Ռիո-2016 եւ կանայք. ճանապարհ դեպի Օլիմպոս

Ռիո-2016 Օլիմպիական խաղերին մասնակցող կին մարզիկների թիվը գրեթե 45% է կազմում: Այսօր կանայք մրցում են բացառապես բոլոր մարզաձեւերում: Սակայն դեպի Օլիմպիական խաղեր կանանց մուտքը հեշտ եւ արագ չի եղել:

 

 

Կանայք եւ Օլիմպիական խաղերը

Հին հունական Օլիմպական խաղերը անցկացվում էին Հունաստանի ամենաբարձր լեռան վրա՝ Օլիմպոսում: Ի սկզբանե խաղերը կրոնական տոնակատարության մաս են կազմել, որին մասնակցելու իրավունք ունեցել են բացառապես տղամարդիկ: Հանդիսատեսի շարքերում կանանց ներկայությունը եւս թույլատրելի չէր, միայն աղջիկ երեխաները եւ դեռահասները կարող էին դիտել խաղերը՝ տղամարդկանց հետ միասին: Եթե ամուսնացած կնոջը հայտնաբերեին հանդիսատեսի շարքերում, կարող էին լեռից ցած նետել՝ որպես պատիժ:

 

 

Այնուամենայնիվ, նույնիսկ այդ ժամանահաշրջանում եղել է ազնվական մի կին, ով կարողացել է ոչ միայն մասնակցել, այլ  Օլիմպիական խաղերի  հաղթող (օլիմպիոնիկ)  ճանաչվել:  Խոսքը Սպարտայի թագավոր Ագեսիալուսի քրոջ   Կինիսկայի մասին է, ով ձիաբուծությամբ է զբաղվել: Կինիսկայի վարժեցրած չորս ձիերը մասնակցել են օլիմպիական մրցումներին եւ առաջինն են հասել վերջնագծին, ինչի համար նա արժանացել էր «օլիմպիոնիկի»  կոչմանը:

 

Կանայք ժամանակակից Օլիմպիական խաղերում

1896 թվականին, երբ մեկնարկել են ժամանակակից Օլիմպիական խաղերը, ոչ մի կին մարզիկ չի մասնակցել դրանց: Կազմակերպիչները համարել են, որ կանանց մասնակցությունը ոչ պրակտիկ եւ ոչ էսթետիկ կարող է լինել: Սակայն չորս տարի անց՝ հաջորդ Օլիմպիական խաղերին, կանայք իրենց ուժերն են փորձել թենիսում եւ գոլֆում: 1900 թվականին Օլիմպիական խաղերին մասնակցող 997 մարզիկներից միայն 22ն են կին եղել:

 

 

Կանանց թիվն աստիճանաբար աճել է: 1984 թվականին մարզիկների 23%ը կին էր, իսկ արդեն 2012ին այդ թիվը անցել է 44%ը: Միջազգային Օլիմպիական Կոմիտեն (ՄՕԿ) վերջին տարիներին ջանքեր է գործադրում գենդերային հավասարակշռություն պահպանելու համար՝ ոչ միայն Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների շրջանում, այլեւ սպորտ կոմիտեներում որոշում կայացնող անձնակազմերում:

 

 

Ազգային Օլիմպիական Կոմիտեներին պահանջ էր ներկայացվել որոշում կայացնող մարմիններում ապահովել կանանց առնվազն 20% մասնակցություն: Այսօր 27 պետությունների Ազգային Օլիմպիական Կոմիտեներում ավելի քան 30% կանայք են ներգրավված որոշում կայացնող մարմիններում:

 

 

Միջազգային Օլիմպիական Կոմիտեում կանայք դեռեւս 22.6% են կազմում: Նշենք, որ այստեղ կանայք «հայտնվել են» միայն 1981 թվականին՝ ժամանակակից Օլիմպիական խաղերի մեկնարկից գրեթե մեկ դար անց: Այսօր ՄՕԿ-ը մի շարք ծրագրեր է անցկացնում՝ կանանց մասնակցությունը խթանելու եւ նրանց առջեւ ստեղծված խոչընդոտները վերացնելու համար:

 

Տվյալները՝

Միջազգային Օլիմպիական Կոմիտեի

«Կանայք Օլիմպիական Խաղերում» զեկույցից

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպության գլխավոր քարտուղար  կին է  դարձել  ՝ Ֆաթմա Սամուրան Սենեգալից:  Նախկինում  Սամուրան ավելի քան 20 տարի աշխատել է ՄԱԿ-ում, զբաղվել է մարդասիրական ծրագրերով: Նշենք, որ գլխավոր քարտուղարը ՖԻՖԱ-ի  նախագահից հետո երկրորդ բարձրաստիճան մարդն է:

 

 

Ի դեպ,  2015 –ի տվյալներով  28 եվրոպական սպորտային կոնֆեդերացիաներում  միայն մեկ կին կա նախագահի պաշտոնում եւ 9 կին  փոխնախագահի պաշտոնում 91-ից:  Ընդ որում,  28 եվրոպական սպորտային կոնֆեդերացիաներից  9-ը ունեն գենդերային քվոտա՝ բարձրագույն որոշումների կայացման մարմնի կազմում  (գործադիր կոմիտեում, նախագահությունում կամ տնօրենների խորհրդում) կանանց ներկայացվածությունը ապահովելու նպատակով: Կանայք 14 տոկոս են կազմում  օլիմպիական մարզաձեւերի  եվրոպական կոնֆեդերացիաներում:  Գենդերային անհավասարակշռությունը նկատվում է եւ սպորտային լրագրության բնագավառում : 2012-ին  Լոնդոնի օլիմպիական խաղեը լուսաբանող  լրագրողներից ու լուսանկարիչներից  միայն 19 %- ն էին կանայք:

 

Պատրաստեց Արման Ղարիբյանը

 

Դիտումների քանակը` 3261

Գլխավոր էջ