Ինչպե՞ս են ներկայացված կանայք ընտրությունների պատրաստվող համայնքների ավագանիներում

 

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ինը համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, ընդ որում դրանցից 6-ը խոշորացված են և ընտրությունները  կանցնեն համամասնական ընտրակարգով, ևս երեք գյուղերում սպասվում են  մեծամասնական ընտրություններ:

 

 

Մասնավորապես, հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված ազգային փոքրամասնություններով բնակեցված երեք համայնքներում, որոնք խոշորացման  չեն ենթարկվի. Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղերում համայնքապետ  ու ավագանի կընտրեն, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում՝ միայն ավագանի։

 

Ֆիոլետովոն   ունի 390 տնտեսություն, այն բնակեցված է մոլոկաններով։ Համայնքը 1995 թվականից ղեկավարում է Ալեքսեյ Իլյայի Նովիկովը։ Ավագանին կազմված է  հինգ անդամից, նրանցից երկուսը կանայք են՝ Զադորկինա Տատյանա Ալեքսեևնան և Նազարովա Իրինա Պավլովնան։

 

 

Շամիրամը  եզդիաբնակ գյուղ է։   Մարզպետարանի հրապարակած  տեղեկատվության  համաձայն, համայնքի բնակչությունը կազմում է 1521 մարդ, որից 45% տղամարդիկ են, իսկ կանայք` 55%: 1996 թվականից ի վեր գյուղապետը Մրազ Բրոյանն է։ Ավագանու ինն անդամներից որևէ մեկը կին չէ։

 

 

Ֆերիկն իր անվանումը ստացել է  ի պատիվ եզդի ազգի նշանավոր գործիչ, գրող հրապարակախոս , Ֆերիկ Պոլատբեկովի կամ ինչպես կոչել են ` Ֆյոդոր Լիտկինի պատվին: Ֆերիկ համայնքի եզդիները բաղկացած են կրոնական երեք խմբերից` Շեյխեր, Փիրեր, Մրիդներ, որոնք իրենց ավանդույթների համաձայն վարում են ազգային ուրույն ապրելակերպ:  Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը  WomenNet.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր գործող ավագանու կազմում 3 անդամ է մնացել, անդամներից մեկը մահացել է, մեկը դիմում է գրել ու Ռուսաստան մեկնել։ Եզդիաբնակ համայնքի ավագանու կազմում կանայք չեն եղել ու չկան։

 

 

 

Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են նշանակված  նաև Գյումրիում (Շիրակ), Գորիսում (Սյունիք), Մեղրիում (Սյունիք), Տաթևում (Սյունիք), Տեղում (Սյունիք), Դիլիջանում (Տավուշ)։

 

 

Այս համայնքներում ընտրելու են և´ համայնքապետ, և´ ավագանի։ Գործող համայնքապետերից, ժամանակավոր պաշտոնակատարներից որևէ մեկը կին չէ։

 

 

Համայնքներից  5-ում առաջին անգամ համայնքապետ ու ավագանի կընտրեն համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների միջոցով, ինչը նշանակում է, որ ընտրություններին առաջադրումներ կատարելու են քաղաքական ուժերը՝ ընտրացուցակների միջոցով։ Դա նաև նշանակում է, որ բոլոր այդ համամասնական ընտրությունների ժամանակ գործելու է ՀՀ Ընտրական օրենսգրքով ամրագրված  թեկնածուների  առնվազն 30/70 համամասնություն պարտադրող գենդերային քվոտան: 

 

 

Գյումրու ավագանու կազմում  32 անդամ կա, որից 8-ը կանայք են։ Նրանք են Լոլյա Խաչատրյանը,  Լուսինե Սանոյանը, Գայանե Սարգսյանը, Կարինե Թաթարյանը, Սուսաննա Աստոյանը, Արմենուհի Մխիթարյանը,  Հասմիկ Եղիազարյանը,  Քրիստինա Մկրտչյանը։

 

 

Հիշեցնենք, որ Գյումրիում  2016-ին անցած ընտրություններն անցկացվել էին համամասնական ընտրակարգով, գործել է գենդերային քվոտան, ինչով էլ պայմանավորված է կանանց 25% ներկայացվածությունը։

 

 

Գորիսի ավագանին կազմված է  15 անդամից, նրանց թվում որևէ կին չկա։

 

 

Մեղրիի ավագանին ունի 11 անդամ, նրանց թվում կանայք չկան։

 

 

Տաթև համայնքի ավագանու լիազորություններն ավարտվել են 2021 թվականի փետրվարի 22-ին։ Ավագանին ունեցել է ութ անդամ, դրա կազմում կանայք չեն եղել։

 

 

Տեղի ավագանին ունի 11 անդամ, նրանցից երեքը կանայք են՝ Սիլվա Գալստյանը, Համեստ Հակոբյանը, Նարինե Ջհանգիրյանը։

 

 

Դիլիջանի  ավագանու կազմում 14 անդամ կա,  նրանց թվում որևէ կին չկա։

 

 

 

Ընդհանուր առմամբ,  ընտրությունների պատրաստվող 9 համայնքներից միայն երեքի ավագանիներում են  կանայք ներկայացված , ընդ որում դրանցից մեկում՝ Գյումրիում կանանց ներկայացվածությունը եղել է  Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտայի պահանջ։

 

 

Ինֆոգրաֆիկայում պատկերված է  Հայաստանի   ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության մասին տեղեկատվությունը 2020 թվականի դրությամբ:    

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 912

Գլխավոր էջ