«Սկեսրոջս կարծիքով, կինը պետք է միայն երեխա ունենա և զբաղվի ընտանեկան գործերով»…

 

Տղամարդիկ և ընտանիքի այլ անդամներ կարող են խանգարել կանանց աշխատել, փաստում են   ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի և ՄԱԿ-Կանայք Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից 2022 թվականին հրապարակված «Կարծրատիպերի ելակետային ուսումնասիրություն Արևելյան գործընկերության երկրներում» հետազոտության արդյունքները:  Ըստ հետազոտության, Հայաստանում  հարցված տղամարդկանց  23 %-ը կամ յուրաքանչյուր հինգերորդ տղամարդուց գրեթե մեկը թույլ չի տվել իր ընտանիքում գտնվող կնոջը աշխատել տնից դուրս:

 

 

Արփինե Ա․–ի համար բուժքրոջ մասնագիտությունը երազանք է եղել: Դեռ մանկուց խաղի ժամանակ բժշկի դերն իրենն էր, օգնում ու «բուժում» էր խաղընկերներին: Արփինեի երազանքը, սակայն, չիրականացավ․ ավարտելով Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջը, նրան այդպես էլ բախտ չվիճակվեց ուսումը շարունակել բժշկական համալսարանում, քանի որ ընտանեկան հանգամանքները հարկադրեցին վերադառնալ ծննդավայր՝ Արագածոտնի մարզի սահմանամերձ բնակավայրերից մեկը: Մայրն առողջական խնդիրներ ուներ, հայրը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի, սակայն սկսված համավարակի ու աշխատավայրի լուծարման պատճառով ձեռնունայն վերադարձել էր գյուղ: Արփինեի համար գյուղի միակ բուժկետում աշխատանք չգտնվեց, փոխարենը օգնում էր մորն ու հարևաններին, կատարում տան և հողամասի աշխատանքներ։ Որոշ ժամանակ անց Արփինեն ամուսնացավ համագյուղացի, մասնագիտությամբ տրակտորիստ տղայի հետ: Մտածում էր, վերջապես իր երազանքը կկատարվի, սակայն պարզվեց, որ երազելն այլևս արգելված է…

 

«Ես այնքան հույս ունեի, որ ամուսինս կհամաձայնի, որ ուսումս շարունակեմ բժշկական համալսարանում, բայց նա այդ մասին լսել անգամ չէր ցանկանում, սկեսուրս և սկեսրայրս նույնպես: Սկեսուրս ասում էր՝ «հարսն իրավունք չունի աշխատել, ես որ չեմ աշխատել, չեմ ապրե՞լ, ինձ վատ են պահո՞ւմ»: Բայց ես ուզում էի իմ գիտելիքներով օգտակար լինել մարդկանց, ուզում էի բժշկության ոլորտում ավելի մասնագիտանալ»,– պատմում է Արփինեն։

 

 

Նրա նոր ընտանիքում հարսի և, առհասարկ, կնոջ աշխատանքը մինչ այդ էլ արգելված է եղել․ ազատության սահմանը եղել է ամուսնու տան շեմն ու հողամասի դարպասը, անգամ հայրական տուն գնալը քննարկման և վեճի առիթ է եղել: Այդպես ապրել են սկեսուրն ու նրա մեծ հարսը: Մինչդեռ Արփինեն, ով չի կիսում սկեսրոջ հայացքները, փորձում էր բացատրել ու համոզել ամուսնուն ու նրա ծնողներին, որ հայրիշախանական ընկալումների ժամանակներն անցել են, որ ընտանիքի սոցիալական վիճակը բարելավվում է նաև կնոջ աշխատանքի շնորհիվ: Սակայն Արփինեի սկեսուրը, ում խոսքը որոշիչ է ընտանիքում, համոզված է, որ երիտասարդ կինը պարտավոր է միայն երեխաներ ունենալ և զբաղվել տնային գործերով:

 

«Երևանում սովորելու ժամանակ հաճախ եմ կարդացել ու լսել աշխատանքում հաջողակ ու ակտիվ կանանց, նրանց գործունեության մասին, թե ինչպես են հասնում մեծ հաջողությունների, կամ պայքարում իրենց իրավունքների համար: Մեր գյուղը, կարծես, աշխարհից կտրված լինի: Ավելորդ վեճերից խուսափելու համար, ես չեմ շփվում, ավելի ճիշտ ինձ թույլ չեն տալիս շփվել իմ հասակակից կանանց հետ, ու չգիտեմ, թե նրանց ընտանիքներում ինչպես են կարգավորվում նման հարաբերությունները: Լսել եմ նաև ընտանեկան բռնության դեպքերի մասին, իմ դեպքը, գուցե, համարեմ դրանցից մեկը, թեև իմ հանդեպ ծեծ չի կիրառվել: Բայց դա ամենացավալին չէ․ մենք երեխա դեռ չունենք, ինչի համար սկեսուրս հաճախ է մեղադրում ինձ»,- ասում է Արփինեն:

 

Արփինեի դեպքը, սակայն, բացառություն չէ։ «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն, 2021թ.» համաձայն՝ գյուղաբնակ կանայք առավել հաճախ են ենթարկվում բռնության։ Խոսքը ոչ միայն ֆիզիկական և սեռական բռնության մասին է, այլև հոգեբանական և տնտեսական։

 

Ի տարբերություն սեռական (6.6 %) և ֆիզիկական բռնության (14.8 %)` Հայաստանում հոգեբանական բռնության է ենթարկվել կանանց 31.8 %-ը։ Ընդ որում, որքան բարձր է անձի կրթական մակարդակը, այնքան բարձր է հոգեբանական բռնության ենթարկվելու ցուցանիշը։ Ի տարբերություն ֆիզիկական և սեռական բռնության, հոգեբանական բռնության առավել շատ ենթարկվում են բարձրագույն/հետբուհական կրթություն ունեցող կանայք։

 

Հետազոտության մասնակից կանանց 50 %-ը չունի որևէ եկամուտ, հետևաբար չունեն ֆինանսական անկախություն և ունեն կախվածություն զուգընկերոջից կամ տնային տնտեսության որևէ անդամից/ներից, ինչն էլ իր հերթին բարձրացնում է բռնության ենթարկվելու հավանականությունը։

 

Ի՞նչ անել, եթե հայտնվել եք նման իրավիճակում

 

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի սոցիալական աշխատող Ալվարդ Կարապետյանն ասում է՝ կենտրոնում իր 10 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ընտանիքում բռնության երթարկված հարյուրավոր կանանց հետ է աշխատել, ովքեր այս կամ այն պատճառով տարիներ շարունակ հանդուրժել են բռնությունը․

 

«Ոմանք հանդուրժում են բռնությունը հանուն երեխաների, ընտանիքի գոյատևման: Հասարակությունն առողջ է, եթե առողջ է ընտանիքը, սակայն, եթե այնտեղ բացակայում է սերն ու միությունը, չի կարող լինել առողջ մթնոլորտ: Տեսեք, Արփինեն երեխա չի ունենում, ինչի պատճառով նրան հաճախ են կշտամբում, նա ենթարկվում է հոգեբանական սթրեսի, թեև նրա հանդեպ ֆիզիկական ճնշում չի գործադրվում: Այս իրավիճակը իրավաբանորեն կոչվում է «հոգեկան տառապանք», անգամ կա քրեական հոդված, որտեղ կիրառվում է այդ արտահայտությունը: Նման դեպքում շատ կարևոր է կնոջ որոշումը՝ հանդուրժո՞ւմ է այն իրավիճակը, որում ապրում է, թե՞ գերադասում է արժանավայել կյանքը»,– ասում է Ա․ Կարապետյանը:

 

Նրա խոսքով, որոշ կանայք բռնության թեթև դեպքերը (ապտակ, քաշքշուք և այլն) որպես բռնություն չեն դիտարկում, շարունակում են հաշտվել իրավիճակի հետ, սակայն, երբ դրանք շարունակական բնույթ են կրում, առավել համարձակները ամուսնալուծությունը համարում են հնարավոր լուծում:

 

Սոցիալական աշխատողը բացատրում է՝ բռնության դրսևորում է նաև կնոջ աշխատելու իրավունքի սահմանափակումը, աշխատավարձի առգրավումը, ընտանեկան գնումներին մասնակցության սահմանափակումը, կրթության հնարավորությունից զրկելը և այլն։

 

Արփինեի համոզմամբ՝ ցանկացած բռնություն մղում է ազատության ձգտման, սակայն հատկապես գյուղական բնակավայրերում ամուսնալուծված լինելը շարունակում է խարան մնալ կնոջ համար։ Եվ չնայած դրան՝ Արփինեի գիտակցության մեջ աստիճանաբար հասունանում է ամուսնալուծության միտքը…

 

Ա. Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 893

Գլխավոր էջ