«Աշխարհի բնակչությունը  2017» . վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում

Հայաստանը դրական համատեքստում է հիշատակվում

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ներկայացրել է «Աշխարհի բնակչությունը 2017»  զեկույցը՝ վերնագրված «Անջատ աշխարհներ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում»:

 

Զեկույցն ընդհանրապես անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր  ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը,  ներկայացնելով  զեկույցը, նշեց, որ Հայաստանն առաջին անգամ որոշ ուղղություններով հայտնվել է առաջատար դիրքերում: Մասնավորապես, Հայաստանի հաջողված պատմությունը ներկայացված է որպես հղիների խնամքի և առողջապահական ծառայությունների մատչելիության առումով անհավասարությունների կրճատման լավագույն օրինակ: 

 

 

Եկամտային անհավասարություն

Եկամտային անհավասարության առումով աշխարհի 25 ամենահավասար երկրներից տասն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում են, որոնց թվում է նաև Հայաստանը։  Այդուհանդերձ, այստեղ էլ անհավասարություն առկա է թե՛ երկրների միջև, թե՛ երկրների ներսում:

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում եկամտային անհավասարությունն ամենամեծն է Թուրքիայում: Աշխարհում ամենամեծ տնտեսական անհավասարությունը Հարավային Աֆրիկայում է, ամենափոքրը՝ Ուկրաինայում:

 

Մայրական մահացություն

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը վերարտադրողական առողջության հասանելիությամբ  աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ երբ 2008 թվականին  Հայաստանում ներդրվեց  ծննդօգնության պետական հավաստագրերը՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ, գրեթե կրկնակի ավելացել է մայրական խնամքին ուղղվող հատկացումները: «Այդ ժամանակից ի վեր մեր երկրում  հղի կանանց 99 տոկոսից ավելին մասնագետների հսկողության տակ են և անցնում են անհրաժեշտ բոլոր թեստավորումներն ու խորհրդատվություն ստանում: Հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացել է անհավասարությունը։ Այս առումով Հայաստանը լավագույն դիրքերում է»,- նշեց Գարիկ Հայրապետյանը:

 

Մայրական մահացության ցուցանիշը ևս Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցել. մասնավորապես, 2000 թվականից հետո 3 անգամ նվազել է մայրական մահացությունը: Եթե 2000 թվականին յուրաքանչյուր 100,000 առողջ ծնունդի դիմաց գրանցվում էր մահվան ելքով 60-ից ավելի դեպք, ապա 2015 թվականին՝ 19.6 մայրական մահացության դեպք:

 

Կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությունը

 

Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհավասարությանը, ապա, ըստ  Գարիկ Հայրապետյանի,  ամբողջ աշխարհում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք կա՝  ի վնաս կանանց: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում:

 

Ըստ նրա՝ Հայաստանը Ադրբեջանի և Ալբանիայի հետ գտնվում է ավելի բարվոք վիճակում:  «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է 36%։  Այսինքն՝ կանայք 36 տոկոսով ավելի քիչ եկամուտ ունեն, քան տղամարդիկ: Հայաստանը միջինից մի քիչ ցածր է, բայց տարածաշրջանում ամենավատ դիրքերում չէ»,- նշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

 

Ինչ վերաբերում է տղամարդկանց և կանանց կրթության և աշխատանքի իրավունքին, Գարիկ Հայրապետյանն ասաց, որ ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է, Հայաստանում ու Վրաստանում վիճակը գրեթե նույնն է. «Ադրբեջանում կարծում են, որ միայն տղամարդը պետք է աշխատանք ունենա: Մեկ տարբերություն կա. կանանց կրթություն ունենալու ցուցանիշն այնտեղ ավելի բարձր է, բայց աշխատանքային իրավունքն  իրացնելու ցուցանիշն այդքան էլ բարձր չէ»։

 

Հայաստանում էլ, ըստ նրա, գտնում են, որ առաջնայինը տղամարդը պետք է աշխատանք ունենա, իսկ կրթության առումով էլ մեր երկրում  մտածում են, որ թե կինը, թե տղամարդը պետք է հավասարաչափ կրթություն ստանան.  «Այսինքն՝ մարդիկ Հայաստանում կարևորում են կանանց կրթություն ունենալու հանգամանքը, քանի որ գործում է ԽՍՀՄ-ից մնացած ավանդույթի ուժը։ Դրա հետ մեկտեղ դիպլոմը կնոջ համար  այն ժամանակվանից ի վեր դիտարկվում է որպես օժիտի կարևորագույն բաղկացուցիչ»:

 

Դեռահասների հղիություն

 

Զեկույցում տվյալներ են ներառված նաև դեռահասների հղիության վերաբերյալ: ԱԵԿԱ տարածաշրջանում վաղ տարիքում ծննդաբերությունների առումով առաջատարն Ադրբեջանն է։ 1000 15-19 տարեկան կնոջ հաշվով Ադրբեջանում 62 դեռահաս է ծննդաբերել, Հայաստանում այդ ցուցանիշը 23 է: Միայն Ադրբեջանում է, որ վերջին 15 տարիներին այդ ցուցանիշը բարձրացել է, մնացած բոլոր երկրներում այդ ցուցանիշը նվազել է։

 

Բնակչության աճ

 

Գարիկ Հայրապետյանն, արձագանքելով Հայաստանում 2040 թ-ին 4 մլն բնակչություն ունենալու մասին ՀՀ նախագահի հայտարարությանը, ասաց, որ ժողովրդագրական ու միգրացիոն ներկայիս միտումների պահպանման պարագայում 4 միլիոնի հասնելը շատ դժվար հասանելի նպատակ է: Նրա խոսքերով՝  եթե ոչ մի լուրջ միջոցառում չձեռնարկվի,  և ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 2035 թվականին  բնակչությունը կլինի 2,5-2,6 մլն-ի սահմաններում:

 

Հիմնադրամի հաշվարկների համաձայն՝ եթե բնակչության թվաքանակի մեծացման համար երկրում շատ լուրջ միջոցառումներ ձեռնարկեն՝  ծնելիության բարձրացում,
ներգաղթի խթանում, ապա լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ:  «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց, իհարկե, դրան հասնելը շատ բարդ է: Այդ ցուցանիշին հասնելու համար պետք է հենց երեկվանից  սկսեինք լուրջ ներդրումներ անել: Օրինակ՝ Եվրոպայում դա հաջողվեց անել սկանդինավյան պետություններին ու Ֆրանսիային: Սկանդինավյան երկրներում 25 տարում ծնելիության ցուցանիշն աճել է 1,4-ից մինչև 1,9 անգամ, և սա լուրջ առաջընթաց է համարվում: Այս երկրներում ոչ թե ուղղակի փողի միջոցով խրախուսեցին ծնելիությունը, այլ այնպես արեցին, որ կինը չվախենա  հաջորդ երեխան ունենալուց, այսինքն՝  չի կորցնի  աշխատանքը, կարիերան չի տուժի և այլն: Սկանդինավյան երկրներում  հայրերը նույնպես կարող են երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնել», – նշեց Գարիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ  Հայաստանում նույնպես նման օրենք կա, բայց, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մինչ օրս այդ իրավունքից  ընդամենը երկու մարդ է օգտվել:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի խոսքերով՝ պետք է մեր երկրում էլ այնպես անել, որ Հայաստանում հաջորդ երեխա ունենալու որոշումը ընտանիքի համար չլինի ռիսկային և աշխատանքային, և ծնողական պարտավորությունները համատեղվեն: Այստեղ, ըստ Գարիկ Հայրապետյանի, կարևոր է նաև մանկապարտեզների, ցերեկային խնամքի կենտրոնների և դայակի ինստիտուտի դերը:

 

Նշենք, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում մինչև 2040 թվականը 4 մլն բնակչություն ունենալը:  Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստան-Սփյուռք համաժողովում  լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով հարցին, թե այս տեմպերով աշխատելու դեպքում հնարավո՞ր  է 2040 թվականին Հայաստանի բնակչության  թիվը հասցնել 4 մլն-ի, դրական պատասխան էր տվել. «Այո, եթե մենք տնտեսության աճ ապահովենք, եթե աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ գործ անելը, շուկան մեծացնենք, համարում եմ հնարավոր: Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ, եթե ճիշտ քայլենք»:

 

Մ. Մարգարյան

Դիտումների քանակը` 4603

Գլխավոր էջ