«Շիտակ խոսող և անվախ»․ Հայաստանում բացվեց Զապել Եսայանի արձանը
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բացված Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնի այգում կիրակի օրը տեղի ունեցավ մեծանուն գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զապել Եսայանի արձանի բացման արարողությունը։ Բացման խոսքով հանդես եկավ ամերիկահայ բարերար Ջուդիթ Սարյանը, ով ներկայացրեց Եսայանի կենսագրության կարևոր դրվագներ՝ շեշտադրելով նրա մեծ ներդրումը հայ ժողովրդի, հատկապես հայ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։
«Սա պատմական առիթ է։ Որոշ տարիներ առաջ մի խումբ հայ կանայք` Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից, գիտակցեցին, որ Հայաստանում չկա կնոջ որևէ արձան, որը կոնկրետ անուն կունենա, կանանց բոլոր արձանները խորհրդանշական էին։ Այս բացը լրացնելու համար մենք պետք է կին ընտրեինք, որը նշանակալի դերակատարում է ունեցել թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում։ Այդ կինը Զապել Եսայանն է»,- հայտարարեց բարերարը։
Սարյանը նշեց, որ Զապել Եսայանն իր կյանքի ընթացքում մեծ ճանաչում է ունեցել որպես առաջնորդ, գրող, ուսուցիչ, խմբագիր, քաղաքական ակտիվիստ և բոլորի իրավունքների պաշտպանության ջատագով։ «Նա գրել է կրթության կարևորության, կանանց դերի, կին ուսուցիչներին աջակցելու անհրաժեշտության մասին։ Նա շիտակ խոսող էր և անվախ»,- նշեց Ջուդիթ Սարյանը։ Նա խմբագրել է Զապել Եսայանի աշխատանքների անգլերեն թարգմանությունը, որը լույս է տեսել ԱՄՆ-ում։ WomenNet.am-ի հետ զրույցում Սարյանը նշեց, որ Զապել Եսայանի աշխատանքների թարգմանությունը կարևոր էր ամերիկահայերի շրջանում հեղինակի ստեղծագործությունները տարածելու համար։
Սարյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության տարիներին Եսայանի հայանպաստ գործունեությանը, նրա փախուստին դեպի Եվրոպա և ապա մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան վերադարձին, որտեղ վերջինս դասավանդում էր Երևանի պետական համալսարանում և շարունակում գրական գործունեությունը։
Եսայանը, հավատարիմ մնալով ինքն իրեն, շարունակել է պայքարել անարդարության դեմ նաև Սովետական Միությունում, ինչի համար պատժվել է և ուղարկվել Բաքվի բանտ, այնուհետև աքսորվել է Սիբիր՝ համակենտրոնացման ճամբար։ Ջուդիթ Սարյանը արցունքն աչքերին նշեց, որ Եսայանը անհետացել է, նրա մարմինը չի հայտնաբերվել, և իրենք մինչ օրս շարունակում են ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչպիսի վախճան է ունեցել մեծանուն հայ կինը։
Սարյանն ընդգծեց, որ կենտրոնը Եսայանի անունով անվանակոչելով և նրա արձանը տեղադրելով՝ ևս մեկ հնարավորություն է տրվում հիանալու նրա քաջությամբ և շնորհակալություն ասելու այն ամենի համար, ինչ նա արել է հայերի և հատկապես հայ կանանց համար։
Արձանի հեղինակը քանդակագործ Նունե Թումանյանն է։ Նա WomenNet.am-ին տված հարցազրույցում նշեց, որ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել աշխատանքին, նախքան վերջնական համաձայնություն տալը երեք ամիս մտածել է, ուսումնասիրել է Եսայանի կենսագրությունն ու կերպարը։ Բրոնզե արձանի ստեղծումը տևել է մոտ մեկ տարի։ «Եսայանի կերպարն ինձ շատ ոգևորեց, ես նրա ինքնակենսագրականը կարդացի, որը շատ տպավորիչ էր։ Շատ մեծ նվիրումով եմ մոտեցել գործին»,- ասում է քանդակագործը։
59-ամյա Նունե Թումանյանը հիմնականում բրոնզով է ստեղծագործում, նա քաղաքային քանդակի ջատագով է։ 2015 թվականին նախագիծ է սկսել, որպեսզի խրախուսի քաղաքային քանդակի տարածումը Երևանում։ «Մեզ մոտ քանդակ ասելով դեռևս միայն հուշարձան են ընկալում։ Սակայն քաղաքային քանդակը կարող է լինել ազատ ոճի թեմատիկ ստեղծագործություն։ Ես երկու ցուցահանդես եմ նախաձեռնել, որի ընթացքում ցուցադրվել են քաղաքային քանդակների կամերային չափսերով և ֆոտոշոփի միջոցով՝ մեծ տարբերակը»,- պատմեց քանդակագործը։
Նա Երևանի իշխանությունների հետ բանակցել է մայրաքաղաքում քաղաքային քանդակների տեղադրման շուրջ։ Թումանյանը լիահույս է, որ առաջիկայում Երևանը ևս կհարստանա քաղաքային քանդակներով․ «Պետք է փոխել Երևանի քանդակային կերպարը։ Ժամանակները փոխվել են, մենք ունենք լավ քանդակագործներ, որոնք կարող են հիանալի քաղաքային քանդակներ անել»։
Փորձառու մասնագետը նշում է, որ քանդակագործության ոլորտում կանանց թիվը զգալիորեն ավելացել է վերջին տասնամյակներում։ «Երբ ես էի ուսանող, քանդակագործություն սովորողների մեջ միակ աղջիկը ես էի, իսկ հիմա ուսանողների շրջանում աղջիկների թիվը զգալիորեն աճել է»,- ասում է քանդակագործը։
Զապել Եսայանի արձանի բացման արարողությանը ելույթ ունեցավ Նաիրյան վոկալ անսամբը, որի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը նախ ներկայացրեց Զապել Եսայանի նամակն իր դստերը։ Մուղդուսյանն իր խոսքն ուղեկցում էր ժեստերի լեզվով, անսամբլի կատարումներից շատերը ևս զուգահեռաբար ժեստերի լեզվով էին մատուցվում հենց երգչուհիների կողմից։
Արման Ղարիբյան
Կարդացեք Զապել Եսայանի մասին մեր կայքում.
«Մի՛ վախեցիր հավակնոտ թվալուց…». Զապել Եսայանի նամակը դստերը
Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…
Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով
«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել
Փարիզի փողոցներից մեկը կանվանակոչվի Զապել Եսայանի պատվին
Դիտումների քանակը` 1098