«Վերափոխելով կրթությունը»` Երիտասարդության միջազգային օրվա կարգախոսը
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի օրացույցով Երիտասարդության միջազգային օրն է: Այն սահմանվել է 20 տարի առաջ `ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Երիտասարդության հարցերով համաշխարհային գիտաժողովի արդյունքում:
Օրը կոչված է հիշեցնելու երիտասարդների դերը աշխարհի կառուցման ու զարգացման գործում, ինչպես նաև բարձրաձայնելու երիտասարդների ճանապարհին ամեն օր հանդիպող խնդիրների մասին։ Այս տարի օրվա կարգախոսն է վերափոխել կրթությունը` ապահովելով նրա ներառականությունն ու հասանելիությունը յուրաքանչյուր երիտասարդի համար:
ՄԱԿ-ը կոչ է անում կառավարություններին, երիտասարդությանը, երիտասարդական կազմակերպություններին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին քայլեր ձեռնարկել մինչև 2030 թվականը կրթությունը դարձնելու զարգացման հզոր գործիք։ Կրթությունն է հիմք հանդիսանում անհավասարութձան և աղքատության դեմ պայքարում։ Ըստ էության, այս տարի Երիտասարդների օրը նվիրված է կայուն զարգացման նպատակներից 4-րդի իրականացմանը, այն է` ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար եվ խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորությունները։
«Ներկայումս կրթությունը պետք է մեկտեղի գիտելիքը, կյանքի հմտություններն ու դատողական մտածելակերպը։ Այն պետք է ներառի տեղեկատվություն կայունության և կլիմայի փոփոխության մասին, ինչպես նաև՝ խրախուսի գենդերային հավասարությունը, մարդու իրավունքներն ու խաղաղության մշակույթը։ Բոլոր այս բաղկացուցիչները ներառված են Միավորված ազգերի կազմակերպության ռազմավարության՝ «Երիտասարդություն 2030» օրակարգում, որ միտված է ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը և աջակցել նրանց իրացնելու իրենց իրավունքները», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում։
Պետությունը պարտավոր է հնարավորություն ընձեռել յուրաքանչուրի համար
Ըստ 2014-ին հաստատված «ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի»` երիտասարդ են համարվում բնակչության 16-30 տարեկան ներկայացուցիչները: Հայաստանում երիտասարդները կազմում են բնակչության 27%-ը և պետությունը պարտավոր է նրանց ազատ, բազմակողմանի զարգացած, առողջ և պատասխանատու քաղաքացիներ դառնալու հնարավորություն ընձեռել:
WomenNet .am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրի համակարգող Աննա Բարֆյանն` անդրադառնալով մեր հարցին `թե ինչ քայլեր են աձսորձեռնարկվում երիտասարդների հիմնախնդիրներին լուծում տալու ուղղությամբ, նշեց, որ այսօրվա դրությամբ երիտասարդական պետական քաղաքականությունը ուղենշող ռազմավարական ծրագիր չկա։
«Այսօրվա դրությամբ գործող պետական փաստաթուղթ մենք չունենք: «Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը» այդպես էլ չհաստատվեց, բայց այսօր դրա վերանայված տարբերակն է շրջանառվում , որը նախատեսված է 2019-2023թթ. համար: Երկու շաբաթ առաջ ԵՄ-ից պետական պատվիրակություն էր ժամանել, որը պետք է ուսումնասիրեր այդ ռազմավարությունը, տար իր գնահատականն ու որոշակի դիտարկումներ ներկայացներ փաստաթղթի վերաբերյալ և հուսով եմ, որ Հայաստանում այն ևս լայն հանրային քննարկման առարկա կդառնա», – ասաց փորձագետը` կարևորելով փաստաթղթի քննարկմանը հատկապես թիրախային խմբի՝ երիտասարդների ակտիվ մասնակցությունը:
Աննա Բարֆյանի դիտարկմամբ , ներկայումս վերանայման փուլում գտնվող ռազմավարությունը պետք է կարողանա համակարգել ու առավելագույնս արդյունավետ դարձնել այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր գերատեսչությունների կողմից։ Նրա խոսքով, մի կողմից, հասարակական սեկտորն է առանձնացված ծրագրեր իրականացնում, մյուս կողմից տարբեր գերատեսչություններ տարբեր ծրագրեր են իրականացնում, և այդ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու, արդյունքը տեսնելու խնդիր ունենք։
«Վերջին մեկ տարվա ընթացքում բավականին լավ միտումներ կան, մենք տեսնում ենք տարբեր գերատեսչությունների կողմից երիտասարդներին ուղղված ծրագրերի մշակում և իրականացում: Օրինակ, կառավարության վերջին ծրագիրը՝ «Աշխատիր Հայաստանը» իրապես երիտասարդակենտրոն ծրագիր է ու անդրադառնում է երիտասարդներին հուզող կարևոր խնդիրներին՝ զբաղվածություն, կրթություն, կրթությունից աշխատաշուկա անցում և այլն: Այս ծրագրի դրական կողմերից մեկն այն է, որ այն ինստիտուցիոնալ լուծումներ է փնտրում, ոչ թե զուտ միջոցառումներ կամ կարճաժամկետ ծրագրեր առաջարկում», – ասաց նա:
Նոր ռազմավարության մշակման հարցում չափազանց կարևոր է նաև հաշվի առնել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 ռազմավարության մոնիթորինգի և գնահատման արդյունքներով բացահայտված հիմնական խնդիրների այն շրջանակը, որոնց բախվում են երիտասարդները Հայաստանում։ Դրանք են `կրթությունը, զբաղվածությունը և բնակարանային պայմանները։ Առաջնահերթությունն այդ ցանկում կրթության հետ կապված խնդիրներն են, ինչի մասին են վկայում նաև բազմաթիվ այլ հետազոտությունները։ Օրինակ, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ 2016-ին իրականացված «Անկախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում» հետազոտությունը պարզել է, որ երիտասարդների համար լուրջ խնդիր է մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների սակավությունը: Երիտասարդների 24,3 %-ը չի ցանկանում շարունակել կրթությունը հենց այդ պատճառով: Մյուս կողմից` երիտասարդների գիտելիքները չեն երաշխավորում ըստ մասնագիտության աշխատանք գտնելը: Երիտասարդների միայն 35,4 տոկոս-ն է աշխատում իր մասնագիտությամբ:
Հասանելի է արդյո՞ք կրթությունը Հայաստանում բոլորի համար
Վահագը հիմա 24 տարեկան է… Երկու առարկա կրկնուսույցի մոտ պարապելու արդյունքում 2014-ին ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի ֆակուլտետներից մեկի վճարովի բաժին։ Ավելի քան 500 հազար դրամ ուսման վարձը վճարել արտագնա աշխատանքի մեկնած ու վարկերի ծանրության տակ կքած ծնողները չէին կարող։ Վահագը որոշեց անձամբ հոգալ ծախսերը, տեղախոխվեց հեռակա բաժին, այստեղ վարձը մի քիչ ավելի քիչ էր, ազատ ժամանակը՝ շատ։ Կարող էր ուսումն ու աշխատանքը համատեղել։ 2015-ին զորակոչվեց բանակ, 2017-ին զորացրվեց։ Ու քանի որ տարվա ընթացքում 2-3 ամիս էր դասի հաճախելու, որոշեց ինքն էլ մեկնի Ռուսաստան՝ ծնողների մոտ, աշխատի, նրանց հոգսը թեթևացնի, վարձն էլ վճարել կկարողանա։ Սակայն վարկերը տուգանքներն ավելացնում էին ու չէին պակասեցնում։ Ստիպված էր մեկ անգամ էլ տարկետման համար դիմում գրել, այս անգամ առանց հստակ ժամկետ նշելու։ 2019-ի առաջին կիսամյակի ավարտին Վահագը դեռ համալսարան վերադառնալ չի կարողանում, հիմա Երևանում է աշխատում, ամսական 150-170 դրամ գումար է ստանում, տրանսպորտի, սնունդի ծախսերը հոգալուց հետո գումար չի մնում, որ կարողանա հետ գցի ու ուսում ստանա։ «Որդիս ինչ գնով էլ լինի, պիտի կրթություն ստանա, մեր նման սևագործ աշխատանք չանի։ Երազանքներ ենք կապել իր հետ, լավ կլինի»,-ասում է նրա մայրը։
ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալների համաձայն, 2015-2019 թվականների ընթացքում նյութական անկարողության պատճառով ուսումնառությունն ընդհատել է 428 ուսանող։
Ուսման բարձր վճարը պահանջված մասնագետ դառնալու երաշխիք չէ
Վահագին հասակակից է Երվանդը։ Նրանք նույն տարում ընդունվեցին, Երվանդը՝ ԵՊՀ, կրկին վճարովի համակարգում։ 2016-ի ապրիլին Մարտակերտի դիրքերում էր։ Վերադարձավ, վարձը զեղչեցին, միջազգային մի ընկերությունն էլ ապրիլյանի մասնակիցներին անվճար դասընթացներ ստանալու հնարավորություն տվեց։ Երվանդն ասում է՝ դրանք իր համար շատ արդյունավետ էին, համալսարանում նման խորությամբ ու որակով չէր կարող կրթություն ստանալ։ ԵՊՀ-ում, միջազգային կազմակերպությունում ուսանելուն զուգահեռ աշխատանքի բազմաթիվ առաջարկներ ստացավ, սկսեց համատեղել։ Այս տարի նա ավարտեց բակալավրիատը, մագիստրատուրայում չի պատրաստվում շարունակել ուսումը։ Համոզված է, եթե մնար համալսարանի տված կրթության հույսին, ապա պահանջված մասնագետ չէր դառնա, ինչպես իր կուրսընկերներից շատերը։
Հայաստանի երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 ռազմավարության մոնիթորինգի և գնահատման հաշվետվության համաձայն, կրթության հետ կապված առավել հաճախ նշվող խնդիր առաձնացվում է կրթական համակարգի կոռուպցիան և կրթության ցածր որակը, մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև կապի խնդիրը: Կրթության որակի հետ կապված՝ մասնավորապես նշվում է վերապատրաստված որակյալ մասնագետների, արդիական գրականության, կիրառական հմտությունների ներառման պակասի մասին: Փորձագետները փաստււմ են, մեր կրթությունը ավելի շատ տեսական է, որը պրակտիկայից շատ հեռու է, և փայլուն գիտելիքներով երիտասարդը գործատուի մոտ է մտնում ու թվում է, որ ոչինչ չգիտի… Նշվում է նաև կրթության մատչելիության խնդիրը՝ պայմանավորված բարձր վարձավճարներով և ուսանողների համար հասանելի կրթաթոշակների պակասով, իսկ մարզային երիտասարդության դեպքում՝ հեռավորությամբ և տեղական բուհերում մասնագիտությունների սահմանափակ ցանկով:
Բարձրագույն կրթությունը լավ վաստակելու պարտադիր պայման չէ
«Ես իմ երեխեքի կարողությունները, ընդունակությունները գիտեմ, իրենք չուզեցին, մենք էլ չստիպեցինք, որ համալսարան գնան»,-ասում է հարևանուհիս, ում զույգ տղաները հայ-հունական քոլեջի խոհարարական բաժինն են ավարտել։Մայրը հպարտանում է որդիների հաջողություններով, կրթությունն անվճար է, տված գիտելիքը լավ, կարմիր դիպլոմով ավարտել են, պրակտիկայի ժամանակ էլ հյուրանոցներն ու ռեստորաններն իրար ձեռից էին խլում։ Հիմա որդիներից մեկը ծառայում է Տավուշում, մյուսը առողջական խնդիրների պատճառով ազատված է, մի քանի առաջարկներից ընտրել է իրեն հարմարն ու աշխատանքի անցել։ «Հիմա ասում է՝ ախպերս ծառայությունը վերջացնի, մեր սեփական բիզնեսն ենք դնելու։ Հայաստանում ինչի՞ պահանջարկն է բարձր։ Ռեստորանների»,-որդու ծրագրերի մասին հպարտությամբ պատմում է Մարիամն ու ավելացնում. «Հենա իմ քեռու թոռը միջազգայնագետի դիպլոմը դրել է գրպանն ու դաշտ է գնում, ի՞նչ անի»։
Հայաստանի երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 ռազմավարության մոնիթորինգի և գնահատման հաշվետվության մեջ այս խնդրին էլ անդրադարձ կա։ Մասնավորապես նշվում է՝ մեր երիտասարդները այսօր հստակ կողմնորոշված չեն՝ ո՞ր մասնագիտությունն ընտրեն, ինչու՞ ընտրեն այդ մասնագիտությունը: Առաջին գերխնդիրներից մեկը դա մասնագիտական կողմնորոշման համակարգի կայացումն է, նաև այդ մասնագիտությունների նկարագրերի բացակայությունն է։
Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից նշում են երիտասարդներին նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ուղղորդելու նպատակով մեկնարկել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման համակարգի ներդրումը։ 2017 և 2018 թվականներին «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի մասնագետների կողմից շարունակական կարգով իրականացվել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման պատասխանատուների վերապատրաստում, ինչպես նաև տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:Այդ ծառայությունից օգտվել են համակարգի ուսումնական հաստատություններում սովորող շուրջ 7500 սովորող:
Հ. Կարապետյան
Լ. Խոջոյան
Դիտումների քանակը` 1397