Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելոււ»

«Մենք լուրջ խնդիր ունենք տարածքային բաց ցուցակների հետ, որովհետև ոչ մի օլիգարխ, նախկինում մեծամասնականով ընտրվող որևէ մեկը կնոջը չի զիջի: Սա ավելի քան պարզ է, որ կինը չի կարողանա պայքարել այդ մեխանիզմների դեմ և այդ տարածքային ցուցակներում է, որ քվոտան, թեպետ ամրագրված է,  բայց չի աշխատելու  ու  պետք է փոփոխություններ արվեն  կանանց համար ճանապարհ բացելու առումով», –  WomenNet.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության միակ կին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Վերջինիս խոսքով՝ 25/75 քվոտան որևէ արդյունք չի տա, քանի դեռ տարածքային  կամ  ինչպես ասում են   ռեյտինգային ցուցակները բաց են: Պատգամավորը նշեց, որ նաեւ  այդ նկատառումներից ելնելով բազմաթիվ առաջարկներ են արել, մասնավորապես, որ ցուցակը պետք է փակ լինի, բայց առաջարկներից ոչ մեկը  չի ընդունվել :

 

«Մենք, օրինակ, առաջարկում ենք, որպեսզի փակ ցուցակ լինի, որի դեպքում ոչ թե 13 ընտրատարածք է լինելու, այլ ամբողջ հանրապետությունն է դառնում 1 ընտրատարածք: Այդ դեպքում քվոտան նորմալ կաշխատի, քանի որ փակ ցուցակի դեպքում տոկոսները հստակ բաշխվում են, հատկապես, որ   սահմանափակում է դրված՝ եթե կանանցից որեւէ մեկը  դուրս է գալիս, նրա փոխարեն կին պետք է գա:  Բաց ցուցակից հրաժարվելն է  մեր առաջարկը, որը իշխանությունները չեն ընդունում»,- ասաց Զարուհի Փոստանջյանն: Նրա խոսքով,    բաց  կամ  ռեյտինգային ցուցակի  դեպքում ուղղակի հնարավոր չի լինի ակնկալել, որ կանանց նշված տոկոսը կպահպանվի ընտրությունների արդյունքում , քանի որ գործընթացը նմանվում է մեծամասնական ընտրակարգին, իսկ մենք լավ գիտենք, թե  ինչպես է գնում այդ պայքարը:

 

Պատգամավորը նշեց նաև, որ իր մտահոգությունները իհարկե կբարձրաձայնի առաջիկայում, երբ   Ընտրական օրենսգրքի նախագիծը բերվի երկրորդ ընթերցման, քանի որ  մեծ հույսեր, որ ինչ-որ բան կփոխվի մինչ այդ, նրա խոսքով, ավաղ, չունի:

 

Դիտումների քանակը` 4098

Գլխավոր էջ