Ակցիա` ի պաշտպանություն բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի

Այսօր  ՀՀ  նախագահի նստավայրի դիմաց  բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները   իրենզ զորակցությունն էին հայտնում   մի քանի օր առաջ հենց այս տեղում  ոստիկանության կողմից բռնության ենթարկված  կանանց` բանակում   խաղաղ պայմաններում  զոհված զինվորների  մայրերին:     

 

Ցուցարարները,  որոնց թվում իրավապաշտպաններ ու սովորական քաղաքացիներ  էին, պահանջում էին պատասխանատվության ենթարկել որդեկորույս մայրերի նկատմամբ բռնի ուժ կիրառած ոստիկաններին: Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի պահանջը մեկն է` իրենց երեխաների մահվան հետ կապված գործերի արդար քննություն:  Նրանք համոզված են, որ իրենց  որդիներին իրականում սպանել են, սակայն  հետո դա ներկայացրել են որպես  ինքնասպանություն` կոծկելով իրականությունը: Արդարաության համար իրենց այդ պայքարը տարիներ է  տեւում:

 

Մեկ շաբաթ առաջ նրանք կրկին  նախագահի նստավայրի մոտ  էին եկել  տեղեկություն ստանալու`  իրենց  դեռ 7 ամիս առաջ գրած դիմումի մասին,  կամ  էլ իրենց ընդունելու պահանջով: Կանգնել են նստավայրի դարպասների մոտ`  իրենց երեխաների նկարներով եւ պաստառներով,   չեն աղմկել, բարձրախոս չեն օգտագործել և չեն խոչընդոտել այդ հատվածով երթևեկող մեքենաների և հետիոտների երթևեկությանը: Սակայն  նախագահական նստավայրի անվտանգությունը պահպանող ոստիկանության աշխատակիցները, ծնողների գործողությունները դիտարկել են որպես արգելված տարածքում հավաքի իրականացում և պահանջել անցնել դիմացի մայթը:  Ցուցարարները  չեն ենթարկվել պահանջին, ինչից  անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով տեղափոխել են զինծառայողների մայրերին դիմացի մայթ:

 

Միջադեպի մանրամասները Epress.am –ի  տեսանյութում .

 

 

Այսօրվա ցույցի մասնակիցները անընդունելի են համարում զոհված զինվորների մայրերի  նկատմամբ նման վերաբերմունքը: Նրանց խոսքով, տարիներ շարունակ մայրերն ու նրանց արդար պահանջն արհամարված են պատկան մարմինների կողմից: Մինչդեռ իրականության բացահայտումն  ոչ  միայն այս  մարդկանց միակ մխիթարանքն է, այլ բանակում խաղաղ պայմաններում նման պատահարների բացառման գրավականն է:

 

Ակցիան ավարտվեց ստորագրահավաքով: Ցուցարարները կոչ են անում կտրուկ քայլեր ձեռնարկել՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերին նոր ընթացք տալու համար, ինչպես նաեւ  օրենքի ողջ խստութամբ պատասխանատվության ենթարկել որդեկորույս մայրերի  նկատմամբ բռնություններ կիրառողներին:

 

 

Դիտումների քանակը` 2993

Գլխավոր էջ