Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Միջխորհրդարանական միության (IPU) տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին» զեկույցում նշվում է , որ 2021 թվականին 48 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, անցկացվել են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունների արդյունքում կին թեկնածուները ձեռք են բերել մանդատների 28.6 %ը, նախորդ ընտրությունների համեմատ այդ ցուցանիշը բարելավվել է 2.1 %ով։
Հայաստանի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 2021 թվականին կայացած ընտրությունների արդյունքում միջինից բարձր է՝ կազմելով 35.5%: Միության վարկանիշային աղյուսակում Հայաստանն այդ ցուցանիշով 42-րդ տեղն է զբաղեցնում:
Զեկույցի հեղինակները կանանց ներկայացվածության աճ պայմանավորում են ազգային օրենսդրությամբ սահմանված քվոտաներով։ Նշենք, որ աշխարհի ավելի քան 138 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կանանց ներկայացվածությունը օրենսդիր մարմնում ապահովելու համար քվոտաներ են կիրառվում: Զեկույցում նշվում է, որ 2021-ին խորհրդարաններում կանանց ներկայացվածության ցուցանիշի աճի հարցում քվոտավարման համակարգը վճռորոշ դեր է ունեցել։ Միապալատ խորհրդարան ունեցող 30 երկրներում, որոնք ունեցել են օրենքով սահմանված քվոտա, ընտրված կանայք կազմել են 31.8 %։ Երկպալատ խորհրդարան ունեցող երկրներում, որտեղ չի եղել սահմանված քվոտա, կանայք կազմել են 19.5 %։
2021 թ ընտրություններից հետո կանանց ներկայացվածությամբ առաջատարներն են Նիկարագուան՝ 50.6 % ցուցանիշով, Մեքսիկան՝ 50 %, Իսլանդիան՝ 47.6 %, Նորվեգիան՝ 45 %, Արգենտինան՝ 44.8 % ցուցանիշներով։ Այս բոլոր երկրներում գործում է քվոտավորման համակարգը։
Ըստ զեկույցի, այժմ հինգ երկրների խորհրդարաններում առկա է կամ գենդերային հավասարություն, կամ կանայք ավելի շատ են ներկայացված, քան տղամարդիկ: Այդ երկրներն են Մեքսիկան, Նիկարագուան, Կուբան, Ռուանդան, Արաբական Միացյալ Էմիրությունները։
Փորձագետները նշում են, որ առաջընթացը հավասարապես չի բաշխվել ամբողջ աշխարհում: Մինչ շատ երկրներ, ինչպիսիք են Կաբո Վերդեն և Պերուն, առաջընթաց են գրանցել, մյուսները, օրինակ Ալժիրը հետընթաց է ունեցել:
Ճապոնիայի և Տոնգայի օրենսդիր մարմիններում պահպանվել է կանանց ցածր ներկայացվածությունը:
Միջազգային խորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Լեսիա Վասիլենկոն ասել է. «Յուրաքանչյուր ընտրված կին մեկ քայլով ավելի է մոտեցնում խորհրդարաններն ավելի ընդգրկուն և ներկայացուցչական դառնալուն: Բայց առաջընթացը դեռ շատ դանդաղ է, քանի որ աշխարհի բնակչության կեսը կազմող կանայք դեռևս քիչ են ներկայացված: Սա շտկելու հրատապ անհրաժեշտություն կա՝ ամենուր ժողովրդավարությունն ամրապնդելու համար»։
Հայաստանի առաջընթացը ՝ վարկանշային ցուցակում
Ըստ զեկույցի, ստորին և մեկ պալատ ունեցող օրենսդիր մարմիններում կանանց ներկայացվածության ցուցանիշով Հայաստանը 2021-ին խորհրդարանական ընտրություններից հետո 9.4 %-անոց աճ է ունեցել։
2021-ի ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից 36-ը կամ 33.6 %ը կանայք են ( 2022 թ. մայիսի 1-ի տվյալներով, 107 պատգամավորներից 38-ն են կին կամ 35.5%-ը)։ իշեցնենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովում կին պատգամավորները 23.5 % էին կազմում։ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո այդ թիվը 18 % էր։:
Ընդհանուր առմամբ, ՀՀ Ազգային ժողովում 1995 թ.-ից ի վեր կանանց ներկայացվածությունն աճել է 6 %-ից մինչև 34 % ( 2021 թ. տվյալներով ), ընդ որում՝ այդ աճն ապահովել է ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայի շնորհիվ, որը 2002-2021 թթ. ընթացքում աճել է շուրջ 6 անգամ՝ 5 %-30 %:
2021-ի ընտրություններից հետո աճի ցուցանիշով Հայաստանը զիջել է Չադին, Լիխտեյնշտեյնին, Մոլդովային, Պերուին, Չիլիին, Իսլանդիային, գերազանացել է Հոնդուրասին, Ալբանիային, Նիկարագուային ու այլ երկրների։
Կանայք խորհրդարանների ղեկավար կազմում
2021-ի ընթացքում աշխարհում ընտրվել է խորհրդարանի 73 նոր խոսնակ։ Նրանցից միայն 18-ը կամ 24.7 %ն են կանայք։ 2022-ի հունվարի 1-ի դրությամբ կանայք խորհրդարաների խոսնակների 22 %ն են կազմում՝ նախորդ տարվա 20.9 %ի փոխարեն։ Բարելավումը կազմել է 1.1 %։
Բացարձակ թվերով 2020-ին աշխարհում եղել է խորհրդարանի 58 կին խոսնակ, 2021-ին՝ 61։
Կին խոսնակների թվով առաջատար է Ամերիկայի տարածաշրջանը՝ 35.2 %, նրան հաջորդում է Եվրոպայն՝ 28.6 % ցուցանիշով։ Մերձավորարևելյան-Հյուսիսաֆրիկյան, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից յուրաքանչյուրում մեկական կին խոսնակներ կան՝ 4.2 % ու 6.3 % ցուցանիշներով։
Երկու երկրներում՝ Հոնդուրասում ու Տանզանիայում պատմության մեջ առաջին անգամ խորհրդարաններն ունեն կին խոսնակներ։ Այս պահին միայն հինգ երկիր խորհրդարանի կին խոսնակ ունի՝ Բահամյան կղզիները, Բելգիան, ԱՄՆ-ն, Թրինիդադ և Տոբագոն, Բելիզեն։
2022-ի հունվարի տվյալներով երկպալատ օրենսդիր մարմին ունեցող 81 երկրներից 43-ում երկու պալատների խոսնակներն էլ տղամարդիկ են։
Երկպալատ խորհրդարան ունեցող երկրների Վերին պալատի խոսնակների 25.9 %ն են կանայք, Ստորին պալատի խոսնակների՝ 24.4 %ը։ Կին խոսնակների ներկայացվածությունն ավելի ցածր է միապալատ խորհրդարան ունեցող երկրներում՝ 17.3 %։ 2022-ի հունվարի 13-ի տվյալներով խորհրդարանների գլխավոր քարտուղարներից միայն 27.8 %ն են եղել կանայք։
Նշենք, որ նորանկախ Հայաստանի խորհրդարանն իր պատմության մեջ կին խոսնակ չի ունեցել։ 2007 թ.-ից սկսած՝ փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել, սակայն 8-րդ գումարման խորհրդարանում երեք փոխխոսնակների թվում կանայք չկան:
ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման կազմում կանանց 35.5 % ներկայացվածության համեմատ կանանց թիվը խորհրդարանի ղեկավար կազմում անհամաչափ ցածր է. կանայք ընդամենը 10.5 % -ով են ներկայացված ԱԺ խորհրդի կազմում՝ գլխավորելով ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից միայն երկուսը:
2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ խորհրդարանների հինգ տիպի հանձնաժողովների 959 նախագահներից 259-ն են կանայք։ Նրանք առավել հաճախ նախագահում են գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովները՝ 68.8 %, և ավելի հազվադեպ պաշտպանության հարցերով հանձնաժողովները՝ 12.4 %։ Մարդու իրավունքների հանձնաժողոցների նախագահների թվում կանայք 25.1 %ն են, արտաքին հարցերի հանձնաժողովների նախագահների թվում՝ 17.8 %ը, ֆինանսական հարցերի հանձնաժողովների նախագահների թվում՝ 15.2 %ը։
Զեկույցի հեղինակները նշում են, չնայած առաջընթացին, դեռ երկար տարիներ կպահանջվեն խորհրդարաններում գենդերային հավասարության հասնելու համար, քանի որ աճի տեմպը շատ դանդաղ է՝ տարեկան նույնիսկ մեկ տոկոսի չի հասնում։
Այս առումով IPU-ի գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգն ասել է. «Չնայած անհավասար առաջընթացին ամբողջ աշխարհում, 2021 թվականը լի էր դրական օրինակներով, երբ կանայք քաղաքականության մեջ առաջընթաց ունեցան։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք և պետք է անենք շատ ավելին: Հատկապես տղամարդիկ: Մենք չենք կարող հասնել գենդերային հավասարության, եթե տղամարդիկ և կանայք միասին չաշխատեն: Եվ մենք գիտենք, թե ինչ գործիքակազմ և պայամաններ են դրա համար անհրաժեշտ, այն է՝ ուժեղ օրենքներ և քաղաքականություններ, գենդերային զգայուն ինստիտուտներ, անվտանգ քաղաքական տարածք»։
Հիշեցնենք, որ Միջխորհրդարանական միիության անդամ են 178 երկրներ, այդ թվում Հայաստանը։ Միությունը ստեղծվել է 130 տարի առաջ։
Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ .
Պատրաստեց՝ Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 754