Կանանց ներկայացվածությունը քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միջինում 36․6% է
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները:
Հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետևյալ հերթական համարները.
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
- Ազատություն կուսակցություն
- «Պատիվ ունեմ» դաշինք
- Միասնական հայրենիք կուսակցություն
- Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն
- Լուսավոր հայաստան կուսակցություն
- Մեր տունը Հայաստանն է կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Հայոց հայրենիք» կուսակցություն
- Ազատ հայրենիք դաշինք
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
- «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»
- «Ազգային օրակարգ» կուսակցություն
- Վերելք կուսակցություն
- Ազատական կուսակցություն
- «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի Եվրոպական կուսակցություն
- Հայաստան դաշինք
- «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն։
ԿԸՀ -ի կողմից հրապարակված տվյալների համաձայն ընտրությունների մասնակից 26 քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ ներկայացրել են իրենց ցուցակներում 2613 թեկնածու, որոնցից 956-ը կամ 36․6%-ը կանայք են։ Դա ավելին է, քան Ընտրական օրենսգրքում ամրագրված պահանջը կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի համամասնության վերաբերյալ: Դա նաև ավելին է, քան ներկայացրել էին քաղաքական ուժերը 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններին:
Հիշեցնենք, որ կանանց մասնակցությունը կուսակցությունների ընտրական ցուցակներում կարգավորվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ կետով, ըստ որի. «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 %-ը»:
Ցուցակներում կանանց ընդգրկվածության ցուցանիշը տատանվում է 30-44 %-ի սահմաններում: Խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից 20-ը 30-40% կին թեկնածու են ներկայացրել իրենց ցուցակներում, 6-ը ՝ 40-44%: Կանանց ներկայացվածությունն ամենացածրն է «Հայաստան» դաշինքում (30․7%), իսկ ամենաբարձրը «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցությունում (43.9%):
26 քաղաքական ուժերից ընդամենը երկուսի ցուցակներն են գլխավորում կանայք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Լուսինե Ավագյանն է, իսկ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջին հորիզոնականում Կարին Տոնոյանն է:
Ցուցակներում կին թեկնածուներին հատկացվող տեղերը որոշելիս քաղաքական ուժերի գերակշիռ մասն առաջնորդվել են օրենքի ներքևի շեմի պահանջով՝ ներկայացնելով կին թեկնածուներին երրորդ հորիզոնականից սկսած: Միայն երեք քաղաքական ուժերի ցուցակներում կանայք երկրորդ հորիզոնականում են ներկայացված:
Գրեթե բոլոր ցուցակներում առաջին տասնյակում կին թեկնածուները երեքն են։ Հինգ կին է ներկայացված միայն «Ազատություն» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում, չորս կին ՝ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջին տասնյակում:
Նշենք նաև, որ ըստ օրենքի համապետական ցուցակներն ունեն նաև երկրորդ մաս, որը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող թեկնածուների համար: Այդ մասում ընդգրկված է ընդհանուր թվով 14 թեկնածու, որոնցից 3-ը կանայք են: Ընդ ոևում, իրենց ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են ընդգրկել միայն հինգ քաղաքական ուժ՝ «Հայ Ազգային Կոնգրես», «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ովքե՞ր են ընտրական ցուցակների առաջին տասնյակներում ներկայացված կին թեկնածուները
Դիտումների քանակը` 1766