Կին թեկնածուները ընտրական ցուցակներում միջինում  36,2% են կազմում / ինֆոգրաֆիկա

 

Քաղաքապետի 12 թեկնածուներից  երեքը կանայք են

 

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններն արդեն իսկ նշանավորվել են նրանով, որ մասնակից 12 քաղաքական ուժերից երեքի ցուցակները կանայք են գլխավորում՝ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Թարխանյանը: Դա առաջին դեպքն է  Երևանի ավագանու ընտրությունների պատմության մեջ:

 

 

Հիշեցնենք, որ ԿԸՀ –ի որոշմամբ,  Երևանի ավագանու առաջիկա    ընտրություններին մասնակցելու է 12 ուժ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք.

 

  1. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցություն
    2. ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ դաշինք
    3. ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ դաշինք
    4. «ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» կուսակցություն
    5. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն
    6. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» կուսակցություն
    7. «ԻՄ ՔԱՅԼԸ» դաշինք
    8. «ԼՈՒՅՍ» դաշինք
    9. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն
    10. «ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) կուսակցություն
    11. «ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐ» կուսակցություն
    12. «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» կուսակցություն։

 

Նշենք,  որ գրանցման ժամկետն ավարտվել էր սեպտեմբերի 3-ին, և մինչ այդ մեկ կուսակցություն՝ ՀԺԱՄ-ը հետ պահանջեց փաստաթղթերը, հրաժարվելով հետագա ընտրապայքարին մասնակցելուց։ Բացի այդ երեք քաղաքական ուժերից երեք թեկնածուներ տարբեր փաստաթղթեր չներկայացնելու հիմնավորմամբ չգրանցվեցին, նրանցից մեկը կին էր։ 

 

 

30%-ը, ըստ էության, անցած էտապ է կուսակցությունների համար

 

 

Ինչպես հայտնի է, գալիք ընտրություններին կին թեկնածուների ներկայացվածությունն ընտրական ցուցակներում  կարգավորվելու  է  Ընտրական օրենսգրքով սահմանված  նախկին  քվոտայով և չի կարող պակաս լինել քան 25%-ը: Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված քննարկումների ընթացքում,  որոշ քաղաքական ուժեր մեծ վերապահումով էին վերաբերվում ընտրական ցուցակներում սեռերի 40/60 հարաբերակցություն ամրագրելու առաջարկներին՝ պատճառաբանելով դա կանանց ներուժը ներգրավելու հետ կապված խնդիրներով։

 

 

Դիտարկելով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում կին թեկնածուների  ներկայացվածությունը կարելի է փաստել, որ իրականում կանանց  ներուժի հետ կապված մտահոգությունները խիստ չափազանցված են: Քաղաքական ուժերը միջինում 36,2%  կին թեկնածուներ են ներկայացրել:  Դա ավելին է, քան  գործող Ընտրական օրենսգրքով սահմանված  25%-անոց քվոտան և փոփոխություններով առաջարկվող 30%-ը, որն , ըստ էության, անցած էտապ կարելի է համարել:

 

 

Թեպետ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը՝ բարի կամք դրսևորելով, միջինում ներկայացրել են իրենց ցուցակներում  36.2% կին թեկնածուներ, սակայն ցուցակների առաջին հնգյակներում  կին թեկնածուները  25% են կազմում, իսկ առաջին տասնյակներում  30.8%: Այստեղից կարելի է եզրակացնել, որ կուսակցություններն իրականում խնդիր ունեն ոչ թե կանանց ներգրավելու, այլ առաջնային դիրքերում նրանց ներկայացնելու հետ: 

 

 

Քաղաքական ուժերից կեսը 40-50% կին թեկնածուներ  են ներկայացրել

 

 

Ընտրություններին մասնակից 12  քաղաքական ուժերից կեսը ներկայացրել են իրենց ցուցակներում 40-50% կին թեկնածուներ: Առավել մեծ թվով կանայք՝ 51% ներկայացված են «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից։ Առավել քիչ կանայք են ներկայացված «Իմ քայլը» դաշինքի ցուցակում՝ 28.8 %։ Մինչդեռ հեղափոխության օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շատ էին խոսում որոշումների կայացման գործընթացում կանանց դերի ու մասնակցության մեծացման անհրաժեշտության մասին։  Նշենք, որ ԸՕ փոփոխությունները քննարկելիս ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն առաջարկում էր կանանց ներկայացվածությունը բարձրացնելու նպատակով  սահմանել  ընտրական ցուցակներում  60/40 համամասնության տարբերակը։

 

 

Կանանց ներկայացվածությունը  գերազանցում է 45%-ը «Երկիր Ծիրանի» (51%) , «Օրինաց երկիր» կուսակցությունների ( 45.6%) և «Երևանի հանրություն» դաշինքի (45.6%) ընտրական ցուցակներում, դրանց հետևում են  «Ժառանգություն» (43.7%) ,«Ռեֆորմիստներ» ( 41.3%) կուսակցությունները, «Երևանցիներ»  դաշինքը ( 41.5%)։  Կանայք 30%-ից ցածր  ներկայացվածություն ունեն «Իմ քայլը» դաշինքի ու ՀՅԴ-ի ցուցակներում։

 

 

 

Առաջին տասնյակում առավել շատ՝ 50% կին թեկնածուներ են ներկայացրել «Երևանի հանրություն» դաշինքը և «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, նրանց հետևում են  «Լույս»  դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որոնց առաջին տասնյակներում կին թեկնածուները  40% են կազմում։

 

 

Ինֆոգրաֆիկան ամբողջությամբ այստեղ 

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Դիտումների քանակը` 3112

Գլխավոր էջ