բացատրեն, որ նման դեղերը տնային պայմաններում չի կարելի օգտագործել , որ դա կարող է բերել  ուժեղ արյունահոսության և հանգեցնել անպտղության, միևնույն է անցանկալի հղիությունից ազատվելու մտադրված կանայք շարունակում են անտեսել  հնարավոր  վտանգները … Ընդ որում  բոլոր այս դեպքերը  պաշտոնական վիճակագրության մեջ չեն արտացոլվում՝ չկա գրանցված հղիություն, հետևապես չկա հղիության ընդհատում: Եվ արգելքներն  այս հարցում ոչ մի բան չեն փոխելու, բացի լրացուցիչ սոցիալական ռիսկեր առաջացնելուց…

 

 

Ընդհանուր առմամբ   խոսել Հայաստանում աբորտների իրական թվի մասին կարելի է մեծ վերապահումով:  «Ինչպե՞ս տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտությունն   ուշագրավ օրինաչափություն բացահայտեց  մարզերում, ըստ որի  այն կանայք, ովքեր  նպատակաուղղված նախապատվություն են  տալիս տղա երեխային, առհասարակ չեն գրանցվում որպես հղի:  Նրանք սպասում են մինչև 12 շաբաթը լրանա, պտղի սեռը պարզվի՝ նոր որոշում կայացնեն. «Հենց 11-12 շաբաթական շրջանում ուլտրաձայնային հետազոտությամբ պարզում են պտղի սեռը: Եվ եթե պարզեցին, որ տղա է, իսկ այդ ընտանիքը տղա է ուզում, ուրեմն եկել է բաղձալի պահը, արդեն գրանցվում են որպես հղի: Իսկ եթե ոչ՝ դրան հաջորդում է՝ «Դե իմացանք աղջիկ է, գնացինք հանեցինք» դաժան արտահայտությունը»,- արձանագրում են հետազոտության հեղինակները:

 

 

Ինչպես գտնել «ոսկե միջինը». պատգամավորների դիրքորոշումները

 

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը WomenNet.am-ի հետ զրույցում ասաց, որ այս թեմայով իրենք նույնպես մտադիր են  օրենքի նախագիծ  մշակել ու այս պահին պատրաստի նախագիծ, որը նաև վերջնական կհամարվի այս զգայուն  թեմայի  շուրջ,  գոյություն չունի: Նա նշեց, որ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվել են տարբերակներ, որտեղից  կվերցնեն ռացիոնալ հատիկները, բայց այն, ինչ խախտում է կնոջ իրավունքը, բնականաբար, չի ներառվի օրենքի նախագծում.

 

 

«Այս պահին մենք այն փուլում ենք, երբ մեր փորձագետները համադրում են չծնված երեխայի իրավունքները ու ռեալ կյանքը, որպեսզի մենք չունենանք մի ծայրահեղ օրենք, որը չի վերածվի «սուխոյ զակոնի», երբ ալկոհոլն արգելվեց, բայց իրականության մեջ թունավոր ալկոհոլը ողողեց երկիրը ու մարդկանց մահվան պատճառ դարձավ: Մենք կփորձենք գտնել ոսկե միջինը՝ պաշտպանելով հղիության արհեստական ընդհատում անելու կնոջ լեգիտիմ իրավունքը, բայց նաև պաշտպանելով չծնված երեխայի իրավունքը: Ես հասկանում եմ, որ շատ դեպքերում դա բարդ է լինելու, այլապես  մենք վաղուց այդ օրենքի նախագիծը դրած կլինեինք շրջանառության մեջ: Այս պահին, կրկնում եմ, ուսումնասիրվում է միջազգային փորձը և մենք փորձելու ենք գտնել իսկապես օրենք, որը կաշխատի և որը հակառակ էֆեկտը չի ունենա»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

 

 

ԱԺ-ում ձևավորվել է փոքրիկ խումբ, որը ուսումնասիրելու և առաջարկներ է ներկայացնելու սույն թեմայի շուրւջ: WomenNet.am-ի հետ զրույցում այդ խմբի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նախ հիշեցրեց,  որ Հայաստանը միացել է 1989թ. ընդունված Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիային, որի մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:

 

 

«Այս համատեքստում տրամաբանական է չծնված երեխայի կյանքի իրավունքի վերաբերյալ իրավական ակտ ունենալը, որը հստակ կսահմաներ, որ երեխա եզրույթը տարածվում է նաև սաղմի վրա, և որ նա արդեն օժտված է ապրելու իրավունքով: Փորձագիտական խմբի կողմից առաջարկվել էր օրենքի նախագիծ, այս օրերին մեր իրավաբաններն աշխատում են ձևակերպումերի շուրջ, և, առաջիկայում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմ գործընկեր Նաիրա Զոհրաբյանի հետ միասին այն կդնենք շրջանառության մեջ»,- նշեց նա։

 

 

 «Կարծում եմ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով  ժողովրդագրական ռեալ խնդրի առջև կանգնած մեր երկրի համար այս օրենքը իսկապես կարևոր է: Հնարավոր է՝ հենց սա լինի սելեկտիվ աբորտների կանխման ամենաարդյունավետ ճանապարհը: Ինչ վերաբերում է առհասարակ աբորտներին, ապա տարբեր հաշվարկներով, մեր հանրապետությունում 30 տարվա ընթացքում չի ծնվել շուրջ կես միլիոն երեխա: Իհարկե, ինչպես նշեցի, հնարավոր է՝ սա ունի առաջնահերթ օբյեկտիվ պատճառ՝ բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացում, սակայն մեր փոքր պետության համար այս թիվը անընդունելիորեն մեծ է: Ուստի, պետք է հնարավորինն ու անհնարն անել՝ առհասարակ աբորտների և հատկապես  սելեկտիվ աբորտների խնդիրը նվազագույնի հասցնելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետությունը բազմազավակ ընտանիքներին առավել շահեկան և թիրախային արտոնություններ պետք է տրամադրի, իսկ սոցիալ-տնտեսական բարեփոխումները առհասարակ, օրվա հրամայական են:

 

 

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ արգենքներըն արդյունավետ միջոց չեն համարվում և կարող են հանգեցնել  արգելքը շրջացող  բացասական երևույթների և հետևանքների,  Շաքե Իսայանն ասաց, որ փորձելու են  հաշվի առնել այդ մտահոգությունները :

 

 

Հարցն իսկապես շատ զգայուն է ու նույնքան զգայուն  մոտեցման կարիք ունի, քանի որ շատ աննշան է այն սահմանը, երբ , փորձելով պաշտպանել չծնված երեխայի իրավունքը, կարող ենք ոչ միայն  խախտել կնոջ իրավունքը, այլ նաև վտանգել նրա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առողջությունն, իսկ առանձին դեպքերում նաև կյանքը: Եվ այս պարագայում որոշիչ խոսքը պետք է բժիշկ մասնագետներին պատկանի: 

 

 

Ինչ վերաբերում է իրավունքի դաշտին, ապա  WomenNet.am-ի հարցմանն ի պատասխան  Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակը ներկայացրեց  իր դիրքորոշումը խնդրի վերաբերյալ.

 

 

 «Կանանց առողջության պահպանման իրավունքի և հղիության արհեստական ընդհատումների հետ կապված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո գտնվող հարցեր են։ Այդ խնդիրները շարունակաբար բարձրաձայնվում են Պաշտպանի տարեկան հաղորդումներում։ Ինչ վերաբերում է կոնկրետ հանրագրով առաջարկվող լուծումներին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ազգային ժողովում քննարկումներ կազմակերպելու դեպքում պատրաստակամ ենք ցուցաբերելու անհրաժեշտ մասնագիտական աջակցություն»:

 

Լիա Խոջոյան

 

 

Հ.Գ. Այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աբորտներն արգելող հանրագրի ներկայացումն և քննարկումը, որի արդյունքում  հանձնաժողովը միաձայն մերժեց աբորտն արգելող նախաձեռնությունը՝ հենվելով բժիշկ մասնագետների կողմից ներկայացած  մի շարք ծանրակշիռ փաստարկների վրա, որոնց  թվում  ընդհատակյա աբորտների տարածման վտանգի, մայրական մահացության հնարավոր աճի  և երկրի ժողովրդագրական իրավիճակն էլ ավելի   վատթարացնող  այլ բացասական հետևանքների մասին մտահոգություններն են:   

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Խորհրդարանական հանձնաժողովը մերժեց աբորտներն արգելելու մասին  հանրագիրը

 

 

Դիտումների քանակը` 1722

Գլխավոր էջ