Զարուհի Փոստանջյանը փորձել է բացահայտել ընտրախախտումը՝ «ներխուժելով» Տարոն Մարգարյանի շտաբ
Այսօր հայտնի դարձավ, որ ցերեկը Երեւանի Ավան վարչական շրջանում տեղակայված քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի դուստրը հիվանդանոցում է՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ: Ինքը՝ քաղաքապետի թեկնածուն ևս բարձրաձայնում է բռնությունների մասին:
Զարուհի Փոստանջյանը մուտք էր գործել ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետի շտաբ՝ ընտրակաշառքի բաժանման ահազանգերի հետքերով՝ պահանջելով բացել սեղանների դարակները, որտեղ իր տեղեկություններով ՀՀԿ-ականներն իրենց տեսնելով գումար ստացողների ցուցակներն էին թաքցրել: Շտաբի տղամարդ աշխատակիցները հերթափոխով պահում էին դարակները՝ նստելով սեղանի վրա:
Փոստանջյանը պատմեց լրագրողներին, որ իրեն ու դստերը քաշքշել են, փորձել ուժով դուրս հանել շտաբից: Նա նաև իրավապահների էր հրավիրել ՝ պահանջելով, որ դարակը բացվի իր ներկայությամբ և տեսանկարահանվի: Ոստիկանները նախ լրագրողներին հրելով դուրս բերեցին շտաբից, ապա ուժի գործադրմամբ՝ գրկած ու քարշ տալով Փոստանջյանին ու և նրա դստերը` Լիլիթ Դրամփյանին հանեցին՝ փորձելով անգամ բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորին: Զարուհի Փոստանջյանի ինքնազգացողությունը վատացել էր, աղջկան՝ Լիլիթին, իրավապահները նստեցրել էին ոստիկանական մեքենան, հետո, ինչպես հաղորդում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական շտաբը, բաժանմունք տեղափոխելու ճանապարհին առանց մեկնաբանության անօգնական վիճակում թողել են փողոցում: Շտաբի հաղորդմամբ, Զարուհի Փոստանջյանն ու իր դուստրը մարմնական վնասվածքներ ստանալու հետեւանքով դիմեցին «Արմենիա» բժշկական կենտրոն: Հերթապահ բժիշկ Արսեն Վեյրբությանը հայտնեց լրագրողներին, որ քաղաքապետի թեկնածուի դստեր վիճակը կայուն է, նա դեռեւս հետազոտվում է, սակայն նախնական տվյալներով՝ աղջիկը ստացել է գլխուղեղի ցնցում :
Միջադեպից հետո հայտնի դարձավ, որ շտաբի տարածքը հսկում են մեծ թվով ոստիկաններ : Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, թե ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, խուզարկության փորձերը կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ:
ՀՀԿ շտաբի անդամ Սերոբյանը հաղորդում է ներկայացրել Դատախազություն այն մասին, որ Փոստանջյանը առանց իր թույլտվության նախընտրական շտաբ է ներխուժել, քաշքշել իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբի գույքը:
ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ «այս հաղորդման հետ կապված համապատասխան ստուգողական գործողություններ կատարելուց հետո, նոր իրավական գնահատականի մասին կարող ենք խոսել»: Անդրադառնալով ԱԺ պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին Տարոն Մարգարյանի շտաբից ուժով դուրս բերելուն, ավելացրեց. «Ես այնտեղ բռնի ուժի ականատես չեմ եղել։ Ոստիկանության գործողությունները, իհարկե, իրավաչափ էին: Այն ինչ տեղի ունեցավ այնտեղ, շտաբից դուրս հրավիրելու՝ շտաբում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ես կարծում եմ, համենայն դեպս քրեական դատավարության օրենսդրության տեսանկյունից իրավաչափ էին։ Թեկնածուն բերման չի ենթարկվել»:
ՀՀԿ նախընտրական շտաբը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ, որում կոչ էր արվում մրցակից ուժերին չխոչընդոտել ՀՀԿ նախընտրական շտաբերի գործունեությունը և հանդես չգալ մերկապարանոց հայտարարություններով: ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ «տիկին Փոստանջյանը խանգարել է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտել ՀՀԿ շտաբի աշխատանքը» և որ նա որեւէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը անդրադառնալով միջադեպին, զարմանք հայտնեց, որ մասնագիտութմաբ իրավաբան Փոստանջյանը իրավական քայլերի չի դիմել, «փորձել է հրահրել նման միջադեպ, որի հետևանքով տուժել է իր դուստրը»:
«Ես ցավում եմ, որ միջադեպն ուղեկցվել է տիկին Զաուրհու դստեր առողջության հետ կապված խնդիրներով, մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Կարծում եմ, պետք է ընդգծել, որ երեխաներին, անկախ իրենց տարիքից, քաղաքական գործընթացում ներգրավելը, հատկապես նման ձևով, որպես հայ ավանդական ծնող եմ ասում այնքան էլ ողջունելի չէ»,-ասաց նա: Նրա խոսքով, բռնի կերպով մտնել կուսակցության ենթաշտաբ, չի կարելի, որովհետև դա հանրային տարածք չէ, կուսակցության կողմից վարձակալած տարածք է: «ՀՀԿ-ն նման «ներխուժումները» դիտում է որպես խոչընդոտ ՀՀկ գործունեությանը», – հավելեց նա:
Ինչ վերաբերում է ցուցակներին, որոնց շուրջ ծագեց միջադեպը, ապա Արմեն Աշոտյանի ներկայացմամբ ոչ ոք չի արգելում ունենալ ընտրողների ցուցակներ, հատկապես ՀՀ օրենսդրության պարագայում ընտրողների ցուցակները բաց են, հրապարակված են, կարող են տպվել ու կառուցվել ցանկացած շտաբում ցանկացած քաղաքական ուժի կողմից… «Սա նորմալ, ընդունված, քաղաքակիրթ, օրենքով չարգելված ընտրական տեխնոլոգիա է»,-ասաց Աշոտյանը, կարծիք հայտնելով, որ ուժերը պետք է կատարեն իրենց ընտրողների մոբիլիզացիա, նախնական հաշվառում, պոտենցիալ ընտրողներին թիրախավորելու նպատակով:
Միջադեպը մեկնաբանել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը․ – «Անընկալելի երևույթ է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում պարալիզացնել ամբողջ աշխատանքը: Դա անհասկանալի է»:
Ավելի ուշ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց միջադեպի մանրամասները: «Ընտրակեղծարարության փաստերը համատարած են: Ոստիկաններն իրենց հետ տարան դարակներում եղած թղթերը: Անուն-ազգանուններ են, ստուգում էին, թե ընտրակաշառք ստացածներից ով է եկել քվեարկելու»,- պատմեց Փոստանջյանը:
Նա ընթերցեց նաև իրենց ազգային դիմադրության բանաձևը՝ ուղղված ժողովրդին, ըստ որի՝ առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է սոցիալական շերտերի լայն ներգրավմամբ ստեղծել ազգային դիմադրության շարժում, որի խնդիրն է լինելու ապօրինի գործող իշխանության տապալումը, քաղաքական մենաշնորհի տապալումը, օրինական իշխանության հաստատումը…
«Սրանք ընտրություններ չեն, Հայաստանում ընտրական իրավունքի իրացում դեռևս կյանքի չի կոչվել: ՀՀԿ-ն չցանկացավ հումանիտար ճանապարհով անցնել, մենք նահանջողը չենք, մենք աշխարհով մեկ ենք: Իրենք չօգտվեցին այդ հնարավորությունից: Այլևս չի լինելու հումանիտար ճանապարհ, լինելու են բանտեր տանող ճանապարհներ, իրենց սպասելու է դժոխքը, օր ու արև չեն ունենալու: Իմ, իմ երեխայի և մեր թիմի նկատմամբ ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3477