«Քաղցր կենացներ են ասում մայրերի հասցեին, իբրև թե մեծարում նրանց, բայց իրականությունն այլ է…»
«Մայրության նպաստի» մասին օրինագծի բուռն քննարկումը Ազգային ժողովում
Այսօր Ազգային Ժողովում սկսվեց կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը, որը ինչպես և սպասելի էր, բուռն բանավեճի վերածվեց: Քննարկման ընթացքից հասկանալի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը նախագիծը մերժում է: Նրանց խոսքով, օրինագծի միակ դրական ձեռքբերումը դա չաշխատող կանանց նպաստի տրամադրումն է, այն էլ 2016-ից միայն, այնպես որ կառավարությունը դրա համար չէ, որ շտապում է արտահերթ ռեժիմով նոր օրենք ընդունել:
Ուշագրավ է, որ քննադատական խոսք հնչեցրեցին ոչ միայն ընդդիմադիրները, այլև քաղաքական մեծամասնությունը ներկայացնող որոշ կանայք: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով օրինագծի շուրջ ի սկզբանե ծավալված աղմուկին, քննադատեց տղամարդկանց, ովքեր, նրա ասելով, քաղցր կենացներ են ասում մայրերի հասցեին, իբրև թե մեծարում նրանց, բայց իրականությունն այն է, որ հղի կանայք, մայրերը հասան Ազգային Ժողովի դարպասների մոտ, բողոքեցին Կառավարության շենքի դիմաց: Մինչդեռ հատկապես այդ կանայք, կանայք, ովքեր պատրաստվում են մայրանալ պետք է պետության հոգածությունը զգան, ու եթե չեն զգում, ապա հետագայում շատ հնարավոր է այլևս չեն ցանկանա մայրանալ: Աճեմյանի խոսքով, շատ երկրներում ծնելիությունը իրական աճ է արձանագրում օրենսդրական կարգավորումների շնորհիվ, բայց արդյո՞ք այս օրենքով հղի կանանց համար ստեղծվում են պայմաններ.
«Մեզ համար ամոթալի էր այս մեկ ամսվա քննարկումը: Մենք շատ թերացել ենք, և ես կարծում եմ, որ նաև այս օրենքով մենք չենք լուծելու խնդիրները: Խոսքը չնչին գումարի մասին է, որով կինը նույնիսկ «փամփերսի» հարցը չի կարողա հոգալ: Եվ մենք , այո, պետք է փոխենք մեր գիտակցությունը, որ եթե մարդը հարուստ է, ապա կարիք չունի նպաստի »,- հավելեց իր ելույթը Կ.Աճեմյանը,նկատելով սակայն,որ եթե որեւէ մեկը դեկրետի գումարով կարող է տուն գնել` ապա այս հարցում պետք է հետևողական լինել:
Նշենք, որ ողջ քննարկումը ծավալվեց օրինագծի ամենախդրահարույց կետի շուրջ, ըստ որի բարձր վարձատրվող կանանց փոխհատուցման 80 տոկոսը վճարելու է պետությունը, 20 տոկոսը գործատուն: Խոսքը, հիշեցնենք, մոտ 400 կանանց մասին, որոնց աշխատավարձը գերազանցում է 1 մլն. դրամը:
ՀԱԿ խմբակցության անդամ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ մատնանշելով այդ կետը, մտավախություն հայտնեց, որ եթե կառավարությունը թողնելու է 20 տոկոս փոխհատուցուը գործատուի խղճի վրա՝ չամարագրելով այն որպես պարտավորություն, ապա խնդիրներ կառաջանան:
«Չեմ հասկանում, ինչո՞ւ թողնել դա օդում ու հույս ունենալ, որ գործատուի հետ որևէ խնդիր չի առաջանա»,- ասաց նա, կասկածի տակ դնելով Աշխատանքի եւ սոցիալակակն հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի այն հավաստիացումները, որ գործատուների հետ ոչ մի խնդիր չի առաջանա: Տիկին Սարգսյանը նկատեց նաեւ, որ աշխատող կինը, այն էլ 1 մլն և ավելի ստացող, այնքան մեծ հարկեր է վճարում բյուջե, որ պետությունը պետք է կամ պահպաներ փոխհատուցման 100 տոկոս չափը բյուջեից, կամ այնպես երաշխավորեր օրենքով դրա ստացումը, որ գործատուն մանևրելու հնարավորություն չունենա ու անպայման վճարի փոխհաուցման իր մասը:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հստակ հարցադրում արեց` ո՞վ է ուզում , որ կինը երեխա ունենա, պետությո՞ւնը, թե՞ գործատուն: Ասել է թե` ինչո՞ւ պետք է գործատուները պարտավորվածություն ունենան մի գործընթացում, որն ուղղակիորեն առնչվում է պետության քաղաքականությանը:
ՀԱԿ խմբակության պատգամավոր,նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ շարունակեց Հ.Բիշարյանի բարձրաձայնած խնդիրը` սեփական փորձից օրինակ բերելով.«Ես աշխատել եմ և պետական ձեռնարկությունում, և գլխավորել եմ մասնավոր ձեռնարկություն: Մեծ ընկերության սեփականատերը չի հասկանում՝ երեխայի համար ինչո՞ւ եմ վճարում, իսկ երբ հարց է առաջանում աշխատավարձը բարձրացնելու մասին, ասում է՝ դեմ եմ, որովհետև այս կինը պոտենցիալ երեխա բերող է, դրա համար էլ աշխատավարձի բարձրացմանը դեմ եմ»,- ասաց Բագրատյանը, ըստ էության, համաձայնվելով այն դիտարկման հետ, որ օրինագիծը պարարտ հող է ստեղծում բարձր վարձատրվող կանանց խտրականության ենթարկելու համար եւ խոչընդոտներ կարող է ստեղծել նրանց աշխատանքային կարիերայի առումով :
Պատգամավորը շեշտեց` այսօր կանայք իրենց ներուժով, գիտելիքներով չեն զիջում տղամարդկանց, իսկ վերջին հարյուրամյակում ավելի առաջ են գնացել, քան տղամարդիկ. «Նորմալ հիմնարկի պետը, եթե երկու հավասար պայմաններ ունի, եթե չկա ծննդաբերության հանգամանքը, գերադասում է կին աշխատող ունենալ ու այն պարզ պատճառով, որ կանայք ավելի կարգապահ են, ձեռքից էլ ավելի պինդ են: Միանշանակ, կաշառակերությունը, որպես բիոլոգիական տեսակ, տղամարդկանց մեջ ավելի բարձր է»,- հավելեց իր ելույթը Հ.Բագրատյանը` շեշտելով, որ կառավարությունն իրականում խնդիրը ճիշտ չի պատկերացնում, չի խորանում խնդրի մեջ: Մինչդեռ , իր խոսքով, շատ պարզ է՝ եթե պետությունը նպաստը տալիս է, ապա պետք է տա բոլորին, այն էլ ֆիքսված գումարի չափով, որպեսզի գործատուն հանկարծ չփորձի խտրական վերաբերմունք ցուցաբերել եւ չբարձրացնել կնոջ աշխատավարձը միայն այն պատճառով, որ նա պոտենցիալ մայր է:
Սուր քննադատությամբ հանդես եկավ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ով օրինագիծն ընդհանրապես անարխիստական որակեց. «Այս օրինագիծը, ինչպես և կուտակայինը ու շատ այլ նախագծեր, անօրինական ու հակասահմանադրական է ու հակասում է մարդկանց իրավունքներին: Այն ինձ համար անընդունելի ու անհասկանալի է, ինչպես նաև անհասկանալի է նաև վարվող սոցիալական քաղաքականությունը: Ուզում եմ հասկանամ` ի՞նչ քաղաքականություն եք որդեգրել»,- հայտարարեց նա:
Դիմելով կոնկրետ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին նա նշեց, որ աշխատող կինը, ըստ օրենքի, հղիության ժամանակ ունի վճարվող արձակուրդի իրավունք և հորդորեց չպաշտպանել օրինագծում առակ մոտեցումը.
«Պարոն Հակոբյան, չի կարելի այս ոճով շարունակել: Մենք ասում ենք, որ չաշխատող կանանց պետք է տալ որոշակի արտոնություններ, բայց նոր օրենքն էլ ավելի է վատացնելու քաղաքացիների վիճակը, երկրում առկա խնդիրներն էլ ավելի են շատանալու: Սա ոչ թե ազատական, այլ անարխիստական նախաձեռնություն է»,- շեշտեց նա:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր տեսակետն ուներ. «Ինչու է ոմանց թվում, թե մենք ուտում- խմում ենք, մայրերի փողն էլ կտրում ենք: Դե, թող մեկը ասի` այդ ո՞ր մոր փողն ենք կտրում կամ ո՞ւմ փողն է կտրվում: 4 տարի է պայքարում ենք, որպեսզի սոցիալական համակարգը համարվի ոչ թե առանձին դեպքի համար փող բաժանող, ոչ թե երեխա ունենալու, այլ աղքատ ընտանիքում երեխա ունենալու նախապայման ստեղծող համակարգ»,- վրդովվեց ՀՀԿ-ական պատգամավորը: Նաև փորձեց հավաստիացնել, որ կառավարության նպատակը ճիշտ հակառակն է` ոչ թե կտրել, այլ աջակցել չաշխատող կանանց:
Ինչ վերաբերվում է մտահոգությանը, թե գործատուների վրա թողնելով փոխհատուցման մի մասը, կառավարությունը խտրականության դրսևորումների համար հիմք է ստեղծում , ապա Հ.Հակոբյանն կարծում է, որ դա ժամանակավոր լուծում է .
«Լուծումը թողնում ենք կամավոր, բայց մեկ տարի հետո գուցե և վերանայենք, ու դարձնենք այդ սկզբունքը պարտադիր»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը իր ելույթում նշեց, որ Դաշնակցությունը դեմ է ինչպես նախորդ կառավարության, այնպես գործող կառավարության վարած սոցիալական քաղաքականությանը: Իսկ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, կարևորելով քննարկվող հարցի նշանակությունն ասաց, որ պետությունը պետք է կանգնի ու արդար ասի ` ես ունեմ այսքան ռեսուրս ու կարող եմ այսքան տալ չաշխատող մայրերին: Այդ կոնտեքստում առաջարկեց կառավարությանը ավելի լուրջ մոտենալ հարցին, քննարկել ու որակական ուսումնասիրություն անել, թե որ ոլորտներում են աշխատում կանայք, ինչպիսի միտումներ են արձանագրվում, արդյոք գնալով շատանում են կանայք,ովքեր 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում:.
«Սա հանրային հնչեղություն ունեցող հարց է, քանի որ ընտանիքը հասարակության բջիջն է: Ես հակված եմ, որ կանանց տեղն ու դերը պետք է մեծացնել մեր հասարակության մեջ և ոչ թե ավանդույթները հակադրել կանանց ակտիվացմանը: Մենք ցանկացած սոցիալական լավացմանը դեմ չենք, բայց ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի քննարկումներից հետո միայն՝ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում, իսկ այս փուլում մենք ձեռնպահ կմնանք»,- հավելեց Մ.Մելքումյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր ելույթում մեղադրեց ընդդիմությանը, թե նրանք մոռանում են 42 հազար մայրերի խնդրի մասին ու կենտրոնացել են 400 կանանց վրա, ովքեր 1 մլն դրամից ավելի գումար են ստանում.
«Եթե գործատուի համար կարևոր է, որ այդ պաշտոնում լինի պրոֆեսիոնալը, նա չի զլանա: Պետք չէ ծանրանալ այս խնդրի վրա, ինձ թվում է, որ գործատուները կարող են հաճույքով ու հեշտությամբ այդ խնդիրը կարգավորել»,- նկատեց նա` հորդորելով կողմ քվեարկել օրինագծին, սակայն չնշելով որոնք են լինելու գործատուների կողմից ակնկալվող «հաճելի» լուծումները:
Ամփոփելով քննարկումները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագիծը լրամշակվել է բազմիցս` հաշվի առնելով թե քննարկումների, թե խորհրդարանական լսումների ժամանակ հնչած առաջարկություններն ու նկատառումները: Նա ևս մեկ անգամ պնդեց, որ աշխարհում գրեթե չկան երկրներ, որտեղ անաշխատունակության փոխհատուցումը տրվում է 100 տոկոսի չափով, թեպետ խորհրդարանական լսումների ժամանակ եւ հետո բազմիցս նշվել է, որ առնվազն 64 պետությունում 100-տոկոսանոց փոխհատուցումը առակա է:
Նախարարը եւս մեկ թիվ հնչեցրեց, այս անգամ պնդելով, որ պետությունը կարողացել է գալ մի լուծման, որ ՀՀ-ում աշխատող 110 հազար ֆերտիլ տարիքի կանանց համար ապահովեն 100 տոկոս փոխհատուցման գործակից.
«Սոցիալական քաղաքականությունը միայն դրամական վճարների տրամադրումը չէ, այլ սոցիալական փաթեթի տրամադրումն է»,- ասաց նա` հույս հայտնելով, որ ԱԺ-ն դրական կգնահատի օրենսդրական նախագիծը:
Նշենք, որ եթե նախարարի նշված 110 000 աշխատող կանայք ամեն տարի երեխա ունենային, ապա Հայաստանը ժողովրդագրական խնդիր չէր ունենա: Իրականում, պաշտոնական տվյալներով, տարեկան ընդամենը 19 հազար աշխատող կին է երեխա ունենում, այնպես որ նախարարությունը, մեղմ ասած, գերագնահատում է իր առաջարկված օրինագծի դրական ազդեցությունը աշխատող կանանց մասով: Հատկապես, որ գործող օրենքով էլ 100 տոկոսանոց փոխհատուցումը բոլոր աշխատող կանանց համար ապահովված էր, ի տարբերություն կառավարության նոր առաջարկի, որով կանանց որոշակի խումբ 100- տոկոսանոց փոխհատուցումից, ըստ էության, զրկվում է : Ու միայն այն պատճառով, որ լավ կրթություն է ստացել, լավ մասնագետ է եւ դրա համար էլ բարձր է վարձատրվում…
Օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը կկայանա նոյեմբերի 19-ին:
Էնզելա Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է»…
«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն
«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:
Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ
Մայրերը աշխատելիս/ infografika
Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը
Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից
«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը
Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը
«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»
Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան
Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…
Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»
Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից
Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման
Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ
Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Դիտումների քանակը` 4698