Ցուցաբերել են բացառիկ խիզախություն. ՊՆ-ն հայտնել է ադրեջանական ագրեսիայի հետևանքով զոհված կին զինծառայողների անունները
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվհած 4 կին զինծառայողների անունները:
«2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք:
Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը:
Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը` կյանքը զոհաբերած և իրենց անուններն անմահացրած մեր բոլոր հերոսներին»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Կարդալ ավելին հերոսաբար զոհված կին զինծառայողների մասին.
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր
Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը
«Կին զինծառայողին թիրախավորել էին, ոչ միայն որովհետև զինծառայող էր, հայ, այլև կին». ՄԻՊ
«Կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին», – ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է այդ հանցանքը կատարած ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը` «ՅԱՇՄԱ», ասաց, որ իր խոսքը միայն զոհվածների արժանապատվությունը հարգելու և նրանց հարազատների ապրումները հաշվի առնելու մասին էր: Ինչ վերաբերում է միջազգային ատյաններում հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ խոշտանգման դեպքերը ներկայացնելուն, ապա բոլոր միջոցները ձեռնարկված են և համապատասխան նյութերը, այդ թվում երկու հայ կին զինծառայողների խոշտանգմանը վերաբերող տեսանյութերը, տեղ են գտել ՄԻՊ-ի արտահերթ զեկույցում:
Հարցին՝ այդ դեպքի մասին հայտնե՞լ է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ով Հայաստանում էր այցով, ՄԻՊ-ն ասաց, որ խոսնակի հետ հանդիպում չի ունեցել. «Բայց լավագույն ջանքը դրված է եղել, և մեր զեկույցը հասանելի է եղել դիվանագիտական մեր կոլեգաներին, այդ թվում` դեսպանատան անձնակազմին պատշաճ կերպով բարձրաստիճան պատվիրակությանը փաստերը ներկայացնելու համար»:
***
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն, 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Դիտումների քանակը` 679