ԱԺ-ում կան օղակներ, որտեղ տղամարդկային հանրույթը կանանց ներս չի՞ թողել
Դիտարկելով կին պատգամավորների բաշխումը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում , կարելի է փաստել, որ հանձնաժողովներից երկուսում կանայք ներգրաված չեն: Խոսքը, մասնավորապես, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որի 11 անդամից 5-ը գեներալ են, եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մասին է :
Անդրադառնալով հատկապես Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովում կանանց բացակայությանը «Հրապարակ» թերթը համոզմունք է հայտնում, որ «տղամարդկային հանրույթը կանանց ներս չի թողել, քանի որ ներսում գեներալիտետն ու «կրուտոյներն» են»…
«Թեպետ խորհրդարանում «գենդերի» հարցը կարգավորվում է նոր Ընտրական օրենսգրքով, եւ պարտադիր նորմ է, որ ամեն 4-րդ պատգամավորը կին լինի, այդուհանդերձ, կան օղակներ, որտեղ տղամարդկային հանրույթը կանանց ներս չի թողել։ Խոսքը հատկապես ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հանձնաժողովի մասին է, որտեղ բացառապես տղամարդիկ են՝ գեթ մեկ կին չկա։ Ասել է թե՝ պաշտպանական, անվտանգության հարցերին կանացի հոգածության, զգուշավորության, նրբանկատության կարիք չկա։ Ի դեպ, այդպես էր նաեւ նախորդ ԱԺ-ում։ Փոխարենն այստեղ աշխատելու են խորհրդարանի գեներալիտետն ու «կրուտոյները»… Ինչո՞ւ են խուսափում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ընդգրկել այս հանձնաժողովում, չէ՞ որ աշխարհի մի շարք երկրներում անգամ պաշտպանության նախարարի պաշտոնն են կանանց վստահում։ Սասուն Միքայելյանը հակադարձեց, որ որեւէ մեկը չի արգելում․ «Թող լինեին»։ Այսինքն՝ կանանց չի՞ հետաքրքրել ոլորտը։ «Մի բզբզեք, եղան՝ մենք չթողեցի՞նք, ի՞նչ կապ ունի՝ գեներալներ են աշխատում, ով է աշխատում։ Մեր մոտից ես եմ ներկայացվել, որովհետեւ ճանապարհ եմ անցել, բայց եթե կլինի մի կին, որ կուզի այդ հանձնաժողովում աշխատել, ես սիրով տեղս կզիջեմ իրեն», – գրում է թերթը։
Մեկ այլ National.am կայքը՝ շարունակելով նույն թեման գրում է.
«Բնականաբար, մենք չենք խոսում պաշտպանության ոլորտը ֆեմինիզացնելու մասին, սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակը հասարակության փոքր մոդելն է, իսկ այդ հասարակության մեջ անկյունաքարային դեր են խաղում հենց կանայք, հետևաբար՝ ո՞ւմ պայծառ մտքով է անցել, որ կանայք ունակ չեն այս ոլորտին վերաբերվող քննարկումներ ծավալել կամ առաջարկություններ ներկայացնել: Կամ եթե առաջ ենք քաշում Ազգ-բանակ կոնցեպտը, մի՞թե կանայք ազգի հենասյուն չեն, որ դուրս են մղվում ոլորտից, կամ ոլորտի քաղաքական բաղկացուցչից: Երբ խոսքը համակարտությունների կանխման կամ կարգավորման մասին է, կանայք և տղամարդիկ պետք է հավասար մասնակցություն ունենան, քանի որ խաղաղությունն ու կայունությունն աշխարհում կառուցված են մարդկանց ազատությունների և հավասար իրավունքների վրա: Սխալ է ստեղծված իրավիճակում մեղադրել միայն արական սեռին, երբ երկրիդ Առաջին տիկինն է իր խոսքում նշում, որ չի հարգի այն տղամարդուն, ով պետք է լսի իր խորհուրդը: Չի բացառվում, որ մեր կին քաղաքական գործիչների մի ստվար զանգված առաջնորդվում է հենց այս նույն սկզբունքով: Արդյունքում ստեղծված իրավիճակը նորմալ է բոլոր կողմերի համար… Իրական արդյունքներ եւ գործունեություն կունենանք, եթե կինն իր կանացի առավելություններով հանդերձ’ մրցապայքարի մեջ ոչ թե ընդօրինակի, այլ հանդես գա ուրույն դիրքորոշմամբ ու դերով: Սակայն դրա համար անհրաժեշտ է կոտրել հասարակության մեջ առկա այն անհիմն կարծրատիպը, որ ռազմական ոլորտը, պաշտպանության բնագավառը կնոջ խելքի բանը չէ»:
Նշենք, որ կարծրատիպային պատկերացումների շրջանակում ամենից շատ կանայք են ներգրաված Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, որի 11 անդամից 6-ը կանայք են: Երեքական կին կա Առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում, որի ղեկավարը կին է: Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի 15 անդամից միայն երկուսն են կին: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի 10 անդամից երկուսն են կին: Արտաքին հարաբերությունների եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովներում մեկական կին պատգամավոր է ներգրաված:
Դիտումների քանակը` 2483