«Չկա այնպիսի փաստարկ , որը կարդարացնի կանանց  նվազ մասնակցությունը ՏԻՄ-երում»

 

Երևանում կայացավ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որն  իրականացվելու է  2.5 տարվա ընթացքում  Հայաստանի 450 չխոշորացված համայնքներում ՄԱԿ- Զարգացման  ծրագրի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից  ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ և Մեծ Բրիտանիայի «Լավ Կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ։

 

 

Նախօրեին նախաձեռնության առաջին հանրային միջոցառումն էր, որի ժամանակ ներկայացվեցին ծրագրի  նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Ծրագրի նպատակն է ուժեղացնել կանանց դերը հասարակության մեջ և որոշումների կայացման մակարդակում,   ինչպես նաև նպաստել երիտասարդների ներգրավմանը տեղական կառավարման և զարգացման գործընթացներում՝ հիմնվելով արդեն իսկ գոյություն ունեցող կարողությունների վրա և ընդլայնելով վերջին տարիների ընթացքում ձեռք բերված դրական փորձը:  Ծրագրի արդյունքում կստեղծվի կանանց ու երիտասարդների մի ընդարձակ ցանց, որը պատրաստ ու կարող կլինի իր նպաստը բերել համայնքային եւ համապետական զարգացման գործընթացներին։

 

 

Ծրագրի շնորհանդեսին մասնակցել  են  ներկայացուցիչներ կառավարությունից,  ՀՀ Ազգային ժողովից, դիվանագիտական  ներկայացուցչություններից, միջազգային և հասարակական կազմաերպություններից, ինչպես նաև փորձագետներ, համայնքների կին ղեկավարներ ու ավագանու անդամներ, երիտասարդ առաջնորդներ։

 

 

Ջուդիթ Ֆարնուորթ,

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան.

 

«Կանանց և տղամարդկանց հավասարությունը առաջնահերթություն է ողջ աշխարհում»

 

«Ես անհամբեր սպասում էի այս նախաձեռնության մեկնարկին: Կանանց և տղամարդկանց հավասարությունը առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանում, այլև Մեծ Բրիտանիայում ու նաև ողջ աշխարհում: Այս խնդիրը տարբեր ոլորտներում է իրեն զգացնել տալիս՝ կանանց և տղամարդկանց միջև առկա է վարձատրության տարբերություն, կանայք քիչ են ներկայացված բարձր պաշտոններում, թեև Մեծ Բրիտանիայում այսօր այդ խնդիրը կարծես թե լուծվել է: Ես վստահ եմ, որ կանանց հզորացմամբ է հնարավոր ապահովել երկրի կայուն զարգացումն ու տնտեսության զարգացումը: Ցավոք, ընտրական համակարգը դեռ ամբողջությամբ չի նպաստում կանանց ընտրությանը, մինչդեռ  խոսքս միայն կանանց թվի մասին չէ քաղաքական պաշտոններում, այլ որոշումների կայացման մակարդակում նրանց  հմտությունների, կարծիքների բազմազանության ապահովման մասին է: Ես հույս ունեմ, որ այս կարծիքը կիսում են նաև տղամարդիկ: Սա, առաջին հերթին, ծրագիր է հենց կանանց համար և խթանելու է նրանց մասնակցությունը, հատկապես երիտասարդների շրջանում: Ես հորդորում եմ Հայաստանի կանանց անել այն, ինչ պետք է արվի, չվախենալ ու չընկրկել դժվարություններից»:

 

 

Վաչե Տերտերյան,

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ.

 

«Չկա այնպիսի փաստարկ , որը կարդարացնի  կանանց  ավելի նվազ մասնակցությունը»

 

«Այսօր Հայաստանում ունենք 300-ից ավելի կին ավագանու անդամներ, բայց սա նվազ թիվ է և ես, կարծում եմ, որ նաև այս ծրագրի միջոցով նրանց ներգրավվածությունը տեղական կառավարման համակարգում կմեծանա: Այսօր մենք տեղական կառավարման  ոլորտում բարեփոխումների ընթացքում են  և դրա մեջ կանանց մասնակցությունն առաջնային է: Բոլոր այս գործընթացների մեկնակետը հենց այն է, որ տեղերում ակտիվություն լինի: Վստահ եմ, որ այն ներկայացվածությունը, որ կանայք ունենք ՏԻՄ մակարդակում` ոչ միայն ավագանիում և համայնքների ղեկավարների պաշտոններում, այլև այլ մակարդակներում ոգևորիչ է, քանի որ կանանց մեծ մասը ներգրավված է սոցիալական կարևոր ոլորտներում: Այս ծրագրի հիմնական թիրախը պետք է լինի այդ մակարդակներում կանանց թվի ավեացումը, քանի որ վստահ ենք, որ չկա այնպիսի փաստարկ , որը կարդարացնի  նրանց ավելի նվազ մասնակցությունը»:

 

Դմիտրի Մարիյասին,

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ.

 

«Դժվար է լինելու, որովհետև ծրագիրը չափազանց հավակնոտ թիրախներ է նախանշել»

 

«Ծրագրի մեկնարկը սպասված էր, բայց մենք նաև գիտակցում ենք, որ դժվար է լինելու, որովհետև ծրագիրը չափազանց հավակնոտ թիրախներ է նախանշել: Բայց դա մեզ չի վախեցնում, քանի որ մենք արդեն իրականացրել ենք շատ ծրագրեր Հայաստանում: Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու գենդերային հավասարության հարցում, այդ ուղղությամբ անշուշտ բարելավման տեղ ունի: Ընտրական օրենսգրքում  տարիներ ի վեր գործում է քվոտան, բայց խնդիրն այն է, որ երբ մենք խոսում ենք գենդերային քվոտայի մասին, ապա հասկանալի է, որ այն տղամարդկանց պետք չէ, այլ վերաբերում է միայն կանանց: Եվ ես հույս ունեմ, որ մենք շուտով կհայտնվենք մի աշխարհում, որտեղ  գենդերային հավասարությունը ապահոված լինի բոլոր ոլորտներում: Օրինակ, ՄԱԿ-ում այն արդեն ապահովված է` 50 տոկոսը ՄԱԿ-ի  ներկայացուցիչների  մակարդակում կանայք են, անգամ մեկ կին ավել է: Այս ծրագրով մենք կփորձենք ամրապնդել կանանց կարողությունները կոռուպցիայի դեմ պայքարում՝  համայնքներում ներգրավելով մեծ թվով կանանց: Մենք նաև երիտասարդների հետ ենք աշխատում, քանի որ վստահ ենք, որ նրանց ներգրավումը շատ կարևոր է այս բոլոր նպատակների կյանքի կոչելու համար: Կհամագործակցենք նաև այն շրջանակների հետ, որոնք սովորաբար այս գործընթացներին չեն մասնակցում` ուսուցիչների, բժիշկների և այլն հետ, քանի որ խոսքը միայն քաղաքական շրջանակների մասին չէ: Մենք նաև  պետք է ստեղծենք փորձագիտական մեծ համայնք այս հարցում, և, համոզված եմ,  արդյունքներն իրենց սպասել չեն տա»:

 

 

 

Մարգարիտա Հակոբյան,

ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն.

 

«Տեղական մակարդակում կանանց ներկայացվածության ցուցանիշներն մտահոգիչ ցածր են»

 

 

 «Միայն միացյալ ջանքերով է հնարավոր իրականացնել ու խթանել կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում: Կան շատ խոչընդոտներ, որոնք դրան խանգարում են, բայց շատ կարևոր են հասարակության իրազեկվածությունը և քաղհասարակության կողմից  գործադրվող  ջանքերն այդ ուղղությամբ: Թեև հեղափոխությունից հետո շատ բան փոխվեց ՀՀ-ում, այդուհանդերձ այսօր էլ մենք բավականին ցածր ցուցանիշներ ունենք քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության իմաստով: Այո, ԱԺ-ում շոշափելի արդյունքներ ունենք, կին պատգամավորների թիվն աճել է,  սակայն նույնը չենք կարող ասել կառավարության  կազմի մասին, որտեղ ունենք ընդամենը մեկ կին նախարար: Իսկ տեղական մակարդակում ցուցանիշներն ավելի մտահոգիչ ու ցածր են` ողջ ՀՀ-ում կա ընդամենը մեկ կին քաղաքապետ և յոթ կին գյուղապետ: Այս թվերը չեն կարող չմտահոգել և մենք  հույս ունենք, որ ծրագիրը հնարավորություն կտա բարձրացնել կանանց ակտիվությունը»:

 

 

Նատալյա Հարությունյան,

ՄԱԶԾ կանանց հզորացման ծրագրի ղեկավար.

 

 

«Մեր նպատակն է   ուժեղացնել կանանց»

 

«Ծրագրի անվանումը՝ «Կանայք քաղաքականության մեջ», արդեն իսկ ամեն ինչ ասում է: Այս ոլորտում մենք առաջին անգամ չէ, որ գործունեություն ենք ծավալում, բայց մենք հասկացել ենք, որ միայն տեղական մակարդակում աշխատելը քիչ է: Մենք պետք է այնպես ակտիվ աշխատենք, որ հաջորդ  ընտրություններին ունենանք լրիվ այլ պատկեր և համոզված եմ, որ հասնելու ենք դրան: Այո, կանանց ներկայացվածությունն ԱԺ-ում աճել է, սակայն ՏԻՄ-երում  բավարար աճ չունենք, կանայք դեռ չենք կարողանում լիարժեք օգտագործել իրենց ներուժը: Մեր ծրագրի նպատակը հենց դա է՝  ուժեղացնել կանանց, բարձրացնել նրանց ներկայացվածությունը քաղաքական կառույցներում, աշխատել երիտասարդների հետ, խրախուսել նրանց:  Ուզում ենք հասնել ավելի ներառական, գենդերային հարցերի նկատմամբ ավելի զգայուն տեղական ինքնակառավարման համակարգի,   կառուցել այնպիսի  մոդել, որը ներքևից վերև կհասցնի առաջարկություններն ու կարծիքները: Ծրագրի շրջանակում մենք աշխատելու ենք նաև դպրոցական աղջիկների և տարբեր փորձագիտական խմբերի հետ:  Աշխատելու ենք քաղաքական կուսակցությունների հետ, օգնելու ենք ունենալ գենդերային ռազմավարություն իրենց ներսում: Եվ ամենագլխավոր նպատակն այն է, որ բոլոր միջոցառումները պեըք է լինեն մարդակենտրոն: Մենք համոզված ենք, որ այս 2,5 տարիների ընթացքում մենք ձգտելու ենք հասնել մի իրավիճակի, երբ քաղաքական դաշտ մտնելու կանանց հետաքրքրվածությունը ապահոված կլինի   համապատասխան  մեխանիզմներով  ազգային և տեղական մակարդակում : Մենք ցանկանում ենք նաև, որ այն կարծրատիպերը, որոնք խանգարում են կանանց, վերանան: Ու թեև ծրագրի ավարտից հետո դեռ ժամանակ կպահանջվի, որպեսզի արդյունքները իրապես տեսանելի լինեն, մենք համոզված ենք, որ հենց այդպես էլ լինելու է»:

 

 

Քրիստինե Հովհաննիսյան,

ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար.

 

«Հաջողության գրավական ենք դիտարկում նաև հանրային ընկալումներում  դրական տեղաշարժը»

 

«Ծրագիրը ավարտելու ենք  2021 թվականին , և առաջիկա երկու տարվա ընթացքում մենք ակնկալում ենք, որ ազգային և տեղական քաղաքականությունները կդառնան կանանց մասնակցության համար ավելի նպաստավոր` հատկապես համայնքներում: Ի դեպ, ծրագրի հաջողության ինդիկատորներից մեկն  այն է, որ մեր գործընկերների հետ մշակված առաջարկների գրեթե 30 տոկոսը ընդունվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Դրան հասնելու համար մենք պետք է ստեղծենք քաղաքական բացերի վերաբերյալ լուրջ ապացուցողական բազա: Ծրագրի շրջանակում անցկացվելու է  լայնածավալ մասշտաբային ուսումնասիրություն , որը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից: Բացի այս, արվելու է նաև քաղաքական կուսակցությունների գենդերային զգայունության գնահատում: Որպես  հաջողության գրավական մենք դիտարկում ենք  նաև հանրային ընկալումներում  դրական տեղաշարժը»:

 

***

 

Միջոցառման երկրորդ  հատվածում տեղի ունեցավ  քննարկում Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության,կանանց և երիտասարդների առաջխաղացման համար առկա  հնարավորությունների ու մարտահրավերների շուրջ։

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 1982

Գլխավոր էջ