Կանանց ընտրական վարքի առանձնահատկությունները. հետազոտություն

 

Տարբեր երկրներում քաղաքական վարքագծի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրողների վարքագծում և հատկապես նախապատվություններում արձանագրվող գենդերային տարբերությունները (gender gap in voting behavior) հաճախ կարող են ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն թողնող թվերի հասնել: Օրինակ՝ որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ կանայք ավելի շատ են հակված համակրելու ձախ գաղափարախոսությամբ կուսակցություններին, քան տղամարդիկ: Հետազոտությունները բացահայտում են նաև, որ կանանց ուժեղ շարժման ավանդույթներ ունեցող երկրներում համախմբված դիրքորոշումներ են ձևավորվում կանանց հուզող կոնկրետ հիմնախնդիրների շուրջ (issue voting):

 

 

Հայաստանում քաղաքական ուժերի կողմից երբևիցե չեն արտահայտվել կանանց շահերի և իրավունքների շուրջ կոնսոլիդացված դիրքորոշումներ, հետևապես կին ընտրողների կողմից միասնական քաղաքական նախապատվություններ չեն ձևավորվել։ Այնուամենայնիվ, Հայաստանում որոշակի տարբերություններ կան կանանց ու տղամարդկանց միջև քաղաքական օրակարգի առաջնահերթությունների նկատմամբ վերաբերմունքում, ինչպես նաև համապետական և տեղական մակարդակի ընտրություններին մասնակցության ցուցանիշներում: Դրա մասին են փաստում «Կանանց ընտրական վարքի առանձնահատկությունները 2021 թ. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում» հետազոտության տվյալները:

 

 

Հետազոտությունն իրականացվել է «Ընտրություններ բոլորի համար 2021 – տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում, որը նպատակաուղղված է Հայաստանի ժողովրդավարական գործընթացի բարելավմանը` խթանելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համակարգված վերահսկողությունը և մշտադիտարկումը 2021 թ. համապետական և տեղական մակարդակներում ներառական, գենդերային զգայուն, թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու գործում:

 

 

Հետազոտությունն անցկացվել է Հայաստանում 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև 2021 թ. աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ողջ ընթացքում և վերհանում է քաղաքական իրավիճակին և դիտարկված ժամանակահատվածին բնորոշ կանանց և տղամարդկանց ընտրական վարքի առանձնահատկությունները, ինչպես նաև ցույց է տալիս ընտրական վարքի դինամիկան նախորդ՝ 2018 թվականին տեղի ունեցած ընտրությունների համեմատ:

 

 

Ուսումնասիրության  առարկա է հանդիսացել  կանանց ընտրական   վարքը, որը նրանք դրսևորում են ակտիվ ընտրական իրավունքի իրացման ընթացքում: Ընտրական վարքը դիտարկվել է ոչ միայն որպես կին ընտրողների մասնակցությունը քվեարկությանը, այլ որպես նրանց վերաբերմունքը ընտրական գործընթացներին, այդ թվում նախընտրական քարոզչությանը, նրանց ընտրական նախապատվությունները և մոտիվացիան, ինչպես նաև նրանց ակնկալիքները կին թեկնածուներից:

 

 

 

Հետազոտության տվյալները փաստում են, որ միջազգային պրակտիկայով հաստատվող ընտրողների մասնակցության առումով դասական գենդերային տարբերությունները տեսանելի են նաև Հայաստանում, ընդ որում՝ և՛ համապետական, և՛ տեղական մակարդակի ընտրություններում: Բացի այդ, որոշակի առանձնահատկություններ են նկատվում կին ընտրողների վարքագծում՝ մոտիվացիայի, ընտրական նախապատվությունների և ակնկալիքների առումով:

 

 

Խորհրդարանական ընտրություններին ավելի ակտիվ են մասնակցել քան տղամարդիկ

 

Հայաստանում կին ընտրողների թիվն ավելի մեծ է տղամարդ ընտրողների թվից, դրա հետ մեկտեղ որոշակի տարբերություններ են առկա նաև նրանց մասնակցության ցուցանիշների մեջ: Մասնավորապես, 2021 թ. խորհրդարանական ընտրություններին կին ընտրողներն ավելի ակտիվ են մասնակցել քվեարկությանը, քան տղամարդիկ՝ քվեարկածների թվում կանանց ու տղամարդկանց համամասնության տարբերությունը գրեթե 10 տոկոսային կետի է հասել, ընդ որում՝ կանայք ավելի ակտիվ են եղել մայրաքաղաքում, քան մարզերում: Բացահայտված տարբերությունը տեղավորվում է եվրոպական երկրներում արձանագրված օրինաչափության շրջանակում, ըստ որի համապետական մակարդակի ընտրություններում կանանց և տղամարդկանց մասնակցության տարբերություն կա՛մ գրեթե չի նկատվում, կա՛մ կանայք ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերում:

 

 

 

2021  թվականի խորհրդարանական ընտրություններին կին ընտրողների ավելի ակտիվ  մասնակցությունը  հաստատվում է  նաև  մեկ այլ ցուցանիշով՝  այն է՝  քվեարկած կանանց ու տղամարդկանց մասնաբաժինը տվյալ սեռի ընտրողների ընդհանուր թվի համեմատ: 2021 թ. քվեարկությանը մասնակցած տղամարդկանց տոկոսը տղամարդ ընտրողների ընդհանուր թվի համեմատ 47.2% է եղել, իսկ քվեարկած կանանց թիվը կին ընտրողների ընդհանուր թվի համեմատ 50.8% է կազմել: 

 

 

 

Առավել ակտիվ են մասնակցել 50-65 տարեկան  կին ընտրողները

 

Զգալի տարբերություններ են արձանագրվել տարբեր տարիքային խմբերում ընտրողների մասնակցության առումով. մասնավորապես, քվեարկությանն առավել ակտիվ են մասնակցել 50-65 տարեկան ընտրողները (մասնակցությունը՝ մինչև 90%), ընդ որում՝ այդ տարիքային խմբում կանանց ակտիվությունն ավելի բարձր է եղել տղամարդկանցից՝ տարբերությունը 11 տոկոսային կետի է հասնում: Մնացած տարիքային խմբերում կանանց ու տղամարդկանց ակտիվության տարբերությունն այդքան զգալի չէր:

 

Կանանց ու տղամարդկանց մասնակցության ցուցանիշը ըստ տարիքային խմբերի

(տվյալ տարիքային խմբում յուրաքանչյուր սեռի ընտրողների համեմատ)

 

Ընտրողների ակտիվությամբ աչքի ընկնող երկրորդ տարիքային խումբը 18-35 տարեկաններն են (մասնակցությունը՝ մինչև 48%), սակայն հատկանշական է, որ երիտասարդ ընտրողների ակտիվությունը գրեթե կիսով չափ պակաս է 50-65 տարեկան ընտրողների համեմատ, ինչը փաստում է երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին:

 

 

 

2018 թ. և 2021 թ. խորհրդարանական ընտրությունների համեմատությունը ցույց է տալիս, որ մասնակցության առումով ամենամեծ փոփոխությունը նկատվել է 18-35 տարեկանների խմբում. մասնավորապես, 2021-ին երիտասարդ տղամարդկանց մասնակցությունն ավելի ցածր է եղել, քան 2018-ին, ինչը հնարավոր է բացատրել նաև այն պատճառով, որ հիմնականում հենց այդ տարիքային խմբի տղամարդիկ են մասնակցել 44-օրյա պատերազմին և կորուստներ կրել:

 

 

ՏԻՄ ընտրություններին կին ընտրողներն ավելի պասիվ վարք են ցուցաբերել

 

ՏԻՄ ընտրություններին ընտրողների ցածր մասնակցության հետ մեկտեղ, կին ընտրողներն ավելի պասիվ վարք են ցուցաբերել, քան տղամարդիկ. կանանց մասնակցությունը 8 տոկոսային կետով ցածր է եղել տղամարդկանցից, այն դեպքում, երբ ԱԺ ընտրություններին կին ընտրողների շրջանում ակտիվությունը, հակառակը՝ բարձր էր տղամարդկանցից մոտ 4 տոկոսային կետով: Բացահայտված տարբերությունը համապատասխանում է այլ երկրներում արձանագրված այն օրինաչափությանը, ըստ որի տեղական ընտրություններին կանանց մասնակցության ցուցանիշները, որպես կանոն, ավելի ցածր են, քան տղամարդկանց դեպքում, և դրա հիմնական պատճառը միջազգային փորձագետները տեսնում են նրանում, որ երկրորդ մակարդակի ընտրությունները սովորաբար չեն կարևորվում կին ընտրողների կողմից:

 

Կանանց ու տղամարդկանց մասնակցության ցուցանիշները 2021 թ. ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններին  

(քվեարկած կանանց ու տղամարդկանց մասնաբաժինը յուրաքանչյուր սեռի ընտրողների թվում, %-ով)

 

Կանանց ու տղամարդկանց ընրական նախապատվությունների տարբերությունները

 

Հայաստանում տեղական ընտրությունների կարևորության ընկալումը մեծապես կապված է ՏԻՄ համակարգի կայացվածության և 2016 թվականից սկիզբ առած համայնքների խոշորացման գործընթացների հետ, որոնց հետ կապված անորոշությունը չէր կարող չազդել ինչպես ընտրողների ակնկալիքների, այնպես էլ անդրադառնալ ընտրություններին նրանց մասնակցության վրա:

 

Կարևոր դեր է խաղում նաև անցումը համամասնական ընտրակարգին և, ի հետևանք դրան՝ ընտրողների քաղաքական կողմնորոշման դժվարությունը, որն ավելի արտահայտված է կին ընտրողների դեպքում՝ քաղաքական անցուդարձով նրանց ավելի ցածր հետաքրքրվածության պատճառով:

 

 

Ընտրողների քաղաքական նախապատվությունները

 

Կանանց ու տղամարդկանց ընտրական վարքի տարբերությունները ի հայտ են գալիս նախապատվությունների մակարդակում՝ արտահայտելով նրանց սոցիալ-քաղաքական արժեքների և երկրի կամ համայնքի զարգացման առաջնահերթությունների մասին պատկերացումները: Թեև միջազգային պրակտիկայում նախապատվությունների հարցում գենդերային խզումը կարող է որոշիչ դեր խաղալ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության առումով, Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ այդ հարցերում կին և տղամարդ ընտրողների նախապատվությունների միջև տարբերություններ կան, սակայն կա՛մ էական չափերի չեն հասնում, կա՛մ էական ազդեցություն չեն ունենում ընտրությունների արդյունքների վրա:

 

 

Ընտրողների քաղաքական նախապատվությունների դիտարկումը՝ հիմնված նախընտրական հարցումների արդյունքների վրա, ցույց է տալիս, որ քաղաքական ուժերի նկատմամբ կանանց ու տղամարդկանց նախապատվությունների միջև տարբերությունները շատ աննշան են և չեն գերազանցում 1.7%-ը: Ֆոկուսխմբային քննարկումները փաստում են, որ ընտրողները դժվարություններ են ունեցել և՛ ՏԻՄ, և՛ խորհրդարանական ընտրություններին առաջադրված նորաստեղծ քաղաքական ուժերի մեծ թվի, կուսակցությունների չկայացվածության, շատերի մոտ հստակ գաղափարական հենքի բացակայության և կուսակցությունների հանդեպ վստահության պակասի պատճառով:

 

 

«․․․Վերջին ՏԻՄ ընտրություններին ակնհայտ նույնիսկ անկում կար հետաքրքրության, իսկ վարքի առումով պետք է հաշվի առնել ընդհանրապես վարքը գնահատելիս քաղաքական գործընթացների նկատմամբ կանանց հետաքրքրությունը, որը մարզերում հիմնականում շատ ցածր է, և ընտրական վարքի վրա էական անդրադառնում է ընտանիքի կարծիքը, ընտանիքի ուղղորդումը էական, ծանրակշիռ ազդեցություն ունի, քանի որ կանայք իրանք հիմնականում չեն կողմնորոշվում քաղաքական գործընթացներում» (ֆոկուս խմբի մասնակցի կարծիք ):

 

 

Նույնիսկ այն դեպքերում, երբ կանայք ավելի ակտիվ են մասնակցում քվեարկությանը, քաղաքականությունն ընկալվում է որպես միաչափ համակարգ (գերիշխող տղամարդ), ինչի հետևանքով կանայք կարծում են, որ իրենց քաղաքական նախապատվություններն այնքան էլ կարևոր չեն։ Դրա մասին է վկայում «ընտանեկան քվեարկություն» երևույթի առկայությունը, որն առավել արտահայտված է մարզերում և հիմնված է իրենց տեսակետի հանդեպ կանանց անվստահության և տղամարդու «ճիշտ» ընտրություն կատարելու մասին նրանց համոզվածության վրա:

 

 

«Ընտանեկան քվեարկություն» 

 

Կին ընտրողների ուղղորդված քվեարկության դեպքերը կանանց ընտրական վարքի լուրջ սահմանափակում են համարվում՝ խոչընդոտելով կանանց ազատ կամքի արտահայտման և գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունները: Այսպես կոչված «ընտանեկան քվեարկության» դեպքերը հաստատվում են նաև տեղական դիտորդների կողմից: Մասնավորապես, «Ականատես» դիտորդական առաքելության զեկույցի համաձայն՝ դիտարկված «տեղամասերի 23․67%-ում նկատվել է 1-3, 7․33%-ում՝ 4-10 և 2․67%-ում՝ 11 կամ ավելի ընտանիքով քվեարկության դեպք»։

 

 

Առանձնացվում է նաև գյուղաբնակ կանանց ընտրավարքը: Ֆոկուս խմբերի մասնակիցների կարծիքով,  գյուղական վայրերում շատ ավելի ուժեղ է ընտանիքում տղամարդկանց ազդեցությունը, որոնք էլ հաճախ թելադրում են՝ ում ընտրել։

 

 

 «…Կանայք, հատկապես գյուղաբնակ կանանցից շատերը ընդհանրապես չեն փորձում մասնակցել ընտրություններին ու գնում են միայն այն դեպքում, երբ որ ամուսինը կամ եղբայրն է ընտրություններին մասնակցում, ու գիտեն հստակ՝ ում ձայն տալ»… (ֆոկուս խմբի մասնակցի կարծիք ):

 

 

Ընտրողների մոտիվացիան

 

Ֆոկուս խմբերի մասնակիցները՝ ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգին անցնելու ազդեցությունը ընտրողների, այդ թվում՝ կին ընտրողների մոտիվացիայի և մասնակցության վրա գնահատականներում, փաստել են, որ փոխվել է միայն ընտրությունների ձևը, սակայն բովանդակությունն ու քվեարկությանը մասնակցելու սկզբունքն ու շարժառիթները նույնն են մնացել: Ըստ էության, թեկուզև մասամբ, բայց աշխատել են մասնակցելու հին մեխանիզմները, երբ քվեարկության հիմնական մոտիվացիան եղել է կամ նեպոտիզմը՝ ծանոթ-բարեկամ թեկնածուներին աջակցելու «պարտավորվածությունը», կամ անհատների ընտրությունը, իսկ նոր մեխանիզմները, որոնցում կարևորվում է այս կամ այն քաղաքական ուժին և նրա գաղափարախոսությանը կամ ծրագրին աջակցելը, դեռևս չեն ձևավորվել:

 

 

«Իմ կարծիքը, գուցե, սուբյեկտիվ լինի, բայց մարդկանց մեծ մասը ծրագրերից գրեթե տեղյակ չի եղել, ու նույնիսկ ցուցակներում ընդգրկված թեկնածուները ևս իրենց կուսակցության ծրագրերից տեղյակ չեն եղել, որովհետև մարդիկ ընտրել են անձանց կամ չեն ընտրել կրկին անձանց պատճառով»… (ֆոկուս խմբի մասնակցի կարծիք ):

 

 

Կողմնորոշվե՞լ են արդյոք ընտրողները  նախընտրական ծրագրերով

 

Թեև ֆոկուս խմբերի մասնակիցներից ոմանք հույս էին հայտնում, որ համամասնական ընտրակարգը հիմքեր կստեղծի ավելի գիտակցված, սկզբունքային, ծրագրային ընտրության համար, այդ լավատեսությունը կուսակցությունների ծրագրերի առումով դեռևս չի հիմնավորվում: ՏԻՄ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, ըստ էության, նախընտրական ծրագրեր չեն ներկայացրել՝ դրանով իսկ հնարավորություն չտալով ընտրողներին ավելի գիտակցված որոշում կայացնելու: Փորձագետների կարծիքով՝ գրեթե նույն իրավիճակն էր խորհրդարանական ընտրություններին, որոնց ընթացքում քաղաքական պայքարն ծրագրային բնույթ չէր կրում, թեև հարցումների ժամանակ ընտրողները նշում էին, որ ծրագրերն են առաջնահերթ համարում ընտրություն կատարելու համար:

 

 

«․․․Եթե խոսքը վերջին խորհրդարանական ընտրությունների մասին է, դա առհասարակ ճգնաժամային, ոչ կանոնավոր, ծրագիր չպահանջող ընտրություններ էին ․․․Կա ուրիշ հանգամանք, ուրիշ կրիտերիաներ, որոնցով մարդիկ կողմնորոշվում էին, ու ծրագիրը եթե թարս էլ դնեին, մեկ ա՝ ով պիտի տվյալ ուժին քվեարկեր՝ դրան կքվեարկեր»…

 

 

«Իրականում մեր կուսակցությունները, իմ կարծիքով, դեռևս չունեն լիարժեք մշակված ու քաղաքական հստակ, իրարից տարբերվող ծրագրեր, որ, ենթադրենք՝ ըստ այդմ կողմնորոշված լինեն մարդիկ, ասենք՝ դեպի աջ ավելի կամ ձախ կողմը գնան»…

 

 

«Նախ՝ ծրագիրը պիտի լինի, որ ուզենաս կարդալ կամ ուզենաս չկարդալ։ Ուրեմն եթե ծրագիր չկա, վերաբերմունք էլ չկա անշուշտ։ Հետո՝ ավանդական մոտեցում է, որ կողմնորոշվում են մաքսիմում ցուցակով»…

(ֆոկուս խմբերի մասնակիցների  կարծիքներ ):

 

 

Միջազգային պրակտիկայով ապացուցված է, որ ընտրողների մոտիվացիայի գենդերային տարբերությունները կարող են պայմանավորված լինել կանանց ու տղամարդկանց կարիքների և շահերի տարբերությամբ: Սակայն, ինչպես փաստում են հետազոտությունները, Հայաստանի քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, որպես կանոն, կանանց ընտրազանգվածի շահերը կամ իրավունքները պաշտպանող դրույթներ գրեթե չեն պարունակում, այսինքն՝ կին ընտրողներին ծրագրերի միջոցով մոտիվացնելու հնարավորությունը գրեթե չի օգտագործվում: 2021-ի ընտրություններն այդ առումով բացառություն չէին՝ հետպատերազմյան իրավիճակում երկրի անվտանգության ապահովման համատեքստում կանանց իրավունքների հետ կապված հիմնահարցերը ընդհանրապես դուրս էին մղվել քաղաքական ուժերի օրակարգից և ծրագրերից:

 

 

Ընտրությունների օրակարգը. կանանց և տղամարդկանց ընկալումների տարբերություններ

 

2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը պայմանավորված է եղել պատերազմի ծանր կորուստներով և դրա հետևանքով գերլարված քաղաքական իրավիճակով: Այն խիստ տարբերվել է բոլոր նախորդ ընտրություններից, ինչն էլ արտահայտվել է նախընտրական հարցումների արդյունքներում:

 

 

Ինչպես ցույց են տալիս նախընտրական հարցումները, 2021 թ. խորհրդարանական ընտրություններում անվտանգության ապահովման և դրա հետ փոխկապակցված սահմանազատման խնդիրները ստվերել են նաև մինչ այդ թիվ մեկ նախապատվություն համարվող գործազրկության և աղքատության խնդիրները՝ հետին պլան մղելով դրանք: Ընդ որում, կանայք և տղամարդիկ, գրեթե հավասար մտահոգված լինելով անվտանգության հարցով, նախապատվություն են տալիս այդ խնդրի տարբեր ձևակերպումներին: Կանայք իրենց մտահոգությունները անվտանգության ապահովման առումով գերադասում են ձևակերպել որպես խաղաղության հաստատման և պատերազմի սպառնալիքի վերացման խնդիր, տարբերությունը տղամարդկանց համեմատ 11 տոկոսային կետ է: Տղամարդիկ նախապատվություն են տալիս «անվտանգության ապահովում» և «սահմանների հստակեցում» ձևակերպումներին՝ տարբերությունը կանանց համեմատ մինչև 4 տոկոսային կետ: Նշված տարբերությունները փաստում են, որ կանանց համար կարող է էական լինել քաղաքական ուժերի հռետորաբանությունը, և նրանք հակված են իրենց նախապատվությունը տալու այն քաղաքական ուժերին, որոնք անվտանգության ապահովման մասին իրենց խոստումները խաղաղության հաստատման համատեքստում են հնչեցնում:

 

 

Հետպատերազմյան իրավիճակի պատճառով 2021 թ. ընտրությունների ժամանակ ոչ միայն շատ հարցեր մղվել են երկրորդ պլան, այլև կարևորվել են մարդկանց այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են անվտանգության հարցերի լուծման, վճռական քայլեր կատարելու համար, իսկ դրանք հասարակության պատկերացումներում ավելի շատ տղամարդուն բնորոշ հատկանիշներ են։ Փորձագետները բնորոշել են 2021 թ. ընտրությունների հանրային դիսկուրսը որպես ծայրահեղ մասկուլինացված:

 

 

«Պետք է հաշվի առնել, որ ընտրությունները տեղի են ունեցել հետպատերազմական, կիսապատերազմական երկրում։ Պատերազմը միշտ տղամարդկանց դեմքով է հանդես գալիս, հենց պատերազմում հարց լուծողը տղամարդու դեմքով է, և այս հանգամանքը աշխատել է ի վնաս կանանց։ Կին թեկնածուներին ուղղակի ուշադրություն չեն դարձրել, որովհետև մտածել են՝ ընտրենք այն մարդուն, որը կարող է ռազմաքաղաքական հարցեր լուծել, այնքան ուժեղ լինել, որ երկիրը չտանի պատերազմի, այսինքն՝ ակնկալվել են մեծ կամքի ուժ, մեծ վճռականություն, հատկանիշներ, որոնք կարծրատիպային պատկերացումներով վերագրվում են տղամարդկանց ․․․ Հնարավոր է, որ այլ պայմաններում, եթե չլիներ այս հետպատերազմական իրավիճակը, մենք լրիվ այլ պատկեր ունենայինք այս ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության առումով» (ֆոկուս խմբի մասնակցի կարծիք ):

 

 

Կին և տղամարդ ընտրողների տեղեկատվական նախապատվությունները

 

Որոշակի տարբերություններ են նկատվում կին և տղամարդ ընտրողների տեղեկատվական նախապատվություններում: Հարցումները փաստում են, որ տեղեկատվության ամենատարածված աղբյուրը և՛ կանանց, և՛ տղամարդկանց դեպքում եղել են հեռուստատեսությունը և Ֆեյսբուքը, ընդ որում՝ եթե սոցիալական ցանցերից կանայք և տղամարդիկ գրեթե հավասար են օգտվում, ապա հեռուստատեսությունից տեղեկատվություն ստանալու առումով կանայք գերազանցում են տղամարդկանց: Նախընտրական հանդիպումներին ավելի շատ տղամարդիկ են մասնակցում: Դա հաստատում են նաև ֆոկուսխմբային քննարկումները:

 

 

Այն փաստը, որ նախընտրական շրջանը բնութագրվել է չափազանց ագրեսիվ հռետորաբանությամբ, չէր կարող չազդել կանանց ընտրավարքի վրա: Կանայք խուսափել են հանրային քննարկումներից՝ փոխարենը մասնակցելով ավելի նեղ ու հուսալի շրջանակներում կարծիքների փոխանակմանը: Հասարակությունը պառակտված էր նույնիսկ վիրտուալ տարածքում, որտեղ կողմերի հանդեպ ատելության դրսևորումներն աննախադեպ էին։ Ընտրությունների ագրեսիվ համատեքստն ազդել էր նաև կին թեկնածուների տեսանելիության վրա, որը, ըստ ընտրողների գնահատականների և մշտադիտարկման արդյունքների, շատ ցածր է եղել:

 

 

Ընտրողների վերաբերմունքը կին թեկնածուներին

 

Թեև «Պատրա՞ստ եք արդյոք քվեարկելու կին թեկնածուի օգտին» դասական հարցն այնքան էլ արդիական չէ պարզ համամասնական ընտրակարգի պարագայում, երբ ընտրողները քվեարկում են փակ ցուցակներով, սակայն այն կարող է հստակ ներկայացնել պատասխանողի վերաբերմունքը կին թեկնածուների նկատմամբ: Այս հարցի շուրջ ֆոկուսխմբային քննարկումները հաստատեցին, որ ընտրողների կողմից դրական է ընդունվում կին թեկնածուների թվի տեսանելի աճը, ավելին, նրանք որոշակի սպասումներ ունեն խորհրդարանում և տեղական իշխանության մեջ կանանց ներկայացվածությունից: Այլ հարց է, որ փորձագետների գնահատականներով և ընտրողների ընկալումներով, այդ ակնկալիքները դեռևս չեն իրականանում; Դրա հետ մեկտեղ ֆոկուս խմբերի մասնակիցները ընդունում են, որ մեծ սպասումների պատճառով ավելի խիստ են գնահատում կին թեկնածուներին և պատգամավորներին, քան տղամարդկանց.

 

 

«Կանայք կին թեկնածուների նկատմամբ ավելի խիստ են, և եթե տղամարդկանց համար, օրինակ՝ թեկնածուի տեսքը չի կարող որոշիչ լինել, կանայք կարող են թիրախավորել կին թեկնածուի տեսքը, խոսքը, կեցվածքը, տարօրինակ է, բայց դա փաստ է։ Նաև կին թեկնածուների դեպքում հիմնական հարցը լինում է, թե ո՞ւմ կինն է»  (ֆոկուս խմբի մասնակցի կարծիք ):

 

 

Ընտրողները կին թեկնածուների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին խոսելիս առանձնացնում են երիտասարդ աղջիկներին և կանանց՝ շեշտելով, որ նրանք ավելի ակտիվ են, ինքնավստահ և համարձակ և դրանով իսկ նպաստում են գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը: Մյուս կողմից՝ խոսվում է նաև քաղաքականություն մուտք գործող երիտասարդների փորձի և պատասխանատվության պակասի մասին: Բոլոր դեպքերում երիտասարդների դերն արժևորվում և դրական է գնահատվում և՛ խորհրդարանական, և՛ տեղական ընտրություններին:

 

 

«Հասարակակության մեջ, կարծես թե, ավելի շատ տեղ է տրվում երիտասարդությանը։ Չեմ ուզում ասել՝ դա լավ է թե վատ, միգուցե երիտասարդների մոտ փորձի պակասը շատ է, բայց, ամեն դեպքում, որ երիտասարդներին տեղ է տրվում, դրանում ոչ մի խոսք…»  (ֆոկուս խմբի մասնակցի կարծիք ):

 

 

Ըստ էության, Հայաստանի քաղաքական դաշտում 2018 թվականից հետո սերնդափոխության գործընթացը, այդ թվում՝ կանանց շրջանում, շարունակվել է նաև 2021 թվականի ընտրություններին, ինչն անշուշտ տեսանելի էր նաև ընտրողների համար, որոնք իրենց մեկնաբանություններում մեծ տեղ էին հատկացնում երիտասարդ կանանց մասնակցությանը:

 

 

Ամփոփելով , կարելի է փաստել, որ ընտրական և քաղաքական վարքի վաղ շրջանի հետազոտություններում սեռը հաճախ դիտարկվում էր ընդամենը որպես մի գործոն վիճակագրական մոդելում: Այսօր հետազոտողներն ավելի ուշադիր են վերաբերվում քաղաքական վարքագծի գենդերային առանձնահատկություններին, և այս մոտեցումը պետք է շարունակական լինի կանանց ու տղամարդկանց ընտրական վարքի օրինաչափությունները բացահայտելու և համընդգրկուն ընտրական գործընթացներ ապահովելու ճանապարհին:

 

 

Հետազոտությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

 

«Ընտրություններ բոլորի համար 2021  ծրագրի շրջանակում անցկացված այլ  թեմաներով հետազոտություններին   կարելի է ծանոթանալ ՕքսԵՋեն հիմնադրամի կայքէջի հրապարակումների բաժնում  այստեղ:

 

Դիտումների քանակը` 1035

Գլխավոր էջ