Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրված աջակցության գնահատում. հետազոտություն
Օրերս Վորլդ Վիժն Հայաստան (World Vision Armenia) կազմակերպությունը ներկայացրեց հանրությանը «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մասնավորապես կանանց և աղջիկներին տրամադրված աջակցությանը վերաբերող քաղաքականության և փորձի մասին» հետազոտության արդյունքները, որոնք կարևոր նշանակություն ունեն սոցիալական աջակցության ոլորտը համակարգելու, արտակարգ իրավիճակներում դրա արդյունավետությունն ու հասցեականությունն ապահովելու համար: Հետազոտությունը իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի «Կանայք, անվտանգություն, խաղաղություն» բաղադրիչի շրջանակներում:
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված անձանց տրամադրվող աջակցությունը կարգավորող օրենսդրությունը, քաղաքականությունը, վերհանվել են խնդիրները, ամփոփվել և ներկայացվել են առաջարկություններ այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
Ուսումնասիրվել է նաև նշյալ ժամանակահատվածում տրամադրված սոցիալական աջակցության ծառայությունների գենդերային զգայունությունը՝ հաշվի առնելով մարդասիրական օգնության ընթացքում կանանց և տղամարդկանց, աղջիկների և տղաների հավասար հասանելիությունը ծրագրերին և ծառայություններին ապահովելու և որոշումների կայացման գործընթացում հավասար հնարավորություններ ստեղծելու կարևորությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների և այլ նախարարություններից, միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակում ակտիվ մասնակցություն ունեցած համայնքի սոցիալական աշխատողներ և այլ դերակատարներ։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության Ազգային տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Հետազոտության արդյունքները ներկայացրեցին փորձագետներ Էլեոնորա Տարախչյանը, Անի Ջիլոզյանը, ՀՀՍԾ ծրագրի «Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն » ծրագրի բաղադրիչի ղեկավար Սևան Պետրոսյանը:
Հետազոտող Էլեոնորա Տարախչյանի խոսքով ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվել է տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացն ապահովող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և ներպետական կազմակերպությունների գրավոր հարցումների, նշված մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, կամավորների, գենդերային փորձագետի հետ անցկացրած հարցազրույցների, ինչպես նաև տեղահանված կանանց և աղջիկների հետ անցկացրած ֆոկուս-խմբային քննարկումների միջոցով:
Հետազոտման ընթացքում ուսումնասիրվել է նաև տեղահանված անձանց սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ՀՀ միգրացիայի ծառայության հայեցակարգը, հանրամատչելի նյութեր և փաստաթղթեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղահանված անձանց աջակցության գործընթացում իրականացված կարևոր միջոցառումներին, որոնք կարող են նախադեպ հանդիսանալ հետագայում նմանատիպ իրավիճակներում կիրառելու համար:
Հետազոտողների գնահատմամբ կարևոր միջոցառումներից էին.
- Ընդունիչ-բաշխիչ կայանի ստեղծումը,
- ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի կառավարության օպերատիվ շտաբի ստեղծումը,
- տեղահանված անձանց խնդիրների արագ արձագանքման և անհրաժեշտ ուղղորդմանը ծառայող «117» հեռախոսահամարով թեժ գիծը,
- տեղահանված անձանց հյուրընկալած անձանց վերաբերող պետական սոցիալական աջակցության միջոցառումների սահմանումը,
- միջգործակալական արձագանքման ծրագիրը,
- վաուչերների կիրառման պրակտիկան՝ կոնկրետ խանութներից որոշակի գումարի սահմաններում սահմանված ապրանքատեսակներ գնելու համար,
- տեղահանված անձանց ընդունող համայնքին սոցիալական աջակցության տրամադրումը,
- տեղահանված անձանց երեխաների կրթության շարունակականության ապահովումը,
- ՀՀ միգրացիայի ծառայության հայեցակարգի ընդունումը:
Փորձագետի ներկայացմամբ հետազոտման ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ հետազոտողները առաջարկություններ են արել:
Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ պատերազմի օրերին և հետպատերազմական իրավիճակներում տեղահանված անձանց աջակցության տրամադրման բարելավման նպատակով անհրաժեշտ է ՝
- նախատեսել համապատասխան իրավակարգավորումներ աջակցության ծառայությունների (օր. կամավորների աշխատանքի) առանձնահատկությունների, որոշ հասկացությունների (oր, «տեղահանված անձ» հասկացության) սահմանման վերաբերյալ,
- մեծացնել համայնքներում սոցիալական աշխատողների թիվը,
- ընդլայնել տրամադրվող սոցիալական ծառայությունների շրջանակը, այդ թվում՝ հոգեբանական ծառայությունների և զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի ներդրման անհրաժեշտություն,
- ստեղծել տեղահանված անձանց վերաբերյալ մեկ միասնական ն ամբողջական տեղեկատվական բազայ, որը պարբերաբար կթարմացվեր
- ստեղծել համապատասխան տեղեկատվական հարթակներ աջակցություն տրամադրողների և շահառուների վերաբերյալ,
- մշակել և ներդնել պետության կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների և ծրագրերի մոնիթռրինգի ն գնահատման արդյունավետ մեխանիզմներ,
- բարելավել ճշգրիտ տեղեկատվության տրամադրման գործիքները։
Միևնույն ժամանակ շատ կարևոր է ապահովել ողջ գործընթացում գենդերազգայուն մոտեցումները, քանի որ և՛ աջակցության տրամադրման ընթացքում, և՛ հետճգնաժամային՝ վերականգնողական փուլերում կանանց մասնակցության ապահովումը երաշխիք կարող է հանդիսանալ սոցիալական աջակցության ողջ համակարգն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու համար։
Հետազոտության արդյունքներին և առաջարկներին գենդերային զգայունության տեսակետից անդրադարձավ փորձագետ Անի Ջիլոզյանը: Ըստ նրա, հետազոտության ընթացքում կարևորվել է գենդերազգայուն մոտեցումը, քանի որ կանայք և աղջիկներն ունեն յուրահատուկ խնդիրներ, որոնք նման պայմաններում նրանց դարձնում են խոցելի, դառնալով այլ խնդիրների պատճառ: Առաջարկություն է եղել գենդերային վերլուծության հիման վրա մշակել թիրախավորված գործողություններ, որոնք կհամապատասխանեն կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների կարիքներին, ապահովելու նրանց հասանելիությունը սոցիալական ծրագրերին և ծառայություններին:
Օրինակ, օգնության փաթեթների պարունակությունը պետք է համապատասխանի և բավարարի իրենց և իրենց ընտանիքների կարիքները՝ ընդհուպ հիգիենան, սնունդը և այլն: Կամ տեղահանված անձանց տրամադրվող սանիտարահիգիենիկ տարածքնեը պետք է բավարարեն կանանց, երեխաների և խոցելի խմբերի կարիքները թե՛ հավասար հասանելիությունը խթանելու , թե՛ հիվանդությունների և բռնությունների ռիսկը նվազեցնելու համար:
Կանոնավոր տնտեսական գործունեությանը մասնակցելու համար կանայք պետք է հավասար հասանելիություն ունենան այնպիսի ռեսուրսների՝ ինչպիսիք են վարկը, ուսուցումը և այլն: Այս ամենը ապահովելու համար կանանց կազմակերպությունները մեծ դեր են խաղում, քանի որ այդ կազմալերպություններն անմիջական կապ են ստեղծում համայնքներում, ապահովելով խորհրդատվություն, կրթության և կենսաապահովման ծրագրեր:
«Կանայք, անվտանգություն, խաղաղություն» բաղադրիչի ղեկավար Սևան Պետրոսյանի ներկայացմամբ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունն իր «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում արդեն իսկ աշխատում է հետազոտության առաջարկություններում հնչեցված ուղղություններով: Կազմակերպությունը համագործակցում է պատասխանատու գերատեսչությունների հետ և իրականացնում է շահառուների ուղղորդում, խոցելի իրավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովում, համայնքային սոցիալական աշխատողների համար անհրաժեշտ գործիքակազմերի մշակում և աշխատանքային պայմանների ապահովում, մարդասիրական օգնության տրամադրում և այլն: Սևան Պետրոսյանի դիտարկմամբ, ելնելով ուսումնասիրության արդյունքներից, CLASS ծրագիրն շարունակելու է աշխատանքը համայնքների սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, արտակարգ իրավիճակներում միջոլորտային փոխգործակցության հարթակների ստեղծման և սոցիալական արդյունավետ պաշտպանության երաշխավորման ուղղությամբ: Շարունակելու է նաև նպաստել տեղահանված կանանց ու աղջիկների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև համագործակցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ սոցիալական պաշտպանության համակարգի գենդերային զգայունությունն ու հասցեականությունն ապահովելու համար: Ըստ Սևան Պետրոսյանի, հետազոտության արդյունքերը հուշում են բոլոր վերոնշյալ ուղղություններով կենտրոնանալու անհրաժեշտությունը ու կարևորությունը:
Ուսումնասիրության արդյունքների ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում ձևավորված փորձի, առկա խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ, որի արդյունքում ձևավորված առաջարկների մասով համատեղ աշխատելու պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ, ոլորտային կարևոր փոփոխություններ իրականացնելու նպատակով։
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 689