Բռնություն` կանանց նկատմամբ․ գոյություն ունի՞, արդյոք, նման խնդիր մեր ընտանիքներում

 

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների ամենածանր խախտումներից մեկը:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կանանց սպանությունների մոտավորապես 40%-ը կատարվում է արական սեռի զուգընկերոջ կողմից, ընդ որում՝ ամբողջ աշխարհում  3 կանանցից մեկն  իր կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական բռնության: Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը  կարող է արտահայտվել տարբեր ձևերով, ինչպես օրինակ՝ ֆիզիկական բռնությամբ, սեռական ոտնձգությամբ  կամ աղջիկներին անցանկալի ամուսնության հարկադրմամբ: Ֆիզիկական վնասվածքներից բացի այն առաջացնում է վախ, պատճառում տառապանք և բերում է ինքնավստահության կորստի: Այն նաև բացասաբար է անդրադառնում կանանց ընդհանուր ինքնազգացողության վրա և թույլ չի տալիս նրանց լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին: Կանանց նկատմամբ բռնությունը համաշխարհային երևույթ է և հանդիպում է աշխարհի բոլոր վայրերում ու  հասարակության բոլոր մակարդակներում։

 

 

Մանկությանս հիշողությունները միշտ չէ, որ բարի, անհոգ ու վարդագույն էին։ Բավական է հիշել մեր հարևան Արինային, ով մեծ, շատ մեծ ընտանիքի հարս էր․ սկեսուր, սկեսրայր, ամուսնու երկու քույր և եղբայր, իր ամուսինն ու երկու երեխան․միասին՝ ինը հոգի։

 

 

Հիշում եմ Արինային և նրա փռած երկար լվացքը, ավելի ճիշտ՝ առավոտից երեկո լվացք անելը։ Փոքրամարմին, սպիտակամաշկ, նուրբ ձեռքերով հարսիկը իրեն մաշում էր՝  ընտանիքի հոգսը փխրուն ուսերին տանելով։ Արինայի հոգու տվայտանքը մի օր աչքերովս տեսա, երբ թմրադեղերի ազդեցության տակ տուն եկած ամուսինը նրան ծեծեց։ Երեխաների աղմուկ-աղաղակը ամբողջ   թաղի ուշադրությունն էր գրավել, ու ոչ ոք ոչինչ չէր կարող անել։ Մի փոքր լռությունից հետո Արինային տեսանք մեր տան շեմին՝  դողացող երկու  մանկան հետ։  Մայրս իսկույն նրան թաքցրեց պահարանում։ Քիչ հետո հայտնվեց մոլագար ամուսինը, ով հանդարտվելու` մորս հորդորներին ուշադրություն չէր դարձնում։ Ապա ձայներ լսելով պահարանից, բացեց դուռը և կնոջ մազերից քաշելով , տարավ տուն։ Եվ այդ ամենը մեր ՝ դաժանությանը և բռնությանը դեռևս անծանոթ երեխաների աչքի առաջ։

 

 

Ժամանակի ոլորաններում հայ կնոջ կերպարը, դերն ու ազդեցությունը, կարելի է ասել, նվազում է, աղոտանում, լղոզվում․․․անվանեք՝ ինչպես կուզեք։ Առանց սոցիոլոգիական հարցումների էլ պարզ է՝ ստրկամտությունը բավականաչափ արմատացել է տղամարդկանց ու կանանց մեջ։ Պատճառահետևանքային կապերի մեջ չխորանալով՝ հաճախ ենք ականատես լինում բռնակալ տղամարդու, ով նույնպես իր ստրկամտությունից է բռնակալ,  ընտանիքը կառավարելու, իր հետևից տանելու ոչ մի միջոց չիմանալով՝ բռունցք է բարձրացնում։ Շղթան շարունակվում է այդպիսի ընտանիքներում մեծացած երեխաներով, ովքեր ընտանիքի միայն մեկ մոդել գիտեն։

 

 

Հաճախ են կանայք զոհ դառնում իրենց իսկ ընտանիքում, այն ընտանիքում, որտեղ նրանց պիտի մեծարեին, սիրեին ու փայփայեին։

 

 

Մենք  կորցնում ենք բարեհաջող ընտանիքի հայկական մոդելը, որովհետև կորցնում ենք հայ ընտանիքի հիմք հանդիսացող քրիստոնեական արժեքները։ Եվ սա ամենևին էլ պաթոսային միտք չէ, այլ կորստյան ցավի արտահայտում։ Ինչքան էլ փորձեր արվեն բռնության դեմ օրենքներով այս մեխանիզմը կանգնեցնելու, միևնույն է, այն կշարունակվի ու բռնակալը՝ հարբած կամ թմրադեղերի ազդեցության տակ, կամ մի ուրիշ հանգամանքում, ներքին զսպողական լծակներ չի ունենա ու իր ամբողջ ցասումը կթափի  թույլերի՝ կնոջ ու երեխաների վրա։

 

 

«Այրեր, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին, ու իր անձը մատնեց նրա համար»  (Եփես․ 5:23)։ Քրիստոնեական արժեքներն իրավ ցույց են տալիս, ըստ իս, ընտանիքի լավագույն մոդելը։ Երբ Աստված Ադամին կին պարգևեց և օգնական անվանեց,  ոչ թե կնոջն ավելի  ցածր համարելով արեց, այլ դրանով ցույց տվեց, որ տղամարդն անկատար է, նա շատ կարևոր մեկի՝ օգնականի կարիք ունի։ Աստվածաշունչը հաստատում է․ «Քրիստոսով խտրություն չկա տղամարդու և կնոջ միջև»։

 

 

Պատմածս կանանց նկատմամբ կիրառվող բռնության օրինակներից ընդամենը մեկն է։ Իսկ որքա՜ն շատ են դրանք․․․

 

 

                                                                                              Արմինե Բաղդասարյան 

 

 

***

 

Նյութը պատրաստվել է  Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից  իրականացվող 

«Քաղաքացիական լրագրություն և քաղաքացիական ակտիվիզմ՝ կանանց համար» ծրագրի շրջանակում:  

 

Դիտումների քանակը` 1973

Գլխավոր էջ