Յուրաքանչյուր չորրորդ կնոջ ծեծել են տանը
Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ կին ենթարկվում է ընտանեկան բռնության, եւ դրա պատճառը ոչ միայն սադիստ-ամուսիններն են, այլեւ կանայք, որոնք լռում են: Նրանք այդպես են դաստիարակվել, կանանց սովորեցրել են լռել եւ համբերել միայն նրա համար, որ իրենք կին են ծնվել: Գենդերային խտրականությունը, որը սկսվում է երեխայի ծնունդով, արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` բիզնեսում, քաղաքականությունում, ամենուր: Հասարակական կազմակերպություններն ու կառավարությունը փորձում են բարելավել իրավիճակը, բայց դեռեւս հպարտանալու քիչ առիթներ ունենք:
Փաստաբանի մոտ եկած երիտասարդ կինը հազիվ 45 կգ քաշ ունի, մաշկը դեղնած է, աչքերը լարված են: Սոնան որոշել է ամուսնալուծվել: «Ամուսինս ու նրա ծնողները հաճախ են ինձ ծեծել էրեխեքիս աչքի առաջ, էսպես էլ հնարավոր չի, ես չեմ կարող…»,- Սոնան փաստաբանական օգնություն էր խնդրում: Նա երկու երեխա ունի` Ալիկն ու Անին, որոնց ցանկանում է խլել դաժան ամուսնուց: Սոնան մեկն է այն բազմաթիվ կանանցից, ով ընտանեկան բռնության է ենթարկվել: «Amnesty International»-ի կողմից 2007-ին իրականացված հետազոտության տվյալներով, Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ կին առնվազն մեկ անգամ ֆիզիկական բռնության է ենթարկվել ընտանիքում:
2008—ին ՄԱԲՀ-ի Ընդեմ գենդերային բռնության ծրագրի և Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված համապետական հետազոտությանը մասնակցած կանանց 61.0%-ը վերահսկողական վերաբերմունքի զոհ են դարձել, իսկ 25%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության: Հարցվածների մոտ 12%-ը՝ ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ են, ընդ որում գրեթե կեսը մատնանշել էր, որ իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության ցուցաբերման որևէ հատուկ պատճառ չի եղել։
Այս թվերը այսօր էլ առանձնապես չեն փոխվել: «Կանանց նկատմամբ հոգեբանական բռնությունը տարածված երեւույթ է, ցավոք սրտի, շատ ընտանիքներում կանանց վիրավորում են, հայհոյում են, հրապարակայնորեն ստորացնում են, իզոլացնում են ընկերներից, զրկում են ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից»,- ասում է գենդերային խնդիրների փորձագետ Լիլիթ Զաքարյանը:
Բռնության ենթարկված կանանց վերաբերյալ վիճակագրութունը չի արտացոլում իրական իրավիճակը, քանի որ հայ կանանցից շատերը պատրաստ չեն խոստովանել, որ ամուսինը ծեծի են ենթարկում իրենց:
«Եթե հաշվի առնենք, որ հաճախ կանայք հարցաթերթրիկը լրացրել են ընտանիքի այլ անդամների ներկայությամբ, ապա կարելի է հարցականի տակ դնել նրանց պատասխանների անկեղծությունը: Բացի այդ` որոշ կանայք բռնության մեջ որեւէ արտասովոր բան չեն տեսնում, քանի որ հաճախ իրենք իրենց նկատմամբ են խտրական վերաբերմունք ցուցաբերում»,- ասում է Լիլիթ Զաքարյանը: Նա բացատրում է, որ խնդիրը աղջիկների սոցիալիզացիայի ընթացքում է առաջանում՝ երբ նրանց նայում են որպես «երկրորդ սորտի» մարդկանց, իսկ շրջապատը` հարազատները, դպրոցը, ոչինչ չի անում այդ ավանդական պատկերացումները փոխելու համար: Արդյունքում խտրականությունը սովորական է դառնում, եւ աղջիկները հարմարվում են այն կանոններին, որը հասարակությունն է թելադրում:
Փորձագետի կարծիքը հաստատում է Սոնան: «Գրեթե 6 տարի ես լռել եմ, հաճախ նույնիսկ մամաս չգիտեր, թե իրանք իմ հետ ոնց են վարվել: Հիշում եմ, որ ամուսնանալուց առաջ մամաս ինձ միշտ ասում էր, որ ընտանիքում խնդիրներ շատ կլինեն, բայց ես պետք է դիմանամ: Բայց եթե այսպես շարունակվեր, ես ուղղակի էլ չէի լինի»,- երիտասարդ կինը փորձում էր ինձնից թաքցնել դողացող ձեռքերը:
Ծով համբերությունը կարող է նաեւ ողբերգակակն ավարտ ունենալ: Ամուսնու կողմից դաժանաբար ծեծի ենթարկված Զարուհի Պետրոսյանի մահը ցնցեց բոլորին: 20-ամյա Զարուհին մահացել էր անցած տարվա սեպտեմբերին: «Քրոջս անընդհատ ծեծում էին, այն աստիճան, որ քիթ ու բերանից արյուն էր գնում, ուշաթափվում ու ընկնում էր գետնին: Մի քանի անգամ եկել է իմ ու ամուսնուս տուն, մեջքն ամբողջովին կապտուկների մեջ: Հարցրել ենք՝ ի՞նչ է եղել, ասել է՝ կեսուրս է ժարովնիկով խփել մեջքիս»,- պատմում էր Զարուհի Պետրոսյանի քույրը` Հասմիկը: Դատարանը Զարուհու ամուսնուն մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Ադաթները օրենքից զորեղ են
Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքը շատերին ստիպեց լրջորեն նայել կանանց նկատմամաբ խտրականության, այդ թվում բոնության, խնդրին: Թեեւ ՀՀ օրենսդրությունն արգելում է գենդերային խտրականությունը, օրենքով սահմանված չէ «խտրականություն» հասկացությունը: «Կանայք եւ տղամարդիկ ըստ ՀՀ Սահմանադրության ունեն հավասար իրավունքներ, խտրականությունը արգելված է, սակայն ՄԱԿ-ի CEDAW կոմիտեն բազմիցս իր երաշխավորություններում հրավիրել է մեր իշխանության ուշադրությունը այն հարցին, որ «խտրականություն» հասկացությունը մեր օրենսդրության մեջ չի տրվում: Աշխատանքային օրենսդրությունը, սոցիալական ոլորտին վերաբերող այլ օրենքները բավականին հաջող են: Սակայն առկա է ստվերային խտրականությունը կանանց նկատմամբ: Ե’վ ընտանիքում, ե’ւ աշխատավայրում կանայք միշտ չէ, որ պաշտպանված են»,- նշում է փորձագետ Լիլիթ Զաքարյանը:
Այնուամենայնիվ, գլխավոր խնդիրը ոչ թե օրենսդրության մեջ է, այլ հասարակակության կողմից կանանց եւ տղամարդկանց հանդեպ տարբերակցված մոտեցման: «Հասարակական կարծիքը կնոջ թիվ մեկ թշնամին է. մեզանից միշտ ավելին են ակնկալում, քան տղամարդկանցից,- ասում է 25-ամյա Հասմիկը,- եթե նրանք կարող են սիրուհիներ ունենալ, դավաճանել իրենց կանանց, ապա մեզ դա ոչ մի դեպքում թույլ չեն տա»:
«Ես երբեք չեմ խփել իմ կնոջը, բայց ինքը միշտ լսել ա ինձ: Մենք վիճում ենք երբեմն, բայց մեկ ա` ես եմ որոշում, թե ինչը ոնց պիտի անենք»,- վստահաբար ասում է Ալիկը, ով դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: «Ամեն քայլափոխին մեզ ասում են` դու կին ես, դու չպիտի էսինչը կամ էնինչն անես, բայց ոչ մեկ չի կարողանում բացատրել, թե ինչու: Մի պատախան ունեն` էդպես ա ընդունված հասարակությունում»,- դիզայներ Մարիին չի բավարարում այս պատասխանը:
Ընտանեկան հոգեբան Ասյա Վարդանյանը կարծում է, որ տարբեր սեռերի երեխաների միջեւ անհավասարությունը դրվում է ծննդյան օրվանից: «Հայ ծնողները, հատկապես հայրերը, շատ են ուրախանում, երբ տղա են ունենում, սակայն նույնը չի կարելի ասել աղջիկ ունենալու դեպքում: Իսկ խտրականությունը շարունակվում է նաեւ վաղ տարիքում: «Քեզ այսինչը չի կարելի, դու աղջիկ ես»,- շատ տիպիկ արտահայտություն է գրեթե բոլոր ընտանիքների համար: Սրանով ամեն ինչ ասված է»:
«Ես երկու աղջիկ ունեմ ու մի տղա: Հասկանում եմ, որ աղջիկները կմեծանան, կամուսնանան ու կլքեն հայրական տունը, իսկ տղես իմ հետ ա ապրելու: Նման պայմաններում բնական չի՞, որ ես ավելի շատ ուրախացա, երբ տղես ծնվեց, քան աղջիկներս»,- հարցնում է 44-ամյա Լեւոնը:
«Ծնողներն ակնկալում են, որ ապագայում տղան կաշխատի ու կպահի նաեւ իրենց, իսկ աղջիկն այլ ընտանիքում կապրի, այդ պատճառով էլ իրենք հույսերը տղա երեխայի հետ են կապում»,- ասում է հոգեբան Ասյա Վարդանյանը:
«Մեր կենտրոնում տարբեր հանդիպում-քննարկումների ժամանակ եղել են կանայք, որոնք ասել են, որ իրենք ստիպված ընդհատել են հղիությունը, որովհետեւ գիտեին, որ էլի աղջիկ երեխա էին ունենալու: Շատ դեպքում նման քայլի գնում են ընտանեկան ճնշման պատճառով»,- ասում է Հայաստանում «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հիմնադիր Լառա Ահարոնյանը:
Խտրականություն` իրական եւ վիրտուալ
20-ամյա Աննան գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում եւ անմիջապես իր լոգինն ու գաղտնաբառը հայտնել է ընկերոջը: «Ես միեւնույնն է` ոչ մի վատ բան չեմ անում, իսկ էսպես ինքը ավելի հանգիստ ա, ավելորդ հարցեր տալու տեղը ցանկացած պահի կարա մտնի իմ էջ ու ստուգի` ում հետ ինչ եմ խոսում»,- ասում է Աննան: Նրա ընկերը` Դավիթը, կարծում է, որիրավունք ունի վերահսկել ընկերուհու կյանքը` նաեւ վիրտուալ տիրույթում: Երեք օրը մեկ անգամ Դավիթը ստուգում է Աննայի էջը, որպեսզի տեսնի` արդյոք անծանոթ տղամարդ հայտնվել է նրա ընկերների ցուցակում, թե ոչ: Իսկ եթե ծանոթներից որեւէ մեկն իրեն «ճիշտ չի պահում», ապա Դավիթը, առանց Աննային հարցնելու, ջնջում է նրան ընկերուհու ընկերների ցանկից:
«Տղամարդը ուղղակի անհանգստանում է իր սիրած էակի համար, չի ուզում, որ որեւէ մեկը նեղացնի նրան, դրա համար էլ փորձում է վերահսկել»,- կարծում է 26-ամյա Հարութը, ով արդեն 3 տարի հանդիպում է Լուսինեի հետ: Վերջինս այս թեմայով երբեք չի վիճում ընկերոջ հետ: «Աղջիկներին էլ է դուր գալիս, որ տղեն վերահսկում է իրենց»,- վստահ է Հարութը:
Սակայն ոչ բոլորն են այդ կարծիքին: Օրինակ, 19-ամյա Սոֆյան գտնում է, որ ինքն իրավունք ունի հարաբերվել շատ տղանեի հետ, մինչեւ կգտնի իր ընտրյալին: «Ուղղակի ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են` «Ամոթ է, աղջիկ ես»: Ինչո՞ւ մենք պիտի ամաչենք, իսկ տղաները` ոչ: Այս պարզ հարցին ոչ ոք չի կարողանում պատասխանել»,- ասում է 3-րդ կուրսի ուսանողուհին: Սոֆյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է իր 463 լուսանկարներն ու սիրով ցույց է տալիս, թե ինչքան հաճոյախոսություններ են գրել իրեն:
Սոֆյան, որքան էլ իրեն ազատ մարդ է համարում, այնուամենայնիվ, իր վիրտուալ կյանքը ծնողներից գաղտնի է պահում. «Եթե պապաս տեսնի, որ ինտերնետում էսքան ֆոտոներ ունեմ, կբարկանա, կկռվի հետս: Իսկ պապայիս հետ վիճելն անիմաստ է, ինքն ուրիշ սերնդի մարդ է»:
«Ծնողները սովորոբար չեն խոսում իրենց դուստրերի հետ ինտիմ հարաբերությունների թեմայով, չեն սովորեցնում անվտանգ սեքսի կանոններին, որովհետեւ վստահ են, որ մինչեւ ամուսնությունն աղջիկը սեռական հարաբերություններ չպետք է ունենա որեւէ մեկի հետ, իսկ ամուսնությունից հետո «ուսուցչի» դերը կստանձնի ամուսինը»,- ասում է ընտանեկան հոգեբանը:
Սեռական դաստիրակության տարրական գիտելիքների բացակայությունը երբեմն հանգեցնում է անցանկալի հղիության: 26-ամյա Լիաննան արդեն հասցրել է 9 անգամ աբորտ անել եւ դեռ չգիտի, թե եւս քանի անգամ ստիպված կլինի անել: «Եթե ես ոչ օրինական երեխա ունենամ, ինձանից սաղ երես կթեքեն ու կմեղադրեն պոռնկության մեջ, բայց ես մենակ մի հոգու հետ եմ, ում սիրում եմ»,- անկեղծանում է Լիաննան: Նրա հեռախոսի էկրանին Արտյոմի լուսանկարն է, ով ասում է, որ սիրում է Լիաննային, բայց դեռ պատրաստ չէ ամուսնանալ:
Կինը բիզնեսում. հարգանքի հասնել հնարավոր է
Ընտանիքում կանանց նկատմամբ ավանդական խտրական վերաբերմունքը հանգեցնում է նույնպիսի խտրականությանը հասարակական, տնտեսական եւ քաղաքական կյանքում:
Հայ հայրերից ոմանք աղջիկներին անգամ տնային կալանքի են ենթարկում, որպեսզի նրանք չկարողանան որեւէ կերպ հարաբերվել հակառակ սեռի հետ: Մսավաճառ Սամվելը վստահ է, որ երիտասարդության շրջանում կործանարար չարիք է տարածվել. «Հիմիկվա աղջկերքը մտածում են` տարբեր տղերքի հետ սրճարանում նստել-խոսալը կայֆ ա, չեն հասկանում, որ տենց իրանց ապագան են կործանում: Աղջիկը պտի տունը նստի ու սովորի համով ճաշեր պատրաստել ապագա ամուսնու համար»:
Շատերն, իսկապես, «տանն են նստում», գուցե այդ պատճառով էլ գործածարների շրջանում միայն 10.3 տոկոսն են կանայք: Մարինա Պողոսյանը, ով անկախ Հայաստանի առաջին գործարար կանանցից մեկն է, հիշում է, թե որքան անլուրջ էին 20 տարի առաջ վերաբերվում իրեն` կին լինելու պատճառով: Մարինան տնտեսագետի բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատանքի է անցել «Հայէլեկտրո» գործարարնում: «Առաջինը, ինչ ես արեցի գործարանում, մարդկանց մոտիվացնելն էր: Երբ բանվորները սկսեցին մոտիվացված աշխատել, նրանց աշխատավարձը եռապատկվեց»,- պատմում է Մարինան:
Գործունյա կինն իրեն փորձել է բիզնեսի տարբեր ոլորտներում եւ համոզվել է, որ կարեւորը գիտելիքներն են: Նա կարողացել է շատ կարծրատիպեր կոտրել իր կրթությամբ ու ակտիվությամբ: «Ես առաջին կինն եմ եղել, ով բենզին է ներկրել Հայաստան: Շատերի մոտ այն տպավորությունն էր, թե դրանով պիտի պարտադիր հաստափոր տղամարդիկ զբաղվեն: Բայց ինչի՞ բենզինը ուսերին դրած ն բերում: Դա էլ է չէ հաշվարկ, ճիշտ կհաշվես, կկարողանաս աշխատել»,- կարծում է Մարինան: Նա հպարտությամբ է նշում, որ հասուն տարիքում երբեք գումար չի վերցրել ոչ հորից, ոչ էլ ամուսնուց: Մարինան նաեւ ինքնավստահ ու ճկուն վարորդ է: «90-ականների սկզբին ընդամենը 2-3 կին էին մեքենա վարում Հայաստանում: Շատերին դա դուր չէր գալիս, մարդիկ անգամ կարող էին թքել մեքենայի վրա, միայն նրա համար, որ ղեկին կին էր նստած,- հիշում է Մարինան,- բարեբախտաբար, այսօր հասարակական կարծիքը փոխվել է այդ առումով»:
Այնուամենայնիվ, ղեկին նստած կանանց դեռեւս խեթ հայացքով են նայում հայ տղամարդկանց մեծամասնությունը: «Կնոջը չի սազում ղեկը, փոխարենը նա կարող է հրաշքներ գործել խոհանոցում: Բացի այդ` ես չեմ ճանաչում մի կնոջ, ով իր փողերով է մեքենա գնել, իսկ մարդիկ չեն սիրում նրանց, ով հոր կամ հարուստ սիրածի հաշվին է մեքենա գնում»,- ասում է 44-ամյա Սուրեն Բայադյանը:
Մարինա Պողոսյանը վստահ է, որ հասարակական կարծիքը կարող են փոխել հենց կանայք: «Եթե կինը ստանա բարձրագույն կրթություն, հույսը դնի իր գիտելիքի վրա եւ կարիերա անի, նրան բոլորը կհարգեն»:
Նշենք, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց 60/40 հարաբերակցությամբ, բայց շատ կանայք իրենց կարողությունները չեն ցուցաբերում բիզնեսում, գիտության, քաղաքականության մեջ: «Դա շատ դժվար է, քանի որ կինը վարում է տան տնտեսությունը, հոգ է տանում ամուսնու, երեխաների, տան ծերերի մասին: Սա շատ ժամանակ եւ ուժեր է խլում»,- ասում է փորձագետ Լիլիթ Զաքարյանը:
Քաղաքականություն. հարթակում միայն տղամարդիկ են
Կանանց ճնշող մեծամասնությանը չի հաջողվում պետական բարձր պաշտոններ զբաղեցնել: Հայաստանի կառավարությունում 18 նախարարներից միայն երկուսն են կին, 11 մարզպետներից` ոչ մեկը: Խորհրդարանում պատգամավորների ընդամենը 8.3 տոկոսն են գեղեցիկ սեռի, իսկ նոր «Ընտրական օրենսգրքի» համաձայն` Ազգային ժողովում կանանց թիվը նվազագույնը 20 տոկոս պետք է կազմի:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանի ամենահայտնի կին քաղաքական գործիչներից մեկն է: Չորս երեխաների մայրը բավականին դժվար ճանապարհ է անցել: «Ես խտրականություն զգացել եմ եւ փաստաբան աշխատելու տարիներին եւ երբ դարձա պատգամավոր: Այս ընթացքում ես բազմաթիվ ճնշումների, սպառնալիքների ու բռնությունների եմ ենթարկվել: Մնում է, որ ուղղակի կացինով գլխիս տան, պրծնեն»,- ասում է Զարուհին:
2009 թվականին «Ազատամտություն» օրաթերթը վիրավորական կոլաժ ու նյութեր էր հրապարակել Փոստանջյանի մասին, որով փորձում էին ստորացնել նրան ոչ միայն որպես քաղաքական գործչի, այլեւ որպես կնոջ: Պատգամավորը դիմել էր դատարան, սակայն այդ ժամանակ «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» օրենքն ապաքրեականացվեց եւ թերթը փակվեց` առանց պատասխանատվության ենթարկվելու: «Այդ ժամանակ իմ ընտանիքը մեծապես աջակցեց ինձ: Մեծ աղջիկս ասում էր. «Մամ, հանկարծ չկարդաս էդ թերթը, բայց քո փաստաբան ընկերներին ասա, թող դատին տան դրանց»»,- հիշում է Փոստանջյանը: Հարցազրույցի ընթացքում Զարուհուն զանգահարում է նրա մայրը եւ պատգամավորը կարճ, բայց քշքշանքով խոսում է մոր հետ ինչ-որ կենցաղային հարցի մասին:
«Մեր քաղաքական համակարգը շատ դաժան ա, հաճախ քրեական օրենքներով են առաջնորդվում դրանք, դրա համար էլ կինը շատ դժվարությամբ կկարողանա նրանց հետ աշխատել, ավելի լավ ա` չխառնվի էդ հարցերին»,- կարծում է տաքսու վարորդ Սարգիս Հայրապետյանը:
Գենդերային հարցերով փորձագետները նշում են, որ քաղաքական կուսակցություններում թեեւ ակտիվ կանայք շատ են, բայց նրանցից քչերն են ղեկավար պաշտոններ զբաղեցնում ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ քաղաքականության մեջ ընդհանրապես: Հայաստանում գրանցված 74 կուսակցություններից միայն 7-ն են ղեկավարում կանայք, եւ այդ կուսակցությունները երկրի քաղաքական կյանքում գրեթե ազդեցություն չունեն:
Կանանց նկատմամբ ներկուսակցական խտրականությունն արտահայտվում է ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններից շատերում: Օրինակ, Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքներին կանայք առանձնակի ակտիվությամբ են մասնակցում, վանկարկում են հակակառավարական կարգախոսներ, պահանջում են փոփոխություններ, սակայն նրանք այդ փոփոխությունները սպասում են տղամարդկանցից, որոնք կանգնած են հարթակում:
«Պետք է դրական խտրականություն կիրառել կանանց նկատմամբ, որպեսի Ազգային ժողովում հնարավորինս շատ կանայք լինեն»,- ասում է Զարուհի Փոստանջյանը, ով ներկայացնում է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը:
Վերադարձ արմատներին
Հայաստանում կանանց նկատմամբ խտրականությունը դեռեւս դրական չէ: «Տղան դաստիարակվում է ընտանիքում քրոջ հետ միասին եւ տեսնում է, թե քրոջն ինչպես են ստորադասում իրեն եւ հետագայում նման դերաբաժանումը նրա համար նորմալ է թվում: Տղա երեխան վաղ տարիքից գիտի, որ ինքն ավելի լավն է, քան իր քույրը, միայն նրա համար, որ նա աղջիկ է»,- ասում է ընտանեկան հոգեբան Ասյա Վարդանյանը:
Սոնան եւս նման ընտանեկան դաստիարակություն է ստացել եւ շատ ժամանակ ու ջանքեր է պահանջվել, որպեսզի նա համարձակվի ապահարզան պահանջել ամուսնուց: Դատը տեւեց մի քանի ամիս, եւ ի վերջո, երբ Սոնայի ամուսինն ու նրա ծնողները հասկացան, որ նա լուրջ է տրամադրված, ներողություն խնդրեցին եւ Սոնային խնդրեցին վերադառնալ տուն` խոստանալով այլեւս «մատով անգամ չկպնել նրան»: «Ես իրանց երկրորդ հնարավորությունը տվեցի, հիմա իրանք ավելի հարգալից են դարձել իմ նկատմամբ: Ես հասկանում եմ, որ վեճեր էլի կլինեն, բայց հիմա իրանք լավ գիտեն, որ ես էլ չեմ հանդուրժի բռնություն իմ նկատմամբ»,- ասում է Սոնան: Դատական քաշքշուկից հետո նա փոքր-ինչ գիրացել է, ձեռքերն այլեւս չեն դողում:
Սոնան հիշում է ընկերուհիների խոսքերը, որոնք խորհուրդ էին տալիս հանուն երեխաների դիմանալ եւ չդիմել դատարան. «Եթե ես չանեի այդ քայլը, հիմա չէի կարող հանգիստ ապրել իմ ընտանիքում, ես հասկացա, որ մեր երկրում կինը պիտի վաստակի էդ իրավունքը»:
Փորձագետ Լիլիթ Զաքարյանը ամփոփում է` նշելով, որ իրավիճակը փայլուն չէ, բայց հուսադրող տենդենցներ առկա են: «Ուղղակի ժամանակ է հարկավոր, որ հավասարությունը խոսքից դառնա գործ եւ առավել եւս մտածելակերպ: Իսկ դրան հասնելու համար մենք պետք է հարցեր բարձրացնենք, պահանջենք, որպեսզի 2010 թվականին ընդունված գենդերային քաղաքականության կոնցեպցիան իրագործվի, այլ չմնա թղթի վրա»:
Արման Ղարիբյան
ՀԳ – Հերոսներից ոմանց անունները փոխված են վերջիններիս խնդրանքով:
Դիտումների քանակը` 7179