Զարուհի Բաթոյան. «Իմ ընտրողը նա է, ով կարևորում է սոցիալական արդարությունը, ով ոչ է ասում բռնությանն ու խտրականությանը»
WomenNet.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակի 10-րդ հորիզոնականում ներկայացված և ռեյտինգային ընտրակարգով Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը: Մինչ պետական պաշտոն զբաղեցնելը հայտնի է որպես հասարակական գործիչ, ով ակտիվ մասնակցություն է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործում: Ասում է՝ կանանց դերը կարևոր է հավասարակշված քաղաքականության դաշտ ունենալու, նոր արժեքներ, կարծիքներ ապահովելու և, որ ամենակարևորն է, նաև մյուս կանանց խրախուսելու համար։
Զարուհի Բաթոյանը ծնվել է 1979 թվականին Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, սովորել է նաև «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»: «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է: 1999-2014 թթ. եղել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, 2007-ից՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2014 թ-ից՝ «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմադիր նախագահ և «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն,: 2016-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, 2017-ին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2018-ի հունիսին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
-Ընտրողների հետ հանդիպումներում ո՞րն էր Ձեր հիմնական ասելիքը
-Ես միշտ կարևորել եմ մարդկանց մասնակցությունը իրենց վերաբերող որոշումների կայացմանը։ Միայն այդ դեպքում կարող ենք հաջողություն գրանցել, սա նաև իմ փորձով եմ ասում։ Եվ ընտրողներն էլ դա իրենց փորձով ևս գիտեն, որովհետև իրենք հեղափոխություն են իրականացրել։ Եվ որպեսզի հեղափոխությունը լիարժեք դարձնենք, պետք է շարունակենք մասնակցությունը քաղաքական գործընթացներում, այդ թվում ընտրություններում՝ մեր ձայնը տալով մեր ընտրած թեկնածուին, բայց և պահանջելով ու ուղղորդելով նրան իր հետագա գործունեության մեջ: Փորձում եմ այդ մեսիջը հասանելի դարձնել ընտրողներին: Բացի այդ կարևորում եմ սոցիալական ոլորտը, և մտադիր եմ ուշադրության կենտրոնում պահել աշխատանքի իրավունքը, հատկապես կանանց։ Շատ աշխատանք կա տանելու երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման և կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների հետ կապված ապաինստիտուցիոնալացման գործընթացի ուղղությամբ։
–Ընտրվելու դեպքում գնալո՞ւ եք Ազգային ժողով, թե Ձեր աշխատանքը շարունակելու եք գործադիր մարմնում:
-Ընտրվելու դեպքում մեր քաղաքական թիմի հետ կկայացնենք որոշումը։ Անկախ այն բանից, թե որտեղ կլինեմ ես, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ ներառական զարգացման ուղղությամբ։
–Եթե ընտրվելու դեպքում Ազգային ժողովում եք լինելու, ապա քաղաքական
նոր իրողությունները հաշվի առնելով, ինչո՞վ եք տարբերվելու նախորդ պատգամավորներից: Կարո՞ղ եք, որպես թեկնածու, ՀՀ քաղաքացուն խոստանալ, որ նրա կյանքում էական փոփոխություններ կլինեն:
-Իմ կարծիքով փոփոխություններն ավելի արագ հնարավոր է բերել գործադիր իշխանության կազմում։ Այստեղ դու ավելի ճկուն ես գուցե, բայց իհարկե, մեր կյանքում գլոբալ փոփոխությունները բերում է մարդու իրավունքների վրա հիմնված օրենսդրական դաշտը, և, իհարկե, այդ նպատակով եմ մասնակցում ընտրությունների։
– Այս ընտրությունները հետաքրքիր են նաև նրանով, որ թեկնածուների
թվում շատ են երիտասարդները: Հասարակությունը մեծ վստահություն ունի հենց նոր սերնդի նկատմամբ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը:
-Երիտասարդները շատ են, այնուամենայնիվ, դա չէի ցանկանա դիտարկել որպես առավելություն կամ թերություն։ Տարիքը մարդու առանձնահատկություններից մեկն է, որով միշտ չէ, որ պայմանավորված է նրա փորձը, գիտելիքը կամ պատրաստվածությունը։ Բայց , քանի որ ես կարևորում եմ ոչ միայն մասնագիտական արժեքների համակարգը, պետք է ասեմ, որ երիտասարդները առանձնանում են նաև հեղափոխության ոգուն համապատասխան արժեհամակարգով։
–Որքանո՞վ է երկրում օգտագործվում կանանց ռեսուրսը և ինչո՞վ է կարևոր կանանց դերը քաղաքականության մեջ:
-Նայած՝ որ ոլորտում, որ մակարդակում։ Միշտ ասում եմ, որ ամենապատասխանատու հարցերում, երբ պետք է կոկիկ և կազմակերպված աշխատանք անել, դա վստահվում է կանանց։ Կարծում եմ, որ նրանց ներուժը ավելի բարձր մակարդակում կամ պաշտոններում արտահայտելու բավարար հնարավորություններ դեռ չեն ստեղծվել։ Բայց կարող եմ ասել, որ այս իմաստով ևս իրավիճակ է փոխվել, և գուցե դանդաղ, բայց առաջընթաց կա։ Կանանց դերը կարևոր է հավասարակշված քաղաքականության դաշտ ունենալու, նոր արժեքներ, կարծիքներ տեսնելու և, որ ամենակարևորն է, նաև մյուս կանանց խրախուսելու համար։
–Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ Ձեր օրակարգում կլինեն, եթե անցնեք խորհրդարան: Ինչպիսի՞ նոր գաղափարներ ունեք, որոնք օրենսդրական լուծումներ են պահանջում:
-Կանանց իրավունքների պաշտպանության հարցում կարծում եմ, որ պետք է կատարելագործենք ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմները։ Շատ ուժեղ և փորձառու կազմակերպություններ են աշխատում այս ոլորտում և մեզ մնում է պարզապես ականջալուր լինել նրանց բարձրացրած հարցերին։
Պետք է պաշտպանել կանանց աշխատանքի իրավունքը, հատկապես մասնավոր հատվածում, որովհետև նրանք այսօր խնդիր ունեն ոչ միայն ցածր աշխատավարձի, այլ, օրինակ, ծնողների՝ երեխայի ծնունդով և խնամքով պայմանավորված իրենց հասանելիք արձակուրդի և այլն։
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում պետք է ավելացնել համայնքահեն ծառայությունների ծավալը, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Երեխան պետք է ապրի ընտանիքում և այս հարցում պետութունը պետք է վճռական քայլերի դիմի։
– Ի՞նչ եք կարծում, ո՞վ է Ձեր ընտրողը, հասարակության ո՞ր շերտն և ինչո՞ւ հենց Ձեզ պետք է ընտրեն:
– Իմ ընտրողը նա է, ով կարևորում է սոցիալական արդարությունը, ով հավատում է, որ մարդը պետք է ապրի արժանապատիվ կյանքով, ով ոչ է ասում բռնությանն ու խտրականությանը, ով ուզում է երջանիկ և համերաշխ կյանքով ապրել Հայաստանում։ Ինձ համար կարևորը մարդն է, և ես մեր հաղթանակը ուզում եմ լիարժեք դարձնել նրա հետ միասին։
Լուսինե Կարապետյան
Դիտումների քանակը` 1786