Կանայք Հայաստանի աշխատաշուկայում. խտրականությունը թվերով և փաստերով
Կանանց մուտքը աշխատուշուկա խոչընդոտող օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից կարելի է առանձնացնել երկու հիմնականը: Առաջինը՝ աշխատանքն ու ընտանիքի անդամների խնամքը համադրելու հնարավորությունների բացակայությունը: Հաճախ ծննդաբերությունից հետո կանայք ուղղակի չեն կարողանում վերադառնալ աշխատանքի, որովհետև պետությունը չի կարողանում մանկահասակ երեխաներին նախակրթարանների խնդիր լուծել, իսկ դայակի ու մասնավոր մանկապարտեզների ծառայությունների գումարն էլ, երբեմն ավելի մեծ է, քան ակնկալվող աշխատավարձը։ Երկրորդ Հայաստանում բավականին տարածված հանգամանքն աշխատելու ուղղակի արգելքն է ամուսնու կողմից: Մեզանում հաճախ տղամարդիկ են որոշում, թե որտեղ, ինչ մասնագիտությամբ ու ինչ պայմաններով աշխատի կինը։ Կամ ընդհանրապես աշխատի թե ոչ…
«Կինս ուրիշի ձեռի տակ չպետք է աշխատի»
Ա. Ավետիսյանն հինգ տարի առաջ ավարտեց Ռուս-հայկական համալսարանը։ Չնայած մագիստրատուրայում անվճար համակարգում ուսումը շարունակելու հնարավորություն ուներ, սակայն չդիմեց, նորածին բալիկի խնամքով էր պետք զբաղվել։ Հիմա երբ երկրորդ բալիկն էլ կարող է մանկապարտեզ հաճախել, մտածում է աշխատանք գտնելու մասին։ Բայց ամուսինը դեմ է։ Գյուղի դպրոցի օտար լեզվի միակ ուսուցչուհին ձմռանն արտագաղթեց։ Ավետիսյանն ամուսնուն համոզում էր, որ դիմի այդ տեղի համար։ Ամուսինն անդրդվելի էր՝ հիմնավորելով. «Դու երեխեքով զբաղվի»։
Շենգավիթի Բագրատունյաց փողոցի խանութներից մեկում էի։ Հանկարծ ներս մտավ մի տղամարդ ու վաճառողուհուն ասաց՝ «Քուրս, էս ձեր տված հայտարարության ժամերը չեք կարա կրճատեք, կինս գա ըստեղ աշխատի, էս խանութ տղամարդ քիչ է մտնում»»,-պատմում է ընկերուհիս, որ շփոթահար էր եղել խոսակցությունից։ Ասաց՝ համաձայնության չեն եկել։
Հռիփսիմեն տան առաջին հարկի մի փոքրիկ սենյակ վերանորոգել է, սարքավորումներ գնել, կահավորել ու դարձել մատնահարդարման սրահ։ Այլ տեղում կամ սրահում աշխատելու համար ամուսնու թույլտվությունը չի ունեցել։ Չորս տարվա ընթացքում ավելի քան հարյուր հաճախորդներ ունի, վաստակում է ավելի շատ գումար, քան ամուսինը։ «Հիմա ամուսինս ասում է, վերջ, աշխատեցիր, հավեսդ հանեցիր, արդեն քիչ-քիչ ընտանիք վերադարձի։ Գիտե՞ս՝ ինչի, որովհետև մի քանի անգամ եղել է, որ աշխատանքից տուն է եկել, 10-15 րոպե սպսել է, որ սեղանը դնեմ, հաց ուտենք»,-նեղսրտում է Հռիփսիմեն՝ ասելով, որ ուրիշները երկար ժամանակ չեն կարողանում այդքան հաճախորդ հավաքել, իսկ ինքը պետք է ստիպված թողնի աշխատանքը։
«Էդ էր պակաս, որ կինս գնա ուրիշի ձեռի տակ աշխատի»,-ասում է ծանոթ կահույքագործը, որ ամեն ամսվա վերջ հարևաններից պարտքով գումար է խնդրում՝ ծախսերը հոգալու համար։
Շինարար Վազգենի կինն ու դուստրն էլ «ուրիշի ձեռի տակ» չաշխատելու համար սկսել են տանը կար անել։ «Կուզեի, ես էլ հագնվեի, հարդարվեի, գնայի աշխատավայր, շփվեի գործընկերուհիներիս հետ։ Բայց դե էս է»,-ասում է Նաիրան, որ արդեն հարմարվել է ամուսնու սահմանփակումներին ու բնավորությանը։
Պատմությունների այս շարքը , ցավոք, շարունակելի է , ավելին, նման դեպքերը զգալի քանակ են կազմում, որն ակնհայտորեն արտահայտվում է Հայաստանի աշխատանքի շուկայի հետ կապված վիճակագրությունում:
Ի՞նչ է փաստում վիճակագրությունը
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից աշխատանքի շուկայում կանանց ու տղամարդկանց ներգրավվածության մասին վերջին տվյալները հրապարակվել են 2020 թվականի վերջին և արտացոլում են 2019 պատկերը, այսինքն դրանք չեն արտահայտում համավարակի ազդեցությունը աշխատանքի շուկայի վրա:
Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալները երկու կարևոր հանգամանք են ի հայտ բերում: Առաջինն այն է, որ չնայած Հայաստանի բնակչության և աշխատուժի կեսից ավելին կանայք են, սակայն աշխատաշուկայում աշխատաուժի առաջարկի կամ տնտեսական ակտիվության առումով տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին: Երկրորդը, չնայած բարձրագույն կրթություն ունեցող կանանց թիվն ավելի մեծ է, բայց ղեկավար պաշտոններում առավելապես տղամարդիկ են ներկայացված՝ 2.8 անգամ գերազանցելով կանանց թվին:
- Աշխատանքային ռեսուրսների կազմում կանանց մասնաբաժինը կազմում է 53 % է, տղամարդկանցը՝ 47% , սակայն կանանց միայն 49.6%-ն է ներգրավված աշխատուժի կազմում (տնտեսապես ակտիվ է ) , իսկ տղամարդկանց ՝ 71.7%-ը: Տնտեսապես ակտիվ կանանց 40.1%-ն է զբաղված , իսկ տղամարդկանց՝ 59.1% -ը:
- Գործազրկության մակարդակը Հայաստանում ամենաբարձրն է ԱՊՀ երկրներից, 2020 թվականին հասնելով 20%-ի:
- 2019-ի տվյալներով տամարդկանց շրջանում գործազրկության մակարդակը 17.5 % էր, կանանց շրջանում՝ 19.3%։ Դրա հետ մեկտեղ կան էական գենդերային տարբերություններ գործազրկության տևողության և չաշխատելու պատճառների մեջ։ Պաշտոնապես գրանցված 61.766 գործազուրկներից 40.974-ը կամ ավելի քան 66%-ը կանայք են, ընդ որում, երկարատև գործազրկության մակարդակը հատկապես բարձր է կանանց շրջանում՝ կազմելով գործազուրկ կանանց 54%-ը:
- Աշխատուժից դուրս են մնում (տնտեսապես ոչ ակտիվ են ) կանանց 50.4%-ը և տղամարդկանց 28.3%-ը: Գենդերային խզումը գնահատվում է 43.7%: Այն հատկապես բարձր է 25-49 տարիքային խմբում (72.7%-79.1%) և հիմնականում պայմանավորված է կանանց ընտանեկան պարտականություններով ծանրաբեռնվածությամբ (հղիություն, ծննդաբերություն, երեխայի և տարեցների խնամք, տնային տնտեսություն և այլն):
- Հակառակ դրան՝ խզումը ցածր է 15-24 տարիքային խմբում՝ կազմելով 7.5% , ինչը պայմանավորված է կրթության մեջ երիտասարդ աղջիկների և տղաների համարյա հավասար ընդգրկվածությամբ:
- Դրա հետ մեկտեղ 15-29 տարեկան իգական սեռի երիտասարդների գրեթե 42%-ը և արական սեռի երիտասարդների 21%-ը չեն սովորում և չեն աշխատում:
- Ընդհանուր առմամբ, 2019 թվականին 15-74 տարեկան կանանց 50%-ը չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ:
- Տնտեսապես ոչ ակտիվ կանանց մեծ մասը տնային տնտեսուհիներն են, ընդ որում, այդ կանանց 40%-ը բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունի:
- Ընտանեկան հանգամանքներով չաշխատողների թվում 99%-ը կանայք են, ինչը վկայում է այն մասին, որ ընտանեկան պարտականությունների և կարիերայի համատեղման հարցում պետական աջակցության միջոցներն անբավարար են:
- Կանանց չաշխատելու պատճառները փոխկապակցված են նախադպրոցական հաստատություններում երեխաների ցածր ընդգրկվածության խնդրի հետ. 2019 թ. տվյալներով երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասնում է 60%-ի (0-5 տարեկան բնակչության թվաքանակից): Դրա հետ մեկտեղ չափազանց ցածր է մնում ընդգրկվածությունը 0-2 տարեկան երեխաների շրջանում՝ կազմելով ընդամենը 4,8%:
- 2019-ին միջին աշխատավարձը 182 673 դրամ է եղել, կանանց պարագայում այն կազմել է 145 198 դրամ, տղամարդկանց պարագայում՝ 222 510 դրամ։ Կին/տղամարդ աշխատավարձերի տարբերությունը կազմում է 34.7%, թեև կրթական մակարդակն առավել բարձր է կանանց պարագայում։ Բարձրագույն կրթություն ունեն Հայաստանի աշխատանքային ռեսուրսների 31.2%-ը, աշխատուժում ընդգրկված կանանց 35.2%-ն ունի բարձրագույն կրթություն, տղամարդկանց՝ 28%-ը։
- Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ հիմնականում վարձու աշխատողներ են: Գործատուների և ինքնազբաղվածների մեծամասնությունը տղամարդիկ են, մինչդեռ առանց վարձատրության աշխատողների մեջ կանայք կրկնակի անգամ գերազանցում են տղամարդկանց:
- Կանայք կատարում են տնային տնտեսություններում չվճարվող աշխատանքի մեծ մասը, որը չի ստանում արժեքային որևէ գնահատում և չի արտացոլվում ազգային հաշիվների համակարգում:
Կանանց աշխատանքի սահմանափակման և նրանց նկատմամբ աշխատանքի շուկայում գոյություն ունեցող խտրականության հետևանքով Հայաստանը համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում նույնիսկ մոտավոր հաշվարկներով զգալի գումարներ է կորցնում:
Դիտումների քանակը` 1196