«Կանայք հանուն խաղաղության». վարչապետի տիկնոջ նոր նախաձեռնությունը
Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 24-ին այցելել է պետական Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ կայացել է նաև նրա հանդիպումը ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի տիկինը տեղեկացրել է մասնակիցներին իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ և մոր խոսք։
Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է՝ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։
Աննա Հակոբյանը վերհիշել է 2016 թ. քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետևել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։ «Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին, ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ»,- նշել է Հակոբյանը։
«Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- հայտարարել է ՀՀ վարչապետի տիկինը՝ նշելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել և իր ձայնը չբարձրացնել։
Նա կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։
Այս նպատակով տիկին Հակոբյանը ներկաներին հրավիրել է այցելել Հայաստան և Արցախ ու կոչը հնչեցնել նաև այնտեղից։ Նա խնդրել է նաև, որ կանայք օգտագործեն սահմանի մյուս կողմից՝ Ադրբեջանից նույնպես այս կարևորը ուղերձը հղելու իրենց հնարավորությունը։
Հանդիպմանը մասնակցել են Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ՌԴ սենատոր, Դաշնայի Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Օլգա Կովիտիդին, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Օկսանա Պուշկինան, հոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանը, Ռուսաստանի ազգային բանկային ակումբի փոխնախագահ Գալինա Ֆոմինան, ՌԴ նախագահին կից «РАНХиГС» ակադեմիայի ֆինանսներ և բանկային գործ ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանը, լրագրող Կիրա Ալտմանը, ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի լրատվական հաղորդումների պրոդյուսեր Էլինա Արզումանովան, «Дождь» լրատվամիջոցի գովազդի վաճառքի ծառայության ղեկավար Մարիա Շաբանովան և այլք։
Դիտումների քանակը` 2643