Կանանց ներկայացվածությունը նորընտիր խորհրդարանում 33.6% է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրային որոշմամբ հաստատել է 8-րդ գումարման Ազգային Ժողովի մանդատները և հրապարակել պատգամավորների անունները: Ըստ այդմ նորընտիր խորհրդարանում 107 պատգամավոր կլինի: Նրանցից 36-ը կամ 33.6%-ը կանայք են:
Առաջին անգամ կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում գերազանցեց քվոտան, և դրան մեծապես աջակցեց անցումը պարզ համամասնական ընտրակարգի առանց տարածքային ցուցակների: Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը ներկայացրել էին իրենց ցուցակներում միջինում 33.6% կին թեկնածուներ, և դա ավելին է, քան Ընտրական օրենսգրքով ամրագրված քվոտայի պահանջը, ըստ որի կուսակցությունների ցուցակներում թեկնածուների համամասնությունը ըստ սեռի առնվազն 30/70 է: Խորհրդարանում կանանց ներկայացվածության զգալի ավելացման հետ մեկտեղ (նախորդ գումարման կազմում կին պատգամավորները 23.5% են կազմել ), դեռևս պարզ չէ թե ինչ չափով են կանայք ներկայացված լինելու ԱԺ ղեկավարության կազմում: Նախնական տեղեկությունների համաձայն, խոսնակի, փոխխոսնակների, խմբակցության ղեկավարների պաշտոններում առաջադրվելու համար միայն տղամարդկանց անոււններ են շրջանառվում…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորից 24-ը կամ 34%-ը կանայք են: Կւսակցության ընտրական ցուցակում կանանց ներկայացվածությունը նույնպես 34% էր:
Նրանց մեծ մասը հանրությանը հայտնի են, քանի որ ներկայացված են եղել 7-րդ գումարման Ազգային ժողովում: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակից ինքնաբացարկ հայտնածների թվում են Լիլիթ Մակունցը, որը մանդատից հրաժարվել է, քանի որ մեկնում է ԱՄՆ ՀՀ դեսպանի կարգավիճակով, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ով, ըստ լուրերի, կվերանշանակվի այս պաշտոնում և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Մանդատները կստանան.
Նազարյան Լենան , Դավոյան Արփինեն , Բաղդասարյան Նազելին , Տիգրանյան Հերիքնազը , Ջուլհակյան Արուսյակը, Կարապետյան Մարիան , Վարդանյան Ծովինարը , Գրիգորյան Հռիփսիմեն , Ղազարյան Սոնան , Բաթոյան Զարուհին , Ստեփանյան Լիլիթը , Գալստյան Մերին , Գասպարյան Տաթևիկը , Մանավազյան Արուսյակը , Ղազարյան Թագուհին , Բադալյան Լուսինեն , Պողոսյան Քրիստինեն , Ղազարյան Մարինան , Բեղլոյան Անուշը , Պալյան Էմման , Մինասյան Լիլիթը , Հակոբյան Հասմիկը , Պողոսյան Մարիամը , Հունանյան Հռիփսիմեն :
«Հայաստան» խմբակցության 29 պատգամավորից 10-ը կամ 34.5%-ը կանայք են: Դաշինքն իր ընտրական ցուցակում 31 % կին թեկնածուներ էր ընդգրկել:
Մանդատները կստանան.
Գրիգորյան Աննան , Գալստյան Լիլիթը , Վարդանյան Էլինարը , Վարդանյան Քրիստինեն , Խամոյան Ագնեսան , Ստամբուլյան Հռիփսիմեն , Կիրակոսյան Ելենան , Կյուրեղյան Արմենուհին , Մանուկյան Արեգնազը , Միրզոեւա Զեմֆիրան :
«Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորից 2-ը կամ 28.6%-ը կանայք են: Դաշինքի ընտրական ցուցակում կանանց ներկայացվածությունն ավելի բարձր էր՝ 35 % էր:
Մանդատները կստանան Մկրտչյան Աննան և Թովմասյան Թագուհին :
Ինչպե՞ս են ներկայացված լինելու կանայք ԱԺ ղեկավար կազմում
Այս պահին դեռևս հստակեցված չէ ինչ չափով են ներկայացված լինելու կին պատգամավորները Ազգային ժողովի ղեկավար կազմում, սակայն որոշ տեղեկություններ արդեն կան:
Հայտնի է, որ խմբակցության ղեկավար կնշանակվի Հայկ Կոնջորյանը, իսկ քարտուղարը կին կլինի՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավարի և քարտուղարի դերը կստանձնեն նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը: Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար կլինի Արթուր Վանեցյանը: Քարտուղարի հարցում դեռ որոշում չկա:
Դատելով նախնական տեղեկություններից, 8-րդ գումարման ԱԺ նախագահությունը բացռապես տղամարդկանց դեմքով է ներկայացված լինելու, թեև 2007 թվականից սկսած փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել՝ Արևիկ Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան, Արփինե Հովհաննիսյան, Լենա Նազարյան… Նորընտիր խորհրդարանի խոսնակի թեկնածու է համարվում Ալեն Սիմոյանը, փոխխոսնակների պաշտոններում առաջադրվելու են Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: Ընդդիմությունից փոխնախագահի հարցը դեռ քննարկվում է, բայց մամուլում արդեն իսկ շրջանառվում են Իշխան Զաքարյանի կամ Իշխան Սաղաթելյանի անունները:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին: Նիստի ընթացքում կկայանան խորհրդարանի նախագահության, հանձնաժողովների նախագահների ընտրություններ :
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1295