Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել
Նուբարյան գրադարանում գտել են Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը , առեւանգված կանանց մասին, գրում է Ermenihaber-ը:
Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են ցեղասպանության մասին վկայող մի փաստաթուղթ` հայտնի գրող Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները:
Նրանց կարծիքով այդ փաստաթուղթը մինչև օրս հրատարակված չի եղել: Ըստ «Ագոս» թերթի՝ այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին:
Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին: Ըստ Եսայանի՝ նրանց թիվը գերազանցում է 200 հազարը:
Եսայանն առանձին կետերով ներկայացրել է, թե ինչպես էին թուրքերն առևանգում կանանց և երեխաներին:
1. Կանաց մի մասին առևանգում էին հենց իրենց քաղաքներից և գյուղերից: Էրզրումում թուրք սպաները գողանում էին քաղաքի հայնտի հայերի աղջիկներին, իսկ Էրզիջանում՝ հարուստ ընտանիքների ժառանգորդ աղջիկներին:
2. Կանանց և երեխաներին գողանում էին տղամարդկանցքաղաքներից ու գյուղերից հեռացնելուց, սպանելուց հետո: Ոստիկանները, որոնք ուղեկցում էին կանանց խմբերը, նրանց բերում էին մի որևէ աղբյուրի մոտ, սակայն դրան մոտենալ և ջուր խմել արգելում էին: Ջուր խմելու գինը թուրք զինվորներին տրվելն էր:
3. Երբ այդ կանայք հասնում էին որևէ հավաքատեղի, նրանց վրա էին հարձակվում քրդերը, չերքեզները, չեչենները:
Թերևս զեկույցի ամենասարսափելի մասը վերաբերում է հայ կանանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքին: Եսայանը նշում է, որ բարձր դասի պատկանող կանանց խումբը հսկել է լավ պատրաստված պահակախումբը: Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել: Շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ: Նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: «Շատերը խենթացան: Նրանցից ոմանք բռնաբարությունից հետո կարողացել են փախչել, սակայն մեծ մասը զոհվել է փախուստի պահին: Շատ քիչ էր այն մարդկանց թիվը, որ կարողացել է ինքնապաշտպանվել»:
Հոդվածի հեղինակները հայտնում են նաև, որ Եսայանի զեկույցը հանձնվել է ոչ միայն Պողոս Նուբար Փաշային, այլև Պոլսի հայոց պատրարք Առաքել Չաքրյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովին, որը զբաղվում էր որբ երեխաների և այրի կանանց վերադարձման հարցերով:
Աղբյուրը՝ Ermenihaber
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Սկյուտարում՝ Զապել Եսայանի հետքերով
«Զապել Եսայանին վերագտնելով»…/ թրեյլեր
Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…
Դիտումների քանակը` 5278