«Կանանց արտոնյալ պայմաններ պետք չեն, պետք են հավասար պայմաններ»
«Զարտ պրինտ». Կանանց կողմից ղեկավարվող և կանանց ոգեշնչող բիզնեսը
«Ոգեշնչող կանայք». այսպես էր կոչվում «Զարտ պրինտ» ՍՊԸ-ի կողմից վերջերս իրականացված նախագիծը, որի շրջանակներում տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց:
««Զարտ պրինտը» ղեկավարվում է կանանց կողմից: Այս փաստը հաշվի առնելով, որոշեցինք նախաձեռնել «Ոգեշնչող կանայք» նախագիծը՝ կանանց տեսանելիությունը բարձրացնելու և տարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց փորձով մյուսներին ևս խրախուսելու նպատակով»,- ասում է ընկերության տնօրեն Սյուզաննա Բաթոյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ հասարակության կողմից շարքն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Շատերն սկսել են նույնիսկ առաջարկել հաջողակ կանանց անուններ՝ նրանց ևս ներկայացնելու խնդրանքով:
«Ի սկզբանե որոշել էինք այդ շարքն իրականացնել մեկ շաբաթվա ընթացքում: Արձագանքները, սակայն, այնքան բուռն էին, որ շուրջ 40 օր տևեց»,- նշում է զրուցակիցս:
2012թ.-ին հիմնադրված «Զարտ պրինտը» տարիներ շարունակ իր գործունեությամբ նպաստում է ամենատարբեր կարծրատիպերի հաղթահարմանը նախ՝ հաշմանդամություն ունեցողների համար աշխատանքային պայմանների ապահովման, ապա՝ մանկահասակ երեխաներ ունեցող մայրերի համար՝ ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման, հիմա նաև՝ կին ղեկավարների օրինակով այլոց ոգեշնչման միջոցով:
«Մեր հասարակության մոտ ընդունված է, որ ղեկավար տղամարդիկ կարող են անել ավելին, կարող են ավելի լավ ղեկավարել, ավելի լավ համակարգել: Դա, բնականաբար, այդպես չէ. կանայք ևս, հավասար չափով կարող են այդ ամենն իրականացնել: Կամ, կարծատիպեր կան, որ որոշակի աշխատանքներ կարող են անել միայն տղամարդիկ: Մենք, կարծես, այս տարիների ընթացքում կարողացել ենք կոտրել այդ կարծրատիպերը,- նշում է Ս. Բաթոյանն ու հիմնավորում,- օրինակ, ընդունված է մտածել, որ տպարաններում տպագարական սարքերով պետք է աշխատեն տղամարդիկ: Մեզ մոտ տպագրական գրեթե բոլոր սարքերով կանայք են աշխատում»:
Զրուցակիցս նկատում է՝ վերջին տարիներին Հայաստանում կանանց դերակատարումը տարբեր օղակներում ավելի ակտիվ ու ավելի տեսանելի է, բայց՝ ոչ բավարար:
«Կարծում եմ, կանանց ներգրավվածության ցուցանիշն ընդլայնելու անհրաժեշտություն կա թե՛ պետական ու տեղական կառավարման, թե՛ գործարար ոլորտում: Օրինակ, եթե համայնքները դիտարկենք, շատ փոքրաթիվ կին համայնքապետեր ունենք, այնինչ, կարծում եմ, որ կանանց ներկայացվածությունը համայնքներում կարող է միայն դրական ազդեցություն ունենալ. կանայք ավելի պարտաճանաչ ու ավելի սրտացավ մոտեցում են ցուցաբերում բոլոր հարցերում: Կանայք նաև ավելի կազմակերպված են»:
Ս. Բաթոյանը վստահ է՝ կանանց արտոնյալ պայմաններ պետք չեն, պետք են բոլոր առումներով հավասար պայմաններ՝ կանանց ու տղամարդկանց համար, ինչը թույլ կտա ինքնադրսևորվել ըստ արժանվույն:
Վերջինիս դիտարկմամբ՝ կին ղեկավարների հետ կապված կարծատիպերն այսօր աստիճանաբար կոտրվում են և դրանք կոտրելու հարցում կարևոր դերակատարում ունեն կանայք, ովքեր փորձում են իրենց հաջողության օրինակով, ընտանիքին ու բիզնեսին հասանելիք հոգածությունը հավասարակշռելու միջոցով հիմնավորել՝ հնարավոր է լինել հաջողակ ղեկավար և լավ կին, լավ մայր:
«Ընտանիքն իր խնամքն ու ժամանակն է պահանջում, բիզնեսն՝ իր: Եթե բիզնեսին չնվիրվես, արդյունքի չես կարող հասնել: Բավականին բարդ է, բայց փորձում եմ ամեն ինչ անել այդ ամենը լավագույնս համատեղելու համար,- անկեղծանում է 10-ամյա զավակի մայրն ու խորհուրդ տալիս,- ընտանիք-բիզնես բալանսը պահպանելու համար նախ և առաջ պետք է ժամանակն ու աշխատանքը ճիշտ պլանավորել: Երբ պլանավորված ես աշխատում, ամեն ինչ հասցնում ես»:
Ինչպես բազմաթիվ բիզնեսներ, «Զարտ պրինտը» ևս ճգաժամային ու դժվար շրջափուլեր է հաղթահարել: Դրանցից վերջինը կապված էր COVID_19 համավարակով պայմանավորված սահմանափակումների հետ:Կին ղեկավարը, սակայն, կարողացել է դիմակայել և պահպանել բիզնեսը արդյունավետ թիմային աշխատանքի շնորհիվ:
Ասում է. «Այդ շրջանում բիզնեսը կանգնել էր, եկամուտ չկար, հարակից այլ բարդություններ կային, բայց մենք ոչ մի օր չենք փակվել.ամբողջ աշխատակազմով փորձել ենք գոյատևել և մեր միահամուռ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»:
Այսօր արդեն, երբ համավարակային սահմանափակումները հաղթահարված են, ընկերության 10-ամյա հոբելյանի նախաշեմին զրուցակիցս հաճույքով է խոսում նաև ձեռքբերումների մասին:
«Բազմաթիվ կազմակերպություններ ու կառույցներ մեզ ընդունում են որպես ոչ միայն իրենց պատվերն իրականացնող տպարան, այլև գործընկեր, ով պատրաստ է համատեղ ուժերով հաղթահարել գործընկեր կազմակերպություների հետ կապված ցանկացած խնդիր:Այս առումով մեր ամենամեծ ձեռքբերումը հավատարիմ, մշտական գործընկերներն են և, բնականաբար, մեր աշխատանքային թիմը, առանց որի չէինք կարող հասնել հաջողության»:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 819