Ընտանիքի միջազգային օր. «Ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»

Աշխարհը մայիսի 15-ը նշում է որպես  Ընտանիքի միջազգային օր:  Օրը նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  որոշմամբ ՝  1993թ.-ից սկսած:  Հայկական պաշտոնական տոնացույցում այդ օրն 2011-ից ամրագրված է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում  որպես Ընտանիքի օր  :  Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվել է  նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության շարժիչ ուժը, պետք է գտնվի պետության հովանավորության և պաշտպանության ներքո: 

 

Այս տարվա Ընտանիքի միջազգային օրվա թեման է   «Ընտանիք, առողջ ապրելակերպ եւ կայուն ապագա»: Այն անմիջական կապ ունի կայուն զարգացման նպատակների հետ:  Ինչպես նշել է իր շնորհավորական ուղերձում  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ,  անհրաժեշտ է  կայուն զարգացման միջոցով ստեղծել  այնպիսի նպաստավոր միջավայր, որտեղ ընտանիքի բոլոր անդամներն, անկախ տարիքից, կարող են իրականացնել իրենց ներուժը `դրանով իսկ  նպաստելով  զարգացմանը ողջ աշխարհում:

 

Օրվա կապակցությամբ  հայ ընտանիքների խնդիրների  մասին  են  խոսել  տարբեր հարթակներից  սոցիոլոգներն ու հոգեբանները…

 

 

«Այսօր Հայաստանում յուրաքանչյուր երրորդ ընտանիքի հայրը ընտանիքից դուրս է գտնվում»…

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով,  այսօր Հայաստանում ընտանիքները լուրջ տնտեսական խնդիր ունեն:  «Տարբեր հարցումների համաձայն, իրենց աղքատ են համարում ընտանիքների 15-20 տոկոսը, համեստ ապրելակերպ ունեցող` մինչև 85 տոկոսը, ունևոր՝15 տոկոսը և այս  15 տոկոսից միայն 0, 02 տոկոսն է իրեն հարուստ համարում»:

 

Ընտանիքի խնդիրների շարքում տնտեսական գործոնն է կրեւորում  նաև հոգեբան Սամվել Խուդոյանը:  Նրա խոսքով, այսօր շատ տղամարդիկ չեն ամուսնանում, քանի որ բնակարանի խնդիր ունեն:  Սոցիալական խնդիրներով պայմանավորված բարձրանում է նաև ամուսնության տարիքը: Սամվել Խուդոյանի խոսքով այսօր, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հաճախակիացել են դեպքերը, երբ զույգերն ընտանիք են կազմում 30-40 տարեկան հասակում:

 

 

Սոցիոլոգ   Ահարոն Ադիբեկյանը մտահոգություն է հայտնում աշխատանքային  միգրացիայի խնդրով,  ինչի պատճառով, իր   տվյալներով, այսօր Հայաստանում յուրաքանչյուր երրորդ ընտանիքի հայրը ընտանիքից դուրս է գտնվում: «Դա նշանակում է մի քանի հարյուր հազար երեխա  մեծանում, դաստիրակվում են առանց հոր, ում դերակատարությունը շատ կարևոր է և հոգևոր, և վարքային, և սեռական դաստիարակության համար»,-նշում է Ադիբեկյանը ` հավելելով, որ հայրազուրկ ընտանիքները ռիսկային են համարվում:

 

Հոգեբան  Կարինե նալչաջյանը  նորաստեղծ հայ ընտանիքի համար ամենալուրջ խնդիրներից նույնպես համարում է   «հեռվացած» ընտանիքների խնդիրը, երբ  հայրը մեկնում է արտագնա աշխատանքի: Նրա խոսքով,  այդ հեռավորությունը բացասական է ազդում ինչպես ամուսինների, այնպես էլ երեխայի ու նրա հոգեկան զարգացման վրա, նույնիսկ եթե կա էմոցիոնալ կապվածություն ու որոշակի շփում: Երեխայի մոտ դա կարող է արտահայտվել թե բարդույթների ի հայտ գալով, թե հակառակ սեռի հետ շփման խնդիրներով ու ընտանիք ստեղծելու դժվարությամբ: «Երեխային միայնակ մեծացնող մայրերը, իհարկե, հերոսական կերպարներ են, սակայն հոր ֆունկցիան անփոխարինելի է, նրա բացակայությունը ոչ ոք լիարժեք չի կարող լրացնել»,­  – ասում է   Նալչաջյանը:  Նրա խոսքով,  ծնողների հարաբերությունները երեխայի համար օրինակներ են. եթե մոդելներն աչքի առաջ խաթարված են, կամ առավել ևս` չկան, մարդն իր անձնական կյանքը ստեղծելիս կարող է շատ լուրջ դժվարությունների առաջ կանգնել:

 

Նույն կարծիքի է  ՀՀ Արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի տնօրեն, «Սոցիալական արդարություն» ՀԿ­-ի սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը: Նրա  դիտարկմամբ  արդեն հաջորդ սերնդի մեջ ակնհայտ երևալու են այն երեխաները, ում կյանքում հայրը բացակայել է. առաջին հերթին՝ կձևավորվի սխալ պատկերացում ընտանիքի մոդելի մասին, մյուս կողմից` միգրանտ հոր երեխան ևս հակված է դառնալու միգրանտ:

 

« Հայկական ավանդական ընտանիքի մոդելը փոխվել է»…

 

Հոգեբան Իրինա Ծատուրյանը ՝ հիմնվելով  սեփական հետազոտությունների վրա նշում է , որ  հայկական ավանդական ընտանիքի մոդելը 1988 թվականից հետո փոխվել է: Նրա խոսքով  ղարաբաղյան պատերազմը, սոցիալական վիճակը, աշխարհում տեղի ունեցած փոփոխություններն հայկական ընտանիքների վրա ազդեցություն են ունեցել:   «Պատերազմում ունեցանք զոհեր, եղան նաև վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղամարդիկ, որն իր հետ բերեց այն վիճակը, երբ կինը նույնպես դարձավ ընտանիքի կերակրող: Սա բերեց իր հետ նոր խնդիրներ»,- ասում է  հոգեբանը:

Նրա  խոսքով, եթե մինչև 1988 թվականը Հայաստանում ամուսնալուծությունները մտահոգող   տոկոս չէր կազմում, այժմ իրավիճակն այլ է: Այսպես,  2013-ին 1000 ամուսնության դեպքում  գրանցվել է 205 ամուսնալուծություն:  Ըստ հոգեբանի, Հայաստանում ամուսնալուծությունների պատճառները տարբեր են:  Դրանց   մի մասն ընդհանուր են, նաև մյուս երկրներին են բնորոշ, սակայն կան միայն Հայաստանին հատուկ պատճառներ:  Նրանց թվում են,   տղամարդկանց արտագնա աշխատանքը,  ծնողների կողմից միջամտությունը:

 

«Մեր ընտանիքներում կապվածությունը ծնողի ու երեխայի միջև երբեմն այնքան ուժեղ է լինում, որ հոգեբանական տեսակետից բացասաբար կարող է ազդել: Ի տարբերություն եվրոպական ընտանիքների` հայ երեխան ավելի ուշ է հեռանում ծնողից, թուլացնում կապվածությունը»,­-  նշում է, իր հերթին,  հոգեբան  Կարինե  Նալչաջյանը`ընդգծելով, որ ինչպես խնամքի պակասը, այնպես էլ ավելցուկն է վնասակար. ծնողական դերը ճիշտ կատարելը որոշակի իմաստություն է պահանջում: Դրա հետ մեկտեղ նա  ընտանիքի մոդելների մեջ դրական փոփոխություններ է տեսնում: Օրինակ,  ծնողները հիմա ավելի հեշտությամբ են ընդունում նորապսակների` առանձին ապրելու որոշումը: Նորաստեղծ ընտանիքներն ավելի նախաձեռնող ու ակտիվ են, քան ավագ սերունդը, դա պայմանավորված է նաև ժամանակներով: Նաև սերտացել է շփումն ու փոխազդեցությունը արտաքին աշխարհի, այլ ազգերի ու մշակույթների միջև, թվարկում է հոգեբանը:

 

Սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը  խոսելով  ընտանեկան դերերի փոփոխության մասին, նշում է, որ  հասկանալու համար` արդյո՞ք նոր սերնդի ընտանիքներում կնոջ ու տղամարդու դերերը սկսել են հավասարվել, հարկավոր է նախ ընդունել  գենդերային հավասարության գաղափարը, որը  ենթադրում է իրավունքների եւ հնարավորությունների հավասարություն, այլ ոչ թե ֆիզիկական հավասարություն: Նրա խոսքով,  Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, իր մեջ կրում է և Արևելյան, և Արևմտյան մշակույթներ:  Օրինակ, կրթության նկատմամբ վերաբերմունքով մենք ավելի եվրոպական ենք, սակայն կենցաղն ավելի մոտ էլ արևելյանին:Նրա համոզմամբ` հարկավոր չէ խուսափել այս կամ այն ազգից ինչ­որ սովորույթներ փոխառելուց. ցանկացած ինստիտուտ, հատկապես` ընտանիքը, պետք է լինի բաց: Կարելի է զուգահեռաբար պահպանել լավ ավանդույթները, որոնք  սեր, հարգանք ու փոխադարձ օգնություն են ենթադրում եւ ձերբազատվել անբովանդակ արժեքներից,  ինչպիսին են որոշ ծիսակատարություններ,  օրինակ` «կարմիր խնձորը»:

 

 

Սոցիոլոգի դիտարկմամբ, ընտանիքը հիմա ամբողջ աշխարհում ճգնաժամի մեջ է իր կայունության, դերի ու առաջնայնության իմաստով, բայց հայ ընտանիքները ունեն աջակցության ու հզորացման կարիք: «Պետական հովանավորության մակարդակով նման քայլերն ու աջակցությունը տեսանելի չեն,   մինչդեռ դա պիտի լինի մեր առաջնային նպատակներից մեկը, որովհետև ուժեղ մարդիկ մեծանում են ուժեղ ընտանիքներում»,­- ասում է  Հովակիմյանը:

 

 

 Պատրաստեց` Մարիաննա Ղահրամանյանը

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում

Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

Դիտումների քանակը` 4789

Գլխավոր էջ